Հայաստան

Բոլորն Էլ Գիտեն, Բայց Լռում Են…

Եթե արձանագրում ենք, որ մենք Թուրքիային ենք պարտվել, առաջանում է պարզ հարց՝ բա ու՞ր էր այն սուբյեկտը, որ թուրքական վտանգի դեմ մեր միակ երաշխավորն է:

Հակոբ Բադալյան

Մովսես Հակոբյանը դարձյալ հարց է բարձրացրել, ինչու՞ ՍՈՒ 30-ը չի կրակել մեր սպառազինության մեջ եղած այլ հրթիռով, որով կարող էր կրակել: Եվ ինքն էլ պատասխանել, թե իր ունեցած տվյալով, օդանավերը չեն ունեցել այն ֆունկցիաներից մեկը, որը պետք է ունենային եւ որը թույլ էր տալու կրակել մեր ունեցած հրթիռներից: Ընդ որում, հետաքրքիր է, որ Հակոբյանը այդ մասին խոսում է այսպես ասած թեական՝ չճշտված տեղեկություն, ասում եմ, բայց չեմ պնդում: Հասկանալի հնարք է, որովհետեւ խնդիրը ընդամենը կրակը բորբոք պահելն է:

Այդ ամենը քաղաքական բեվեռների պայքարի տրամաբանության մեջ վաղուց հասկանալի է, թեեւ զուտ պետական շահի տրամաբանության տեսանկյունից, թերեւս բացարձակ անպետք: Անպետք գուցե այն իմաստով, որ բոլորն էլ գիտեն իրականությունը, այս կամ այն «չկրակելու» բուն պատճառը, բայց լռում են:

Պատերազմի առաջին օրերին Թուրքիան հայտարարեց, որ, եթե Հայաստանի տարածքից դիտվի հարված Ադրբեջանի տարածք, իրենք դա կհամարեն Ադրբեջանի հանդեպ ագրեսիա եւ կգործեն Բաքվի հետ ռազմա-քաղաքական դաշնակցության տրամաբանությամբ: Ինչ էր դա նշանակում, որ, եթե Հայաստանն այդպես մտնի, մենք էլ կմտնենք ուղիղ:

Դա ինչ էր նշանակելու՝ որ ուղիղ մտնելու պարտադրվածություն պետք է ունենար նաեւ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից: Այսինքն, Մոսկվան իր հերթին պետք է հայտարարեր, որ Հայաստանին հարվածի դեպքում, դա կդիտարկենք հարված մեզ: Բայց, Ռուսաստանը հայտարարում էր, որ հավատարիմ է դաշնակցային պարտավորություններին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:

Առաջին հայացքից այստեղ կարող է չլինել տարբերություն: Բայց կարծում եմ կա էական տարբերություն: Որովհետեւ, կարող է լինել հարված Հայաստանի տարածքին, բայց չլինել Հայաստանի տարածքային ամբողջության խախտման, այսինքն Հայաստանի միջազգային սահմանների խախտման փորձ: Որովհետեւ, Ռուսաստանը փնտրելու էր ամենա պատրվակ՝ ուղիղ մասնակցությունից հրաժարվելու համար: Ինչու՞:

Որովհետեւ Ռուսաստանը ի զորու չէ ուղիղ դիմակայության մտնել ՆԱՏՕ անդամ Թուրքիայի դեմ: Ըստ այդմ, եկեք իրականությանը նայենք պատրանքից կտրվելով՝ Սու կբարձրանար օդ, թե Իսկանդեր, դրան հետեւելու էր ընդամենը Թուրքիայի կողմից ուղիղ մասնակցության աստիճանի բարձրացում եւ Հայաստանն ու Արցախը դարձյալ մնալու էին դրա դեմ մենակ, ընդամենը ավելանալու էր մեր ստացած հարվածի մասշտաբը: Որովհետեւ մեր հույս Ռուսաստանն այսօր խիստ հեռու է ՆԱՏՕ անդամ Թուրքիային ուղիղ ռազմական դիմակայություն հակադրելու մասշտաբից:

Բայց այս մասին խոսելը հիմա հռչակվել է «ապազգային», փոխարենը հնչում են «ազգային» հարցեր՝ ինչու Սու չբարձրացավ, ինչու Իսկանդեր չկրակեց: Եվ ամեն ինչ տարվում է ուղիղ կամ ենթագիտակցական իմաստով նրան, որ ամրագրվի, թե մենք պարտվել ենք Ադրբեջանին, ոչ թե Թուրքիային: Որովհետեւ, եթե արձանագրում ենք, որ մենք Թուրքիային ենք պարտվել, առաջանում է պարզ հարց՝ բա ու՞ր էր այն սուբյեկտը, որ թուրքական վտանգի դեմ մեր միակ երաշխավորն է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *