Այժմ դուք հնարավորություն ունեք ոչ միայն իշխանություն ընտրելու, այլեւ ընդիմություն։ Սա հավանաբար ավելի կարեվոր է, քան հենց իշխանությունը։
Արայիկ Մկրտումյան
Եվ այսպես, հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ոչ մի հատուկ բան, եթե չիմանաս, թե ինչն ինչից է սկսվել: Ու, ընդհանրապես, հարց է` ընտրություններ տեղի կունենան, թե ոչ: Խոսքը դավադրության տեսության մասին չէ, պարզապես Հայաստանում արդեն վստահ չես, թե մի քանի ժամից էլ ինչ փոփոխություն կլինի կամ ով ումից ինչ կպահանջի: Այնպես որ, եթե ինչ որ չնախատեսված պատճառներով ընտրություններին ոչինչ չխանգարի, ապա հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ի՞նչ սպասել այդ ամենից:
Ոմանք կարծում են, որ ոչ մի լավ բան, մի ուրիշները՝ մեծ հույսեր ունեն, մեկ այլ խումբ էլ շարունակում է պնդել այն կարծիքը, որ բոլորը սրիկաներ են ու ոչ մի լավ բանի սպասել պետք չէ:
Ընտրությունների մասին շատ ենք խոսել ու հիմա փիլիսոփայությունն ու առակները մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ, ի վերջո ինչ է սպասվում բոլորիս, որովհետև ի վերջո նոր խորհրդարանը ձևավորվելու է ու դա իր հետևանքներն է բերելու, անկախ նրանից, թե ով ինչ փիլիսոփայական աշխարհահայացք ունի:
Բոլորս գիտենք, որ Հայաստանում ռեկորդային թվով կուսակցություններ են բացվում ու այս անգամ ընտրություններում շատ շատերն են հավակնություններ ներկայացնելու: Նախորդների հետ համեմատած՝ ամեն մի կուսակցության փոխարեն հիմա երեքն է կանգնած: Մեղմ հաշվարկներով ընտրություններին մասնակցող հայտարարված միայն նոր կուսակցությունները առայժմ 14-ն են: Հավանաբար կլինեն նորերը: Կան կուսակցություններ, որ դեռ չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին: Դրան գումարած նաև ներկա կուսակցությունները, կարելի է ասել, որ ընտրություններին կմասնակցի մոտ 33 կուսակցություն: Իսկական աստվածաշնչյան թիվ է, Աստված բարին կատարի: Եվ այդ ամենը ՀՀ-ում, որի բնակչությունը մոտ երկու և կես մլն է:
Այսինքն ամեն կուսակցությանը 100 հազար ձայն էլ բաժին չի հասնում, չոր հաշվարկով իհարկե, բայց ԱԺ ընտրությունները միջին թվաբանականով չեն լինելու ու որոշ կուսակցություններ կունենան մեծ թվով քվեներ, ոմանք՝ շատ քիչ, ոմանք էլ՝ ավելի քիչ: Ինչպես ասում են՝ հերթով, կարգով, շարքով:
Քաղաքագետները երկու վարկած են առաջ քաշում: Մեկն այն է, որ Հայաստանում ձայների փոշիացում է լինելու, որովհետև հիմա Հայաստանում թույլ կուսակցություններ չկան: Կան կուսակցություններ, որոնք մեծ փողեր ունեն ու դրանով էլ ավարտվում է նրանց ողջ պոտենցիալը: Այլ կերպ ասած կան հայտնի-հարուստ-չսիրված կուսակցություններ ու համակրելի, բայց դեռևս անփորձ նոր անուններ:
Քաղաքական այս թեժ պայքարն իրոք որ կարող է ձայների փոշիացման տանել ու ձայներն ուղղակի տեղ չհասնեն, որովհետև կուսակցությունների թիվը բավական մեծ է, նույնիսկ ավելի մեծ, քան Հայաստանին պետք է: Ուստի չզարմանաք, եթե ասենք հուլիսի 20-ին ունենանք բավական խայտաբղետ ԱԺ, որտեղ ներկայացված լինեն ասենք 17 կուսակցություն՝ ներկայիս երեքի փոխարեն:
Մեկ այլ կարծիք կա, ըստ որի Հայաստանում քաղաքական պայթյուն է: Կորոնա, պատերազմ, ճնշումներ ամեն կողմից ու այդ վիճակը ստիպել է, որ Հայաստանում ի վերջո քաղաքական գործընթացներ տեղի ունենան:
Կարող է լինել և՛ մեկը, և՛ մյուսը: Գուցե երկուսն էլ միաժամանակ:
Հարկավոր է հասկանալ, որ այս ընտրությունները ամեն ինչից բացի նաև մի շատ էական տարբերություն ունեն: Այժմ մենք հնարավորություն ունենք, ոչ միայն իշխանություն ընտրելու, այլև ընդդիմություն: Սա հավանաբար ավեի կարևոր է, քան հենց իշխանանությունը:
Հայաստանում 1991թ. սկսած նորմալ իշխանություն ու ընդդիմություն երբևէ չենք ունեցել: Հատկապես ծանր է եղել ընդդիմության մշտական լարված ու երկպառակիչ վիճակը, իսկ հիմա մենք իրոք հնարավորություն ունենք նոր ու լրիվ թարմ ընդդիմություն ընտրելու, իսկ առանց ընդդիմության, խորհրդարանը չի կայանա՝ ոչ դե յուրյե, ոչ էլ՝ դե ֆակտո: Սա ի միջի այլոց:
Ես առանձնացնեմ նաև երկու կարևոր խնդիր, որոնք կարող են լուծվել այս ընտրությունների ընթացքում՝
- Կուսակցությունների զտում, մաքրում: Այս ըտրություններից հետո մի շարք կուսակցություններ ուղղակի կանհետանան: Նույնքան աննկատ, ինչպես որ առաջացել են: Խոսքը միայն նորերի մասին չէ, այլ հիմնականում՝ հների: Նոր կուսակցություններին ուղղված առայժմ ոչ մի մեղադրանք չկա ու լրիվ նորմալ է, եթե նրանք չկարողանան միանգամից ԱԺ անցնել: Դա շատ բարդ գործընթաց է, եթե ստեղծես կուսակցություն ու երկու ամիս հետո խորհրդարան ձևավորես, իսկ ընտրություններից հետո, կարծում եմ, բազմաթիվ կուսակցություններ, որոնք արդեն քանի տարի է կան, բայց ըստ էության չկան, կշարունակեն չլինել, բայց արդեն պաշտոնապես: Մեծ բան չենք կորցնելու վստահեցնում եմ, մանավանդ, որ այդ ուրվական-կուսակցություններից շատերի մասին ժողովուրդը չգիտի ու նույնիսկ չի էլ նկատի, թե ինչպես եկան, ինչպես գնացին:
- Քաղաքական դաշտի լիցքաթափում: Սա ոչ պակաս կարևոր է: Նկատում եք, թե ինչ լարվածություն է, չթուլացող ու աճող: Ընտրությունները կարող են ինչ որ չափով լիցքաթափել այս էլեկտրականացած վիճակը: Ընտրություններից հետո հաստատ միաժամանակ 40 կամ 50 կուսակցություն միաժամանակ պայքար չի սկսելու: Այո, Հայաստանում 100-ից ավել կուսակցություն կա: Պայքարն արդեն գնալու է արդեն ընտրված իշխանության ու ընդդիմության մեջ, որոնք իրար հետ հավանաբար կլինեն ոչ ավել, քան յոթ-ութը, որոնցից ոմանք ներկայացված կլինեն դաշինքներով: Որոշների համար պարտությունը որոշիչ կլինի ու նրանք կքաշվեն մի կողմ: Որոշները, բնականաբար չեն հաշտվի պարտության հետ ու կսկսեն գոռգոռալ, բայց հենց դրանով էլ կավարտվի նրանց պայքարը: Եթե խաղում ես ընդհանուր կանոններով, ապա պատրաստ պիտի լինես նաև պարտության: Մի խոսքով այս ընտրությունները կարող են նաև լիցքաթափել ու հանգստացնել իրավիճակը; Իսկ մինչև հանգստացում ու թուլացում չգնա, չենք կարող Հայաստան կառուցելու մասին երազել:
Բայց պարտվողները այլևս ոչինչ չեն կորցնելու, իսկ ահա նորընտիր ԱԺ-ն շատ-շատ ծանր բեռի տակ է մտնելու: Նորընտիր օրենսդիր կորպուսը, հուսով եմ, հասկանում է, որ նրանց տրվելու է ամեն առումով քայքայված մի երկիր ու եթե ժողովուրդը Փաշինյանին ներեց իր բոլոր սխալները՝ զուտ ատելով նախկիններին, ապա հունիսի 20-ից հետո այլևս չի լինելու նախկին ու ներկա: Լինելու է նոր խորհրդարան, որը իր ուսերին է վերցրել երկիր կառավարելու ծանրագույն բեռը: Հուսով եմ նրանք հասկանում են դա: Այս ընտրությունները մեր վերջին շանսերից են: Չտապալե’նք:
Ողջ լերուք: