….էս խեղկատակությունը դարձել է մեր արտաքին, ներքին անվտանգային քաղաքականության հաղթաթուղթը:
Անուշ Հովհաննիսյան
Մեզ` հայությանս կարծես շատ է դուր եկել վիրտուալ կյանքով ապրելը, այս կամ այն քննարկման ազդեցության տակ մնալը` իրական խնդիրներն ու կարևոր թեմաները անտեսելով, հաշվի չառնելով, որ էդ կարևորագույն հարցերը մեզ բարեկեցիք և ապահով ապագա կարող են տալ, ոչ թե խոստանալ:
Երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանի ցոպ ու շվայտ կյանքն էինք քննարկում, միայն նրա համար, որ պատերազմի բեռը, սուգը դեռ չենք թոթափել (ասեմ, որ տարիներ շարունակ չենք էլ թոթափի), հիմա էլ Ալիևի` իր մարդկային ճղճիմությանը հատուկ դրսևորումների անհագուրդ տարածումը: Երևի թե մեր հասարակության կեսն է միայն էդ` մեր զինվորական համազզգեստով պատրաստված մուլյաժների վերաբերյալ հրապարակումները սքռոլ անում, խուսափում հուզական մոտեցում ցուցաբերելուց և փորձում անդրադառնալ էդ իրավիճակից դուրս գալու իրական հնարավորություններին, աշխատում հայրենիքի ոտքի կանգնեցման, ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ` ամենափոքր ներդրումից մինչև ամենախոշորը:
Ամոթ եմ համարում էն միտքը, որ ինձ տանջում է. կարծես թե թաքուն ուրախանում ենք ու սպասում Ադրբեջանի մարդկային բանականությունից դուրս քայլերի դրսևորմանը, չենք բավարարվում պատերազմի ժամանակ իրական վայրագ, մարդկային արժեքներից ու երևակայությունից դուրս դրսևորումներով, զինվորների մարմինների խոշտանգումներով: Ու սա միայն միջազգային պուպուշ, նուրբ հանրության, խաղաղության ջատագովների աչքը մտցնելու համար, որ տեսեք էս է ձեր Ալիևը, էս է ձեր կողմից իր էներգետիկ արժեքներով կարևոր Ալիևը: Ու էս խեղկատակությունը դարձել է մեր արտաքին, ներքին անվտանգային քաղաքականության հաղթաթուղթը:
Իմ, ու գոնե գիտեմ, ինձ նման շատերի համար ալիևյան բեմադրությունը էական չի ու մեզ չի դարձնում ադրբեջանաֆոբ, իրենց էլ չի հեռացնում արմենաֆոբիայից: Իրենց պետական քաղքականության հերթական վառ դրսևորումն է: Մեզ ոչ հատուկ քաղաքականության դրսևորում:
Բայց եկեք վերջապես ամրագրենք. մենք այլ անելիք չունենք մանր խնդիրները թողնելուց և կարևորագույն խնդիրներին անդրադառնալուց զատ: Այ օրինակ` ինչպես վարվենք, ինչ քաղաքականություն և ռազմավարություն մշակենք, որ մեզ հետ էդ լեզվով խոսացողը նախ գա բանականության դաշտ և հետո բանակցության սեղանի շուրջ նստի: Ինչ միջոցներ ձեռնարկենք, որ մեզ հետ հաշվի նստեն համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները, հարևան երկրները, ինչպես չտրվենք էմոցիաներին լինենք սառը ուղեղով դատող հասարակություն ու պետություն, որ ամեն օր, լույսը բացվելուն պես չտանք գլուխներիս ու չանիծենք դիմացինին մեր իսկ սխալի համար:
Խորհենք: