Հայաստան

Արդարության ու Համերաշխության Սպասումով (Մաս 2)

…Բայց մենք պիտի հասկանանք, որ քվեաթերթիկի վրա նշում անելուց հետո, մենք որպես հասարակություն պիտի մշտապես, ընտրվածի բկին չոքենք հոգեառի նման ու ստիպենք, որ նա կատարի իր պարտականություններն, այլապես դուրս կշպրտենք ու նոր մեկին կբերեն:

Արայիկ Մկրտումյան

Բայց մենք զարմանալիորեն չենք ուզում դա հասկանալ: Մենք կարծում ենք, թե միայն քվեաթերթիկի վրա նշում անելով մենք վերջացնում ենք մեր բաժին աշխատանքը: Ու հետո սկսում ենք բողոքել, որ վարչապետը սափրված չի, դատավորը կաշառակեր է, պատգամավորը բութ է, խորովածը՝ մշտապես կիսահում է, ֆուտբոլն էլ էլի պարտվել ենք:

Խնդիրն այն է, որ մենք հասարակական ու քաղաքացիական պարտականություն չենք ուզում ստանձնել: Մենք սովոր ենք, որ ընտրված թեկնածուն սկսի այլանդակություն անել ու մենք մի քանի տարի հետո նոր սկսենք կիսաձայն հայհոյել ու փնթփնթալ:

Բայց մենք պիտի հասկանանք, որ քվեաթերթիկի վրա նշում անելուց հետո, մենք որպես հասարակություն պիտի մշտապես, այսպես ասած, ընտրվածի բկին չոքենք հոգեառի նման ու ստիպենք, որ նա կատարի իր պարտականություններն, այլապես դուրս կշպրտենք ու նոր մեկին կբերենք: Իսկ մենք դա չենք անում, մենք միայն գրիչով մի պստլիկ նշում ու կարծում ենք, թե հենց այդքանով էլ ավարտված է մեր քաղաքացիական պարտքը պետության հանդեպ:

Ի վերջո ո՞վ է պատգամավորը, վարչապետը, նախագահը, կամ նախարարը: Ըստ էության նրանք մարդիկ են, որոնց ժողովուրդը վարձել, ընտրել, նշանակել է համապատասխան գործն անելու համար: Ժողովուրդն է նրանց քվե, մանդատ, իրավունք ու լիազորություն տվել ու ժողովուրդն էլ պիտի հսկի, որ իր աշխատողը հանկարծ չփորձի շփոթել իրերի տեղն ու դերը ու հասկանա, որ ժողովուրդն իրեն վարձել է աշխատելու համար ու եթե նա լավ չաշխատեց, ապա գործատուն իրեն միանգամից դուրս կշպրտի այդ ամբիոնից:

Ազգային Ժողով: Ինչ հրաշալի է հնչում չէ: Ազգային ժողով, ազգի ժողով, այսինքն մի վայր ուր հավաքված են Ազգային Ժողովն անելու: Հավաքված են ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, այսինքն մարդիկ, որոնց ժողովուրդն է ուղարկել իր պատգամը, կամքը հայտնելու ու այն իրականացնելու: Եվ ժողովրդի ծառա-պատգամավորները Ազգային Ժողովում ազգի պատգամն ու կամքն են իրականացնում: Գեղեցիկ է հնչում չէ՞: Ու հեքիաթային, մինչդեռ այդպես էլ պիտի լիներ: Իսկ ի՞նչ է կատարվել ու կատարվում: Այսքան տարի պատգամավոր ու նախագահ-վարչապետերից ի՞նչ ծառա: Նրանք իրենց պահել են տիրակալ-ֆեոդալների նման ու սուր բանեցրել հենց այն նույն ժողովրդի գլխին ում քվեով եկել էին աշխատելու հենց այդ նույն ժողովրդի համար: Ու դա մասամբ նաև այն պատճառով, որ հասարակությունն իր քվեն վաճառել ու նվիրել է, տեր չի կագնել, չի պահանջել, չի հսկել ու ժողովրդի ծառաների փոխարեն ստացել է ձրիակեր ամբարտավանների մի ողջ կույտ, որոնք իրենց այնպես էին պահում, ինչպես Ալեքսանդր 1-ին ցարի կալվածատերերը ճորտ գյուղացիների նկատմամբ:

Մեկ անգամ չէ, որ նշել եմ` մեր հասարակությւնը քաղաքականապես ընդհանրապես կայացած չէ: Այո, այո, դա հենց այդպես է: Ցարի, սուլթանի ու շահի օրոք հայը հնարավորություն չի ունեցել քաղաքականությամբ զբաղվելու, կոմունիստների օրոք էլ՝ արգելվել է:  Հիմա էլ մի կերպ փորձում ենք իրավական պետության նմանակումներ անել, ընդ որում ոչ այնքան հաջող:

ՀՀ առաջնորդները այդ ամենի հետևանքն են: Նրանք ընտրվել են մերժելու սկզբունքով: Այսինքն ես ընտրում եմ Քոչարյանին, որովհետև մերժում եմ Փաշինյանին կամ հակառակը: Մենք պարզապես չենք կարողանում ընտրել «հանունի» ոչ թե «ընդդեմի»: Իսկ քանի դեռ այդպես է, ճարպիկ կարիերիստները մշտապես շահարկելու են ամեն ինչ, ժողովրդին հիմարացնեն, հետո էլ կաշիները քերթեն՝ ըստ օրենքների:

Մինչդեռ ընտրության սկզբունքը նշանակում է, որ մարդիկ հավաքական կերպով ընտրում են կառավարիչների, ադմինիստրատորների, որ նրանք կառավարեն, ղեկավարեն, ոչ թե տիրապետեն ու սեփականացնեն:

Բնական է, որ այս վիճակում շատերը չեն դիմանում գայթակղությանն ու մեկ էլ տեսնում ես ինչ որ անհայտ ու անանուն պատգամավոր այնպես է հոխորտում, որ կարծես ժողովուրդն իրեն պարտք է:

Ու այս պայմաններոմ ավելի է խորանում արդարության ու հավասարության սկզբունքը: Այլևս չկա հավասարություն, իսկ արդարությունը դառնում է մեծագույն շահարկման թեմա: Մեկը հենց մեր արդարադատական համակարգը, որն այսօր կոնկրետ պայքարի մեջ է մտած իշխանության հետ: Իշխանությունը ձերբակալում է, դատավորները ազատ են արձակում: Այ սա է մեր պետության իրական դեմքը, երբ ժողովրդին ծառայելու համար այնտեղ հայտնվածները զբաղված են իրենց խմբային հարցերը լուծելով:

Ինչո՞ւ եմ անընդհատ շեշտում, որ խորհրդային ժամանակաշրջանը էականորեն է վնասել մեր ինքնագիտակցությանը: Որովհետև հենց այդ ժամանակ մեզ զրկեցին մտածելու ու ընտրելու իրավունքից: Ի՞նչ էր ԽՍՀՄ-ը: Կերեք ու մի մտածեք սկզբունքով պետություն: Հիմա, երբ ավագ սերունդը կարոտով հիշում է խորհրդային ժամանակները, նա բոլշևիկյան գաղափարախոսությունը չի կարոտում, ոչ էլ գիտական կոմունիզմն ու մարքսիզմ-լենինիզմի բարդագույն ճոռոմաբանությունը: Նա կարոտում է էժան հավի միսը, մատչելի հագուստը, լիքը սառնարանը, աշխատելու հնարավորությունը, բարեկամի ու հարազատի առաջ սևերես չմնալու տարիները: Նա կարոտում է ՔԱՂՑԱԾ ՉՄՆԱԼՈՒ տարիներն ու վերջ: Այդքանով էլ ավարտվում է խորհրդային դրախտը: Բայց ԽՍՀՄ-ում էլ կային պատգամավորներ ու խորհրդարաններ: Այսպես կոչված գրպանի խորհրդարաններ՝ գերագույն խորհուրդ կոչված անիմաստ ու անկամ մի մարմին, որը եղած-չեղած մի հաշիվ էր: Խորհրդային տարիներին ինչ ընտրություն, ինչ բան: Մարդիկ ոչ գիտեին դա ինչ է, ոչ էլ ինչ որ բան էին ի վիճակի ընտրելու: Ու հանկարծ 1991թ. նրանց ասացին՝ վե՛րջ երջանիկ անգիտությանն ու ստամոքսին զոռ տալուն, հիմա ուղեղն աշխատեցնելու ու հայրենիք կայացնելու ժամանակն է: Բայց այնպես ստացվեց, որ ընտրելու իրավունքից տասնամյակներով զրկված ժողովուրդն այդպես էլ չհասկացավ ընտրության իրական արժեքը, իսկ մի խումբ մարդիկ, որ ընտրվեցին, սկսեցին զոռ տալ ստամոքսին ու գրպաններին, իսկ ժողովուրդը մնացած խաբված ու քաղցած:

Երբ ասում են դեմոկրատիա կամ դեմոկրատական ընտրություն պիտի կարողանան նաև հասկանալ այդ ամենի իրական արժեքը: Դեմոկրատիան ծառի վրայից տերև չի, որ երբ ուզես ինչքան ուզես քաղես: Դեմոկրատիան հոգեբանություն, ապրելու սկզբունք ու հոգեվիճակ է, որ պիտի երկա՜ր տարիներ դաստիարակես ու ձևավորես: Դե պատկերացրեք, որ Սիամանթո կարդալու համար աքսորում էին, Ստալինին շատ չգովելու համար՝ սպանում ու իրենցից հետո կաշառակերության ասպարեզում նոր բարձուքներ նվաճած պետությունը քանդվում է ու ուզում են, որ դրանից երեք տարի հետո այդ ժողովուրդը դեմոկրատական ընտրություններ կատարի:  Իսկ Փաշինյանի թավիշն իրոք որ ավելորդ էր: Եթե լինեի նրա կողմնակիցը, կասեի, որ Փաշինյանը բարի մարդ է, որ չի ուզում բռնությամբ հարց լուծի, որ…..մի խոսքվ մի գեղեցիկ հեքիաթ կպատմեի բարի վարչապետի ու չար նախարարների մասին: Եթե լինեի Քոչարյանի կողմնակիցը, ապա մի հերոսապատում կպատմեի 2-րդ նախագահի աստվածաշնչյան կամքի ու ներկայիս թուլամորթի մասին: Իսկ ժողովուրդը թող քաղցած մնա, Արցախն էլ կիսված: Դա ոչ ոք չի վերաբերվում: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև Քոչարյանին ընտրեցին ընդդեմ Լևոնի, իսկ Փաշինյանին՝ ընդդեմ Սերժի: Ահա նրանց ունեցած ողջ կապիտալը: Դե մնացածն էլ արդեն պարզ է, թագավոր բարի է, խորհրդականներն են չար:

Երևի վենետիկյան հանձնաժողովների պարոններն ու նրանց տեղական ներկայացուցիչներն իրոք չեն հասկանում հասարակական հոգեբանության ողջ ողբերգությունը: Դրա համար էլ Հայաստանում եղավ այն ինչ եղավ: Ու լինելու է այն ինչ կլինի: Բայց միայն այն տարբերությամբ, որ եթե 1996 կամ 2008 թ. մենք բավականաչափ գրագետ չէինք ինչ որ բան ընտրելու ու մերժելու համար, ապա մենք հունիսի 20-ին ունենք այդ հնարավորությունը: Մենք ունենք ԸՏՐԵԼՈՒ հնարավորություն, ընտրել ինչ որ բան, ինչ որ գաղափար: Ու այդ ընտրությամբ իսկ հրաժարվել ամեն ինչից որ փտած է ու նեխած: մենք ունենք հնարավորություն ձևավորելու նոր Հայաստան ուր կյանքը կլինի արդարության ու հավասարության սկզբունքով:

Հունիսի 20-ը ոչ միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրն է, այլև մեր հասարակական մակարդակի ու քաղաքացիական պատասխանատվության քննության:

Ողջ լերուք:  

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *