․․․Իսկ գուցե խնդիրն ավելի խորն է թաղված, քան քվեատուփի մոտ թերթիկի վրա նշում անելը:
Արայիկ Մկրտումյան
Այսօր, երբ Հայաստանն ուղղակի ծվեն-ծվեն է եղել ու քաղաքական պայքարը պատշաճությունից անցել է անզսպելի թշնամանքի ու շատ բարդ է այս քաոսի մեջ ինչ որ լավ բան տեսնել ու ասել, թե լավ է լինելու, ես ամեն դեպքում հավատում եմ, որ լավ է լինելու, բայց դա ոչ թե կույր ու անհասկանալի հավատ է, այլ հստակ ու որոշված ապագայի ծրագիր:
Հիմա, երբ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունն իջել են քաղաքական պայքարից ու գործի բեմն ու տեղը նորից փողոցն է, ես փորձում եմ հասկանալ, թե ի վերջո ինչ պատահեց, որ մենք նորից ճգնաժամի առաջ կանգնեցինք: Ի՞նչ եղավ:
Եկե՛ք հասկանանք
1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ մեծամասնություն ստացավ ու ընտրվեց նախագահ: Մի քանի տարի հետո նրան հայհոյում, անիծում էին և պնդում, որ Տեր-Պետրոսյանը տեղով մեկ աղետ է հայոց ու հայության համար: Այդ կարծիքն ավելի հաստատվեց, երբ 1996թ. նա նորից նախագահ ընտրվեց ու շատերն էին ասում, որ Հայաստանում դրվեց ընտրակեղծարարության հիմքը:
Եկավ Ռոբերտ Քոչարյանը և դարձավ նախագահ: Մարդիկ մեծ մասամբ ուրախ էին, որ ազատվել են նախորդից: Մի քանի տարի անց Քոչարյանին անվանեցին հրեշ, մարդասպան: Եղավ հոկտեմբերի 27‑ը: Հետո Քոչարյանը կրկին նախագահ դարձավ ու նրան վերագրվող հայհոյանքներն ու անեծքները միայն ավելանում էին: Շատերն էլ ասացին, թե Լևոնն ավելի լավն էր, եկեք ընտրենք Լևոնին:
Նրան փոխարինեց Սերժ Սարգսյանը: Դեռ նախագահ չդարձած, եղավ մարտի մեկը, որում մարդիկ մեղադրեցին Լևոնին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ: Սարգսյանի օրոք եղան ապրիլյան քառօրյան, ՊՊԾ‑ի դեպքերը: Նրան ևս անվանեցին հրեշ ու էլի բազմաթիվ մականուններով: Նրանից դժգոհներն ասում էին Քոչարյանն ավելի լավն էր:
Հետո եկավ Փաշինյանը: Է՜հ, չմանրամասնեմ, կորոնա, պատերազմ: Մինչև հիմա ուշքի գալ չենք կարողանում այդ սարսափից, Արցախի կորստից: Փաշինյանն էլ իր բաժին հայհոյանքն ու անեծքն է վայելում: Հիմա էլ ասում են, թե Սերժը ավելի լավն էր: Առաջներս էլ ընտրություններ են, եկեք Սերժին ընտրենք, կամ Քոչարյանին:
ՀՀ ամեն ղեկավարի պաշտոնավարություն նշանավորվում է որևէ ողբերգությամբ:
Մնում է միայն զարմանալ այս փակ շղթայի կամ այս կախարդական շրջանի վրա: Ի վերջո ինչպե՞ս կարելի է գրեթե երեսուն տարի շարունակ նախագահ ու խորհրդարան ընտրել ու անիծել ու հայհոյել բոլորին: ՀՀ նախկին ու ներկա խորհրդարանների մեջ չկա մեկը, որից քիչ թե շատ գոհ լինեն, չկա մի կառավարիչ, որ համընդհանուր հայհոյանքի արժանացած չլինի, չկա մեկը ում հանդեպ հստակ հարգանք ու հավատ լինի:
Իսկ ինչո՞ւ: Մի՞թե հայ ժողովուրդը սխալվում է անընդհատ: 30 տարի շարունակ: Սխալվել ենք չէ՞: Եթե չենք սխալվել, ապա մեզ այս ամենը դուր է գալիս: Մենք կամ մազոխիստ ենք, կամ սխալվել ենք: Անընդհատ: Ու արդեն հասկանալի է, որ ոչ ոք ոչ ոքի չի վստահում: Շատ շատ դժվար է հավատալ ու վստահել, երբ ամեն անգամ խաբվել ես այդպպես դաժանորեն:
Իսկ ինչո՞ւմ ենք մեղադրել բոլոր ընտրյալներին: Անարդար լինելու, հուսախաբ անելու, վստահությունը վերացնելու մեջ:
Իսկ գուցե նրանք չէին էլ կարող այդ ամենն արդարացնել: Գուցե մենք միշտ սխալ մարդկանցից ենք սպասումներ ունեցել: Գուցե նրանք, ոչ թե նախագահներ պիտի լինեին այլ հասարակ քաղաքացիներ:
Մի խոսքով, ժողովուրդը միշտ սպասել է արդարության ու վստահության, իսկ ստացել՝ լրիվ մի ուրիշ բան:
Ու Հայաստանը ապրել է այդ անվստահության, անարդարության, կեղծիքի ու վախի մեջ: Ու չի զարգացել, որովհետև զարգացում կարող է լինել միայն, երբ կա արդարություն ու վսատհություն, երբ կա համերաշխություն կամ հավասարություն: Ու չէր էլ կարող զարգանալ, որովհետև վախն ու կեղծիքը եղել են մեր անբաժան ուղեկիցները: Կաշառքն ու անտարբերությունը եղել են պետական ոլորտների գլխավոր բնութագրիչները: Նույնիսկ հասարակ վարորդականը վաճառվել է, մի ժամանակ 60 հազար դրամով, հետո 100 հազար, մի պահ նույնիսկ 150 ու 200 դարձավ: Ու մարդիկ ուղղակի գնել են, վարորդականը գնել են իսկ հմտությունը՝ ոչ: Հենց այդպես էլ նախագահ, վարչապետ, պատգամավոր….լիազորությունը ստանձնել են, իսկ պատասխանատվությունը՝ ոչ: Էլ ինչպե՞ս զարգանա երկիրը: Ինչպե՞ս հաղթես, եթե ղեկավարն ընտրվում է զուտ նախորդին մերժելու սկզբունքով: Ոչ այն է ծիծաղես, ոչ այն է՝ լաս:
Մենք ցավով ենք ասում, որ թուրքական Բայրաքթարները այրեցին մեզ Արցախում: Իսկ ինչո՞ւ մենք չունեցանք մեր Բայրաքթարները: Չնայած մենք նույնիսկ հասարակ պղնձալար չենք արտադրում, ուր մնաց նման աթս: Ինչո՞ւ Հայաստանում բիզնեսը չծաղկեց, ինչո՞ւ ներդրումներ անընդհատ չարվեցին, ինչո՞ւ օրինակ Մերսեդեսը իր գործարանը չբացեց Հայաստանում, ինչո՞ւ ՖԻՖԱ‑ն աշխարհի առաջնության խաղերը չորոշեց նաև Հայաստանում անցկացնել, ինչո՞ւ Հայաստանը չդարձավ այն երկիրը, որը չկարողացավ պաշտպանել ինքն իրեն, ինչո՞ւ Հայաստանը չդարձավ այն երկիրը, որի անվտանգությամբ մտահոգվեին բոլորը: Հազարավոր ինչուներ: Իսկ պատասխանը մեկն է: Դա նրանց ձեռք չէր տալիս: Վստահություն չկար ու չկա Հայաստանի հանդեպ: Իսկ հիմա կա՞: Հունիսի 20-ից հետո լինելո՞ւ է: Թե էլի ինչպես միշտ: Կընտրեն ու կանիծեն կընտրեն ու կանիծեն: Բողոքում են, որ հայը հային չպիտի խաբի, թալանի, որ դա հային չի սազում: Է, չի սազում, մի արեք: Ինչպե՞ս պահանջենք, որ թուրքը հարգանք ու վախ ունենա հայի հանդեպ, եթե հային ոչ ոք այնպես չի ատում, ինչպես մեկ այլ հայ: Չե՞ք հավատում: Ապա նայեք, թե ինչեր են գրում իրար լրիվ անծանոթ մարդիկ, ինչ է թե դիմացինը քաղաքական առումով իրենց կարծիքին չէ:
Ու հիմա, երբ պարտությունն այնպես է ապտակել, որ ուշքի գալը այսչափ դժվար է, մենք միևնույն է չենք ուզում հասկանալ, որ այդ ամենը այս երեսուն տարվա անբանության հետևանք է, երեսուն տարվա անարդարության ու վստահության բացակայության:
Իսկ գուցե խնդիրն ավելի խորն է թաղված, քան քվեատուփի մոտ թերթիկի վրա նշում անելը:
Ինչո՞ւ չենք հասկանում, որ գրչի մի նշում անելով մենք անձամբ չենք ազատվում պատասխանատվությունից: Ու մենք ենք ընտրում նրան, ում վաղը ատելու ենք ողջ հոգով: Գուցե ժամանակն է, որ դա ևս հասկանանք:
(շարունակելի)
