սոց ցանց

Կենացներից Բացի

Միթե՞ իրատեսական է կարծել, թե կար հարցի որեւէ փոխզիջումային լուծման լուրջ միջազգային կոնսենսուս, ու 30 տարի Հայաստանի կամ Ադրբեջանի հետ «տունտունի՞կ» էին խաղում ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամ միջուկային տերությունները:

Հակոբ Բադալյան

Այո, դժբախտաբար Ալիեւը «յուրացնում» է իր գրավածը:

Իսկ մենք մեր ազատագրածը ինչպե՞ս ենք յուրացրել: Բայց խոսքը պետականորեն, համահայկականորեն յուրացնելու մասին է, մի քանի ներդրումային օրինակից ու կենացներից բացի:

Եվ որքանով է դա աշխարհի աչքին եղել համոզիչ ու հաստատակամ, պատասխանատու աշխարհաքաղաքական բովանդակությամբ, ոչ թե պարզունակ «փերեզակությամբ»: Մենք պետականորեն ինքնագոհ ասում էինք, որ 2004 թվականին ԵԱՀԿ մոնիտորինգը չի արձանագրել ազատագրված տարածքների վերաբնակեցում: Ու էդ տարածքները դառնում էին ընդամենը տարբեր մարդկանց մասնավոր հարստության աղբյուր, հիմնականում ոչ պատահական մարդկանց:

Դա է աշխարհաքաղաքականության օրենքը, ինչ որ բան տնօրինում ես՝ կամ յուրացնում ես համոզիչ եւ ներկայացնում աշխարհին, կամ աշխարհի հետ «պարտիզանության» քաղաքականությունը ավարտվում է նրանով, որ մնում ես մենակ ու վաղ, թե ուշ կորցնում ես ձեռքբերածդ, եւ կորցնում ես մարդկային գերթանկ կյանքեր:

Հետո կարելի է այդ հարցում պատասխանատվությունը դնել նախկինից ներկա, ներկայից նախկին: Միեւնույն է, բուն խնդիրն այն է, որ ավելի քան քառորդ դար աշխարհի հետ «պարտիզանություն» է խաղացվել, կամ «սատանի մայլեն քյանդրբազություն». դե դրսում կասենք միշտ պատրաստ ենք զիջելու՝ միեւնույն է Ռուսաստանը մեր մեջքին կանգնած է կամ ՌԴ-ԱՄՆ իրար միշտ խանգարելու են, ներսում էլ կասենք՝ դե տեսեք, ոչ մի տարածք էլ չենք զիջում, մենք հերոս ենք:

ԱՄՆ ու Ռուսաստանը իսկապես խանգարելու էին իրար, որովհետեւ նրանց բացարձակ չէր հետաքրքրում ու չի հետաքրքրում, թե դու ինչ ես պատրաստ փոխզիջել, դու պատրաստ ես խաղաղության, թե ոչ: Եթե փոքր ինչ պարզունակացնեմ, նրանց հետաքրքրում էր եւ հետաքրքրում է, թե իրենցից ով է տնօրինելու արցախյան գոտին, եւ տնօրինելու է ուղի՞ղ, թե՞ միջնորդավորված:

Դրա համար է, որ մենք չունեինք այլընտրանք, քան 1994-ի մայիսի 12-ից սկսած անդադար պատրաստվել նոր պատերազմի, սպասելով այն ամեն հաջորդ օր:

Հակառակ դեպքում չկասկածեք, եթե միջազգային ուժային կենտրոնները պատրաստ լինեին հարցի համաձայնեցված իրական լուծման, Հայաստանում 1998-ի այսպես կոչված ներիշխանական հեղաշրջում ուղղակի տեղի չէր ունենա, կամ տեղի չէր ունենա հոկտեմբերի 27: Միթե՞ իրատեսական է կարծել, թե կար հարցի որեւէ փոխզիջումային լուծման լուրջ միջազգային կոնսենսուս, ու 30 տարի Հայաստանի կամ Ադրբեջանի հետ «տունտունի՞կ» էին խաղում ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամ միջուկային տերությունները:

Դրա համար եմ նշում, որ տեսականում շատ ողջամիտ եւ իմաստուն թվացող փոխզիջումային մոտեցումները իրականում քաղաքականապես անհամարժեք էին միջազգային իրադրությանն ու տրամաբանությանը, անկախ այն բանից՝ անկեղծորեն հավատալով ես խոսել այդ տարբերակի մասին, թե աճպարարության կամ «պարտիզանության» հետին մտքով:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *