Սփիւռք

Ինչպես Հայաստանում, Այնպես էլ Սփյուռքում Ռոբերտ Քոչարյանին Չեն Ընդունում

Սփյուռքի անունով կարգախոսներ են օդ նետում, բայց նման բան չկա:

Հարցազրույց Նազարեթ Բերբերյանի հետ։

ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ընտրութրյունների մասնակցելը վրդովմունք չի՞ առաջացնելու Սփյուռքում դաշնակցական կառույցներում:

Այդպես չենք կարող պնդել, որովհետև այդ կառույցները ապրող օրգանիզմներ են, այնտեղ էլ կան մարդիկ Գեղամ Մանուկյանների նման, որոնք հացկատակ են, պետք է ինչ-որ բան թռցնեն: Սփյուռքը միատեսակ մտածողությամբ միավոր չէ: Ինչ քաղաքական մտածողության, կողմնորոշումների շերտեր որ կան Հայաստանի մեջ, նույն շերտերը կան նաև Սփյուռքում: Պետք չի մոռանալ նաև, որ Սփյուռքը նախկին ավանդական Սփյուռքը չէ: Հիմա Սփյուռքը շատ շեշտալի կերպով հայաստանյան պատվաստումով Սփյուռք է: 30 տարի առաջ տիրում էր այն տրամաբանությունը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դեպի արտասահման դուրս եկան այն հայերը, ովքեր զավակներն են այն մարդկանց, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներգաղթել էին Հայաստան: Այդ տպավորությունը ճիշտ չէ, որովհետև էն գլխից, դեռ 19-րդ դարից սկսած, կար Հայաստանից դեպի «ավետյաց երկիր» հոսք: Հետևաբար Սփյուռքի մտածողության բազմաշերտ վիճակը ուղղակի արտացոլումն է Հայաստանում ստեղծված վիճակի՝ մտածողությունների շերտավորման իմաստով: Իսկ նրանք, որոնք Սփյուռքի անունից խոսելու ինքնակոչ հանդիսավորությունն են ուզում վերցնել, դա դատարկաբանություն է: Սփյուռքը որևէ մեկին չի լիազորել իր չունեցածը իր հաշվին բանացնելու: Սփյուռքը միատեսակ մտածողություն չունի ազգային ողբերգության նկատմամբ: Ռուսն ու թուրքը, ինչպես 1920-ականներին Քեմալի ու Լենինի ձեռքով արեցին, նույն ձևով հիմա գործարք են կնքում Պուտինն ու Էրդողանը: Այս քաղաքական ռումբը, որ պայթեց, մարսելը շատ դժվար է: Ոչ իրենց ծրագրերը ունենք, ոչ նրանց հեռահար նպատակները գիտենք, թե ինչ են փնտրում ռուսն ու թուրքը իրար ձեռք-ձեռքի տված: Այս կացության մեջ Սփյուռքը չունի լոզունգային կեցվածք, որ ասենք սատարում է այս կամ այն ուժին կամ անձին: Նախ Ռոբերտ Քոչարյանին չեն ընդունում, դա ապտակ է Հայաստանի ժողովրդին: Արևմտահայերի խոսքով ասած, ճայթի-պայթի 20 տոկոս չի հասնի: Հայաստանում էլ, Սփյուռքում էլ այդ համոզումը ունեն մարդիկ, որոնք ուզում են հարցերի խորքը տեսնել, հասկանալ: Բայց մյուս կողմից, նոր ուժերին էլ, որ նայում ենք, նրանց մոտ էլ ժողովուրդ չեն տեսնում: Այն վայրկյանից, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, ոչնչացրեց 2018-ի մայիսին իր ունեցած ժողովրդի առաջնորդի բարոյական իրավունքը: Որովհետև ինքը պետության տերը դարձավ: Իսկ ժողովուրդն ուզում էր, որ պետությունն իրենը դառնա: Այդ պետությունը չդարձավ ժողովրդինը: Այդ պետությունը շարունակեց փորձանք մնալ ժողովրդի համար: Նիկոլ Փաշինյանն էլ մտածեց, որ պետությունը վերցնելով Քոչարյանի ու Սերժի ձեռքից, կարող է այն իրենը դարձնել: Մենք դեռ չգիտենք էլ, թե որքանով է մեր պետությունը դուրս եկել ռուսական ազդեցության ոլորտից: Փորձում են իշխանավոր խաղալ, բայց չգիտենք, թե ռուսն ու թուրքը ինչ են ուզում խաղալ մեր պետության ու ազգի գլխին:

Այս առումով Սփյուռքի մտահոգությունները փարատված չե՞ն:

Սփյուռքի անունով կարգախոսներ են օդ նետում, բայց նման բան չկա: Սփյուռքը չի կարողանում մարսել այս ազգային ծանր պարտությունը, որը 2018-ի մեր ժողովրդի թավշյա հեղափոխության ծնունդն էր: Մի հատ վերադարձեք ու հիշեք 2018-ի մայիս-հունիսին Սփյուռքի մամուլի նյութերը և կտեսնեք, որ այն ժամանակվա և այսօրվա Սփյուռքի մամուլի նյութերի միջև որևէ կապ գոյություն չունի:

Աղբյուրը՝ 1in.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *