Մաս 1 – Սողացող պատերազմ
Եթե մենք չենք կարողանում ռուսներին այստեղ պահել մեզ ձեռնտու գնով, ապա պետք է ճանապարհել մեզ ձեռնտու պայմաններով:
Արայիկ Մկրտումյան
Խոսենք առանց էմոցիայի, հիմա դրա ժամանակը չէ:
Հայաստանն այս պահին կրկնակի ճգնաժամի մեջ է գտնվում՝ ներքաղաքական և արտաքին: Ըստ էության պետական համակարգն ամբողջովին կաթվածահար վիճակում է, և դրա ապացույցները տեսնում ենք ամեն օր, ամեն ժամ: Բացարձակ վստահություն չկա ոչ ոքի և ոչնչի հանդեպ: Եթե մոտակա օրերին լիցքաթափում չլինի, դժվար է ասել, թե այս նեգատիվ մթնոլորտը որ կողմից կպայթի՝ ներքաղաքական, թե արտաքին:
Ադրբեջանցիների մուտքը Սյունիք ու Գեղարքունիք, այնքան էլ անսպասելի չէր(հաշվի առնելով թե ում և ինչի հետ գործ ունենք) բայց ամեն դեպքում անակնկալի բերեց, քանի որ մի բան է բազմոցին պառկած ծուլորեն ասել, թե թուրքը էսօր-էգուց Սյունիք կուզի ու մեկ այլ բան է, որ հիմա հենց այդ «էսօր-էգուցն» է ու թուրքը ոչ թե Սյունիքն է ուզում, այլ մտել է Սյունիք:
Ի՞նչ ենք անում մենք ու ինչ կարող ենք անել: Սա է կարևորը: Սոցիալական ցանցերը հիմնականում լի են կես-վախեցած, կես-չարացած հայհոյանքներով, մամուլի ներկայացուցիչները տարածում են ցանկացած փսփսոց, որի մասին լսում են, դա ներկայացնելով «հավաստի լուրեր», ընդդիմությունը չարագուշակ ասում է, որ սա իշխանությունների բացառիկ ապիկարության ու դավաճանության հետևանքն է, իշխանություններն էլ ինչ որ կիսատ պռատ նախադասություններ են ծամծմում, որ դիմել են ՀԱՊԿ-ին ու որ փորձում են հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծել:
Այն, որ այդ թուրքերի Սյունիք ու Գեղարքունիք մտնելու հարցը չի լուծվում, դա միանգամից երևում է, բայց եկեք տեսնենք, թե ի՞նչ տարբերակներ կան ընդհանրապես:
Տարբերակ 1՝
Հայկական կողմը դադարում է իր խաղաղասիրական պահվածքն ու շրջապատում գերի է վերցնում ադրբեջանական այդ ավազակախմբերին, որից հետո հավանաբար իրավիճակը միանգամից այնպես կլարվի, որ կամ Փաշինյանն ու Ալիևը իրար կհանդիպեն Մոսկվայում: Այդ ընթացքում հնարավոր է սկսվեն դիրքային կռիվներ, որոնք շատ արագ կարող են լայնածավալ պատերազմի վերածվել: Արժեր ադրբեջանցիներին խիստ պատժել իրենց սանձարձակության համար, բայց վստահ չեմ, որ դա լավագույն տարբերակն է, քանի որ հետևանքներն անկանխատեսելի են:
Տարբերակ 2՝
Հայկական կողմը պաշտոնապես ՀԱՊԿ-ին խնդրում է միջամտել և կանխել ադրբեջանական ագրեսիան իր սուվերեն տարածքի նկատմամբ: Կարծում եմ, ՀԱՊԿ-ը ոչ մի շոշափելի բան չի անի, քանի որ ՀԱՊԿ ասվածը ՌԴ-ի պաշտոնաթերթից չի տարբերվում և կբավարարվի հերթական անատամ հայտարարություններով ու կոչերով:
Տարբերակ 3՝
ՀՀ-ն պաշտոնապես դիմում է ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ՌԴ՝ պահանջելով կատարել իր դաշնակցային ռազմական պարտականությունները:
Տարբերակ 4՝
Ադրբեջանցիները հայկական կողմի նյարդերի հետ լավ խաղալուց ու իրենց ուզածը ստանալուց հետո վերադառնում են իրենց ելման դիրքերը ու մենք պատրաստվում ենք հաջորդ պրովոկացիային(չնայած սա արդեն պրովոկացիա չէ, սա փոքր մասշտապի անեքսիա է):
Եթե նայում ենք տարբերակներին ապա կարող ենք ասել, որ հարցի ռազմական լուծումը ՀՀ-ի կողմից այնքան էլ հավանական չէ, քանի որ այս պահին ՀՀ պետական ապարատը գտնվում է պարալիզացված վիճակում և դեռ հարց է, թե արդյո՞ք բանակում տիրող տրամադրությունները թույլ կտան իրականացնել ոչ միայն ադրբեջանցիներին գերեվարելու բորբոքված կոչերը, այլև դիմագրավելու դրան հետևող պատերազմին: Արդյո՞ք ՀՕՊ-ը պատրաստ է ապահովել ՀՀ օդային տարածքը: Դժվարանում եմ ասել: Վերջին պատերազմից հետո ՀՀ հասարակությունը իր վստահությունը կորցրել է նաև բանակի նկատմամբ, միակ ինստիտուտի, որին անվերապահ հավատում էր(խնդրում եմ էմոցիան մի կողմ դնել ու փորձել հասկանալ, որ խոսքը գնում է բանակ ասված ինստիտուտի ու նրա ենթակառուցվածքների գործունեության մասին, այլ ոչ թե հայ զինվորի կերպարի):
ՀԱՊԿ-ի տարբերակն ամենանյարդայնացնողն է ու ամենից անօգուտը, այդ դեպքում ավելի լավ է միանգամից դիմել ՌԴ-ին և մի կողմ դնելով ամոթի բոլոր երանգները, ասել, որ ՀՀ-ն չի կարողանում ապահովել իր սահմանները և ընդունելով ստորացման ողջ ծանրությունը, ռուսների միջոցով ադրբեջանցիներին ստիպել, որ հետ քաշվեն: Ի դեպ դա այնքան էլ թանկ գին չէ: Պետության ղեկավարը ուրախ պիտի լինի ինչ որ լավ բան անել իր երկրի համար՝ անկախ նրանից, թե ինչ ձևով:
Բայց հարցն այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանն արդեն վաղուց փոխել է և՛ իր քաղաքականության տրամաբանությունը, և՛ իր գործողությունների պարադիգման միջազգային հարթակում: Ըստ էության 1994թ. սկսած հայերը ոչ թե պաշտպանել են զուտ Արցախը, այլ՝ Հայաստանը: Հիմա երբ Արցախը չկա, Հայաստանը կանգնած է լրջագույն վտանգի առաջ: Դրա մասին շատերն են բարձրաձայնել, բայց մեր պետական ղեկավարության լրջությունը չի բավարարել դա իրապես հասկանալու և ըմբռնելու համար:
Եվ այսպես: Ի՞նչ է ուզում Ռուսաստանը:
Մի քիչ բարդ է հստակ ասելը, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Ռազմական բազաները Սյունիքում են, բայց ադրբեջանցիները եկել և ավանտյուրա են անում: Ռուսաստանին բնականաբար պետք է Հարավային Կովկասը, բայց արդյո՞ք նրան պետք է, որ Հարավային Կովկասում Հայաստանը լինի: Միջազգային դրության լրջացումն անընդհատ ցույց է տվել ռուս-թուրքական մերձեցումը: Իսկ գուցե Ռուսաստանին բավարարում է նաև թրքաբնակ Հարավային Կովկասը: Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնվել չի ցանկանում, բայց Ռուսաստանին ոչ ասել էլ չի կարողանում: Մի խոսքով դժվար է ասել, թե Ռուսաստանն ինչ է ուզում: ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ բանակցություններն այսօր վերջացած են ու կշարունակվեն վաղը: Ռուսները հավանաբար ժամանակ են ձգձգում, իսկ ադրբեջանցիները ինչ էլ պոկեն Հայաստանից՝ լավ է:
Կարծիքներ կան, որ Էրդողանը փոքր եղբորը դրդում է գնալ արկածախնդրության և արագացնել միջանցքի տրամադրումը: Գուցե: Այդ դեպքում Ռուսաստանը զրկվում է Հարավային Կովկասում իր վերջին հենակետից: Արցախը ռուսների համար մի գրոշ չարժե, եթե չկա Սյունիքը: Եթե Ստամբուլից մինչև Բաքու ուղիղ գիծ լինի, ապա Ռուսաստանին մնում է հավաքել իրերն ու գնալ տուն: Իսկ գուցե Ռուսաստանը գտնում է, որ ինքը կհսկի այդ միջացքն ու միաժամանկ նաև և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, և՛ թուրքերին: Դժվար է միանշանակ ասել: Ավելի կարևոր է այն, թե ինչ է լինելու վաղը կամ հենց այս գիշեր:
Հավանական եմ համարում, որ ևս մի քանի օր տագնապներից հետո Ռուսաստանն ի վերջո կմիջամտի և ադրբեջանցիները հավանաբար հետ կգնան: Հատկապես որ ադրբեջանցիները արդեն իսկ ազդում են ռուսների նյարդերին, որոնք բարկացած են ոչ միայն թուրքական լկտիությամբ, այլև հայկական կողմի դանդաղկոտությամբ: Երկու օր է ՀՀ օդային տարածքում 24-ժամյա ռեժիմով պտտվում են հայկական ու ռուսական ռազմական ինքնաթիռները:
Ի վերջո նաև Մակրոնը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մանդատի իրավունքով պատրաստ է զորք ուղարկել, ինչը ավելի կսրի հարցը: Ռուսները գուցե և ցանկանան խուսափել դրանից ու շտապեն ադրբեջանցիներին դուրս հրավիրել Սյունիքից ու Գեղարքունիքից, քանի դեռ Ֆրանսիան կամ մեկ այլ ուրիշը չի որոշել խառնվել այստեղ: Ամեն դեպքում սա է ողջ իրավիճակը ու հնարավոր է նույնիսկ մեկ ժամ հետո ամենաանկանխատեսելի բաները լինեն:
Եթե մենք չենք կարողանում ռուսներին այստեղ պահել մեզ ձեռնտու գնով, ապա պետք է ճանապարհել մեզ ձեռնտու պայմաններով:
Ի վերջո միայն ռուսները չեն, որ այս տարածքի նկատմամբ ախորժակ ունեն ու եթե մենք մեր քթից այն կողմ նայենք ապա գուցե նկատենք, որ հենց հիմա մեծ հնարավորություն ունենք բոլորին շահագրգռելու և ոչ մեկին ոչինչ չտալու կամ գոնե քիչ տալու:
Ո՛ւր են մեր դիվանագետներն ի վերջո:
Իսկ եթե մի քանի օր էլ անցավ ու ռուսները ոչինչ չարեցին, ապա մենք խնդիր ունենք, մեծ խնդիր: Վերջին հաշվով ռուսներն իրենք են որոշում, թե երբ և ինչպես օգնեն մեզ՝ անկախ մեր կամքից ու ցանկությունից:
Մերձավոր Արևելքում սկսված իսրայելյան ավանտյուրան իր հետքն անպայման կթողնի նաև մեր վրա: Միամտություն է կարծել, թե արաբները հենց այնպես հարձակվեցին Իսրայելի վրա՝ հույս ունենալով հաղթել նրան: Մնում է, էլի այս ողջ խելագարության համար կրկին հայերը ինչ որ չափով չհատուցեն:
Իսկ ադրբեջանցիների հաշվով կարելի է ասել այն, որ նրանք էլ սպասում են ռուս-թուրքական որոշումներին: Տարածաշրջանում այս պահին հայերն ու ադրբեջանցիները ոչինչ չեն որոշում, այլ ռուսներն ու թուրքերը, որոնք ձգտում են մնալ Կովկասի միակ խաղացողները: Մեզ մնում է միայն ուշքի գալ, քանի դեռ մեզ վերջնականապես մանրադրամ չեն դարձրել ու դա պետք է անել ազգային համախմբան միջոցով: Դրան մեծ հաճույքով կանդրադառնամ, եթե այս թնջուկը պատերազմի չվերածվի ու բոլորիս միանգամից գրողի ծոցը չուղարկի:
Սա է ընդհանուր վիճակը: Մնացածը հեքիաթ է: Եթե մի կողմ ենք դնում էմոցիան ու հուզմունքը, մնում է միայն այսպիսի մերկ վիճակ, որտեղ մենք պարտավոր ենք այնքան ճկուն լինել, որ խառնենք բոլորի հաշիվներն ու ջրից հնարավորինս չոր դուրս գանք: Մենք պարտավոր ենք լինել «աղավնու նման միամիտ և օձի նման խորագետ», այլապես շարունակական «բառադիզմի» արդյունքում կկորցնենք ողջ Հայաստանը, քանի դեռ մեր լրատվականներն ու վայ-քաղաքական գործիչները հիմարավարի ուրախանում են, որ դիմացինը տապալվում է՝ չհասկանալով որ հիմա և միշտ տապալվում է Հայաստանն ու հայը:
շարունակելի…