Հայաշխարհ

Լռության Սիմֆոնիա

Իսկ այս ճակատագրական օրերին, երբ սողացող պատերազմ է ու ամեն վայրկյան սպասում ենք, որ ադրբեջանցիները լայնածավալ պատերազմի են անցնելու, ընդդիմությունը ֆեյսբուքյան Փաշինյանի հետ հաշվարկն է անում։

Արայիկ Մկրտումյան

Քանի դեռ ադրբեջանական ավանտյուրան չէր սկսվել, քաղաքական ուժերը, մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, որ իրենք ահա գալիս են Հայաստանը փրկելու: Նրանք ասում էին, որ գիտեն, թե ինչ է պետք անել, երբ է պետք անել, ինչպես է պետք անել: Ոմանք նույնիսկ հայտարարում էին, որ Հադրութն ու Շուշին են հետ բերելու, իսկ մեկն էլ ասաց, որ գերիների հարցերը լուծելը մի քանի օրվա հարց է: Սրանից էլ լավ բա՞ն, գրողը տանի:

Հայաստանում ինչքան հիշում եմ 103 կուսակցություն կա հին ու նոր, եթե վերջին մի քանի ժամում էլի չի բացվել, որովհետև Հայաստանում կուսակցությունները ծլում են սնկի պես ու չկա մեկը, որ «փրկության» իր դեղատոմսը չզոռի ու չասի, որ միայն իրենն է ճիշտը:

Եվ ահա, քաղաքական այս մոլեգնած դաշտը այս մի քանի օր է, ինչ զարմանալիորեն հանդարտ է: Տիեզերական ահեղությամբ մարտնչող կուսակցությունների մի հսկա մասը այնպես լուռ է, որ այս աղմուկին սովորելուց հետո մի տեսակ անհանգիստ ես, թե ինչու չեն աղմկում:

Կուսակցություններից շատերն այժմ «ջրից էլ լուռ, խոտից էլ ցածր» վիճակում են, մինչդեռ իսկական գործի առիթ է բացվել: Իսկական գործի, ոչ թե մայրաքաղաքի փողոցում զուտ գոռալու:

Այժմ, երբ հերթը եկել է հայրենիքը փրկելու օտարից, կուսակցությունները շառագունած մի կողմ են քաշվել ու ցածրաձայն ինչ որ բաներ են խոսում, որ «դե գիտեք ՀԱՊԿ-ը ասել է, որ այսինչը չի ասել, որ այնինչը ասի, որ…» մի խոսքով անհասկանալի կրավորական կեցվածք է:

Հանուն արդարության նշեմ, որ ոչ բոլորն են իհարկե լռության սիմֆոնիա բեմադրում, որոշները ինչ որ բաներ ասում են, իսկ որոշներն էլ ավելի լավ կլիներ ընդհանրապես լռեին: Լռեին ոչ միայն այս օրերին, այլև այն ժամանակ, երբ այս ամենը հանգստանա: 

Ոմանք վատ թաքցված ուրախությամբ հետևում են, թե ինչպես է իշխանությունը հերթականորեն տանուլ տալիս բոլոր ճակատներում, ոմանք էլ այնպիսի քնքշությամբ են բացատրում, որ եթե իրենք լինեին իշխանություն, ապա կլուծեին բոլոր հարցերը, որ չես հասկանում, թե ինչու է ՀՀ-ն ընդհանրապես ինչ որ խնդրի առաջ կանգնում, եթե մենք ունենք մի քանի տասնյակ կուսակցություններ, որոնցից ամեն մեկն ունի մի ողջ երկրի փրկության պլան:

Ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները, որոնց հանրային դեմքերը Հայաստանին ընդհանուր առմամբ խոստանում են փրկություն, խաղաղություն, երանություն, այս օրերին մի քանի կիսատ պռատ հայտարարություններից բացի ոչինչ չարեցին: Ոչ մի ծրագիր, ոչ մի կոնկրետ առաջարկ կամ նման մի բան: Մեկն ասում է դավաճանները պիտի գնան, մյուսն ասում է մի քիչ համբերեք կտեսնեք, մյուսը միանգամից հայհոյում է, մյուսն էլ նստած ֆեյսբուքում Նիկոլի անունն է տառադարձումներով սխալ գրում ու զվարճանում: Համա թե ընդդիմություն ունենք:

Ընդդիմությունը, տեսնելով հանդերձ, որ Հայաստանը տառապում է իշխանության անգործության ու անկարողության ձեռքում, ոգևորված հետհաշվարկ է անում, որ «Նիկոլին մնաց այսքան օր»: Նիկոլին չգիտեմ, բայց Հայաստանին շատ քիչ է մնացել այս տեմպերով: 

Ընդդիմությունը նաև չթաքցրած ուրախությամբ է մատնանշում իշխանության բոլոր սխալները: Դա ես էլ կարող եմ անել, ցանկացած քաղաքացի էլ: Այո՛, կարող եմ կանգնել ու հայհոյախառը ասել, որ այս իշխանությունից պետք է ազատվել, որ «հողատու են, թուրք են» ու էլի նման բաներ, նայած թե ինչքան եմ ոգևորված այդ պահին: 

Այո՛, ես ու մյուս հասարակ քաղաքացիները կարող ենք այսպես ասած ոչ պրոֆեսիոնալ լինել, որովհետև մենք քաղաքական գործիչներ չենք, քաղաքական գործիչները իշխանությունն ու ընդդիմությունն են, որոնք էլ անհասկանալի է, թե ինչով են զբաղված:

Ընդդիմադիր լրատվականների մի մասն այնպիսի հրճվանքով է խոսում, որ իշխանությունները ապիկար են ու թուրքը Սյունիքում է, որ արդեն սառը դատողությունը իր տեղը սկսում է զիջել հիվանդագին էմոցիոնալությանն ու մի պահ սկսում ես իրոք հավատալ ամեն տեսակ զառանցանքների:

Եթե նայենք, թե ով ում ինչում է մեղադրում կստանանք մի պատկեր, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ծախել են ու շարունակում են ծախել Սյունիքը և պատրաստվում են ծախելու մնացած Հայաստանը:

Հասկանո՞ւմ եք մարազմի աստիճանը: ՀՀ ողջ քաղաքական հատվածն ավելի լավ բան չի մտածել, քան պարզունակ մեղադրանքներն ու բերան ծռելով իրար կապկելը: Նիկոլ-Կոկոլ: Ահա սա է այսօրվա ընդդիմության սիրած խաղալիքը: Չգիտես լաց լինես, թե ծիծաղես: Հետո հիշում ես, որ թուրքը Սյունիքում է ու Հայաստանում առայժմ բացի հայհոյելուց ոչինչ չեն անում ու հասկանում ես, որ լացելն ավելի իրատեսական է: 

Ո՞ւր է այն ընդդիմությունը, որ Հայաստանին խոստանում է երեք օրում լուծել գերիների հարցերը, հետ բերել Շուշին ու Հադրութը, հաստատել կայունություն, խաղաղություն….միայն թե պետք չէ ասել, որ դրա համար պարտադիր է, որ իրենք իշխանություն լինել, կամ գոնե Նիկոլը իշխանություն չլինի: Ես սկսում եմ վախենալ, որ ընդդիմության ողջ պոտենցիալը հականիկոլիզմի մեջ է ու Փաշինյանի հեռանալու հետ էլ կավարտվի ու հենց իրենք դարձան իշխանություն, ապա կսկսեն բացատրել, որ բոլոր խնդիրները մի օրում լուծել չի լինի, այլ ժամանակ է պետք:

Իհարկե ժամանակ է պետք: Ասեմ ավելին, մենք այդ ժամանակը նույնիսկ ունեցել ենք ու այդ ժամանակն արդեն իսկ հասցրել ենք վատնել:

Ընդդիմության մեջ էլ ճաքերը բավական ուժեղ են, մինչդեռ պետք էր միասնական լինել գոնե հիմա:

Իսկ ընդդիմությունը իրավունք չուներ նման ցածր որակի արտադրանք տալու: Ի վերջո ընդդիմությունն էլ ինչ որ պատահական մարդիկ չեն, նրանց մեջ միջին հաշվով կա մի քանի միլիոնատեր, երկու նախկին նախագահ, մի քանի ԱԱԾ պետեր, այսինքն իրականում շատ լուրջ մի թիմ պետք է դառնար: Մանավանդ այս օրերին ընդդիմությունը լավ շանս ուներ և՛ հայրենիքին օգնելու և՛ իր քարոզարշավն անելու: Կարո՞ղ են: Կասկածում եմ: Կասկածում եմ, որովհետև սա աշխարհաքաղաքական բարդագույն մի հանգույց է ու ՀՀ ընդդիմության ձեռքն այնքան ուժեղ չէ, որ կարողանա միջազգային մակարդակով հարց լուծել: Բայց ի վերջո մենք չենք նրանց ստիպում, որ քաղաքականությամբ զբաղվեն, իրենք են հայտարարում, որ իրենք կարող են փրկել Հայաստանը: Է եթե կարող եք փրկեք, ո՞ւմ եք սպասում: Նստել ֆեյսբուքում հետհաշվարկ են անում, որ Նիկոլին մնաց այսքան օր: Կոպիտ ասած «Նիկոլի հերն էլ անիծած», բա դո՞ւք, բա չե՞ք մտածում, որ դուք էլ եք հետհաշվարկի մեջ ու որ ավելի վատ է՝ Հայաստանն է հետհաշվարկի մեջ:

Ընդդիմության միակ զբաղմունքը կամ քարոզարշավն է կամ էլ հերթական ապացույցը ներկայացնել, որ իշխանությունը ստում է, լավը չէ:

Ինչպես ասում է ժողովրդական ասածվածքը. <<թանկագին քարի արժեքը ոսկերիչը կիմանա, իսկ իշխանավորի արժեքը բոլորը գիտեն>>։ Մենք շատ լավ գիտենք իշխանության արժեքը ու էնպես է ստացվել, որ այս իշխանությունը նախկինների հետևանք է։ Հոգնեցինք ասելով, որ Փաշինյանն ու իր ոչ պրոֆեսիոնալ թիմը, դատարկախոս պատգամավորներով ու կմկմացնող պաշտոնյաներով, ոիղիղ հետվանքն է նախկին ֆեոդալական համակարգի։

Ժողովուրդը հիմա զայրացած է, շփոթված է, բարկացած, հուզված։

Նա ինչ գիտե՝ ինչ անել, նա ամեն կողմից հարվածներ է ստանում։ Իշխանականները նրան պիցցայակեր ստրուկ են անվանում, ընդդիմադիրները՝ զոմբի, իսկ թուրքը՝ Սյունիքում է։

Ընդդիմություն ասվածն ընդհանրապես ինքն իրեն հաշիվ տալիս է, որ եթե իշխանությունները բանի պետք չեն, ապա իրենք դրա հաշվին չեն պարզաջրվում։ Ո՛ւր է ձեր գործը, ո՛ւր է ձեր պոտենցիալը։Ուր է ձեր խոստացածը։ Նոյեմբերից մինչև հիմա մի էնպիսի հզորություն ու միասնություն չունեցանք, որ անձամբ ես հասկանայի, որ դուք կարող ուժ եք, որ դուք ինչ որ բան կարող եք անել։

Իսկ այս ճակատագրական օրերին, երբ սողացող պատերազմ է ու ամեն վայրկյան սպասում ենք, որ ադրբեջանցիները լայնածավալ պատերազմի են անցնելու, ընդդիմությունը ֆեյսբուքյան Փաշինյանի հետ հաշվակրն է անում։

Իսկ եթե Փաշինյանին հեռացրիք, հետո ի՞նչ եք անելու։ Իրա՞ր եք մերժելու ու հայհոյելու։ Հավատս չի գալիս, որ մի Փաշինյանի գնալով դուք կձևավորեք ազգային կառավարություն ու ազգային պետություն կունենանք։

Չգիտեմ, ավելի շատ ինչի վրա լաց լինեմ՝ իշխանության թե՞ ընդդիմության։

Եթե ամեն ինչ խաղաղվի, ո՛չ միայն իշխանությունն է պատասխան տալու, այլ նաև ընդդիմությունը, մանավանդ, որ այս ընդդիմությունը 1991թ․ սկսած իշխանություն է եղել։

Երեք տարում պետությունը ոչ կարող ես սարքել, ոչ էլ քանդել, բայց կարող ես ավարտին հասցնել սարքելն էլ, քանդելն էլ։ Ինքներդ եք տեսնում թե ինչ է կատարվել ու կատարվում։

Դիմացի՛ր Հայաստան, դիմացի՛ր:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *