ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Այո, Հովհաննիսյանի նշած աշխարհընկալման ձևափոխումը մեզ հասցրեց այն վիճակին, որ մենք ոչ միայն Արցախը կորցրինք, այլ նաև այսօր հազար ու մի արդարացումներով պատրաստվում ենք Տիգրանաշենը կորցնելու, հանձնելու։
Մենք այդպես էլ ոչինչ չհասկացանք: «Իսկ ի՞նչ»,- կհարցնի սովորական քաղաքացին:
«Ի՞նչ, ի՞նչը չհասկացանք»,- կգոռա նա, ով արդեն ձանձրացել է անվերջ տապալումներից, մշտական անկայունությունից, միշտ կրկնվող սխալներից. դժվարությունից, այս ողջ սարսափներից: Ի՞նչ չհասկացանք: Այո, դա ամենաբարդ հարցերից է: Մենք անընդհատ ինչ որ խորիմաստ դեմքով ու բարդ ընկալելի նախադասությամբ փորձում ենք դիմացինին ինչ որ «ճշմարտություններ» կերցնել ու նրան համոզել, որ «այսինչ պարագում ձևավորված այնինչը նպաստեց, որ…..» ու ոչ մի հստակ պատասխան:
Այս օրերին, երբ հիմարությունն ու սրիկայությունը քայլում են կողք կողքի ու շատ դժվար է ոսկին տարբերել ժանգից, տեղին է հիշել ականավոր դաշնակցական Վահան Հովհաննիսյանի 2013 թ. գրած «Ազատութեան ճանապարհների վախեցնող բացակայությունը» հոդվածը:
Վահան Հովհաննիսյանն իր այս հոդվածում շատ դիպուկ է նշում այն ողջ անհեթեթությունը, որում գտնվել ենք, գտնվում ենք ու շարունակում ենք գտնվել: Ու կարդալով այդ հոդվածը՝ հասկանում ես, որ իրոք շատ բան կար հասկանալու, շատ-շատ բան, որ ո՛չ հասկացանք, ո՛չ ընդունեցինք: Ու եղավ այն, ինչ եղավ:
Վահան Հովհաննիսյանի հոդվածն ուղղակի հոդված չէր, այլ ախտորոշում մեր իրականության, տողեր, որոնք ոչ հասկացան, ոչ էլ ընդունեցին: Այնպես ինչպես հայ մտավորականներից շատերը, Վահան Հովհաննիսյանը ևս սարսափով հասկացավ, թե ինչի մեջ ենք գտնվում և ուր է այդ ամենը տանելու: Րաֆֆին զգուշացրեց, մենք չլսեցինք, Քաջազնունին զգուշացրեց, մենք չլսեցինք, Վահանը զգուշացրեց, մենք չլսեցինք…այնպես ինչպես միշտ:
Տասնյակ անգամներ մենք կարդացել ենք եկող վտանգների մասին, համաձայնվել, որ մի օր այս ամենը վտանգ է հասունացնելու ու…ոչինչ չենք արել: Չէ, այսինքն ինչ որ բաներ արել ենք՝ խաբել ենք, քծնել ենք, կուլ ենք տվել վիրավորանքներ, գողացել ենք ու մեզ սուրբ ձևացրել, ժողովրդին թալանել ենք հանուն ժողովրդի: Չենք մոռացել անընդհատ խոսել վեհ գաղափարի մասին ու միաժամանակ ոտնատակ ենք տվել ամեն գաղափար, մի ձեռքով եկեղեցում վառել են մոմեր, մյուսով՝ աշխարհ ենք քանդել: Մի խոսքով ներսից մեր աչքն ենք հանել, դրսից՝ ուրիշի:
Սկսվեց արցախյան շարժումը, պատերազմը, հաղթանակը․․․․ո՞ւր կորավ այդ ամենը; Ինչպե՞ս մենք հասանք այն օրին, որ մի պահ ազգովի կանգնած կռվում էինք Արցախի համար, հաղթանակից հետո մտավ «հայ-ղարաբաղցի» վեճը, միաժամանակ սկսվեց նաև «լոռեցի-շիրակցի-սյունիքցի» կռիվը, իսկ Երևանում էլ թաղերն էին իրար դեմ ելել։
Հաղթանակը չվայելած, մենք սկսեցինք մեր պարտությունը հյուսել։ Իսկ ի՞նչ կաներ Վահան Հովհաննիսյանը, եթե տեսներ այն ինչ կատարվում է այսօր։ Նա արդեն տեսնում էր, հայը այնքան էլ չի ապրում «բանիվն Աստուծոյ» և հատկապես 90-ականներին որդեգրել է միայն «հացիվ կեցցե» սկզբունքը։
Ու սարսափելին այն է, որ Վահան Հովհաննիսյանն ինքը շատ պարզ տեսնում էր, թե ինչի մեջ ենք հայտնվել ու ուր ենք գնում։ Նա իր հոդվածում դառնորեն նշում է․
«Ես չեմ պատրաստվում գրել մարդկային արժանապատվությունը նվաստացնող մեր կենցաղի, սոցիալական, տնտեսական ու բնապահպանական ճնշող խնդիրների, ամենակուլ կոռուպցիայի, իշխանական վերնախավի զգալի մասի մասնագիտական լիակատար անկարողության կամ հանցագործության մասին, թեև հիանալի գիտակցում եմ, որ մեր հասարակության մեջ, դրանից բացի, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում»։
Բնական է, որ շատերին ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում։ Անտանելի էր տեսնել, որ իրեն արցախյան ազատամարտիկ հռչակած շատերը ամենատարրական հարգանք չունեն պետության, հայրենիքի ու ժոզովրդի նկատմամբ ու պատրաստ են նրա հետ հարաբերվել միայն այն ժամանակ, երբ իրենք մեծամիտ-գոռոզ-ներողամիտ տոնով նրան կբացատրեն ճիշտն ու սխալը։
Այո, Հովհաննիսյանի նշած աշխարհընկալման ձևափոխումը մեզ հասցրեց այն վիճակին, որ մենք ոչ միայն Արցախը կորցրինք, այլև այսօր հազար ու մի արդարացումներով պատրաստվում ենք Տիգրանաշենը կորցնելու, հանձնելու։ Կարևոր չէ, թե որ հոդվածով, որ գյուղը կկորցնենք։ Կարևորն այն է, որ կորցնում ենք ու շարունակում ենք կորցնել։
Երբ ԱԱԾ-ն հերթական հրապարակումն է անում, որ բացահայտվել է նախկին կամ ներկա բարձրաստիճան կամ ցածրաստիճան պաշտոնյա, ով մեր հայրենիքի մի մասը վաճառել է թշնամուն մի քանի հազար դոլարով ու մենք դառնացած գլուխներս ենք օրորում, որ ինչպե՞ս կարող է մարդը նման բան անել։ Դա էլ հո թեթև կաշառք վերցնել կամ մի թեթև օրենք խախտել չէ, դա էլ հո ձայն վաճառել չէ։
Մենք դա ասում ենք ու չենք էլ ուզում հասկանալ, որ այդ դավաճաններից շատերը իրենց շուրջը նայել ու տեսել են, որ Աստվածաշնչում գրված «Մարդ ոչ միայն հացիվ կեցցե, այլև բանիվն Աստուծոյ» տողերը վերածվել են «Ոչ թե բանիվն Աստուծոյ, այլ հենց ու միայն հացիվ կեցցե» և սկսել են հաց փնտրել ու չխորշել ոչ մի այլանդակությունից։ Այդ դավաճանները նայել են ու տեսել են, որ կարելի է աղբը թափել հենց փողոցում, որի համար զինվոր է զոհվում, որ ինչքան շատ փող ունենանաս, այնքան շատ կարող ես օրենք խախտել, որ կարելի է ձայնն ու պատասխանատվությունը վաճառել, որ կարելի է գաղափարը ծալել դնել մի կողմ ու միայն մայիսի 9-ին հեռակա հայհոյել թուրքերին, ուրախանալ Սևրի քարտեզի վրա, երթալ տեսնել զիմ Կիլիկիա(ընթացքում նաև Անթալիայում լավ արևահարվել ու հաջորդ տարի ուղիղ գնալ Թուրքիա հանգստանալու)։ Իսկ դա դավաճանություն չէ՜ր, չէէէ, դա ուղղակի հանգիստ էր։ Այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ իսրայելցին գնա Պաղեստինում փող ծախսի։
Մենք այդպես էլ չհասկացանք ո՛չ իրականությունը, ոչ էլ դրա մասին զգուշացնողներին։
Վահան Հովհաննիսյանը ի վերջո նաև այն մարդն էր, ով ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց ևս նշում էր այդ ամենի մասին։ Նա հենց ինքն էր իր հանրապետական գործընկերներին հիշեցնում, թե ով ով է։ Հետաքրքիր է, թե ինչ կասեր Վահան Հովհաննիսյանը հիմա՝ տեսնելով 2021թ․ ՀՅԴ-ին։ Ի վերջո խոսքը միայն ՀՅԴ մասին չէ, այլ ողջ պետության, հասարակության, անհատների։
Բոլոր բոլորի մասին։ Բայց միթե մենք կարող ենք տասնյակ հազար մարդկանց դավաճան կոչել գումարով քվեարկելու համար։ Իհարկե ոչ։ Որովհետև չեն կարող միաժամանակ մի քանի տասնյակ հազար մարդ միանգամից դավաճան լինել։ Բայց եթե նրանք մարդիկ էին, ովքեր ծայրահեղությունից դրդված գնացին նման քայլի, ապա ովքեր էին օգտվում այդ վիճակից։
Թերևս Վահան Հովհաննիսյանը չէր զարմանա տեսնելով այսօրվա Հայաստանը։ Նա դեռ այն ժամանակ շատ լավ տեսնում էր ինչ, որտեղ, երբ։ Գուցե միայն չպատկերացներ այս ողջ սարսափի մասշտաբները։ Մնացած ամեն ինչը նա տեսնում էր ու հասկանում։
Բայց չնայած այդ ամենին, ոչ մի գաղափար չպաշտպանվեց, ոչինչ չփոխվեց։ Մնացին միայն երգերն ու դրոշները ու նրանք, ովքեր տասնյակ տարիներ առաջ իրենց վրա էին վերցրել երկրի ու հասարակ մարդու հանդեպ պատասխանատվությունը, նրան հասցրին այն օրին, որ մարդիկ ՀՀԿ-ին դեմ գնալով ընտրեցին Նիկոլին ու հիմա էլ գուցե Նիկոլին դեմ գնալու համար ընտրեն ՀՀկ-ին։
Ու ի՞նչ անել այդ դեպքում։ Նոր հոդված գրել կատարվող սարսափի մասին ու սպասել նոր ողբերգության, թե գոնե մի անգամ հայելու առաջ ինքնախոստովանվել, որ մենք այդպես էլ ոչինչ չհասկացանք։
Ու հիմա, երբ համատարած մեղադրանքներ են դավաճանության մասին, ընդ որում ամենաբարձր մեղադրանքներով ու չկա մի մարդ, ում չեն հայհոյի, չկա մեկը ու խոսքերին հավատան, գուցե արժե մտովի վերադառնալ այն «ոսկեդար», երբ մենք բոլորս մեզնից ինքնագոհ փոքրիկ սրիկայություններ էինք անում, ապա հիացմունքով ասում, որ «ճիշտ է ասում ընկեր Վահանը» ու միևնույն ժամանակ մատներս մատներին չէին տալիս, որ այդ ճիշտը վերածվի իրականության։
Ու մինչդեռ Վահան Հովհաննիսյանն ու իր նմանները մեզ զգուշացնում էին, մենք այդպես էլ ոչինչ չհասկացանք։