ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ինչպէս Գաղափար Կազմեցինք Դաշնակցութեան Մամուլի Մասին

Դրաստամատ Կանայեան

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄԲՈՂՋԱՊԷՍ ԾԱՌԱՅԵԼ ՄԻԱՅՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ։ ԵԹԷ Կ’ՈՒԶԷՔ ՔՆՆԱԴԱՏԵԼԻ ԿԷՏԵՐ ՉԼԻՆԵՆ՝ ՓԱԿԷՔ ԼԵԿԱԼ ԹԵՐԹԵՐԸ

«Ազդակ» օրաթերթին մէջ 1950ականներուն լոյս տեսած «Ինչպէս Գաղափար Կազմեցինք Դրօն, (Դրաստամատ Կանայեան), կը պատմէ թէ 1900ականներուն կայացած ռայոնական ժողովի մը ընթացքին քննարկուած է ՀՅԴ մամուլի դերն ու նշանակութիւնը հայ կեանքէն ներս։

Այդ ժողովին, Հայ յեղափոխութեան ամէնէն աւանդապահ ու կարծրատիպ համարուած Նիկոլ Դումանի խօսքը ցոյց կուտայ այդ օրերու մեր յեղափոխականներուն լայնախոհութիւնը, ազատամտութիւնն ու Դաշնակցականի լայն աշխարհայեացքը։

Ձարական բռնապետութեան  տակ դաշնակցութեան ամբողջ  գործունէութիունը, ինչպէս և անոր խօսքն ու մամուլը գաղտնիացման ենթակայ էին։

900 ական թուականներուն, աշակերտական կազմակերպութիւնների մէջ մենք կարդում  էինք միայն Խ․ Աբովեանի, Րաֆֆու եւ Ահարոնեանի գրուածքները։

Մեր Վարիչները երբ բաւականաչափ վստահութիւն ունեցան մեր վրայ, օր մը յայտնեցին թէ մեզի պիտի տային կարդալու Հ․Յ․ Դաշնակցութեան գաղտնի թերթը՝ «Դրօշակ»ը։

Նոր աշխահ մը բացուեցաւ մեր առջեւ։ Մեծ յափշտակութեամբ և լափելով կարդացինք մեր ձեռքը ինկած «Դրօշակ» ի թիւերը։ Ճիշդն ասած՝ մեզ ոգևորողը նրանց բովանդակութիւնը չէր այնքան, որքան քաջարի մարտիկների և նահատակուած հերոսների կենսագրութիւնը, որ մենք գտնում էինք Դաշնակցութեան օրկանի էջերում։

Հպարտ էինք որ մեզ արժանացրել էին կուսակցութեան մամուլի ընթերցման։

Երբ ասում էինք «կուսակցական» մամուլ, մենք հասկանում էինք շրջաբերականներ, թռուցիկներ և Դրօշակի թիւեր, բոլորն  էլ գաղտնաբար ձեռքէ ձէռք փոխանցուած։

Բայց դաշնակցութեան խօսքը թափանցում էր ամէն անկիւն և իր յեղափոխիչ դերը կատարում։ Մեր կուսակցութեան կնիքը կրող յուրաքանչիւր թերթ ու թուղթ սրբութիւններ էին երիտասարդութեան և ժողովուրդի համար։ Բազմաթիւ յուզիչ դրուագներ կան կապուած նրանց հետ։

Յիշում եմ թէ ինչպէս, եկեղեցական կալուածքների գրաւման օրերին, երբ փակուած էին հայ վարժարանները, մեծ թիւով աշխուժ պատանիներ և երիտասարդներ հաւաքուել էինք Իգտիրում, երեք այգիների մէջ։ Այնտեղ բերին և մեզ կարդացին կեդրոնական կոմիտէի թռուցիկը, որ նկարագրում էր ձարական կառավարութեան ի  գործ դրած բռնութիւնները։ Մենք զայրույթով տեղեկացանք թէ ռուսական իշխանութիւնները չբաւականանալով եկեղեցական կալուացների գրաւումով՝ ուղարկել էին ռուս քահանաներ, որոնք սակաւահող  գիւղացոց հող էին խոստանում, որպէսզի դաւանափոխ լինին։Կեդր․ Կոմիտէն  կոչ էր անում ամէն գնով դիմադրել և կամովին չյանձնել հայ ժողովուրդի իրաւունքները։ Դաշնակցութեան  պատգամախօս թերթիկը հրահանգում էր, որ այդ թռուցիկը տարածուի ամէն կողմ,  կարդուացուի ամէն անկիւն, թէ խրճիթներում, թէ դաշտերում, թէ այգիներում, համայն գիւղացիներէն ու աշխատաւորնէրեն։

Երիտասարդութիւնը իսկոյն գործի լծուեց և բաժանուեց գիւղէ գիւղ։ Մեզանից ամէն մէկին տուին բաւականաչափ թռուցիկներ։ Մենք սրանք վերցրինք որպէս սրբազան մասունք՝ համբուրելով և թաքցնելով մեր ծոցերի մէջ։ Ըմբոստութեան հրեղէն ոգիի թեւավոր պատգամներ․․․ Երկու օրուուան ընթացքին Սուրմալուի ամբողջ գաւառը հաղորդուեց մեր ցրուած թռուցիկների բովնդակութեան։

Մի շատ հետաքրքիր դէպք է պատահում մեր երեք ընկերների հետ, որոնք թռուցիկ բաժանում էին կարդում Խոչխապար գիւղում, Պարթողեան լեռների շղթայի մօտիկ։

Երբ թռուցիկի ընթերցումը կը վերջանայ և տղերքը կհասնին ստորագրութեան – Հ․ Յ․ Դաշնակցութեան Կեդր․Կոմիտէ, գուղացիք զարմացած հարց կը տան։

— Բա՛,  էս նեղ րոպէին, ի՞նչ եղան մարդիկը, ընկերութիւնն ո՞ւր է։

Խոչխապարցիք «ընկերութիւն» ասելով հասկանում էին յեղափոխականներին։ Թէեւ նրանք յաճախ ականատես էին եղել զէնքի փոխադրութեան եւ հայդուկային շարժումների, բայց Դաշնակցութիւն անունը այնքան ծանօթ չէր նրանց, որքան «ընկերութիւն»բացատրութիւնը։

Տղաքը յայտնում էին որ Ընկերութիւն և Դաշնակցութիւն միւնոյն բաներն են։

—Ուրեմն, ասում են գիւղացիք, Կեդրոնական Կոմիտէն նրանց մեծաւորն է։ Մեր աչքի ու գլխու վրայ նրա հրահանգը։ք

Ահա այսպէս է որ մեր ժողովուրդը ընտելացաւ Դաշնակցութեան խօսքին և ճանչցաւ նրա մամուլը։ Մի խորհրդաւոր մարմին ստորերկրեայ տպարաններից թղթիկներ էր լոյս աշխարհ ուղարկում, հրահանգներ էր տալիս, որին անսալով ժողովուրդը ըմբոստութեան դրօշ էր պարզում, արիւն թափում՝ իր արդար իրաւունքների պաշտպանութեան համար։

Անցան տարիներ, մենք ունեցանք  լեկալ թերթեր։ Մեզ համար մեր մամուլի թերթօններն անգամ գուրգուրանքի առարկայ էին։ Մեծ նախանձախնդրութիւն  էր տիրում նրա բուանդակութեան հանդէպ։

 Ահա դրուագմը  եւս՝ որ շատ բնորոշիչ է այդ օրերի մտայնութեան տեսակէտից։

Մի անգամ Թիֆլիսի րայօնական ժողովում, Սիմոն Զաւարեանը կատաղի յարձակում էր գործում Թիֆլիսի դաշնակցական օրական «Ալիք» ի վրայ, որի վարիչներն էին Խաժակը և Եղիշէ Թօփչեանը։ Սիմոնը ուժեղ քննադատում էր թերթը, ասելով որ նա պատշաճ վայելչութեամբ չի ներկայացնում Դշնակցութեան Գաղափարաբանութիւնը։

Երեք ամբողջ ժամ տեւեց մամուլի քննադատութիւնը։ Շատերն էին խօսք առնում և խնդիրը կնճռոտում էր։ Յանկարծ Նիկոլ — Դուման որ առհասարակ սակաւախօս էր, մատ բարձրացրեց, ձայն ուզեց և հանդարտ եղանակով ասաց․

—Ընկեր Սիմոն, երբ մամուլը գաղտնի էր, պահպանողական կամ զգուշաւոր տարրը մեզ մեղադրում էր ծայրայեղ յեղափոխական լինելու մէջ: Բայց մեր գաղտնի մամուլը կատարում էր իր դերը եւ դառնում կուսակցութեան կամքի և պայքարի արտայայտիչը։ Հիմա որ ազատ մամուլ ունինք՝ նրան մեղադրում են բաւականաչափ յեղափոխական ջիղ չունենալու յանցանքով։ Բայց նա էլի կատարում է իր դերը։ Վրիպումներն ու թերութիւնները անխուսափելի են։ Ազատ մամուլը չի կարող ամբողջապէս ծառայել  միայն կուսակցական պահանջների։ Եթէ կ՛ուզէք քննադատելի կէտեր չլինեն՝ փակէք լեկալ թերթերը։

Սիմոն Զաւարեան, որ շատ էր սիրում Դումանին, ասաց․

—Դուման, ես բաւարարուած եմ, էլ չեմ վիճում։

Այսօր երբ ամբողջ աշխարում մամուլը հանրային կեանքի հսկայ ուժերից մէկն է, դաշնակցական թերթերը մեծ դեր ունին կատարելիք դարձեալ, իբրեւ աւանդապահը մեր կուսակցութեան ոգիին և արի ու գաղափարապաշտ ղկավարը հանրային կարծիքին։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *