Հարգելինե’րս, Հայաստանը այսօր իհարկե որոշում է զգալիորեն քիչ բան, քան մինչեւ պատերազմը, բայց Հայաստանը որոշիչ գործոն է:
Հակոբ Բադալյան
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախի հարցում չի որոշում ոչինչ, սա ինչ որ տեղ հասկանալի է՝ նա մասնակցում է ընտրության, ունի իր քաղաքական նպատակները, խնդիրները, եւ նրա հայտարարությունները բխում են դրանից: Իհարկե բացառությամբ էն մարդկանց, ովքեր առաջնորդվում են Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականության «Աստված» լինելու կանխավարկածով:
Բայց ես չեմ հասկանում մարդկանց, որոնք այդ ամենի մեջ չեն, բայց նույնպես խոսում են, թե Հայաստանը չի որոշում ոչինչ:
Անշուշտ, պատերազմից հետո Հայաստանի դերը էապես թուլացել է, հնարավորությունները էապես նվազել են, ահռելի է դարձել Ռուսաստանի անմիջական ազդեցությունը բուն Արցախում ու Հայաստանի վրա, անվտանգությունը այս պահին ապահովում են ռուս խաղաղապահները եւ այլն :
Բայց էդ ամենը չի նշանակում, որ Հայաստանը չի որոշում ոչինչ: Հարգելինե’րս, Հայաստանը այսօր իհարկե որոշում է զգալիորեն քիչ բան, քան մինչեւ պատերազմը, բայց Հայաստանը որոշիչ գործոն է: Ավելին, հենց այդ գործոնն է, որ պատերազմից հետո էլ շարունակվում է ենթարկվել հիբրիդային գրոհների ներքին ու արտաքին դաշտերում:
Այդ գործոնի ազդեցության աճն անշուշտ կախված է պետության հետագա որակներից, ուժից եւ այլն, բայց Հայաստանն այսօր էլ որոշիչ գործոն է, այլապես Հայաստանը ոչ թե կլիներ թիրախում, այլ ուղղակի մոռացած կլինեին Հայաստանի մասին:
Բավական է «սեփական ոչմիբանության» գիտակցում խորացնելը ներկայացնել որպես քաղաքական պրագմատիզմ կամ սթափություն: Էդ գիտակցման վրա ոտքի չի կանգնել ոչ մի պետություն եւ ժողովուրդ: Հասկանալի է, որ անիրականանալի նպատակների մասին բարձրաձայնելն էլ մեկ այլ ծայրահեղություն է: Բայց, բավական է հենց երկու ծայրահեղություններով Հայաստանը սնուցելով «պինգ-պոնգ» խաղալ հանրային գիտակցության ու հոգեբանության հետ: