Ազատ բեմ

Ընտրությունների Մասին

Սա հայ քաղաքական դաշտի վերջին գաստրոլն է: Ես հավատում եմ հայ հանրության ներուժին ու հայ ժողովորդին: Եթե շատ նեղվեցիք, ֆուտբոլ նայեք՝ կանցնի:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Ում հաստատ չեմ ընտրելու: Կամ՝ ե՞մ Այ իվըլ, յես այ եմ:

 Ընտրարշավին շատ թույլ եմ հետևել: Առջևում դեռ քաղաքականապես այնքան լարված օրեր, ամիսներ ու տարիներ կան, որ այս օրերը լավ առիթ էին, մի քիչ դուրս գալով՝ ուժ կուտակելու համար: Իրական քաղաքական պայքարներն առջևում են:

Ընտրարշավի ու ընտրությունների արժեքը չեմ զրոյացնում ու հարգում եմ դրան մասնակցած ընկերներիս իրավունքը, համոզմունքը ու ջանքը: Այդուհանդերձ ընտրություններից հետո գալու է պահը, երբ զարթնելու ենք և հասկանալու, որ մնացել ենք նույն հիմնարար, լուրջ խնդիրների առջև, որոնք հնարավոր չէ լուծել սոսկ ընտրություններով՝ անկախ նրանից, թե ով կհաղթի դրանցում:

Ինչևէ: Ընտրություններն իրողություն են, ու պետք է դրանց հանդեպ դիրքորոշում ունենալ:

Եվ ես հաստատ որոշել եմ առնվազն այն մասով, թե ում չեմ ընտրելու: Իմ քվեն հաստատապես չեն ստանալու Հայաստանը երբևէ ղեկավարած նախկին և ներկա ուժերից և ոչ մեկը: Ավելի պարզ՝ Հայաստանի չորս ղեկավարներից և ոչ մեկը:

Ինչո՞ւ՝

Ներկաների մասով բավականին պարզ է ու կարճ, թեև դրանից ոչ պակաս հիմնավոր: Ես չեմ ընտրելու այսօրվա իշխող ուժին, որովհետև՝

1. Պատերազմում պարտվելը չեմ համարում ներելի քաղաքական մեղք՝ անկախ բոլոր օբյեկտիվ հանգամանքներից: Պատերազմը քաղաքական երևույթ է, և պարտության պատասխանատվությունը միշտ էլ նախ քաղաքականությանն է, իսկ հետո՝ ռազմական գործիչներինը:

2. Հեղափոխություն ասվածը տապալվել է: Հեղափոխությունը բառ չէ, ոչ էլ սոսկ պաշտոնների փոփոխություն: Հեղափոխությունը քաղաքականության տեսակ է, որը ներգրավում և կազմակերպում է լայն ժողովրդական զանգվածներն ու առաջ է տանում նրանց շահերը: Վերանորոգում է ամբողջ պետական օրգանիզմը: Դա մեզանում տեղի չունեցավ: Չեմ տեսնում, թե ինչպես պետք է տեղի ունենա, քանի որ չեմ տեսնում, որ կա խնդրի հասկացություն:

Հօգուտ ներկաների, պետք է ասեմ, որ այդուհանդերձ այս ազատությունը, որն այսօր ունեն քաղաքական ուժերը, նրանց շնորհքն է, և վեջին տարիներին Հայաստանում նման բան չի եղել: Բայց սա թույլ մխիթարանք է: Մյուս մխիթարանքն այն է, որ «պարզ ժողովրդի» մեծ մասն այդուհանդերձ ներկա իշխանության կողմից է: Իսկ թե ինչու՝ պետք է հասկանալ, այլ ոչ թե հայհոյել կամ մեղադրել մարդկանց: Բարդ էլ չի հականալ, բայց սրա մասին հետո:

Ինչու չեմ ընտրելու երեք նախագահներից որևէ մեկի ներկայացրած ուժը: Չնայած շատ տարբեր են երեքն էլ, բայց ունեմ միասնական պրետենզիա: Ընդ որում՝ ես բացարձակ մի կողմ եմ դնում մինչև 2020-ն իմ եղած վերաբերմունքները երեքին էլ: Դա ինձ համար խորը անցյալ է, և քիչ ակտուալ այսօր:

Իմ պրետենզիաներն են՝

1. Պատերազմի ընթացքում նրանք միանշանակ դիրք չեն ընդունել: Որևէ միասնական կոչ չեն արել ժողովորդին դիմադրության՝ անկախ ամենից: Կոչ չեն արել համախմբվածության, որը պատերազմի ընթացքում բնական և միակ ճանապարհն է: Չեն ասել, որ սա նույն պատերազմն է, որն եղել է 1991-94-ին և 2016-ին, կարծես, Արցախի կոնֆլիկտը օդից ընկավ գլխներիս, և ոչ մի կապ չուներ 1988-2018 թթ.-ի հետ: Այնպիսի մթնոլորտ են ձևավորել, կարծես պատերազմը ոչ պետությանն է, ոչ էլ ժողովրդինը, այլ՝ օրվա կառավարությանը:

2. Պատերազմից հետո իրենք վրա չեն վերցրել պատասխանատվության չափը պարտության համար: Այլ միայն ամբողջ գցել են այլոց վրա՝ տիպիկ կուսակցական, բայց ոչ պետական վարք: Մինչդեռ մի ոտանի կապույտ կենգուրուին էլ պարզ է, որ պատերազմն այն երևույթը չէ, որում պարտության ու հաղթանակի հիմքը երկու կամ նույնիսկ 12 տարում չի ձևավորվում: Պատասխանատվության որոշակի չափ  իրենց վրա վերցնելու դեպքում, ես պատրաստ էի լսել որևէ մեկին նախկին ղեկավարներից: Բայց եթե դա չկա, ինձ կարևոր էլ չէ որպես քաղաքացի, իրենք ավել ինչ են ասում:

3. Պատերազմի մեղքը փաստացի Հայաստանի վրա գցելը: Սա ամենա անմարսելի բանն է ինձ համար: Ընդ որում՝ չեմ հավատում, որ դա չհասկանալով է արվում: Անվանապես՝ օրվա իշխանության վրա, բայց օրվա իշխանությունը գնացովի-եկովի է, իսկ մեղքը մնում է պետության վրա: Փաստացի կոնսեսուս է «նախկինների» մեջ, որ պատերազմն արդյունք է Հայաստանի քաղաքականության: Նույն կենգուրուին պարզ է, որ սրանով գիտակցված նպատակ է դրվում արդարացնել արտաքին ուժերին՝ Ադրբեջանին, Թուրքիային, և իհարկե՝ Ռուսաստանին: Կներեք, բայց ես չգիտեմ ինչու ընտրության իրավունք ունեն նրանք, ովքեր սա չեն տեսնում ու չեն հասկանում:

4. Պատերազմից հետո  պատերազմի իրական պատճառները չբացահայտելը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դերը: Որ պատերազմը ռուսական քաղաքականության արդյունքն էր: Եվ նպատակն էր՝ ռուսական զորքի տեղադրումը Արցախում: Իհարկե, միայն ռուսները չէին, պարզ է, որ մեծ ու փոքր թուրքերը նույնպես սուբյեկտ են, բայց գլխավոր պատճառը պատերազմի ռուսական քաղաքականությունն էր: Հանուն արդարության նշեմ, որ այս կետում գուցե որոշ կաշկանդվածություն կա: Եվ երեքից առնվազն մեկը գոնե այլաբանորեն, թեև բավականին պարզ, բացել է այս թեման: Այդուհանդերձ՝ կողմնակիցների մակարդակում հաճախ տիրում է ռուսների այնպիսի սրտխառնոցային ապոլոգիա, որ նույնիսկ ծնողը սեփական երեխուն այդպես չի պաշտպանի:

5. Վերջապես 7 ամսա ընթացքում ոչ մի ռեալիստական, կոնկրետ իրավիճակից ելքի ծրագիր չի առաջարկվել: Ֆորմալ ծրագրերի մասին չի խոսքը: Իրական ծրագիր չի էլ կարող առաջարկվել առանց իրական վերլուծության: Իսկ իրական վերլուծությունը չի կարող խուսափել առնվազն ռուսական գործոնը: Այնպես, որ փակ շղթա է:

Կներեք, եթե ինչ որ մեկի զգացմունքներին չափից ավելի կպա այս գրառմամբ: Եթե շատ նեղվեցիքէ ֆուտբոլ նայեք, օգնում է: Եթե չեք նայում, լավ չի, դրա համար էլ ուժասպառ եք լինում:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր համբերատար կարդացին: Լավ կլինի ամեն ինչ:

Սա հայ քաղաքական դաշտի վերջին գաստրոլն է: Ես հավատում եմ հայ հանրության ներուժին ու հայ ժողովորդին: Եթե շատ նեղվեցիք, ֆուտբոլ նայեք՝ կանցնի:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէն ամենայն աշխարհիս Հայոց:

Facebook.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *