Ազատ բեմ

Անհարկի Համեմատություն

Բոլոր տեսակի համեմատությունները Հիտլեր-Ստալինի ու Փաշինյանի մեջ՝ անհամատեղելի են: Նրա քաղաքական հակառակորդները նույնիսկ պիտի ուրախ լինեն, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Ստալին է, ո՛չ Հիտլեր, հակառակ դեպքում, նրանք գլխատվեին, դեռ բերանները չբացած: Ի՞նչ եք կարծում արժե Հիտլերի ու Ստալինի հետ համեմատել մի մարդու, որի հասցեին բացեիբաց կարողանում է ասել, խոսել ու գործել ոչ միայն շարքային քաղաքացին, այլև պետական համակարգի մի մեծ հատված: Չէ, Նիկոլը շատ թույլ է Ստալին ու Հիտլեր լինելու համար: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դատավորներին չի իշխում: ԱԱԾ-ն ձերբակալում է, դատավորները՝ բաց են թողնում:

Արայիկ Մկրտումյան

Երեկ Հանրապետության Հրապարակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաք ու հիմնական թեման այն է, որ Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրներից ոմանք համեմատում են Հիտլերի կամ Ստալինի հետ:

Եկեք հասկանանք, թե արդյո՞ք Փաշինյանն ու վերոհիշյալ երկուսն իրար նման են թե ոչ և արդյոք ինչ կտա դա մեզ:

Խոսքը գնում է կերպարների վերլուծության ու ժամանակային համեմատության հետ, թե չէ վիրավորելու նպատակով Հիտլեր կամ Ստալին ասելն առանձնապես օրիգինալ չէ: Քաղաքական հակառակորդներն իրար սատանայի հետ էլ համեմատում, սեռական հայհոյանքների պակաս էլ չկա, այնպես որ սկսենք սկզբից:

Իոսիֆ Ստալին(Մոսկովյան մարդասպանը)՝

Ստալինը, կամ ինչպես նրան անվանեցին ծննդյան պահին՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ջուղաշվիլին, առաջին բոլշևիկներից էր: Նա դեռ 1905թ. հանդիպել էր Լենինին և դարձել նրա օգնականը: Այդ ժամանակ Ստալինն ավելի շատ կուսակցական քարոզիչ էր, քան թե քաղաքական գործիչ: Ստալինը երգիծական պամֆլետներ էր գրում, միտինգներ ու նույնիսկ ավազակային հարձակումներ կազմակերպում: Բոլշևիկյան կուսակցության մեջ առաջավոր դիրք գրավել էր 1917թ. հեղափոխությունից հետո: Լենինն ինքը հասկանում էր, որ Ստալինը չափից ավելի դաժան և կոպիտ մարդ է և խուսափում էր, որ Ստալինն ընտրվի որպես առաջին քարտուղար:

Կուսակցական աստիճաններով վեր բարձրանալու համար Ստալինն ընտրել էր ստվերային քաղաքականությունն ու վախեցնելու տակտիկան: Դեռ այն ժամանակից ի վեր, ինչ Ստալինն իրեն ենթարկեց կուսակցական հատուկ ոստիկանական բաժինը՝ Արտակարգ Հանձնաժողովը, որի նպատակն էր պայքարելու հակահեղափոխական տարրերի ու երևույթների դեմ (ռուսերեն՝ ЧеКа или Чека — Чрезвычайная комиссия по борьбе с контрреволюцией и саботажем) , այդ ժամանակից սկսած նա ուղիղ ու հետևողական քայլերով գնաց դեպի իշխանական բուրգի գագաթ: Լենինի մահից հետո նա ընտրվեց, ավելի ճիշտ ինքն իրեն ընտրեց որպես ԿոմԿուսի առաջին քարտուղար և այդպես էլ մնաց մինչև իր մահը՝ 1953թ.
Ստալինը պերճախոս չէր, ժողովների ժամանակ հաճախ լռում էր, խոսում էր հազվադեպ, բայց շատ շատերն էին նրա առաջ թպրտում: Լինելով ինտրիգան և բյուրոկրատ, նա բոլորի մեջ հակառակորդ էր տեսնում և կարողանում էր ազատվել նրանցից: Վախն ու դաժանությունն այս կասկածամիտ մարդու գլխավոր զենքերն էին:
Իշխանության գալուց հետո Ստալինը մի կողմ դրեց համաշխարհային հեղափոխության մասին ռոմատիկ երազներն ու սկսեց զբաղվել Ռուսաստանով, որին տիրում էր միանձնյա: Ստալինը ռուսական կայսրությանը փոխարինեց էլ ավելի հզոր բոլշևիկյան Ռուսաստանով ու եթե ռուս ցարերն իրենց գերեզմանից դուրս գային ու գնահատեին Ստալինի գործը, նրանք միանշանակ կհիանային նրա արածներով ու կպնդեին, որ դեռևս ոչ ոք չէր կարողացել այդպես և թերևս մի քիչ դժգոհ կմնային Ստալինի դաժանությունից: Ստալինը, ով նաև ցանկանում էր Ռուսաստանը վերածել տնտեսական հզոր պետության, իսկական դահիճ դարձավ իր իսկ երկրի գլխին: Շատերը նշում են, որ Ստալինն իր քաղաքականությամբ ավելի շատ մարդ է սպանել, քան գերմանական բանակները: Ոչ ոք ի վիճակի չէր կանգնեցնելու խելահեղ բռնակալին՝ հատկապես 30-ականների «զտումների» ժամանակ, երբ բանակը մնացել էր առանց ղեկավար անձնակազմ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ էին աքսորվում ու գնդակահարվում, հոբեգուժարաններում ու բանտերում սպանվում, իսկ թրի պես կտրող վախը, ժողովրդին ստիպում էր գովերգել «ժողովուրդների հորը», որի հանդեպ վախը հասել էր փսիխոզի աստիճանի: Իր դաժան ու մոլեգին քաղաքականությամբ Ստալինը ԽՍՀՄ-ը դարձրեց տխուր ու վախեցած մի երկիր, ու նաև կարողացավ անմարդկային ջանքերի շնորհիվ Ռուսաստանը հանել ֆեոդալական հետամնացության ցեխից, թեև դա արվեց սոսկալիագույն դաժան գնով: Կասկածամիտ, դաժան, մեծամիտ այս առաջնորդը, որին համարում են սատանայի ավատարներից մեկը, նվազագույն նմանություն չի կարող ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ իր դաժանությամբ, ոչ՝ իր կամքով: Նիկոլ Փաշինյանը դժբախտաբար չունի Ստալինի երկաթե ձեռքն ու երկաթե կամքը և բարեբախտաբար չունի նաև նրա՝ դաժանագույն բնավորությունը:

Ադոլֆ Հիտլեր(Բեռլինի մոլագարը)՝

Ադոլֆ Հիտլերը իր գործունեությունը սկսել է դեռևս առաջին համաշխարհայինի ժամանակ: Եղել է կապրալ և սուրհանդակի դեր տարել՝ հրամանները ճակատի այս կետից այն կետը հասցնելով: Ժամանակակիցները փաստում են, որ Հիտլերը դեռ այն ժամանակից խրամատներում կարող էր ժամերով բորբոքուն ճառեր արտասանել ու խոսել վառ երևակայական թեմաներից, որոնցից շատերը ծաղրի էին ենթարկվում:

Առաջին համաշխարհայից հետո պարտված, ջախջախված Գերմանիան վրեժ էր տենչում: Նրան զրկել էին ազատ տնտեսություն ու բանակ ունենալու իրավունքից և ծայրահեղ ծանր ռազմատուգանքներ դրել: 1919թ. Հիտլերը դարձավ աջ ծայրահեղական Գերմանական Աշխատավորական Կուսակցության 55-րդ անդամը, մի քանի շաբաթ հետո՝ գլխավոր դեմքերից մեկը, իսկ 1921թ. գլխավորեց կուսակցությունը: Նա անձամբ մշակեց և ընդունեց կուսակցության զինանշանը՝ սև կեռխաչ սպիտակ շրջանակում՝ կարմիր ֆոնի վրա և անվանափոխեց կուսակցության անունը՝ այն դարձնելով գերմանական Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցություն(NSDAP):

Հիտլերը, ի տարբերություն Ստալինի, կրքոտ ճառախոս էր: Նա կարող էր մոլեգնել ամեն առիթով: Աշխույժ ու միաժամանակ դեպրեսիվ, դաժան մի մարդ, ով որոշումներ կարող էր ընդունել մեկ ակնթարթում, կամ՝ չկողմնորոշվել մի քանի շաբաթ շարունակ: Հիտլերը դեմագոգ էր, անզուսպ խելագարի նոպաներով և սիրում էր կրկնել, որ ազդեցիկ պրոպագանդայի հաջողությունն անվերջ կրկնության մեջ է ու մի միտքը պետք է կրկնել այնքան, մինչև լսողները այս սկսեն հասկանալ այնպես, ինչպես քեզ է պետք: Ունենալով ֆենոմենալ հիշողություն, անվերջ կարդում էր և իրեն համարում նոր Կեսար, Նապոլեոն: Արկածախնդիր լինելով նա հավատում էր, որ ինքը կանի այն ինչ չհաջողվեց Ֆրիդրիխ Բարբարոսային ու տևտոնական ասպետներին:
Հիտլերը չէր սիրում պրոֆեսիոնալ զինվորականներին և արհամարում էր բոլորին՝ իրեն համարելով գերմանացիների մեջ մեծագույնը:

Հիտլերը նաև շատ լավ կարողանում էր ազատվել իր հակառակորդներից՝ դա անելով միանգամից, դաժանորեն ու առանց տատանվելու: Եթե Ստալինն իր գործիքն էր դարձրել ՉԵԿԱ-ն, որը տեռորի էր ենթարկում ողջ ԽՍՀՄ բնակչությանը, ապա Հիտլերի ձեռքում դահիճ դարձան SS ջոկատները(ՍՍ-նացիստական կուսակցական զինված պահնորդական ջոկատները) և Գեստապոն(գաղտնի ոստիկանություն):

Հիտլերն ու իր կուսակցությունը իշխանությունը ստանձնեցին Գերմանիայի համար ծանրագույն պայմաններում: Եթե Ստալինը արդյունաբերությունը զարգացրեց անմարդկային զոհերի ու քաղաքական բռնաճնշումների գնով, ապա Հիտլերն ազգայնացրեց ամեն ինչ՝ ոչնչացնելով հատկապես հրեաներին ու քաղաքական հակառակորդներին կամ պարզապես լոյալներին:
Գերմանիայում ու ԽՍՀՄ-ում տիրում էր սարսափ: Մահվան ահը չոքած էր ցանկացած քաղաքացու կոկորդին,իսկ հետո այս երկու սատատաներն իրար հետ դաշինք կնքեցին և սկսեցին թալանել, ահաբեկել ու սպանել հարևան երկրներին, մինչև ելան իրար դեմ ու երկուսն էլ ճգնաժամի հասցրին սեփական երկրները:
Գերմանիան կատարեց պատմության ամենամեծ հանցագործություններից մեկը(ոչ միայն հրեական հոլոքստը, այլև ԽՍՀՄ տարածքներում մասսայական ջարդերը) և պատերազմի վերջում հենց ինքը ավերակ դարձավ՝ կորցնելով իր պետականությունն ու բաժանվելով երկու մասի:

ԽՍՀՄ-ը հաղթեց պատերազմում, բայց ի՞նչ գնով: Առանց այն էլ 1941թ.պատերազմից մեկ օր առաջ ԽՍՀՄ-ը ուժասպառ պետություն էր՝ ներքին սարսափելի քաղաքական ահաբեկումներից ու համակենտրոնացման ճամբարներից արնաքամ եղած, ու դրան գումարվեց նաև պատերազմն իր ողջ սարսափներով:
1945թ. ԽՍՀՄ-ում հաղթանակած ճիչը հազիվ էր լռեցնում կորուսների ու սպանվածների հոգոցները, չհաշված տնտեսական ջարդը, որ եղավ ԽՍՀՄ-ում:

Հիմա գանք Նիկոլ Փաշինյանին: Բոլոր տեսակի համեմատությունները Հիտլեր-Ստալինի ու Փաշինյանի մեջ՝ անհամատեղելի են: Նրա քաղաքական հակառակորդները նույնիսկ պիտի ուրախ լինեն, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Ստալին է, ո՛չ Հիտլեր, հակառակ դեպքում, նրանք գլխատվեին, դեռ բերանները չբացած: Ի՞նչ եք կարծում արժե Հիտլերի ու Ստալինի հետ համեմատել մի մարդու, որի հասցեին բացեիբաց կարողանում է ասել, խոսել ու գործել ոչ միայն շարքային քաղաքացին, այլև պետական համակարգի մի մեծ հատված: Չէ, Նիկոլը շատ թույլ է Ստալին ու Հիտլեր լինելու համար: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դատավորներին չի իշխում: ԱԱԾ-ն ձերբակալում է, դատավորները՝ բաց են թողնում: Փաշինյանից ի՞նչ Հիտլեր կամ Ստալին: Ի վերջո չի կարելի մարդկության պատմության երկու արյունակզակ հրեշներին նույնացնել սեփական պետության ղեկավարի հետ: Ո՛չ Փաշինյանն է Հիտլեր կամ Ստալին, ոչ էլ Քոչարյանը, Ս. Սարգսյանը կամ Տեր-Պետրոսյանը: Ե՛վ բարեբախտաբար, և՛ դժբախտաբար:

Բարեբախտաբար, որովհետև Հիտլեր կամ Ստալին լինելու դեպքում տվյալ մարդը պիտի արդեն մի քանի տասնյակ հազար մարդու գնդակահարեր բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում և դժբախտաբար, որովհետև ՀՀ ոչ մի ղեկավար չի փայլել իր կամային ուժով, իսկ սեփական ժողովրդին վախեցնելը կամքի նշան չէ, այլ թուլություն:

Ինչևէ: Հայաստանում Ստալին ու Հիտլեր չկա ու պետք էլ չէ: Հայ հասարակությունն էլ այնքան փոքր է, որ նման խելագարի ծնունդ տալ չի կարող: Իսկ Արցախի հարցն էլ մի թնջուկ է, որ 1994թ. չկարողացանք լուծել մինչև այսօր ու դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու Արցախի մնացյալ հատվածի հետ: Փաշինյանը գուցե թույլ ղեկավար է, բայց Ստալին կամ Հիտլեր չէ: Նա նույնիսկ Սան Իենգ կամ Պոլ Պոտ չէ: Նա Մաո էլ չէ: Անիմաստ եմ համարում աշխարհի բոլոր բռնակալներին թվել:
Նիկոլ Փաշինյանը 1991թ. սկսած մինչև 2018թ. անգործության, անբանության ու ոչ պրոֆեսիոնալ ղեկավարման արդյունք է, որովհետև հենց այդ վիճակը ստիպեց հայ քաղաքացուն ընտրել Փաշինյանին, ոչ թե ռասսայական ամբիցիան, կամ սոցիալիստական երազները: Իսկ 2020թ. պատերազմը այդ նույն 1994թ սկսված անպտուղ բանակցությունների ու կույր դիվանագիտության արդյունքն էր, որը փլվեց մեր գլխին անցյալ տարվա սեպտեմբերին՝ մեզնից խլելով մեր հազարավոր եղբայրների ու մեր հազարամյա հողը:
Դե իսկ եթե համաձայն չեք, ապա Ստալին ու Հիտլեր կարելի է համարել աշխարհում գրեթե բոլորին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *