Ազատ բեմ

Էլի Երկար Ստացվեց

Ընտրության արդյունքը մեկին կարող է դուր գալ, տասին՝ ոչ, կամ տասին դուր գալ, մեկին՝ ոչ: Յուրաքանչյուրն ունի իր քաղաքական պատկերացումը, ունի նաև իր շահը՝ նորմալ է, ի վերջո բոլորս էլ ընտրում ենք ըստ այդ շահի, ուղղակի այդ շահն է ձևավորվում տարբեր գործոններից եւ արժեքներից:

Հակոբ Բադալյան

Տեսնում եմ գրառումներ մարզերի, գյուղերի բնակիչների հասցեին: Երևանցիներ, կամ որոշ Երևանցիներ, այդպես դրսեւորում են իրենց վերաբերմունքը ընտրության արդյունքի նկատմամբ: Ֆեյսում երկու կոճակ կա, դրանց միջոցով էլ ես իմ վերաբերմունքը դրսևորեցի մարզերի, գյուղերի բնակիչների նկատմամբ այդ գնահատականների հեղինակներին:

Ընտրության արդյունքը մեկին կարող է դուր գալ, տասին՝ ոչ, կամ տասին դուր գալ, մեկին՝ ոչ: Յուրաքանչյուրն ունի իր քաղաքական պատկերացումը, ունի նաև իր շահը՝ նորմալ է, ի վերջո բոլորս էլ ընտրում ենք ըստ այդ շահի, ուղղակի այդ շահն է ձևավորվում տարբեր գործոններից եւ արժեքներից:

Բայց, եթե Հայաստանում կա հանրային հարաբերական անշահախնդիր, Հայաստան երկրի հետ անշահախնդիր կապված մի շերտ, Հայաստան պահող շերտ՝ դա մարզային, գյուղական բնակչությունն է: Դա Երևանը չէ: Երեւանն այս տարիների ընթացքում Հայաստանի ավելի ու ավելի մեծացրած, բայց էդ իմաստով ավելի ու ավելի դատարկ գլուխն է, որը զբաղված է միայն փող աշխատելով, ըստ էության ուրիշ ոչ մի բանով:

Երկիր պահելով զբաղված են մարզերը, գյուղերը, և, եթե նրանց որոշումներն ու մոտեցումները երևանյան սրճարաններում ու էլիտար ակումբներում ժամանակ անցկացնող շերտերին դուր չեն գալիս, ապա դրա պատճառը պետք է փնտրել հենց երևանյան «էլիտարանոցներում», էդ մարդկանց «էլիտար դասեր» տալու փոխարեն: Ընդ որում, Երևանը տվյալ դեպքում աշխարհագրական կամ վարչական միավոր չէ, որովհետև նույն «էլիտարանոցները» նույն կերպ նայում են հենց Երեւանում իրենց կողքին ապրողներին: Ընդ որում, էդ «էլիտարությունը» նաև շերտեր ունի:

Բոլորը Երևանում են կուտակված իհարկե, բայց օրինակ, հանրապետական մասշտաբի «էլիտարը» վերևից է նայում մայրաքաղաքայինին, մայրաքաղաքային մասշտաբի «էլիտարը» վերևից է նայում «թաղայինին», «թաղային» մասշտաբի «էլիտարը» վերևից է նայում բակայինին, հետո բակայինը՝ շենքայինին: Լավ է, որ դեռ տնային կամ ընտանեկան մակարդակի բաժանում չկա, երբ ընտանիքի մի «էլիտար» անդամը վերևից կնայի մյուս անդամին: Դե էդտեղ իհարկե գործում է «օջախի» սրբազան գաղափարը և զերծ պահում բաժանումներից, կամ բաժանվողին ուղղակի «քացու տակ» են առնում:

Մի քիչ զգայական է թվում, բայց նայեք շուրջը ու կտեսնեք: Անգամ երեխաների վրա են տարածում, երբ մի մակարդակի «էլիտար» ծնողը դեմքի անթաքույց արհամարանքով է հետ քաշում իր երեխային մեկ կամ մի քանի աստիճան ցածր աստիճանի երեխայի հետ խաղալու անմեղ փորձից:

Մասնագիտական պաշար չունեմ, էդ երեւույթի մշակութաբանական շերտերին անդրադառնալու համար, բայց առանց շերտերի էլ բավարար է դրա նողկալիությունը, որի վրա լիուլի աղ և այլ համեմենունքներ են լցվում արդեն քաղաքական համակրանք-հակակրանքի բերումով:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *