Հայաշխարհ

Մոբիլիզացման Ինչպիսի՞ Գործիք Պետք է Կիրառել. (Մաս Գ)

Բանականություն  (իրականություն), Իրավունք (այլընտրանք), Արժեքներ (ժողովրդավարություն):

Կայծ Մինասյան

Եթե ​​նպատակը պարզ, ճշգրիտ և իրագործելի չէ, ապա հաղորդագրություն ուղարկողները  և հասցեատերերը՝ դուրս գալով  իրականությունից, շփոթելով նպատակները և միջոցները, մի շարք միջազգային և տարածաշրջանային ռազմավարական գործընթացներից տարանջատվելու ռիսկի են գնում: Այսպիսով, անհրաժեշտ է, որպեսզի նպատակը լինի նորմատիվացված և հասանելի՝ խորը վստահություն ներշնչելու համար: Դրան հասնելու համար անհրաժեշտ է հիմնվել մոբիլիզացման գործիքների վրա:
Որո՞նք են դրանք:

Հնարավոր են երեք գործոններ՝ Բանականություն  (իրականություն), Իրավունք (այլընտրանք), Արժեքներ (ժողովրդավարություն):

Բանականություն՝ պետք է ստեղծվեն միջոցներ, որպեսզի Հայկական Պետությունը հնարավորություն ունենա գտնելու իր ուրույն տեղը միջազգային հանրության մեջ: Պետք է արտահայտվել նույն լեզվով, ինչ և միջազգային հանրությունը և վերադառնալ իրատեսական հաղորդագրություններին՝ ընդունելի կարտեզյան նորմերով, որտեղ երևակայությունը չի թույլատրում նորմատիվային սահմանազատում և չի հանդիսանում «խրախճանքի», ավելորդության գործիք: Բանականությունը (իրականություն) առանց փառասիրության չէ: Հակառակը, ինչպես ասում է Շատոբրիանը, փառասիրությունը՝ առանց իրեն միջոցներ տալու, հանցագործություն է: Եվ այդ իսկ բանականությունով է, որ Հայերը չպետք է ներքին և արտաքին լեգիտիմության այս սահմանագծից դուրս գան՝ աջակցություն հավաքելու, ինչպես նաև աշխարհն ընդունելու այնպիսին, ինչպիսին կա:

Տեղեկատվական ամբողջ ցանցը, որը դուրս կգա ռացիոնալիզմից, դատապարտված է ձախողման, փլուզման և քաոսի: Բանականությունը նույնպես հիմնված է իրականության պրագմատիկ ներկայացման վրա: Հայերը չեն բնակվում աշխարհում, նրանք գտնվում իրենց սեփական աշխարհում: Նրանք ապրում են իրականությունից, բանականությունից և գոյություն ունեցող նորմերից դուրս, նրանք գտնվում են այլ վայրում՝ իրական աշխարհին զուգահեռ տարածքում: Դա մի տարածք է, որտեղ գերակշռում է ավելորդությունը, ավելցուկը, մաքսիմալիզմն ու հուշամոլությունը:

Ինչպիսի՞ ակունքներ ունի այս թագավորությունը: Դրանք կապված են մեր կրոնական ինքնության այլընտրանքի հետ: Ընտրելով Եփեսոսի հավատամքը (Հիսուսը աստվածային էություն է և նրա մարդկային էությունը ներկայացվում է բայի միջոցով), Հայի էությունը հիմնված է ոչ նյութական տարածքի վրա` միասնական մակարդակով, Հայերին դարձնելով աստվածային արարչագործություն և ՈՉ ԻՐԱԿԱՆ: Այլ կերպ ասած, եթե Հայը, որպես անհատ բնակվում է իր աշխարհում և արմատավորված է իրականության մեջ, ապա Հայերը որպես միասնական ժողովուրդ / համայնք չեն բնակվում աշխարհում, անտեսանելի են և մերժում են իրականությունը: Քրիստոնեական աշխարհի մնացած մասը (բացի ղպտերից և ասորա-քաղդեացիներից) հիմնված է քաղկեդոնական դավանանքի վրա (Հիսուսը նույնքան աստվածային է (ոչ նյութական), որքան մարդկայինը (իրականը)): Հետևապես, Հայերը նախընտրեցին դուրս գալ իրական աշխարհից՝ իրենց շրջապատի մեջ առաջացրած վախի զգացումից ելնելով: Իրականության այս տագնապալի իրավիճակից դուրս գալու համար Հայերը, հանուն բանականության, հավաքականորեն պետք է անջրպետ դնեն քաղաքականության և կրոնի միջև:

Իրավունք՝ միայն բանականությունը (իրականություն) բավարար չէ: Լսելի լինելու համար անհրաժեշտ է, որ այն հիմնված լինի հաղորդագրությունների վրա, որոնք էլ հիմնված են այլընտրանքի վրա և օրենքի մաս են կազմում միջազգային իրավական օրինականության մեջ: Սա կազմում է երկու սկզբունքների միավորում՝ առաջին սկզբունքը՝ պետք է հաշվի առնել Մյուսի իրականությունը: Ամբողջ ռազմավարությունը, որը հաշվի չի առնում Մյուսի ներկայությունը, (Մյուսին ճանաչելը չի ​​նշանակում ընդունել նրա ուզածը, բայց նրան ճանաչել որպես գոյություն ունեցող և շարժվող էակ) եթե ոչ կուրության նշան է, առնվազն դատապարտված է ձախողման: Այլընտրանքը չի հակասում ինքնությանը, այն ընդամենը նրան լրացնում է: Կարո՞ղ ենք այն իրականացնել առանց Թուրքիայի և Ադրբեջանի հարևանության: Ո՛չ, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանի հարևաններից է թուրք-ադրբեջանական այս միավորը: Այն պետք է իրականացնել միասին, կազմել և գտնել կարգավորման ուղիներ, որը չի նշանակում հաշտեցում: Նորմալիզացումն առաջին դիվանագիտական ​​քայլ է, հաշտեցումն ավելի երկար և սոցիալական բնույթ ունի:

Երկրորդ սկզբունքը հիմնված է Հայերի կողմից Թուրքիայի դեմ տարածքային պահանջից հրաժարվելու (Ադրբեջանից տարբերվելու համար) և Հայաստանի ու Թուրքիայի միջև ներկայիս սահմանի ճանաչման վրա: Տարածքային պահանջի ցանկացած պահպանում արգելակում է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը, խանգարում է Հայաստանին գտնել իր տեղը տարածաշրջանային և, հետևաբար, համաշխարհային «շախմատ»-ի տարածքում և միջազգային հանրությանը դրդում է սատարել Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Պետք լինել է իրատես, նույնիսկ Իրաքի քրդերը, չնայած համարվել են Իրաքի իշխանության ինստիտուցիոնալ բաղադրիչ մաս, 2017 թ. սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում ինքնորոշման գործընթացում աջակցություն չեն ստացել, ներառյալ «այո» -ի հաղթանակը, որը չի  ճանաչվել ոչ ոքի կողմից, չնայած արդյունքը կազմում էր 92,73%: Ոչ ոք չի կարող պատկերացնել Իրաքի մասնատումը, առավել ևս` Թուրքիան: Դա կարող է տեղի ունենալ միայն հակամարտության և հետեւաբար, երրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում: Թուրքիան երբեք չի լքի ՆԱՏՕ-ն, Էրդողանը հավերժ չէ, Արևմուտքը և մյուս տերությունները կպահպանեն Թուրքիայի ամբողջականությունը: Այլ կերպ ասած, Արեւմտյան Հայաստանի ազատագրման պահանջով, Հայերը կամ Հայկական Պետությունը դառնում են Ռուսաստանի ձեռքին անկայուն գործիք և գիշատիչ Թուրքիայի թիրախ: Ուրեմն, ի՞նչ անել այս պայմաններում:

Հնարավոր է երկու ճանապարհ՝ առաջինը` ցեղասպանության ճանաչումը տարանջատել տարածքային պահանջից: Հանցագործություններից այս ճանաչումը չպետք է գերազանցի ողջամտության շեմը: Երկրորդ՝ Թուրքիայի դեմ տարածքային պահանջից հրաժարվելը չի ​​նշանակում, որ մենք չպետք է Անկարայից ինչ-որ բան ակնկալենք: 1915թ.-ի ցեղասպանության ճանաչումն առաջնահերթ պահանջ է; Հայկական պետությանը ամբողջական ֆինանսական փոխհատուցում, հայկական մշակութային ժառանգության վերականգնման թուրքական ծրագրեր (Հայերի մասնակցություն), Հայերի տեղաշարժի ազատություն (առանց վիզայի) ճանապարհորդելու համար դեպի թուրքացված Հայաստան: Դա պահանջ է  թափանցելու Թուրքիայի քաղաքացիական հասարակություն, ինչը կտեսնենք հաջորդ հոդվածում:

Արժեքներ՝ բացի իրականությունից և օրենքից, մոբիլիզացման վերջին գործիքը վերաբերում է արժեքներին: Դրանք պետք է լինեն անհանդուրժողականության դատապարտում և ժողովրդավարության պաշտպանություն: Առաջին կետի վերաբերյալ Ադրբեջանը պետք է լինի Հայաստանի քաղաքականության թիրախը: Հայերի նկատմամբ Ադրբեջանի պաշտոնական ռասիզմի դատապարտումը պետք է լիներ Խորհրդային Միության փլուզումից ի վեր գործող մոբիլիզացման գործիք: Այս տեսակետն առավել ակնհայտ էր, քանի որ խտրականության օրինակները բացահայտվում են 1988-1990 թվականներին Սումգաիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերով: Ադրբեջանը ոչ միայն ռասիստական ​​պետություն է, այլև ահաբեկչական և պանթուրքական ​​պետություն: Ադրբեջանը 21-րդ դարի նոր Ապարտհեյդ է: Խնդրի լուծմանը հնարավոր չէ հասնել Արցախի վրա Ադրբեջանի տիրապետության միջոցով: Մինսկի խումբը պետք է պահպանել այնպես, ինչպես կա, և ձեռք բերել Արցախի անկախությունը: Այնուհետև հանդես գալ Արցախ-Հայաստան համախմբման օգտին` որպես Հայաստանի Դաշնային Հանրապետության մաս` հզոր քաղաքական կենտրոնով:

Արժեքների մյուս տեսակետը ներքին ժողովրդավարության և անհատական ու հիմնարար ազատության ամրապնդումն է: Դրանք ընդգրկված են Հայերի ընդհանուր հեռանկարների, նպատակների զարգացման մեջ և դրան հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս շատ մարդկանց ներգրավվել մեծ և երկարաժամկետ միասնական «արկածախնդրության» մեջ; Անհատական ​​ներուժի ավելացում միասնական գործում՝ լինի գործարար, թե բանվոր, լիբերալ մասնագիտության կամ գյուղացի, Հայաստանից կամ սփյուռքից: Յուրաքանչյուրն իր տեղն ունի այսօրվա և վաղվա Հայաստանում ու յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այս միասնական առաքելության գործում: Խոսքը ոչ միայն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր կազմավորման, այլ միասնական ծառայության մեջ յուրաքանչյուր ներուժի և հմտությունների լայն օգտագործման մասին է:

    

2 Responses to “Մոբիլիզացման Ինչպիսի՞ Գործիք Պետք է Կիրառել. (Մաս Գ)”

  1. Խնդրեմ, այս յօդւածի նախորդ երկու մասն էլ կիսւէք։
    Շնորհակալութիւն?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *