Գլխավոր խնդիրները արտաքին հարաբերություններում են: Պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է՝ ռազմական գործողություններն են միայն ավարտվել:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Նախորդ օրը զսպվածության կոչ արեցի ընտրություններում ձախողածներին: Հիմա նույն կոչը՝ հաջողածերին: Զուսպ պահեք ձեզ, որովհետև՝
1. Ժողովուրդը ձեզ ինդուլգենցիա չի տվել պարտության համար: Ժողովուրդն ընդամենը ինքն իրեն է պաշտպանել՝ իր ազատությունն ու իր անկախությունը: Բնազդով կասեք, ես կասեմ՝ առողջ կենցաղային բանականությամբ:
2. Ներքին ֆրոնտում հաղթանակը մեծ բան չէ, մանավանդ փչած փուչիկների նկատմամբ: Այն էլ՝ վերջնական չի, քանի որ Քոչարյանն իր լավագույն երազներում չէր պատկերացնի հայ ժողովրդի 20 տոկոս ձենն ունենալ՝ արդար ընտրություններով: Եվ ներկայություն հաստատելով խորհդարանում, սպասելու են ձեր սայթաքումներին:
3. Երկրում շարունակվում է վերջին երեք տարվա երկիշխանությունը: Եթե այս անգամ էլ չհասկանաք, որ իշխանությունը ոչ ընտրություններում հաղթանակն է, ոչ էլ միայն պաշտոնները, այլ շատ ավելի լայն ազդեցության դաշտ, մինչև հաջորդ հերթական ընտրություններ չեք ձգի:
4. Գլխավոր խնդիրները արտաքին հարաբերություններում են: Պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է՝ ռազմական գործողություններն են միայն ավարտվել: Պետք է կարողանաք վերջապես երկիրը պաշտպանեք, կանգնեցնեք շարունակվող նահանջը, ամրացնեք դիրքերն ու մտածեք հետագայում հակագործողությունների մասին: Խաղաղության դարաշրջան, արժանապատիվ խաղաղություն և այլն՝ կոնֆետի պլպլան փաթեթներ են: Իրականությունն առայժմ կռիվն է, ու դեռ չի երևում, թե ինչպես պետք է չլինի:
5. Դուք ունեք շատ կարճ, անտանելի կարճ ժամանակ՝ ապացուցելու համար, որ այլևս նախկինը չեք: Որ հետևություններ եք արել նախկինից ու ունեք ռեալ ծրագիր, թե ինչպես այսօրվանից սկսել քայլ առ քայլ դուրս գալ ճգնաժամից: Ունեք ռեալ վերլուծություն իրավիճակի և դրանից բխող քայլեր: Երկրի ներսում պետք է վերանա երկիշխանությունը: Երկիրը պետք է վերականգնի իր ինքնապաշտպանական համակարգը: Շատ արագ կերևա՝ ունե՞ք նման պլան, թե ոչ: Խոսքը ոչ թե տարիների, այլ ամիսների ու նույնիսկ շաբաթների մասին է:
6. Եթե պարզվի ոչինչ չունեք, շատ արագ փոխվելու է իրավիճակը: 5 տարի չէ, 2 տարի չէ, մի տարում, կամ նույնիսկ մի քանի ամսում:
7. Էսօր առավոտ 6 անց կեսից՝ ամառը շուտ է լուսանում պետք է գործը սկսած լիներ: Եթե չեք սկսել՝ վաղն առավոտ 6 անց կեսից: Այլաբանական եմ ասում, բայց նաև ուղիղ իմաստով՝ առավտ 9-ից գործ սկսողը ոչնչի չի հասնի: Խմել, ֆուտբոլ, աղջիկ՝ շաբաթը մեկ միայն՝ սա արդեն կատակով, որ շատ չնեղվեք: