Ազատ բեմ

Մշակութային Ինքնասպանություն

Նորանկախ Հայաստանում քանի՞ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել օրինակ ցեղասպանության մասին: Բոլորի կողմից սիրված «Մայրիկը» նկարահանեց Անրի Վեռնոյը՝ Ֆրանսիայում, «Խոստումը» նկարահանվեց Քըրք Քըրքորյանի ջանքերով, «Ձորի Միրոն» ու «Նահապետը» խորհրդային արտադրանք են: Իսկ ո՞ւր է ՀՀ-ն:

Արայիկ Մկրտումյան

Մի անգամ չէ, որ խոսել ենք թուրքական անընդհատ աճող ու կլանող քաղաքականության մասին ու հերթական անգամ թուրքերը այս մի քանի օրը բավական լուրջ հաջողության են հասել, այս անգամ ամերիկյան մայր ցամաքում, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ, Telemundo հեռուստաալիքում, ուր հուլիսից արդեն կցուցադրվի թուրքական «Քամի» կոչվող ֆիլմը:

Ոչ մի առանձնահատուկ բան, եթե իհարկե չգիտես, թե խոսքն  ինչի մասին է: Telemundo-ն նահանգներում երկրորդ խոշոր իսպանալեզու հեռուստաընկերությունն է: Telemundo-ն հանդիսանում է  NBC-ի դուստր ձեռնարկությունը և ԱՄՆ-ում  զբաղեցնում է երրորդ հորիզոնականը FOX-ից հետո:

Սերիալներ դիտող մարդիկ կհասկանան, թե խոսքն ինչի մասին է:

Հիմա գանք թուրքերին: Թուրքերն աշխարհում առաջար են իրենց սերիալներով: Իհարկե առայժմ ԱՄՆ-ին չեն հասնի, բայց այս դեպքում՝ առայժմ: Թուրքական սերիալներն աչքի են ընկնում իրենց բարձր որակով՝ թե տեխնիկապես, թե՛ սցենարով, թե՛ դերասանական խաղով: Ի դժբախտություն մեզ իհարկե: Թուրքերը վաղուց հրաժեշտ են տվել միագույն ու միատոն նկարահանմանը և սերիալային աշխարհում հասել են մեծ հաջողությունների:  Այդ սերիալները միլիոնավոր դիտումներ ունեն աշխարհում, մրցանակներ են ստանում: Թուրքական սերիալները նաև հաճախ կրկնօրինակվում են, այսպես ասած՝ ադապտացվում: Մի ժամանակ նաև մեծ աղմուկ հանեց Շանթ հեռուստաընկերության «Անծանոթը» սերիալը, որն ամբողջությամբ կրկնում էր թուրքական «Էզել» սերիալը՝ ոչ միայն սցենարով, այլև սյուժետային գծերով ու այլ մանրամասներներով: Այդ մասին գրեցին մամուլում, օրինակ  media.am-ը: Շանթ հեռուսատալիքը պաշտոնապես հերքեց թուրքական սցենարի գնման մասին լուրերը և հայտարարեց, որ իրենք սերիալը գնել են շվեդական «Sparks Network»-ից, նկարահանվել է «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի վրա և նորմալ է, եթե նման լինի, քանի որ թուրքականը ևս հավանաբար նույն մոտիվներով է նկարահանված, այսպես ասած՝ «բոլոր համընկնումները պատահական են»: Ի դեպ շատ ուրիշները խոսել են, որ այդ սերիալը իրոք կրկնօրինակված է, բայց պաշտոնապես ոչ մի տեղ չի հաստատվել: Ինչևէ, անցնենք առաջ:

Թուրքական սերիալները դիտում ու տարածում ունեն աշխարհի մոտ 150 երկրում և բացի մշակութային ազդեցությունից համարվում են հաջող ֆինանսական գործիքներ: Թուրքական սերիալները Թուրքիային բերում են տարեկան 350 մլն ԱՄՆ դոլարից ավել եկամուտ: Ոչ պաշտոնական աղբյուրներով 2019թ. թուրքական սերիալները միջազգային վարձույթում վաստակել են ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար: Տպավորիչ թվեր են այնպես չէ՞: Ի հավելումն այս ամենի՝ թուրքական սերիալներից  «Լավագույն դարաշրջանը»  համաշխարհային ճանաչում ունի:

Թուրքական սերիալներն ինքնանպատակ չեն, զուտ փող աշխատելու համար: Դրանք շատ մեծ նշանակություն ունեն թուրքական մշակութային կառավարման առումով և պետք է ասել, որ շատ հաջող են աշխատում: Ես մի քանի անգամ անդրադարձել եմ  նաև թուրքական համակարգչային խաղերին, որոնք ևս բավական հաջողված նախագծեր ունեն ողջ աշխարհում:

Իհարկե թուրքական ֆիլմերն ու սերիալները չունեն հոլիվուդյան որակ կամ տարածում, բայց նման թափով շարունակելու դեպքում բացառված չէ, որ կհասնեն ամերիկացիներին կամ եվրոպացիներին, թեև իհարկե շատ ջանք պիտի թափեն: Թուրքական սերիալները մեծ դիտում ունեն նաև Հայաստանում, որքան էլ դա զարմանալի թվա:

Ցավալի է, բայց այդպես է:

Թուրքերի պահով այսքանը, իսկ եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Մի կողմ դրած խորհրդային Հայաստանը, որի ժամանակ ունեցել ենք և՛ խորհրդային գաղափարախոսությանը նվիրված, և՛ իրոք հայաշունչ ֆիլմեր, այսօր մենք այդ առումով գտնվում ենք կատաստրոֆիկ վատ վիճակում: Հետխորհրդային Հայաստանի կինեմատոգրաֆիան սարսափելի ցածր որակ ունի: ՀՀ-ում այսօր արտադրվող սերիալներն ու ֆիլմերը զուրկ են որևէ հմայքից ու որակից: Չհաշված մի քանի ֆիլմեր՝ օրինակ Գարեգին Նժդեհ, Կյանք ու Կռիվ 1 և 2, Մի վախեցիր, Կարոտ և մի քանի այլ ֆիլմեր, Հայաստանում նորմալ ֆիլմեր չունենք: Հայաստանում հիմնականում կա՛մ ցածրորակ սերիալներ են, որոնք կենցաղային թեմաներ են, կա՛մ հումորային սիթքոմեր և կոմեդիաներ: Ահա՛ ամբողջը: Չկա այն հայաշունչ ու որակով ֆիլմարտադրությունը, որը մենք պարտավոր էինք ունենալ:

Ընդհակառակը, գնալով պակասում են նման երևույթները: «Հին արքաները» 20 սերիայանոց ֆիլմը մեծ համակրությամբ ընդունվեց, բայց չշարունակվեց: Չշարունակվեց, ոչ թե սցենարի, այլ թեմատիկ առումով: Ոմանք քննադատեցին վատ գրաֆիկական որակի համար ու համեմատեցին օրինակ «Գահերի խաղի» կամ «Մատանիների տիրակալի» հետ՝ մոռանալով, որ դա առաջին փորձերից մեկն է, մոռանալով, որ «Գահերի խաղում» որոշ դերասաններ միայն մեկ սերիայի համար ստացել են 2 մլն ամն դոլար:  Ոչինչ, որ լավը չէր: Ամեն ինչ քչից է սկսվում: Մոսկվան մեկ օրում չի կառուցվել: Առաջին փորձերն են: Թող նկարեն առաջինը, երկրորդը, երրորդը ու թող չհաջողվի: Թող նկարեն 20-րդը և հաջողվի միայն 100-րդ փորձից, բայց թող նկարեն, որովհետև այլևս անտանելի է այն զզվելի մթնոլորտը, որ արտադրվում է հիմա Հայաստանում:

Սերիալներում չկա գրագետ խոսք, չկան համոզիչ կերպարներ, չկա օրիգինալ սյուժե: Դերասանների խոսքը համոզիչ չէ, հեռուստադիտողը չի հավատում դրանց, իսկ եթե հավատում էլ է, ապա ընդօրինակում է վատը, որովհետև այդ սերիալներում ու սիթքոմերում ոչ մի լուսավոր արժեք չկա: Սիթքոմերում, եթե ուշադիր նայենք, որպես հումոր փորձում են ներկայացնել խաբեությունը, վատ արարքները: Թուրքիայում բազմաթիվ են ֆիլմերն ու սերիալները, որոնցով իրենց քաղաքացիների գլխին ազգային քարոզ են կարդում, պրոպագանդում են Թուրքիան ու թուրքական արժեքները, ստիպում են հպարտանալ թուրք լինելու համար, իսկ Հայաստանում հերթական էժանագին ու անորակ սերիալն են նկարում, որտեղ անընդհատ նույն թեմաներն են՝ սեր, կիսաքրեական մարդիկ ու վերջ: Էլ չեմ խոսում հումորային հաղորդումների մասին, որտեղ ոչ թե հումոր է, այլ ծամածռություն և ծաղր, որն ուղեկցվում է սեռական կեղտոտ ակնարկներով:

Մենք պարտվում ենք Թուրքիային նաև այստեղ: Թուրքական սերիալները գրավում են տասնյակ երկրներ, դառնում սիրված, պրոպագանդում են Թուրքիան ու թուրքականը, իսկ Հայաստանում սերիալներն ու ֆիլմերը մոռացվում են մեկ տարի անց, որովհետև չունեն ոչ մի հիմնաքարային արժեքներ ու ընդամենը գումար աշխատելով են զբաղված:

ՀՀ քաղաքացին գտնվում է մշակութային սովի մեջ: Նա կարոտ է ազգային ու պետական թեմաներով որևէ արտադրանքի: Հենց այդ պատճառով էլ հափշտակությամբ է դիտոմ Գարեգին Նժդեհը և կարոտով նայում Հին Արքաները: Ինչո՞ւ, որովհետև չկա նման ուրիշը: Չկան ֆիլմեր, որտեղ հայն ու հայկականը փառաբանվի, որից հայը հպարտանա հայ լինելու համար:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության հանգուցյալ վարիչ Արտակ Մովսիսյանն անընդհատ շեշտում էր այս խնդիրների մասին, այս ողջ ցավի մասին, որն անպատասխան էր մնում: Գերագույն ջանքերի գնով նա կարողացավ նկարահանել մի քանի փաստավավերագրական ֆիլմեր՝ «Տիգրան Մեծ», «Արտավազդ», «Հռոմից հին մայրաքաղաքը», «Պատմության կեղծարարները»: Բայց ցավոք, կորոնավիրուսն ընդհատեց նրա կյանքը և մենք զրկվեցինք մի լավ հայից, որը մեզ բոլորիս հիշեցնում էր հային ու հայկականի մասին:

Խոսում են միայն փողի մասին: Երբ հարցնում ես, պատճառաբանում են, որ բյուջեն թույլ չի տալիս նման հզոր ֆիլմեր նկարահանել: Լավ, ասենք թե գումարը չի հերիքում գրաֆիկական էֆեկտների համար, իսկ սցենա՞րը, սյուժե՞ն: Գումարի պակա՞սն է ստիպում նկարել այնպիսի սերիալ ու սիթքոմ, որտեղ դերասանները կխոսեն ժարգոնով, կսպառնան մկրատով քիթ կտրել, կամ անընդհատ օնլայն խաղատներ կգովազդեն: Գումարի պակա՞սն է խանգարում հայաշունչ և հայրենական սյուժե պատրաստել ու նկարել ևս մի Հին Արքաներ, թեկուզ և շատ թույլ գրաֆիկական էֆեկտներով: Եթե այո՛, ապա ինքս պատրաստ եմ անվճար սցենար գրել և խորհրդատու լինել ցանկացած պատմական թեմայով ֆիլմի համար և ինձ պես տասնյակ մարդիկ, ովքեր ունեն միտք, բայց չունեն հնարավորություն:

Հայոց պատմությունը տեղով ոգեշնչման աղբյուր է: Ուրարտուից մինչև 2021թ. մենք ունենք անսպառ թեմաներ ու կարող ենք նկարել այնպիսի ֆիլմեր, որ հավասար լինեն Գլադիատորին կամ Մատանիների տիրակալին: Ասում են գումար չկա: Քանի՞ ֆիլմ ու սերիալ է նկարահանվում Հայաստանում տարեկան: Մի՞թե չեն կարող միավորվել և մի նորմալ բան ստեղծել:

Գովազդներում այնպիսի հրաշալի էֆեկտներ են ստանում, որ հասկանում ես, որ Հայաստանում կարող են ֆիլմ նկարել, բայց կամ չեն ուզում, կամ ինչ որ մեկը խանգարում է:

Եվ ինչո՞ւ միայն ֆիլմ: Թեկուզ մուլտեր կամ գրքեր: Ամեն ինչ կա ամեն ինչի մասին, բացի ազգայինից:

Թուրքերն անընդհատ ու ամեն կերպ շեշտում ու տարածում են իրենց՝ լավը լինելու հանգամանքը: Կարծում եք, թե ֆիլմ է էլի, նկարեցին ու վե՞րջ: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Միայն «Լավագույն դարաշրջան» սերիալով, որ աշխարհի տասնյակ երկրներում հաջող կերպով ցուցադրվեց, թուրքերը լուրջ ներդրում արին իրենց մշակութային ու ազգային ինքնագնահատականի մեջ ու միայն այդ ֆիլմով շարքային ռուս, լատինոամերիկացի կամ մեկ այլ հեռուստադիող հիացավ թուրքական «հզորությամբ ու վեհությամբ»: Իսկ ո՞ւր ենք մենք: Ո՞ւր է մեր պատասխանը: Ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը: Սպասենք մինչև թուրքերը ողջ աշխարհին համոզեն, որ իրենք են միակն ու անկրկնելին, իսկ մենք դեռ աղբն աղբամանում թափել չենք սովորում:

Մենք այդպես էլ չհասկացանք ու չգնահատեցինք հումանիտար ոլորտը: Չհասկացանք, որ պատմությունը, ազգագրությունն ու մարդաբանությունը պարապ խոսքեր չեն, այլ կառավարման գործիքներ, չհասկացանք ու…ունենք այն ինչ ունենք: Հասանք այն օրին, որ հայոց ցեղասպանության մասին շատ օտարերկրացիներ իմացան System of a Down խմբի ջանքերով, այլ ոչ ՀՀ-ի:

Նորանկախ Հայաստանում քանի՞ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել օրինակ ցեղասպանության մասին: Բոլորի կողմից սիրված «Մայրիկը» նկարահանեց Անրի Վեռնոյը՝ Ֆրանսիայում, «Խոստումը» նկարահանվեց Քըրք Քըրքորյանի ջանքերով, «Ձորի Միրոն» ու «Նահապետը» խորհրդային արտադրանք են: Իսկ ո՞ւր է ՀՀ-ն: Ո՞ւր է ՀՀ-ի ներդրումը: «Հայ դատի գրասենյա՞կ»: Ո՛չ: Դա քիչ է, նվազագույն անգամ քիչ է: Բացի այդ Հայ դատի գործոով էլ մեծ մասամբ զբաղված են դաշնակցականներն ու սփյուռքահայերը: Ո՞ւր է ՀՀ-ի ներդրումը: Բացի մի քանի փաստավավերագրականից, ոչինչ չեն պատրաստել: Ինչո՞ւ ֆիլմ չկա Ավարայրի, կամ Ակոռիի մասին: Ակոռիի մասին շատերը նույնիսկ չգիտեն էլ: Չգիտեն, որ երեք հարյուր հայեր հաղթել են յոթ հազար պարսիկի: Իսկ ո՞վ գիտե: Հայոց պատմությունը պատմաբանի խաչն ու մենաշնորհն է, թե ժողովրդի անցյալն ու հիշողությունը: Ապա փորձիր ֆիլմ նկարել ու հային երկինք հասցնել, կմեղադրեն նացիոնալիզմի մեջ:

Սա աղետ է: Սա մշակութային ինքնասպանություն է, որն ավելի ծանր ու դառն է, քան ցանկացած մեկ այլ բան: Դարերով մենք կարողացել ենք դիմանալ օտար ազդեցությանն ու պահպանել սեփական ինքնուրույնությունը ու կոտրվում ենք հիմա՝ ազատության ու ինքնուրույնության մեջ:

    

One Response to “Մշակութային Ինքնասպանություն”

  1. Եդուարդ Մսրլեան Reply

    Իմաստալից,դաստեարակիչ յօդուած.շնորհակալ ենք որ կը սթափեցընէք մեզ.
    Կը սպասենք կարդալ ամիսը կամ շաբաթը մէկ յօդուած….
    Անպայման արդիւնքը կը տեսնենք մօտ ապագային….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *