Ազատ բեմ

Նոր ու Կենսունակ Ուժի Սպասումով

Հայաստանում իրապես նոր ու կենսունակ ուժ ձեւավորելը համառ ու տարիների աշխատանքի եւ ռազմավարության խնդիր է, ըստ այդմ դրան իրապես հավակնելու համար պետք է պատրաստ լինել այդ աշխատանքին

Հակոբ Բադալյան

Ընտրության արդյունքի առնչությամբ հաճախ է հնչում տեսակետը, որ մեծ բաց է խորհրդարանում արեւմտամետ ուժի բացակայությունը:

Կասեմ գուցե առաջին հայացքից տարօրինակ բան, բայց ես կարծում եմ այդտեղ չկա որեւէ բաց: Բաց կլիներ, եթե մենք ունենայինք այդ առումով կայացած օրակարգով, սոցիալական բավականին շոշափելի բազայով մի ուժ, որի դուրս մնալը կլիներ բաց: «Արեւմտամետ» ուժի խնդիրը Հայաստանում այլ տեղ է: «Մետությունն» այստեղ կիրառում եմ պայմանականորեն, որովհետեւ խնդիրը մետությունը չէ, այլ Հայաստանի համար այլընտրանքային օրակարգերի եւ արտաքին քաղաքական ու անվտանգային դիվերսիֆիկացիայի կենսական հարցը:

Այդ դաշտում բուն խնդիրը այն է, որ այդպիսի ուժ Հայաստանում դեռ պետք է ձեւավորվի, որ հետո արդեն խորհրդարանում հայտնվել-չհայտնվելը լինի նշանակալի հարց: Տարբեր գործիչների հարցազրույցները, հայտարարությունները, գնահատականները եւ այլն, դա դեռ չի նշանակում կայացած օրակարգով ուժ:

Կա ներուժ, որը դեռ պետք է իրացնել, իսկ դրա համար 21-րդ դարում ամենեւին պարտադիր պայման չէ խորհրդարանի հարթակի առկայությունը: Ըստ այդմ, այդ ներուժը պարունակող ուժերը պետք է հանգիստ, սթափ եւ առարկայորեն ձեռնմուխ լինեն իրենց քաղաքական օրակարգը բովանդակային փաթեթներով համալրելուն եւ հասարակության հետ դրանց շուրջ երկխոսություն սկսելուն, առանց զգայականության, առանց Ռուսաստանին «մերկացնելու», առանց Արեւմուտքին իդեալականացնելու, պարզապես՝ բովանդակային քաղաքական երկխոսություն հանրության հետ, որը պետք է ներառի ոչ միայն քաղաքականությանն ու անվտանգությանը, այլեւ տնտեսությանը, մշակույթին, արժեհամակարգին վերաբերող շերտեր:

Ավելին, արեւմտյան ուղղությունը Հայաստանում ունի հենց այդ զգայականությունից եւ իռացիոնալությունից էապես զտվելու կարիք: Եվ, ընդ որում, կարծում եմ այդ իռացիոնալությունը սնուցվում է այդ դաշտ նաեւ միանգամայն գիտակցված, ինչը նշանակում է նաեւ, որ Ռուսաստանը թշնամի, իսկ Արեւմուտքը դաշնակից հռչակելը դեռ չի նշանակում ոչինչ: Դրա համար եմ ասում, որ Հայաստանում իրապես նոր ու կենսունակ ուժ ձեւավորելը համառ ու տարիների աշխատանքի եւ ռազմավարության խնդիր է, ըստ այդմ դրան իրապես հավակնելու համար պետք է պատրաստ լինել այդ աշխատանքին: Նաեւ այդ համատեքստում է կարեւոր կուսակցությունների խոշորացման այն խնդիրը, որի մասին գրառում էի արել նախօրեին:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *