Ազատ բեմ

Կորած Երկրի Մասին

Այն ինչի մասին գրվում է, թվում է, թե մենք բոլորս հաստատ կարող ենք ասել ու անել հազար անգամ ավելի լավ, բայց դա մեզ պետք չէ: Ինչո՞ւ ինչ որ բան անել, եթե կարելի է անելու փոխարեն խորհուրդ տալ: Եվ հենց այդպես խորհրդակցական ձևով էլ կառավարում ենք պետությունը: Հետո տապալվում ենք, հետո փնտրում ենք մեկին, որ պատասխան տա:

Արայիկ Մկրտումյան

Մեր ժամանակաշրջանն աչքի է ընկնում հատկապես անհատականության ցուցադրման ու ապացուցման խիստ ընդգծումով: Բոլորն անհատականություն են, և կարելի չէ գտնել թեկուզ մեկ մարդու ով չիմանա, թե ինչպես պետք է կառավարել աշխարհն ու տիեզերքը: Ու քանի, որ բոլորը տիեզերակալ միտք ունեն և այսպես ասած ալֆաների հասարակություն է, ապա մանր-մունր հարցերով զբաղվողներ չկան:

Աղբը թափել աղբամանո՞ւմ, դե չէ, դա մանր հարց է: Կամ ասենք կաշառք չվերցնել, դա էլ է մանր հարց: Գնալ աշխատել և անընդհատ բոլորին չզզվեցնել, չէ՛, դա ընդհանրապես չի էլ քննարկվում:

Այո՛: Ի՞նչ է սա, ընդամենը մի հասարակ գրառում, որն ակներևաբար ցածր է մեր բոլորի ինտելեկտուալ ու գիտակցական մակարդակից: Մեր բոլորի ունեցած փորձն ու ուժը մեզ գրեթե աստված է դարձնում: Այն ինչի մասին գրվում է, թվում է, թե մենք բոլորս հաստատ կարող ենք  ասել ու անել հազար անգամ ավելի լավ, բայց դա մեզ պետք չէ: Ինչո՞ւ ինչ որ բան անել, եթե կարելի է անելու փոխարեն խորհուրդ տալ: Եվ հենց այդպես խորհրդակցական ձևով էլ կառավարում ենք պետությունը: Հետո տապալվում ենք, հետո փնտրում ենք մեկին, որ պատասխան տա: Ղեկավարը:

Մի տհաճ բան կա, որ չենք ուզում ընդունել: Դա «լավ ու վատ» ղեկավարի պահն է: Նորանկախ Հայաստանում արդեն 30 տարի է բոլոր ղեկավարները «վատն են ու դավաճան»: Իսկ ինչո՞ւ: Եթե նույնիսկ այնպես է ստացվել, որ բոլոր ղեկավարներն իրոք վատն են եղել, ինչո՞ւ է ժողովուրդը հանդուրժել: Հաճախ մենք ամենահիմար արդարացումներն ենք բերում, մինչդեռ եթե ժողովուրդն իրոք չուզեր, ապա չէր լինի: Բայց մենք միայն խոսելիս ենք լավ, հենց բանը հասնում է գործելուն, ապա սկսվում է խորհուրդ տալու ու դիտողություն անելու անվերջանալի ընթացքը: Իսկ թե ով պիտի աշխատի՝ անհայտ է: Ղեկավարը մեղադրում է ենթակային, ենթական՝ ղեկավարին: Ու բոլորը սպասում են ինչ որ մեկին, որ գործի, իսկ երբ տապալվում ենք, բոլորը փնտրում են այդ ինչ որ մեկին, որ մեղադրենք: Որ ասենք նա էր վատը: Նա էր մեղավոր: Մենք ընդամենը խորհուրդ ենք տվել, մենք ոչ մի վատ բան չենք արել: Այո՛, մենք ոչ միայն վատ, այլև ընդհանրապես ոչինչ չենք արել ու հենց էստեղ է թաղված թան գլուխը: Չենք արել: Նստել ենք, հայհոյել ու անցել մեր առօրյային: Հայհոյել, այն էլ հեռակա, բողոքել, հետո մեծ-մեծ խոսել, թե պետք է, հարկավոր է, կարելի է, միգուցե այսպես, միգուցե այնպես….

Այսպես ասած, մենք՝ ալֆաներս, շատ լավ գիտենք, թե ով ինչ պետք է անի ու ինչպես պիտի դա անի, բայց չգիտենք, թե ինչ պիտի անենք անձամբ մենք: Մենք նախընտրում ենք սոց.ցանցերում Զևսին վայել կատաղությամբ որոտալ ու մեր մեծ կարծիքը հայտնել սեղմելով լայքի կոճակը, կամ էլ ուղղակի մեկնաբանություններում արհամարական  հարցնել. «և ի՞նչ»: Ու ո՞վ կարող է մեզ դրանում մեզ մեղադրել: Ո՛չ ոք: Հաստատ ոչ ոք:

Է՜հ, երևի լավ է այդպես խելացի, իմաստուն և ուժեղ լինել:

Ես մի հեքիաթ հիշեցի:

Կար-չկար մի երկիր: Այդ երկիրն անսահման հարուստ էր ու գեղեցիկ: Ուներ անթիվ հանքեր, անտառներ, գետեր ու լճեր, լեռներ ու հովիտներ, բայց այդ երկրի մարդիկ զարմանալի ծույլ էին: Նրանց հենց այդպես էլ անվանում էին՝ ծույլեր: Նրանք ունեին թագավոր, որի գործերին չէին խառնվում: Վերևն Աստված, ներքևում՝ թագավորը: Ինչ կաներ, չէր անի, ոչ ոք ոչ մի բանի չէր խառնվում: Թագավորն ինքն է, ինքն էլ թող անի ամեն ինչ: Ամռանը նրանք քնում էին ծառերի զով ստվերում, ուտում էին բնության տվածը, իսկ ձմռանը դուրս չէին գալիս իրենց տաք տներից, և ամեն մեկը միայն իր փոքրիկ գործն էր անում:

Մի անգամ ծույլերի թագավորը հրաման տվեց, թե երկրին ճանապարհներ են անհրաժեշտ ու դրա համար ամեն տունը պետք է մեկ մարդ տա: Ծույլերը վրդովեցին.

-Ճանապա՞րհ: Սա՞ ինչ բան է: Թագավորն ինքն է, բայց մե՞նք պիտի կառուցենք: Ոչ մի դեպքում: Երկիրն իրենն է, թագավորն էլ ինքն է: Երկրին ճանապա՞րհ է պետք, թող ինքն էլ կառուցի: Չէ, մենք էսպես թագավոր չենք ուզում:

Ծույլերը բարկացան ու թագավորին քշեցին գահից: Անցավ մի քանի ժամանակ ու ծույլերը տեսան, որ առանց թագավոր չի լինում և որոշեցին նոր թագավոր ընտրել: Բայց մտածեցին, որ մի մարդը չի կարող ամեն ինչ անել ու թագավորի փոխարեն ընտրեցին 10 նախարար ու ասացին.

-Ահա՛ երկիրը, ահա՛ իշխանությունը: Կառավարեք, արեք ինչ ուզում եք, մեզնից ոչինչ չուզեք:

Նախարարներն անցան աշխատանքի և տեսան, որ երկրում ուտելու ոչինչ չի մնացել ու շուտով սով է սկսվելու: Նրանք հրամայեցին, որ ողջ ժողովուրդն իսկույն անցնի աշխատանքի, որ կարողանան հաղթահարել այդ դժվարությունը:

Ծույլերը կրկին բարկացան.

-Սա՞ ինչ բան է: Սրա՞ համար թագավորին քշեցինք, 10 նախարար բերինք, որ էլի մե՞նք աշխատենք: Չէ՛, սրանք լավը չեն: Սրանց չենք ուզում:

Ու ծույլերը հավաքվեցին ու վռնդեցին այդ նախարարներին ու նրանց փոխարեն ընտրեցին 50 հոգու և ասացին.

-Ահա ձեզ ենք տալիս կառավարելու ամեն իրավունք: Երկիրը ձերն է, արեք ինչ ուզում եք ու մեզ չանհանգստացնեք:

Նոր կառավարությունը, տեսնելով, որ էլ ճար ու հնար չկա, գանձարանից մեծ գումարներ ծախսեց, օտար երկրներից մեծ քանակությամբ սնունդ գնեց ու երկիրը փրկվեց սովից:

Մի քանի ժամանակ անց երկրում շատ մեծ ու ծանր համաճարակ ստեղծվեց: Կառավարությունը հրամայեց, որ բոլորը մաքրություն պահպանեն, անընդհատ բաղնիք գնան, լողանան, լվացվեն, մաքրեն փողոցներն ու տները: Ծույլերը խիստ զայրացան այս ամենից:

-Հետո՞: Էլ ին՞չ կուզեիք: Երկրի կառավարիչը դուք եք ու մե՞նք պիտի պայքարենք հիվանդության ու ցավի դեմ: Չէ, չենք ուզում, մեզ էս տեսակ հիմար կառավարություն պետք չէ:

Ու հավաքվեցին, վռնդեցին այդ 50 հոգուն ու դրա փոխարեն ընտրեցին 100 հոգու և ասացին.

-Ահա ձեզ ենք տալիս երկիրն ու իշխանությունը: Ինքներդ կառավարեք ու ինքներդ էլ պայքարեք:

Այս նոր կառավարությունը ստիպված շատ մեծ գումարներ ծախսեց գանձարանից, հրավիրեց օտար մարդկանց, բժիշկների, գիտնականների: Նրանց առատ վարձատրեց ու ախտահանեց երկիրը, մաքրեց ու վերացրեց հիվանդությունն ու ցավը:

Նոր էր հիվանդությունը չքացել, երբ հարևան երկրի չար ու վայրենի ցեղերը հարձակվեցին ծույլերի երկրի վրա: Կառավարությունը հրաման արձակեց, որ բոլորը պարտավոր են պաշտպանել հայրենիքն ու պետությունը, և որ անհապաղ պետք է գնալ և կռվել:

Ծույլերն այս անգամ էլ խիստ զայրացան.

-Չէ՛,- գոռացին,- ինչ կռիվ, ինչ բան, ինչ պետություն, ինչ պատերազմ: Կառավարությունն է երկրի տերը, թող ինքն էլ պաշտպանի,- ու գնացին ամեն մեկն իր գործին:

Կառավարությունը, տեսնելով, որ թշնամու դեմ ուժ ու զորություն չունի, բանակցեց ու երկու գավառ զիջեց նրան, միայն թե պատերազմ չսկսվի:

Ծույլերը սկսեցին հայհոյել.

-Սա ի՞նչ կառավարություն է, փոխանակ մեզ պաշտպանի ու պայքարի, մեր հողերը տալիս է թշնամուն:

Իսկ թշնամին հասկացավ, որ իր դեմ չկա ուժ ու համաձայնություն և առաջ եկավ: Իր վայրի հեծյալներն ու արնախում ելուզակները մտան այդ երկիր ու սկսեցին թալանել, գողանալ, սպանել, այրել ու ոչնչացնել մարդկանց, տները, այգիներն ու տաճարները:

Ծույլերը փախչում էին ու աղաղակում.

-Մեր կառավարությունը չպաշտպանեց մեզ:

-Հողերը տվեց:

-Ծախեց երկիրը թշնամուն:

Իսկ թշնամին գրավում էր քաղաք-քաղաքի հետևից, այրում էր գյուղերն ու անարգել առաջ գալիս:

Իսկ ծույլերի մի մասը սպանվեց, մի մասը փախավ ու նրանք ապրեցին ու մահացան օտարության մեջ: Նրանց սերունդները մոռացան իրենց պատմությունն ու լեզուն և նրանից միայն այս հուշը մնաց: Հուշը դարձավ լեգենդ, լեգենդը՝ հեքիաթ ու բոլոր մոռացան այն, ինչի մասին մոռանալ չէր կարելի: Միայն մի քանիսը աղոտ հիշեցին այս պատմությունը, որը և պատմեցի:

Դե՜, կարդացի՞ք հեքիաթը: Եվ ի՞նչ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *