Եթե չգանք գոյություն ունեցող շահերի հավասարակշռության, անկախ, թե մենք ինչպես ենք վերաբերում այդ շահերից իքսի կամ իգրեքի հանդեպ, մենք չենք կարող գալ հանրային համերաշխության: Եթե մենք չեկանք դրան, կարող ենք մոռանալ ինքնիշխանության կայուն մակարդակի գալու մասին:
Հակոբ Բադալյան
Ընտրության արդյունքի առնչությամբ առիթ եմ ունեցել ասելու, որ արդյունքն արտացոլում է առավելագույնս օբյեկտիվ իրողություն, ու նաև կավելացնեմ, որ դա նույնիսկ քայլ առաջ է:
Ինչով է քայլ առաջ: Քայլ առաջ է, երբ ինքդ քեզ դադարում ես խաբել, օրինակ առողջական վիճակի հարցում, եւ ընդունում ես եղած խնդիրները, օրգանիզմի վիճակը, որովհետեւ առանց դրա չունես արդյունավետ առողջացման հնարավորություն:
Հետհեղափոխական եռամյակում կար խաբկանքի կամ ինքնախաբեության մի զգացում, որ նախկին համակարգը՝ իր ամբողջ արեալով, այլեւս գոյություն չունի, վե՛րջ: Կամ՝ նույնքան ինքնախաբեություն է և այն, երբ այդ հարցը լուծելու միջոց է դիտվում ինչ որ մեկին կամ մի քանիսին բանտարկելը, մյուսներին ունեզրկելը, հեռացնելը և այլն: Կան նաև ուժեր, որոնք լրջորեն առաջարկում են հենց այդ միջոցը:
Բայց, քաղաքականությունը, իմ գնահատմամբ իհարկե, հավասարակշռության բերելու, ոչ թե բևեռացնելու կարողությունն է: Իսկ հավասարակշռության գալը պահանջում է նախ հաշվի նստել եղած հարաբերակցության, ուժերի հետ, հատկապես, որ հայաստանյան քաղաքականությունը չունի զուտ ներքին սահմաններ:
Հաճախ այդ գործընթացը տեղի է ունենում հռետորաբանության և իրական քաղաքական շարժերի առերևույթ հակադրությամբ, այսինքն, հռետորաբանությամբ տեղի է ունենում բևեռացում, իսկ իրական քաղաքականության մակարդակում՝ միմյանց հաշվի առնելու բավականին բարդ, դժվարին, տևական ժամանակ ու ջանք պահանջող գործընթաց, դիրքային առաջխաղացումով եւ նահանջով, մի տեղ զիջելով, մյուս տեղում ինչ որ բան ձեռք բերելով:
Հայաստանի շուրջ բարդ աշխարհաքաղաքական միջավայրի, դրանից բխող՝ ներքին հավասարակշռությունների գալու անհրաժեշտության մասին, որպես այդ միջավայրում արդյունավետ դիմակայության միջոց, գրել եմ դեռ պատերազմից առաջ: Եվ, ինչպես ասել եմ էլի՝ պատերազմից երկու օր առաջ էր հոդվածս, որտեղ խոսում էի արտաքին և այդ թվում արցախյան հարցում մարտահրավերների դիմակայության համատեքստում արտահերթ ընտրության պատրաստ լինելու, և այդ մեխանիզմով մանևրի փորձի անհրաժեշտության մասին: Հավասարակշռության մեխանիզմի մասին գրել եմ նաև, երբ ձեւավորվում էր ՍԴ նոր կազմը, որտեղ մատնացույց էին արվում թեկնածուներ, որոնք կապ ունեին նախկին կառավարող համակարգի այս կամ այն խմբի հետ:
Եթե չգանք գոյություն ունեցող շահերի հավասարակշռության, անկախ, թե մենք ինչպես ենք վերաբերում այդ շահերից իքսի կամ իգրեքի հանդեպ, մենք չենք կարող գալ հանրային համերաշխության: Եթե մենք չեկանք դրան, կարող ենք մոռանալ ինքնիշխանության կայուն մակարդակի գալու մասին:
Սա է: Այլապես, հնարավոր է տեսաբանության գագաթներ նվաճել, բաժակաճառի կամ ակադեմիական կատարելության մակարդակում ներկայացնելով հասարակական-քաղաքական եւ անվտանգային իդիլիան: