Ազատ բեմ

Մի ՀԴՄ-ի Պատմություն

Ի՞նչ կլինի, եթե ոչ ոք հարկ չվճարի: Պետությունը գումար չի ունենա ոչ մի բանի համար՝ ո՛չ կկարողանա աշխատավարձ ու թոշակ վճարել, ո՛չ բանակ զինել, ոչ էլ որևէ այլ հարց լուծել: Իսկ այդ ամենն իմանալով հանդերձ՝ ինչո՞ւ են մարդիկ աշխատում թաքցնել իրենց եկամուտներն ու հարկ չվճարել, եթե ուղղակիորեն այդ հարկերից է կախված ողջ պետությունը:

Արայիկ Մկրտումյան

Որքան էլ որ զարմանալի կամ տհաճ է, Հայաստանում մինչև հիմա այդպես էլ հդմ-ների հարցը չի լուծվում: Ամենատարրական, հասարակ հդմ-ի հարց չի լուծվում: Ով ինչքան կարողանում է, փորձում է հդմ չտրամադրել ու այն հաճախորդը, ով խանութում կամ որևէ ծառայության դիմաց հդմ է պահանջում, որակավորվում է որպես «մատնիչ», «գործ տվող» ու էլի մի քանի բան, մի խոսքով էությամբ կեղտոտ մարդ, ով ցանկանում է դիմացինին վատություն անել: Իսկ երբ հարկայինի տեսուչները հդմ չտրամադրելու համար տուգանում են 600 հազար դրամով, այդ նույն խանութի տերը կամ ծառայություն մատուցողը այնպիսի դիրք է ընդունում, ասես թուրքերը եկել են և իրենից գլխահարկ են ուզում:

Համաձայն եմ, 600 հազար դրամը քիչ չէ, մանավանդ, որ նվազագույն աշխատավարձը կազմում է ընդամենը 68 հազար դրամ: Հասկանալի է նաև, որ համեմատաբար փոքր խանութների եկամուտներն այնքան էլ շատ չեն ու հենց այնպես 600 հազար դրամ տուգանվելը շատ քչերին կուրախացնի:

Այդ հդմ ասվածը, որ նշանակում է հսկիչ դրամարկղային կտրոն, դարձել է օրենքի պահպանման կամ խախտման խորհրդանիշ: Այն խանութները, որոնք հդմ են տրամադրում, շատերի դեմքին այնպիսի դժգոհություն կա, ասես նրանից խնդրում են ինքնասպան լինել, իսկ որոշներն էլ արդեն հասցրել են մի քանի մլն դրամի տուգանվել ու փորձում են գոնե միառժամանակ զերծ մնալ տուգանվելու ռիսկից ու այսպես ասած «մաքուր» են աշխատում, կամ գոնե փորձում են այդպես աշխատել:

Ընդհանրապես Հայաստանում օրենքի գերակայություն ասվածը եղել է անհասկանալի, թեև շատ գեղեցիկ մի բան: Շատ շատերի համար օրենքին ենթարկվելը հավասարազոր է անձնական վիրավորանքի ու դա արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ու հարցը միայն հդմ-ն կամ ստվերը չէ, այլ ընդհանրապես օրենքը հարգելու կամ չհարգելու դրդապատճառներն ու դրանից բխող հետևանքները:

Վառ օրինակ էր և է քաղաքացիների արձագանքը հակահամաճարակային կանոններին: Թերթիկ լրացնել, դիմակ կրել, անձնագիր ունենալ…այդ ամենը խիստ ծանր մի բան թվաց մեր քաղաքացիներին: Եղան շատերը, որ ստորացուցիչ համարեցին թերթիկ լրացնելը, էլ ուր մնաց անձնագիր ունենալ հետները, իսկ դիմակ     դնելու առումով դիմել են ամենահետաքրքիր խորամանկությունների: Իհարկե եղան բազմաթիվ տուգանքներ և բողոքներ:

Օրենք պահել-չպահելու հարցը շատ խորը ազգային-հոգեբանական պատմություն ունի, բայց այս դեպքում կոնկրետ խոսքը գնում է հդմ-ի մասին, որը ոչ միայն օրենքի սկզբունքային կետ է համարվում, այլև ունի բավական ծանրակշիռ էություն: Հդմ տալու կամ չտալու իմաստը շատերը պարզ չեն պատկերացնում, մինչդեռ հդմ-ն ոչ միայն օրենքը պահելու համար է, այլև ու հիմնականում՝ հարկ մուծելու: Եթե տրամադրում ես հդմ, նշանակում է հարկերը մուծում ես, եթե ոչ՝ ուրեմն հարկերը թաքցնում ես: Բարոյախոսությունը մի կողմ, բայց հարկերը թաքցնելն արդեն շատ մեծ խնդիր է: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հարկերը թաքցնելը որևէ կերպ ներվի, չկա և չի էլ լինի: Հարկ մուծելն ինքնանպատակ չէ: Պետության բյուջեն ձևավորվում է միայն ու միայն հարկերից: Ու հդմ չտրամադրելը նշանակում է պետությունից թաքցնել հարկերը, որը և շատ խիստ է պատժվում:

Ի՞նչ կլինի, եթե ոչ ոք հարկ չվճարի: Պետությունը գումար չի ունենա ոչ մի բանի համար՝ ո՛չ կկարողանա աշխատավարձ ու թոշակ վճարել, ո՛չ բանակ զինել, ոչ էլ որևէ այլ հարց լուծել: Իսկ այդ ամենն իմանալով հանդերձ՝ ինչո՞ւ են մարդիկ աշխատում թաքցնել իրենց եկամուտներն ու հարկ չվճարել, եթե ուղղակիորեն այդ հարկերից է կախված ողջ պետությունը:

Պատասխանը շատ պարզ է: Հարկերը չեն գնում այնտեղ, ուր պիտի գնան: Ըստ ամենապարզ տրամաբանության՝ հարկը պիտի օգտագործվի մեկ այլ ոլորտում աշխատանք տանելու համար՝ օրինակ թոշակներ վճարել, ճանապարհներ կառուցել կամ դպրոց վերանորոգել: Մենք զայրանում ենք, որ ասենք դպրոցը չի վերանորոգվում, իսկ համայնքապետարանն ասում է, որ փող չկա, պետությունը չի տվել, կամ քիչ է տվել: Ինչո՞ւ է քիչ տվել: Որովհետև փողը քիչ է, որովհետև հարկերը նորմալ չեն վճարում: Էհէէ՜, սպասեք, եթե հարկերը քիչ են ու այնքան, որ դպրոց վերանորոգելու նման կարևոր հարցն անգամ հետաձգվում է, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ահա այն պաշտոնյան չգիտես ինչպես արդեն հինգերորդ թանկարժեք մեքենան է գնում, արդեն երեք հատ տուն է կառուցել ու բիզնեսով է զբաղված: Շատ պարզ: Այդ պաշտոնյան գողանում է հավաքված հարկն ու լափում, դրանով բիզնես անում ու իհարկե հարկ չի վճարում: Արդյունքում հարկային ողջ բեռն ընկնում է հասարակ խավի վրա, որն է ի վիճակի չէ փակելու պետական ողջ ծախսերը: Դե իսկ եթե հասարակ խանութի տերը տեսնում է, որ իր վճարած հարկը ոչ թե ծառայում է պետությանը, այլ ինչ որ պաշտոնյայի, արդեն չի էլ ուզում հարկ վճարի, որովհետև այդ վճարած գումարը գրպանվելու է: Վստահություն չկա: Պետությունն ու անհատը իրար չեն վստահում ու առաջանում է նման խոշոր խնդիր:

Ընդհանրապես հարկ վճարելու հարցը նոր չէ առաջացել ու միշտ խնդրահարույց է եղել: Շատ ժամանակներ առաջ հարկային բեռն ամբողջությամբ ընկնում էր գյուղական համայնքների և քաղաքացիական հասարակ արհեստագործական խավերի վրա: Ազնվականները, հոգևորականները հարկ չէին վճարում և պետության կողմից նախատեսված բոլոր ծախսերը փակում էին հասարակ մարդիկ, մինչդեռ շատ հարուստ հոգևորական ու ազնվական խավն օգտվում էր ամեն ինչից ու ազատված էր հարկերից: Այդ վիճակը հաճախ էր դժգոհությունների առիթ տալիս ու հասարակ բնակչության կողմից կազմակերպված հուզումների գլխավոր պատճառները եղել են հենց այդ տնտեսական-սոցիալական վատ ու անհավասար պայմանները: Այդ հուզումները շատ ժամանակ ունեցել են կրոնական կամ քաղաքական ենթատեքստեր, բայց հիմնական պատճառները եղել են տնտեսական:

Մեր ժամանակներում իհարկե չկան ազնվականներ ու արտոնյալ դաս, որը հարկ չի վճարի: Ամեն նորմալ երկրում բոլորը ենթակա են հարկման: Իհարկե կան  շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք կամ հարկ չեն վճարում, կամ շատ քիչ են վճարում, բայց հարկման ենթակա են գրեթե բոլորը: Սովորական աշխատող մարդը նույնպես: Բոլորս լսած կլինենք «մաքուր» ու «կեղտոտ» աշխատավարձ բառերը: «Մաքուր» նշանակում է հարկերը հանած, իսկ «կեղտոտ»՝ հարկերը ներառյալ: Դա նշանակում է, որ աշխատավարձը ևս ենթակա է հարկման այնպես, ինչպես բիզնեսը: Հարկման խնդիրը շատ սուր է արտահայտված ու այնքան, որ հայտնի մաֆիոզ Ալ Կապոնեին դատապարտեցին ոչ թե քրեական հանցանքների, այլ…հարկերը չմուծելու համար: Պետությունը մրցակցություն չի հանդուրժում:

Հարկ չվճարող ստվերային տնտեսությունն ուղիղ հարված է պետությանը: Սատանան մանրուքների մեջ է:

Երբ մենք զարմանում ենք, որ որևէ երկիր հարուստ է, պիտի հասկանանք, որ դա ոչ միայն նրանից է, որ ունի մեծ հանքեր կամ նման մի բան, այլև այնտեղ վճարում են հարկերը: Վճարում են բոլորը: Կայուն ու օրինապաշտ երկրում: Իսկ Հայաստանում դեռևս ոչ: Հայաստանում դեռ նոր  պիտի ձևավորվի օրենքը պահպանելու սկզբունքը, հարկ վճարելու անհրաժեշտության գիտակցումը: Թվում է, թե մանր հարց է, բայց պետությունը պետություն է, երբ այնտեղ ամեն ինչն է կարգավորված, կամ գոնե կարգավորվող, իսկ քանի դեռ հարկ վճարելն ու օրենք պահպանելը ոչ թե գիտակցված սկզբունք է, այլ պարտադրված անհասկանալի տհաճություն, այնտեղ միշտ պետությունը մնալու է իբրև հավիտենական կիսակառույց:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *