Ենթադրենք որևէ հրաշքով Նժդեհը հարություն է առել ու հայտնվել մեր օրերում։ Ու ենթադրենք, որ նա հաղթահարել է ժամանակային անոմալիան ու պատրաստ է աշխատելու ու գործելու։ Ի՞նչ ենք անելու այդ ժամանակ։ Մենք ընդունելո՞ւ ենք նրան, ենթարկվելո՞ւ ենք, հասկանալո՞ւ ենք։ Սա հարց է մեր իրական էությանն ու ժամանակին, հոգեբանությանը։ Մենք պատրա՞ստ ենք անառարկելիորեն ենթարկվելու ու գործելու։
Արայիկ Մկրտումյան
Մենք մինչև հիմա ուշքի չենք գալիս արցախյան պատերազմից, դրա հետևանքներից; Մինչև հիմա ունենք գերիներ, որոնց տանջամահ են անում ու էլի շատ ու շատ ողբերգական երևույթներ, որոնք պարզապես խենթացնում են իրենց դառնությամբ ու ծանրությամբ։ Այդ ամենին գումարվում է ներքին անկայունությունը, թունավոր մթնոլորտը, միասնության բացակայությունն ու դրա բազմաթիվ բացասական հետևանքները։ Այս ամենի ֆոնին ավելի է ուժեղանում կարոտը պատմական հզոր կերպարների նկատմամբ ու ակտիվորեն շրջանառվում են նրանց գործերի մասին պատմություններն ու պատգամները, ասույթները։Օրինակ շատ տարածված է Նժդեհին վերագրվող այս խոսքերը, որում ասվում է․ «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլն այն, որ կան թուրքանման հայեր»։ Տարածված է նաև մեկ այլ արտահայտություն, օրինակ․ «Հայի տականքն անմրցելի է»։ Մի խոսքով հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։
Այս ամենի տրամաբանական շարունակությունն է լինում այն, որ նախ բոլորն իրար վիրավորում են ու մեկը մյուսին թուրք հանում, մեղադրում ազգային դավաճանության մեջ, հնարավոր ու անհնար բոլոր մեղքերում ու բացի դրանից, բաղձանքով ասում․ «Ախ, թե մի հրաշքով Նժդեհը գար», կամ «Երանի Դավիթ Բեկի ժամանակներին», կամ էլ «Տիգրան Մեծի ժամանակով կարգին ազգ էինք, հո էս օրին չէինք»։ Բայց դրանով քչերն են զբաղված ու այն էլ հուսահատական գծերով արտահայտված։ Մեծ մասը շարունակաբար պայքար է մղում իր հակառակորդ անհատի կամ խմբավորման մեջ ու գալիս այն կարծիքին, որ մեզ նժդեհներ, դավիթ բեկեր կամ գոնե տիգրան մեծեր են պետք ու պակասում։
Բայց արդյո՞ք դա այդպես է։
Եկեք հասկանանք։
Լիովին հասկանալի է պատմական հզոր ու ուժեղ կերպարի նկատմամբ կարոտը։ Հասկանալի է նաև, որ մարդիկ հոգնել են այս անկայուն ու անհաստատ վիճակից և երազում են, որ որևէ ուժեղ ձեռք ամեն ինչ կարգավորի։ Բայց մենք դա իրո՞ք ուզում ենք։ Մենք պատրա՞ստ ենք Նժդեհի կամ Տիգրան Մեծի։ Շատերը նաև դառնությամբ հարցնում են իրար, թե նման կերպարներ ունեցած ժողովուրդն ինչպե՞ս այս օրին հասավ, կամ ինչո՞ւ հիմա նժդեհներ չկան։
Նախ և առաջ ինչ որ բան պահանջելուց և մերժելուց առաջ հարկավոր է հասկանալ այդ ինչ որ բանի իրական արժեքն ու նպատակահարմարությունը։ Մենք հիմա զարմանում ենք, թե ինչու հիմա նժդեհներ չեն ծնվում։ Նժդեհ ասելով հարկավոր է հասկանալ ուժեղ ու հզոր կերպար։
Դժբախտաբար մենք չենք հասկանում, որ Գարեգին Նժդեհը, Դավիթ Բեկը, կամ ասենք Տիգրան Մեծը, պատահականության արդյունք չէին։ Նրանք հենց այնպես, օդից չեն հայտնվել ու օդից չեն հայտնվի։ Ժամանակաշրջանն ինքն է ծնում այդ կերպարներին ու ժամանակն էլ պիտի պատրաստ լինի նրանց։ Նժդեհը հայտնվեց երկար տարիների պայքարի, գաղափարական պայթյունի, շիկացման ու հորձանքի ժամանակ; Նժդեհը եկավ, երբ ողջ աշխարհն էր եռում աշխարհասասան հեղափոխություններից ու պատերազմներից, Նժդեհը եկավ, երբ հասարակությունն ու ժողովուրդը փնտրում էր նրան իր պայքարի ու գաղափարի համար։ Նժդեհը հենց այնպես չհայտնվեց, նա եկավ իր ճիշտ ժամանակին, անելու այն, ինչ իրենից բացի ոչ ոք չէր կարող անել։ Ու Նժդեհը միայնակ չեկավ։ Նժդեհյան ժամանակաշրջանում կային ու եղան Թումանյանը, Իսահակյանը, Լևոն Շանթը, Դեմիրճյանը, Դրոն, Սիլիկյանը, Արամ Մանուկյանը, Քաջազնունին, Անդրանիկը, և շատ ու շատ այլ հզոր կերպարներ․․․․․դա ցասման, պայքարի ժամանակաշրջան էր։ Դա գաղափարների վերելքի, կամքի գերլարման ու մեծ նպատակների ժամանակաշրջան էր։ Դա կյանքի ու մահու ժամանակաշրջան էր։ Եթե Րաֆֆին, Նալբանդյանը և այլք այդ ամենի նախակարապետներն ու ու զգուշացնողներն էին, ովքեր ամեն կերպ ջանացին զգուշացնել ու պատրաստել, ապա Նժդեհն ու իր ժամանակակիցներն արդեն միայնակ մրրկահավեր չէին, որ կարող էին լողալ անգամ փոթորկի ժամանակ։ Հենց ինքը փոթորիկն էր գալիս նրանց դեմքով, գաղափարական, պայքարի ու ցասման մի փոթորիկ, որ գալիս էր հին ու փտած, նեխած, մաշված ու փչացած աշխարհն ու կարգերը փշրելու ու ոչնչացնելու։ Նրանք գալիս էին նորացնելու, ստեղծելու, ստիպելու, ազատելու։ Նրանք գալիս էին բերելով նոր ժամանակներ ու նոր աշխարհներ։ Նրանք իրենց հետ բերին Սարդարապատը, Բաշ Ապարանը, Վանը, անկախությունը։
Ահա թե ովքեր էին նրանք ու ահա, թե ինչու նրանք եկան։
Ահա թե ում ենք կարոտում ու սպասում, երազում։
Իսկ մենք պատրա՞ստ ենք նրանց։ Մենք արժանի՞ ենք նրանց։ Մենք կարո՞ղ ենք ճանաչել նրանց ու ի վերջո՝ մենք ուզո՞ւմ ենք, որ նրանք գան։ Ասելը մի բան է, անելը՝ մեկ այլ բան։
Ենթադրենք որևէ հրաշքով Նժդեհը հարություն է առել ու հայտնվել մեր օրերում։ Ու ենթադրենք, որ նա հաղթահարել է ժամանակային անոմալիան ու պատրաստ է աշխատելու ու գործելու։ Ի՞նչ ենք անելու այդ ժամանակ։ Մենք ընդունելո՞ւ ենք նրան, ենթարկվելո՞ւ ենք, հասկանալո՞ւ ենք։ Սա հարց է մեր իրական էությանն ու ժամանակին, հոգեբանությանը։ Մենք պատրա՞ստ ենք անառարկելիորեն ենթարկվելու ու գործելու։ Որովհետև Նժդեհն ինչ որ ճղճղան պատգամավոր, կամ կիսագողական լեքսիկոնով մեկը չէր, որ ֆեյսբուքյան լայվերով հայհոյեր կամ ճչար իր իրավուքների, ԵԱՀԿ-ի, մարդու իրավուքների ու մնացածի մասին։ Նժդեհը խիստ էր ու նրան ենթարկվում էին առանց առարկելու։ Էլ չասած Դավիթ Բեկի մասին, ով գլխատում էր տատանվողներին ու վախկոտներին։ Ավելորդ է անգամ մտածել Տիգրան Մեծի մասին։ Տիգրան Մեծը կարծում եք կհանդուրժե՞ր այս ողջ խայտառակությունը։ Տիգրան Մեծը արքայից-արքա էր, բոլորի կայսրը, գրեթե կիսաստված։
Եվ ասացեք, մի՞թե մենք իրոք ուզում ենք ու պատրաստ ենք այս հզորներին։ Մենք, որ առանց ֆեյսբուքի ու ինսթագրամի ապրել չենք կարողանում, մենք, որ օնլայն հայհոյում ենք մեր հակառակորդներին, որ նամակները նկարում ենք, որ շանտաժ անենք, որ փողոցում աղբ չթափելն անգամ չենք կարող։ Մենք, որ չենք ենթարկվում ոչ մի օրենքի, մենք, որ ազգի մեծ մասին պատրաստ ենք անասուն ասել ու սեռական հայհոյանքներ տալ, որովհետև մեզ հետ համաձայն չեն։ Մենք, որ ստիպված մոտիվացիոն գիրք ենք կարդում, որ ապրելու իմաստ հասկանանք, կամ պարում ենք թուրքական կլանչոցների տակ ու զուգարանի թղթի արտադրությունն անգամ ճոխություն է թվում։ Մենք, որ արդեն չգիտենք, թե թուրքը մեր հակառակորդն է թե թշնամին, ռուսը մեր բարեկամն է, թե դաշնակիցը։ Ու էլի հարյուրավոր նման խնդիրներ, որոնք մեզ անհատական ուժեղ կերպարից վերածում են կենցաղային, ճղճղան, մանրախնդիր մի անորոշ զանգվածի։
Եվ մի՞թե կարծում եք, թե մենք հիմա ի վիճակի ենք Նժդեհ ու Դավիթ Բեկ ծնելու։ Ինչպե՞ս կարող է ծնվել ազգային գաղափարադիր առաջնորդ, երբ խորհրդարան են անցնում մարդիկ, ովքեր միայն աշխատավարձ են ստանում, կամ գեներալները զբաղվում են բիզնեսով, իսկ երկրի առաջնորդները միմյանց հայհոյում են ու իրար դավաճան հանում, որովհետև․․․․էլ ինչ որովհետև, այսքանը քի՞չ է։
Ոմանք գուցե չհամաձայնվեն ու ասեն, որ անկախ պարտությունից մենք ունեցանք հազարավոր հերոսներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Այո, իհարկե։ Բայց ինչու այդ երեխաները սպանվեցին իրենց քնի մեջ, այրվեցին բազմապատիկ ուժից՝ պետության թուլության, թալանի, արհամարական վերաբերմունքի ու էլի տասնյակ նման պատճառների հետևանքով։ Մի՞թե Տիգրան Մեծի բանակը զիջում էր իր սպառազինությամբ ու հնարավորություններով որևէ մեկին։ Մի՞թե Տիգրան Մեծի զորավարը հրաժարական կտար ու կհայտարարեր, որ արքայից-արքան հոգեկան հիվանդ է, իսկ իշխանները ցույց կանեին մայրաքաղաքում ու արտահերթ թագավոր կպահանջեին։ Նույնիսկ ծիծաղելի է դա պատկերացնել։ Իսկ ասենք Հալիձորի ճակատամարտից հետո մելիքները հայտարարեին, որ Դավիթ Բեկը դրածո է ու եկել է մեզ քանդելու։ Կամ էլ ասենք Նժդեհին իր հարյուրապետերը առաջարկեին չկրակել բոլշևիկների ու թուրքերի վրա, որովհետև դա կդիտվի պրովոկացիա, և կսկսվի մեկ այլ բան, որը այսպես, իսկ հետո այնպես․․․․
Հասկանո՞ւմ եք մեր դրության ողջ թշվառությունն ու ողորմելիությունը։ Մենք չոքած ենք և՛ բարոյապես, և՛ հոգեպես։
Իսկ հիմա գանք իրականություն։ Մի՞թե հիմա խելացի, գաղափարական , ուժեղ մարդիկ չկան։ Մի՞թե հիմա չկան մարդիկ, որոնք առաջարկում են, պահանջում են, ասում են այն ամենը, ինչի համար իբրև անհանգստանում ու մտածում ենք բոլորս։ Իսկ ինչո՞ւ նրանց լսող ու օգնող չկա։ Ու եթե մենք անգամ ի վիճակի չենք օգնել որևէ ազգային մտքի ու գաղափարի, լսել իրար կամ փորձել հասկանալ, էլ ինչպե՞ս կարող ենք Նժդեհ ու Տիգրան Մեծ պահանջել։ Պահանջել ումի՞ց։ Իրարի՞ց։ Իսկ ինչ, եթե Նժդեհը ռեինկարնացիայի արդյունքոմ վերափոխված եկել և փորձում է աշխատել ու առաջարկել, բայց նրան ասում են զոմբի, ստրուկ, պիցցա, սորոսական ուհայհոյում են ու վերջ։
Ասացեք խնդրեմ։ Մեզ իրո՞ք Նժդեհ պետք է։ Մենք իրո՞ք ուզում ենք, որ Նժդեհ գա։ մենք կճանաչե՞նք, կընդունե՞նք, կդիմանա՞նք։
Ու եթե մենք իրոք ուզում ենք, որ նրանք գան, ինչո՞ւ ոչինչ չենք արել ու չենք նախապատրաստել նրանց գալու համար։
Նրանք առայժմ չեն գա։ Դժբախտաբար չեն գա, որովհետև մենք չենք ուզում։ Նրանք այսօր անելիք չունեն։
Իսկ եթե գան, նրանք չեն առաջարկելու, չեն հարցնելու կամ համոզելու։ Նրանք գործելու են, իսկ մենք՝ ենթարկվենք։
Երանի այդ օրվան, երբ նրանք նորից կգան, երանի, երիցս երանի։ Երանի, երբ հայերը նորից միասնաբար պայքարի կելնեն սեփական չարյաց արմատի դեմ, երիցս երանի։
Իսկ մինչ այդ․․․․․
Պարոն Մկրտումեան գտնելով ձեր հոդուածը ճիշտ և բովանդակալից պիտի ուզեի եթէ թոյլ կուտաք պզտիկ բայց շատ կարևոր կետի մը վրայ անդրադարնալ ։ Միթե այսոր մեր հայրենիքի մեջ նոր Նժդեհներ չեք տեսներ իրենց Նժդեհական և հայակենդրոն առաջարկներով….համոզումներով ԱԺԲ ի շարժման կամ ալ կուսակցութեան գործունռութեան մեջը ։ պարզ կարծիկներ կիսելու միտումով կգրեմ և բացարցակ առանց հետին միտքի ։ նախորոք Շնորհակալ եմ եթէ արձագանք գտնե իմ այս փոքր գրարումս։ հարգանգներով Դանիէլ Դանիէլեան Փարիզ։
Շնորհակալություն արձագանքի համար: Հայաստանում այսօր էլ կան բազմաթիվ հայամետ և հայրենամետ մարդիկ, որ ամեն կերպ փորձում են ապրել ու աշխատել հանուն Հայաստանի: Բայց խնդիրները փոխվել են իրենց էությամբ: Նժդեհից հետո մենք ունեցանք խորհրդային ժամանակների 70 ապազգային և անկախությունից հետո 30 լճացման տարիներ: Ժողովրդի մեջ տեղի են ունեցել բազմաթիվ սոցիալ-մշակութային փոփոխություններ, որոնք փոխել են նրա մեջ պատկերացումներ և մոտեցումներ: Հայրենասիրություն ասվածը ամենևին այն չէ, ինչ կար հարյուր տարի առաջ: Այն շարունակեց մնալ ֆիդայական ռոմանտիզմի մակարդակում և փոխական հենվելու նժդեհյան հզոր հիմքի վրա, հայրենասիրությունն իր տեղը զիջեց նախ խորհրդային կենցաղային ռեալիզմին և ապա՝ մեր օրերի գլոբալիզացվախ տեխնոկրատիային: Այս և այլ սոցիոնորմատիվ արժեքների փոփոխությունն է հանգեցրել նրան, որ եթե նույնիսկ Նժդեհն ինքը գա, հայ հասարակությունն առայժմ պատրաստ չէ հասկանալու նրա նման կերպարների խորությունն ու մեծությունը: Այդ իսկ պատճառով էլ Նժդեհին այսօր ոչ միայն չեն ճանաչի, այլև չեն ընդունի: