Ազատ բեմ

Մուրճի ու Մանգաղի Արանքում

Միևնույն մարդուն երկու քաղաքական ուժ է հայհոյում ու մեկը նրան «պիցցայակեր ծախու շուն» է անվանում, իսկ մյուսը՝ «անհայրենիք լափակեր զոմբի թուրք»: Ու վայ նրան, ով հայտնվում է այս «մուրճի» ու «մանգաղի» պայքարի արանքում: Նրան քիչ է մնում խաչեն:

Արայիկ Մկրտումյան

Հայաստանում դեռևս կրքերը չեն հանդարտվում: Բնական է: Մենք կորցրել ենք Արցախի Հանրապետության մոտ 75 տոկոսը: Դա այն խնդիրներից չէ, որ երկու օրում մոռացվի: Մենք նաև կորցրել ենք մեր հազարավոր եղբայրների: Կրկնակի ցավ է: Մենք դեռ ցավում ենք հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար, կորցրած հողերի համար: Չենք կարող մոռանալ մի բան, որ տեղի ունեցել ընդամենը մի քանի տարի առաջ ու հիմա հայկական իրականությունը շփոթված է, տագնապած: Օրն ու օդը լի է անորոշությամբ: Ու անընդհատ մեղադրանքներ են հայրենիքը ծախելու մեջ: Ընդ որում բոլորը մեղադրում են բոլորին: Ստացվում է, որ բոլո՞րս ենք դավաճան:

Իսկ ո՞ւմ են ծախել, ո՞ւմ են դավաճանել: Ծախել ու դավաճանել են հայ ժողովրդին: Ոչ միայն  Արցախին, ոչ միայն ՀՀ-ին կամ խրամատում ողջ ողջ այրված 18 ամյա երեխային: Դավաճանել են միանգամից բոլորիս ու հայրենիքին՝ հային:

Մենք հավանաբար այդպես էլ կոնկրետ անուն չենք իմանա, թե ով ծախեց: Դե հա, ԱԱԾ-ն դեռ կշարունակի բացահայտել պաշտոնյաների, որոնք գումարի դիմաց դավաճանություն են գործել, բայց հիմա խոսքը դրա մասին չէ: Հիմա դավաճան ասում են հասարակ մարդուն: Հատկապես նախ ու հետ ընտրական էտապում:

«Դավաճան» ու «ծախու» անվանում են հասարակ մարդուն, որովհետև նա ձայն չի տվել իրենց թեկնածուին:

Լավ, եթե նա դավաճան է, ապա ո՞ւմ է դավաճանել:

Այդ հասարակ մարդկանցից շատերը մի կերպ ապրում են օրավարձով, ամսական 80-100 հազար դրամ չնչին աշխատավորձով, խրված են պարտքերի ու վարկերի մեջ: Այդ «դավաճաններից» շատերը չեն կարողանում 20 հազար դրամով շոր կամ կոշիկ գնել, իսկ ընդմիջումներին էժանագին երշիկ են ուտում, որ փողը հերիքի մինչև մյուս ամիս ու այդպես շարունակ:

Նրանց մեջ կան բազմաթիվ քաղցածներ ու անտուններ: Տարիքով, կյանքի հարվածներից կոտրված, որ ողջ տարին հագնում են միևնույն հնամաշ պիջակը և անձեռոցիկ վաճառում:

Նրանց մեջ կան բազմաթիվ, առողջական ամենալուրջ խնդիրներով մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչպես գումար ճարեն օրվա դեղը հասցնելու համար, ու նույնիսկ դեղ ունեցած ժամանակ ցավն անտանելի է, իսկ առանց դրա՝ ուղղակի անհնար:

Նրանց մեջ շատ են տարիքով մարդիկ, ովքեր իրենց կյանքը խորհրդային շրջանում քիչ թե շատ ապահով են ապրել, իսկ այսօր ստիպված են հաց մուրալ, կամ մնացել են խղճուկ կենսաթոշակների ու բարեկամների հույսին ու նրանց ծաղրում են «զարգացած» երիտասարդները, որ նրանք դարքնեթից այնպես լավ չեն հասկանում, ինչպես իրենք:

Նրանց մեջ շատ շատ են միջին տարիքի մարդիկ, ովքեր արդեն բարկացած, հուզված ու զզված են տասնամյակների խնդիրներից: Մարդիկ, որոնց մի կողմից կյանքն է հարվածել, մյուս կողմից «լավտղությունն» ու կաշառակեր համակարգի զզվելի վերաբերմունքը: Նրանք աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ, շատերը կորցրել են իրենց հարազատներին պատերազմում, ով էլ հարազատ չի կորցրել, կորցրել է իր հավատն ու հույսը վաղվա նկատմամբ:

Այդ մարդիկ արդեն մինչև կոկորդները կուշտ են քաղաքականությունից էլ, Ացախից էլ, ամեն-ամեն ինչից: Նրանք միայն մի բան են ուզում՝ խաղաղություն ու աշխատանք:  Նրանցից շատերը բավարարվում են անգամ նրանով, որ գոնե մեկ երկու օր կուշտ քնեն կամ այդ ամիս չանհանգստանան էլեկտրաէներգիայի ու գազի վարձի համար:

Նրանց մեջ են ուսանողներ, որ չգիտեն, թե ինչպես վարձ վճարեն, գիտնականներ, որ չգիտեն, թե ինչպես ապրեն մինչև հաջորդ ամիս, գրողներ, որ արցունքներն աչքերին, զայրույթից կարմրած դեն են նետում իրենց գրածները, որովհետև միջոց չկա տեղ հասցնելու:

Նրանց մեջ են այն մարդիկ, ովքեր երազանքով նայում են Տիգրան Մեծի քարտեզին ու կիսաձայն աղոթում, որ մի հրաշքով Հայաստանը նորից ոտքի կանգնի:

Այս բոլոր մարդիկ այնքան մեղմ ու համեստ պահանջներ ունեն կյանքից, որ դավաճանության չեն ձգում: Այդ մարդիկ չեն դավաճանել, չեն ծախել, բայց ստիպված են վճարել:

Վճարել ամեն ինչի համար ու բոլորի փոխարեն: Վճարել կյանքով, առողջությամբ, հարկերով, վիրավորանքներ կուլ տալով: Վճարել պատերազմում զոհվելով, հաշմանդամ դառնալով, հարազատին կորցնելով: Իրենց խեղճ աշխատավարձներից հարկեր վճարելով, որ պետությունն ապրի ու վճարել՝ հենց ապրելով: Նրանց ապրելն անգամ վճար է մյուսներին ապահովելու համար:

Ու նրանք դեռևս փորձում են ապրել: Փորձում են տորթ թխել ու ուրախանալ, որ իրենք ողջ են մնացել:

Ու հանկարծ քաղաքական ուժերը կեղտաջուր են լցնում գլխներին, հայհոյում ամենավերջին բառերով, մեղադրում ամենածանր հանցագործությունների մեջ ու արհամարանքով ավելացնում, որ «էս տեսակ անասուններն արժանի չեն պետության ու անկախության»: Միևնույն մարդուն երկու քաղաքական ուժ է հայհոյում ու մեկը նրան «պիցցայակեր ծախու շուն» է անվանում, իսկ մյուսը՝ «անհայրենիք լափակեր զոմբի թուրք»: Ու վայ նրան, ով հայտնվում է այս «մուրճի» ու  «մանգաղի» պայքարի արանքում: Նրան քիչ է մնում խաչեն:

Ասե՛ք, այս մարդիկ դավաճա՞ն են: Դավաճա՞ն են, որ Արցախին գումար են նվիրել, բայց հարստացել է  ինչ որ պաշտոնյա: Դավաճա՞ն են, որ չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել: Դավաճա՞ն են, որ ո՛չ մադրիդյան սկզբունքներից բան հասկացան, ո՛չ Կազանի փաստաթղթից, բայց զոհվեցին ու վիրավորվեցին այդ որոշումների ու փաստաթղթերի արդյունքում ու հետևանքով: Դավաճա՞ն են, որ ծնվեցին հետպատերազմյան աղքատ երկրում ու մնացին թերասնման, անգրագիտության ու հանցավոր տրամադրությունների տակ: Նայե՛ք 90-ականների սերնդին: Ինչո՞ւ է նրանց մեծ մասը փոքրահասակ, սովորականից նիհար ու անառողջ: Իսկ ես կասեմ: Այդպես են, որովհետև մնացին վատ սննդի, չջեռուցվող դպրոցի, կարկատած շորերի մեջ: Իսկ մեծանալուց հետո, ով որ չզոհվեց քառօրյայի կամ 2020թ պատերազմի ժամանակ, հանկարծ լսեցին, որ դավաճանել են: Ի սեր Աստծո, դուք ձեզ գոնե լսո՞ւմ եք:

Դավաճա՞ն են, որ մեծացան չքավորության մեջ ու կյանքն այնպես կատաղեցրեց, որ մի կտոր հացի համար հազար տեսակ խաբեության գնացին, որովհետև ծնված օրից միայն դա տեսան ու լսեցին: Դավաճա՞ն են, որ իրենց ուսուցիչը ապրելու գումար չունենալու պատճառով սկսեց կաշառք վերցնել ու իրենցից շատերը ստացան ցածր գնահատականներ ու չարացան դպրոցի ու ուսման հանդեպ պատանի տարիքում: Դավաճա՞ն են, որ հեռուստացույցով միայն էրոտիկ քրեական սերիալներ ու ֆիլմեր տեսան, ապազգային խոսքեր, անգրագետ հաղորդավարներ ու չիմացան, թե ով է Նժդեհը, կամ ինչ է նշանակում «տարոնականություն»: Դավաճա՞ն են, որ ծառայեցին բանակում, բայց երկու տարի շարունակ սրա-նրա հագուստն էին լվանում, հատակ մաքրում, սպաների այգիներում ու դաշտերում աշխատում որպես ձրի բանվոր, թե դավաճան են, որ բնությունն իրենց գեղեցիկ արտաքին չի պարգևել ու այսօր ինչ որ ջահել մեծախոս նրանց կարող է ամենաստոր կերպով ծաղրել ու ասել, որ նման արտաքին ունեցողը չի կարող մարդ լինել: Փողոցներում օրը մի քանի հազար դրամով չարքաշ բանվորություն անողին արդեն հետաքրքիր էլ չեն ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը: Նա գիտե, որ  ով որտեղ տապալվի, միևնույն է՝ իրեն են սխալ հանելու ու ինքն է պատասխան տալու  քաղաքական «ամենագետների» տապալումների համար:

Կամ ներկայիս դեռահասը դավաճա՞ն է, որ դեռ չափահաս չի դարձել, բայց հայտնվեց «մուրճի» ու «մանգաղի» արանքում ու նրա քթին դեմ արին իրենց «ճշմարտությունները»:

Ասացե՛ք: Որտեղի՞ց է սկսվում դավաճանությունը:

Հստակ կարող եմ ասել միայն, որ դավաճանել են այդ բոլոր մարդկանց ու ստիպել են, որ նրանք մարսեն ամեն ինչ: Միշտ: Անընդհատ:

Ժողովրդի մի մասը եռաբլուրում է, մի մասը՝ սգի մեջ:

Հանգիստ թողեք հասարակ մարդուն: Նրա միակ «մեղքը» հասարակ մարդ լինելն է:

    

One Response to “Մուրճի ու Մանգաղի Արանքում”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *