Հայաստան

Կուսակցական Դժոխք

Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն։ Իսկ Հայաստանում, ըստ էության, ավերված ու կազմաքանդված բազմակուսակցականություն է:

Արայիկ Մկրտումյան

Հայաստանոմ, ինչպես արդեն բոլորս գիտենք, կան  հարյուրից ավել կուսակցություններ: Խայտաբղետ այս կույտը, որն ավելի շատ հարձակման ենթարկված մեղվի փեթակ է հիշեցնում, քան թե քաղաքական դաշտ, ամբողջովին ավերել է ՀՀ քաղաքական գործընթացներն ու արժեզրկել թե՛ կուսակցություն ասվածը, թե՛ քաղաքականություն կոչվածը:

Իրականում, այն ինչ կոչվում է կուսակցություն, լրիվ այլ բան է, քան այն ինչ կա Հայաստանում: Կուսակցությունները, որ մեծ մասամբ Հայաստանում դիտվում են պատվիրատու ջուր պղտորողներ, պաշտոնամոլներ և ծաղրի են արժանանում, ունեն լրիվ այլ առաքելություն, քան իրար հետ պարզունակ կռիվներն ու անդեմ պահվածքը:

Եկեք հասկանանք, թե ինչ են իրենցից ներկայացնում կուսակցությունները, որ  Հայաստանում դրանք այդքան շատ են:

Կուսակցություննե կային դեռևս հին ժամանակներում: Հին ասելով նկատի ունեմ իրոք հին, ոչ թե երեք չորս տարի, որովհետև Հայաստանում մեկ էլ կտեսնես մի քանի տարվա կուսակցություն, որն իրեն համարում է հայոց ազգի հիմնադիր(սա ի միջի այլոց): Կուսակցություններ կային օրինակ հին Հունաստանում, Հռոմում: Իհարկե ոչ դասական առումով: Այդ հին ժամանակների կուսակցություններն իրենցից ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն: Օրինակ անտիկ Հռոմում իշխանության համար պայքարում էին երեք խմբավորումներ՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի ու Լուկուլլոսի գլխավորությամբ, որոնց հետո փոխարինեցին Օգտավիանոսի, Կրասոսի ու Անտոնիոսի խմբավորումները: Հռոմում դրանից առաջ իշխանության համար պայքարում էին Դրակքոնները, Բրուտները, Սկիպիոնները և այլք:

Սա կուսակցությունների վաղ փուլն է:

Միջնադարում կուսակցությունների դերն իրենց վրա վերցրին թագավորն ու խոշոր և մանր ազնվական տոհմերը, որոնց հիմնական նպատակը իշխանության տիրանալն էր: Այս շրջանում ևս նրանք դեռևս այն կուսակցությունները չէին, ինչ հասկանում ենք հիմա: Սկզբունքն էր նույնը՝ խմբավորումների պայքար՝ հանուն իշխանության:

Միջնադարում նաև հայտնվեցին առաջին գաղափարական, նեղ ուղղվածության խմբավորումները, որոնք թեև իշխանության համար պայքար չմղեցին, բայց հասարակության մեջ սկսեց արմատավորվել առանձին խմբի, խմբակցության, ըստ դրա նաև գաղափարախոսության կուտակումը: Դրա լավագույն օրինակները Եվրոպայում գործող ասպետական ռազմավանական միաբանություններն էին՝ օրինակ տաճարականները(տամպլիեր), հիվանդախնամները(հոսպիտալիերներ), տևտոնականները և այլն: Այդ միաբանությունները միաժամանակ նաև կատարում էին ներկայումս շատ տարածված հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնությունների դեր, թեև այն ժամանակ նրանք ունեին հսկայական ազդեցություն ու իրավասություններ:

Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից: Կուսակցությունների ամբողջական փուլերն անցել են Անգլիայի պահպանողականներն ու լիբերալները:

Առաջին մասսայական կուսակցությունը հայտնվել է 1861թ.:

Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին, երբ ստեղծվեցին հայկական առաջին կուսակցությունները՝ Արմենակյանները, Հնչակյաններն ու Դաշնակցությունը:

Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցություններն իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։

Պատմական առումով այսքանը, իսկ ժամանակակից կուսակցական համակարգերի մասին խոսելիս պետք է նաև հստակորեն ընդգծել նրանց տիպաբանությունն ու համակարգերը, քանի, որ դրանք են այն հիմնական տարբերակիչներն ու բնութագրիչները, որոնցով առանձնանում են ժամանակակից կուսակցություները:

Կուսակցության գլխավոր տարբերակիչ չափանիշը գաղափարախոսությունն է:

Հիմնականում առանձնացել են հետևյալները՝

  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական:

Կուսակցությունների տարբերման հաջորդ չափանիշը գործելաոճն է:

Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ, կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը։

Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացիա ստեղծելու նպատակով։

Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես։ Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ։ Սրանք առավել հաճախ ձևավորում էին կոալիցիոն կառավարություն։

Կուսակցական հաջորդ չափանիշը կազմակերպական կառուցվածքն է: Դրանցում տարբերակվում են կադրային կամ զանգվածային:

Կադրային կուսակցությունները, որպես կանոն, ունեն ներքին կուսակցական թույլ օղակներ, անդամակցության բավականաչափ հեշտացված ընթացակարգ։ Կադրային կուսակցություններում հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են նվիրատվությունների և բարեգործական հատկացումների հաշվին։ Այստեղ կուսակցական վերնախավի որոշումները պարտադիր չեն կուսակցության բոլոր անդամների համար։

Ի հակադրություն կադրայինների՝ մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են։ Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով։ Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ։ Մասսայական կուսակցությունների հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են անդամավճարների հաշվին։ Այստեղ գործում է կուսակցության անդամակցության բարդ համակարգ, բարձր կուսակցական կարգապահություն, կուսակցական կոպուսի (վերնախավ) որոշումները պարտադիր են կատարման բոլոր անդամների համար։ Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները։

Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է։

Սա ավելի պարզ համակարգ է ու կուսակցությունները բաժանվում են երեք հիմնական խմբի՝

Աջեր, ձախեր, կենտրոնամետներ կամ ցենտրիստներ:

Աջերը իշխանամետներն են, ձախերը՝ ընդդիմադիրները, իսկ կենտրոնամետներն ավելի շատ փորձում են նեյտրալ-դրական և մեծ հաշվով չեզոք դիրք ընդունել:

Այս ամենի տրամաբանական շարունակությունն այն է, որ կուսակցությունների առկայությունն ինքնին պարտադրում է ունենալ կուսակցական համակարգ: Կուսակցական կառավարման առումով համակարգերը լինում են երեք տեսակ՝

  • Միակուսակցական
  • Երկկուսակցական
  • Բազմակուսակցական:

Սրանցից ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները:

Բայց կան էական տարբերություններ: Երբ ասում եմ կուսակցական համակարգ, նկատի ունեմ ոչ թե կուսակցությունների թվաքանակը, այլ պետական իշխանության ձևավորման գործում կուսակցությունների մասնակցության չափը։ Այսինքն կարևոր չէ, որ երկրում լինի մի քանի հարյուր կամ հազար կուսակցություններ, այլ կարևոր է, թե դրանցից քանիսն իրականում գոյություն ունեն, այսինքն գործընթացի մեջ են:

Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է մեկ կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները։  Սկզբունքորեն կարող են գործել նաև այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը։ Միակուսակցական համակարգի դասական օրինակներ է ԽՍՀՄ-ը, ժամանակակից Չինաստանը, Կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը։ Այդ համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի), ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ։ Բայց միակուսակցական համակարգի բացասական հետևանքներն էլ ավելի վատն են մասնավորապես, քաղաքական այլընտրանքների բացակայությունը, որի դեպքում հնարավոր չէ մշակել քաղաքական զարգացման այլընտրանքային սցենարներ։ Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության թուլացման, որից համակարգը կարող է հայտնվել ստագնացիայի կամ լճացման մեջ։ Մյուս կարևոր թերությունն այն է, որ պետական կուսակցական բյուրոկրատիան սերտաճում է միմյանց հետ, ինչը նույնպես խանգարում է երկիրը արդյունավետ կառավարելու գործում։ 

Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին։ Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

Այստեղ, բացի 2 հզոր կուսակցություններից գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ ևս, որոնք իրենց ակտիվությունը պարբերաբար ցուցաբերում են տեղական մակարդակում, բայց համապետական քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն։ Երկկուսակցական համակարգի առավելություններից է այն, որ այստեղ քաղաքական ուժերը կարողանում են ձևավորել մրցակցային դաշտ և հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագրեր։ Երկկուսակցական համակարգի դեպքում կուսակցությունները պարբերաբար փոխարինում են միմյանց իշխանության ղեկին։ Մեկի հաղթելու դեպքում, մյուսը դառնում է ընդդիմություն։ Այս համակարգերում ընդդիմության դերակատարումը շատ բարձր է, որովհետև այն իրենից ներկայացնում է կառավարող կուսակցության ռեալ այլընտրանք։ Երկկուսակցական համակարգը ևս ունի իրեն բնորոշ թերությունները։

Թույլ են ներկայացված փոքրամասնության տեսակետները և շահերի արտահայտման տեսանկյունից սոցիալական տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղաքական տեսադաշտից։ Բացի այդ, երկկուսակցական համակարգի պարագայում որոշակի քաղաքական իրավիճակներում ձևավորվում են արմատական-ծայրահեղական մոտեցումները, ամեն ինչ սևի և սպիտակի մեջ ներկայացնելու միտումները, ինչը իր հերթին հասարակությունում առաջացնում է պառակտում 2 հակադիր ճամբարների միջև։

Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է։ Հայաստանում օրինակ բազմակուսակցական համակարգ է: Գոնե պաշտոնապես:  Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները։ Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն։ Իսկ Հայաստանում, ըստ էության, ավերված ու կազմաքանդված բազմակուսակցականություն է:

Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն։ Այս դեպքում մի քանի քաղաքական կուսակցություններ կոալիցիոն սկզբունքներով կարող են ձևավորել կառավարություն, և միմյանց միջև կիսել քաղաքական պատասխանատվությունը։ Դեմոկրատական կառավարման տեսանկյունից բազմակուսակցական համակարգը ավելի ընդունելի է, քանի որ այն թույլ է տալիս հասարակական ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ։ Բազմակուսակցականության հաստատմանը նպաստում է նաև երկրում գործող ընտրական օրենսդրությունը, որը կարող է թույլ տալ փոքր կուսակցություններին ևս ներկայացված լինել խորհրդարանում և գործադիր իշխանության մեջ։

Հիմնական թերությունկարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ։

Կարելի է ասել, որ Հայաստանում կա երեք համակարգերի թերություններն էլ:

Վերլուծելով այս ամենը, մենք կարող ենք ավելի հստակ պատկերացում կազմել կուսակցությունների մասին ու հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մենք կարող ենք նաև սեփական կարծիքը ձևավորել, թե ի վերջո մեզ պե՞տք է այն, ինչ կոչվում է բազմակուսակցական համակարգ, մանավանդ որ Հայաստանում կուսակցությունների մեծ մասն ինքնանպատակ է և ավելի են խորացնում այն թերությունները,որ սկզբունքորեն ունի հենց բազմակուսակցական համակարգը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *