Հայաստան

Իսկ Հետո՞

Մի՞թե 100 տարի հետո գլխավոր քննարկումը լինելու այն, թե Փաշինյանը մուրճ վերցրեց, իսկ Քոչարյանը՝ մանգաղ: Իհարկե ոչ: 100 տարի հետո խոսելու են այն մասին, թե Հայաստանը ինչ կորցրեց, կամ ինչ նվաճեց:

Արայիկ Մկրտումյան

Անընդհատ տեղի են ունենում հարցազրույցներ, հանդիպումներ, քննարկումներ, գրվում են հոդվածներ, արվում են մեկնաբանություններ, թե ի վերջո ինչ պատահահեց:

Այդ հարցը բոլորին է հետաքրքրում: Խոսքն իհարկե արցախյան պատերազմի ու դրա հետևանքների մասին է:

Մի քիչ շատ, մի քիչ քիչ, մարդիկ հարցեր են տալիս ու կիսատ պռատ մեկնաբանում, որ ահա այս պատճառներով պարտվեցինք: Ու ամենից տխուրն այն է, որ այդ քննարկումներն ու մնացածը շատ ցածր մակարդակի վրա են:

Պատերազմից հետո անցնում է արդեն ութերորդ ամիսը, իսկ Հայաստանում ոչ մի հարցի պատասխան դեռևս տրված չէ: Ոչ միայն պատասխան: Նորմալ հարցեր էլ տրված չեն, չեն տրվում: Քաղաքական կուսակցություններն այս ամենը քննարկեցին շատ ցածր մակարդակով: Արցախում կրած պարտությունը վերածվեց ցածրամակարդակ ներքաղաքական քաշքշուկի: Ոչ ոք այդպես էլ հարցը ազգային ու պետական մակարդակով չդրեց: Ես դեռևս պատերազմից երեք շաբաթ հետո սպասում էի, որ ահա բոլոր ինստիտուտներն իրենց մասնագիտական ուղղվածության վերլուծական թեզերն ու կառավարման հետագա առաջարկներ կներկայացնեն: Հայագետները, պատմաբանները, տնտեսագետները, կառավարման ոլորտի մասնագետները, քաղաքագետներն ու միջազգայնագետները: Սպասում էի, որ ահա ԳԱԱ-ն մի շարք թեզեր կներկայացնի պետությանն ու հանրությանը, կուսակցություններն անմիջապես խորը և ռացիոնալ, չոր վերլուծություններ կանեն: Առաջին հերթին կկանխվի ներքաղաքական անխուսափելի ճգնաժամը, իսկ դրանից հետո բոլորով ձեռնամուխ կլինեն հետագա հարցերի կարգավորմանը:

Բայց ոչ, ամենևին էլ այդպես չեղավ, ոչ ոք ոչ մի թեզ ու վերլուծություն չառաջարկեց, ԳԱԱ-ն բավարարվեց հրաժարական պահանջելով, կուսակցություններն էլ միակ բանը որ առաջարկում էին Փաշինյանի ու իր թիմի հեռացումն էր: Ազգային համաձայնություն չեղավ, իսկ այս ութ ամսում ամեն ինչ խորացվեց էլ ավելի ահավոր աստճանի ու մակարդակի:

Ազգային ու պետական կարևորության հարցը իջեցվեց քաղաքական, կուսակցական մակարդակի ու պայքար տարվեց միայն մի բանի համար՝ իշխանության: Ներկաները մեղադրեցին նախկիններին, նախկինները՝ ներկաներին ու այդպես էլ մնաց: Իսկ Տեղի ունեցավ ընտրություններ, որի ընթացքում մարդիկ ընտրեցին մերժման սկզբունքով ու քաղաքական դաշտում հիմա զարմանալի լռություն է տիրում:

Հայաստանում մի այնպիսի անհոգություն է, որ կարելի է կարծել, թե մենք ոչ թե Արցախի 75 տոկոսն ենք կորցրել, հազարավոր զոհեր տվել, այլ ընդամենը մի փոքր ու ոչ կարևոր խնդիր է եղել, դե ոչինչ կմոռացվի: Փոխանակ մեղվի փեթակի նման եռար, դատարկ ափսեի նման լուռ է:

Չնայած լռությունից առաջ եղած աղմուկն էլ բանի պետք չէր: Հայհոյանքից ու մեղադրանքից բացի՝ ոչինչ չկար: Ընդդիմությունը, որ պահանջում էր  րոպե առաջ ազատվել հողատու կապիտուլյանտից, հանգիստ մասնակցեց ընտրություններին, ստացավ իր բաժին մանդատները ու վերջ: Առայժմ միայն հայտարարում են, որ այս նոր խորհրդարանին օր ու արև չեն տալու, իսկ մյուս հարցերի մասին խոսող չկա էլ, բացառությամբ հատ ու կենտ մարդկանց:

Հայաստանում ընդդիմությունը կատարեց նույն սխալը, ինչ որ 2018թ, երբ Հայաստանի ամբողջ խնդիրները մարմնավորվեցին «Մերժիր Սերժին» նախադասության մեջ: Սերժ Սարգսյանը ընդունվեց որպես բացարձակ չարիք ու նրան մերժեցին: Սերժը գնաց, բայց խնդիրները հո մնացին: Եկավ Փաշինյանը, եղավ կորոնա, պատերազմ ու ընդդիմությունն առաջարկեց հիմա էլ մերժել Նիկոլին:

Մարդիկ կարծես չուզեցին հասկանալ, որ Սերժին մերժելով ոչ մի խնդիր չլուծվեց ու Նիկոլին մերժելով էլ ոչ մի խնդիր չի լուծվելու: Նկատի ունեմ, որ եթե քաղաքական ողջ պայքարը տարվում է միայն մի կենտ մարդու հեռացնելու համար, դա ձախողված պայքար է: Փաշինյանն ինքը ձախողվեց, որովհետև ամեն ինչ գնաց միայն Սերժին մերժելու ճանապարհով ու հենց այդտեղ էլ ավարտվեց ողջ հեղափոխությունը: Փաշինյանը երկրում ձևավորեց պաշտոնական իշխանություն ու չկարողացավ լուծել դատարանների հարցը: Երկրում, ըստ էության, կար ու կա երկիշխանություն: Նախկիններն ունեն հսկայաան ռեսուրս, Փաշինյանը՝ օրինական մանդատ: ԱԱԾ-ն ձերբակալում է, դատարանն ազատ է արձակում: Եվ այդպես անցավ երեք տարի: Երեք տարի մենք կորցրինք ոչ մի բանի վրա, խոշոր հաշվով: Ասֆալտն ու մի քանի կոռուպցիոների ձերբակալությունները չհաշված:

Մենք այնքան տարվեցինք ընտրություններով, որ կարծես մոռացանք Արցախն էլ, Սյունիքն էլ, մնացած ամեն ինչն էլ:

Ասենք, թե Փաշինյանին մերժեին, ի՞նչ էր լինելու հետո: Ադրբեջանցիները հե՞տ էին քաշվելու սահմաններից, դեմարկացիա չէ՞ր լինելու: Նույնիսկ ստատուս քվոն չի փոխվել: Այսինքն այլևս չկա էլ, որ ինչ որ բան փոխվի:

Հենց սա նկատի ունեմ, երբ խոսում եմ մեր հասարակության իռացիոնալության մասին: Խնդիրները չեն ավարտվել ու չեն ավարտվի, քանի դեռ մենք մեր խնդիրները տեսնում ենք միայն մեկ մարդու մեջ: Քանի դեռ մենք չենք կարողանում հասկանալ, որ այս բոլոր հարցերը ոչ թե մեկ մարդու անձնական խնդիրներն են այլ ազգային, հասարակական ու պետական, մեր վիճակը միշտ մնալու է վատ ու գնալով վատանալու է: 

Ութերորդ ամիսն է ընթանում, բայց հասարակության մեջ կոնսենսուս չի առաջացել: Ու դրա հիմնական պատասխանատուներն այստեղ քաղաքական կուսակցություններն են: Նրանք են, որ չկարողացան հասարակությանը քարոզել, որ սա ազգային ու պետական հարց է ու այդ ազգային հարցը վերածեցին կուսակցական մակարդակի հարցերի:

Ու չկա ոչ մի հարցի պատասխան, թե ինչ ենք անելու: Նույնիսկ ճիշտ հարցեր չենք կարողանում տալ, իսկ ժամանակը տեղում չի դոփում: Ի՞նչ ենք անելու, չորս ու կես տարի անց, եթե Ռուսաստանը չկարողանա իր դիրքերն ամրացնի այստեղ ու ադրբեջանցիները պահանջեն, որ նրանք հեռանան:  Ի՞նչ ենք անելու, եթե ռուսները որոշեն մնալ ու ավելի երկար մեկնեն ոտքերը: Ի՞նչ ենք անելու Արցախի ստատուսի հարցով: Ի՞նչ ենք անում դեմարկացիայի հարցով: Մենք դա հասկանո՞ւմ ենք: Լավ ասենք, թե այս պահին մանդատները կիսեցին, իսկ թուրքերին ու ռուսներին ինչպե՞ս ենք պարտադրելու մեր պահանջները:

Ո՞րն է ընդհանրապես մեր հայեցակարգը: Ո՞րն է  մեր նպատակը: Որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որպես պետություն: Ի՞նչ ենք անում: Ի՞նչ ենք ուզում:

Սարսափելին այն է, որ ՀՀ քաղաքական դաշտն ամբողջովին անադեկվատ է:

Ու ավելի սարսափելին այն է, որ հիմա նրանք էլի մեկը մյուսի կոկորդից է բռնել իր քաղաքական հարցերով:

Իսկ այն, որ ազգային, պետական հարցը վերածվել է կուսակցական գզվրտոցի, դա արդեն ոչ միայն վատ է, այլև՝ կործանարար:

Մենք հաջողությամբ վատնեցինք 1994-2018թթ-երը, երբ ոչինչ չարեցինք: Մենք վատնեցինք 2018թ պոտենցիալը, երբ հեղափոխական ալիքը համակարգային փոփոխությունների վերածվելու փոխարեն դարձավ զուտ խորհրդանշական ինչ որ բան:

Մենք հիմա վատնում ենք մեր ապագան: Ու այնքան կարճատեսորեն, ասես մենք եվրոպական որևէ կայուն երկիր ենք, ոչ մի խնդիր չունենք ու կարելի է նաև ներքաղաքական տուրուդմբոցներով զբաղվել:

Քաղաքական կուսակցություններն այսօր քանդում են Հայաստանը:

Մենք համեմատում ենք այսօրվա վիճակը 100 տարի առաջվա վիճակի հետ: Բայց համեմատություններն անում ենք այսպես ասած խոշոր պլանով, որտեղ Հայաստանը կորցրեց, Հայաստանն ունեցավ, Հայաստանին կողմ էր, Հայաստանին դեմ էր: Այսինքն հասկանում ենք, որ Հայաստանն էր գլխավորն ու կարևորը: Այն ժամանակ էլ կային իհարկե բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին արդեն չենք էլ հիշում:

Մի՞թե 100 տարի հետո գլխավոր քննարկումը լինելու այն, թե Փաշինյանը մուրճ վերցրեց, իսկ Քոչարյանը՝ մանգաղ: Իհարկե ոչ: 100 տարի հետո խոսելու են այն մասին, թե Հայաստանը ինչ կորցրեց, կամ ինչ նվաճեց:

Մենք այնքան ենք մանրացել որ ծանծաղացել, որ կարևորը մի կողմ թողած զբաղված ենք մանրախնդիր ու չարամիտ բամբասանքով: Մենք նույնիսկ հիմա լայքի համար ենք սոց.ցանցերում կռիվ սարքում ու հայհոյում:

Բայց այդ ամենը չի հիշվելու: Այն, ինչ հիմա կատարվում է, այս վեճերը, հայհոյանքները, մուրճը, մանգաղը, սևը, սպիտակը…այս ամենը չի հիշվելու, այս ամենի մասին չեն խոսելու: Խոսելու այն այ մասին, թե Հայաստանն ինչ արեց: Իսկ Հայաստանը՝ մենք ենք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *