Ազատ բեմ

Անեկդոտներ Վարդան Մամիկոնյանի Մասին

Ընդհանրապես ինչ որ ընդգծված արհամարանք ու «հետապնդում» կա հայոց պատմության հզոր ու ուժեղ կերպարների նկատմամբ: Ասես ինչ որ անտեսանելի ձեռք ցանկանում է այնպես անել, որ հայոց պատմության ոչ մի մեծ կերպար մաքուր չմնա:

Արայիկ Մկրտումյան

Ուզում եմ խոսել խիստ տհաճ մի երևույթի, այն է հայ պատմական կերպարների մասին պատմող ծաղրական կամ նվաստացուցիչ անեկդոներ հորինելու ու դրանք տարածելու մասին: Մի բան, որ բավական տարածված է մեր մեջ:

Հաճախ կարող ես հանդիպել ամենատարբեր պատմական կերպարների, ազգային ու մտավորական, ռազմական գործիչների մասին բավական տգեղ անեկդոտների: Դրանք աչքի են ընկնում հիմնականում լկտի և անցենզուր բառապաշարով, համեմված են հայհոյանքներով ու ծաղրում են հենց պատմական կերպարին:

Հարկավոր է հասկանալ տարբերությունները: Ոչ թե հումորային մոտեցում է արվում որևէ իրավիճակի և սրամիտ հանգուցալուծում, ընդ որում պահպանելով ու ընդգծելով այդ կերպարի առավելությունները, այլ նրանց ներկայացնում են ժամանակակից մարդու կենցաղային խնդիրներով, ստոր մտածողությամբ ու ընդգժված հիմարությամբ:

Սա խնդրահարույց է այնքանով, որ այդ անեկդոտները այն մարդկանց մասին են, որոնց ոչ թե պետք է ծաղրել, այլ պաշտել, որոնցով պետք է հպարտանալ:

Ամենատարածվածն իհարկե Վարդան Մամիկոնյանի մասին է, քիչ չեն Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մասին եղածները: Տասնյակ նման անորակ ու էժանագին մանրապատումներ են հնարվում Տիգրան Մեծի, Րաֆֆու, Խաչատուր Աբովյանի, Նժդեհի մասին:

Որպես պատմաբան ու մշակութային մարդաբան, ես շատ լավ ծանոթ եմ ազգագրական այս ճյուղին ու նաև գործընթացին, թե ինչպես են ստեղծվում անկեդոտները, հեքիաթներն ու մնացած այն բոլոր գործերը, որոնք մեկ կոնկրետ հեղինակ չունեն և համարվում են ժողովրդական բանահյուսություն, բայց նաև ցանկանում եմ ընդգծել, որ ժողովուրդն իր բանահյուսության մեջ ծաղրում է թշնամուն ու բարձրացնում իր հերոսին, ոչ թե իր հերոսին այնպես ծաղրում ու նվաստացում, որ միանգամայն արժեզրկում է նրա կերպարը ավելի քիչ տեղեկացված մարդկանց մոտ:

Դեռ դպրոցական տարիներից հիշում եմ, որ բերնե-բերան տարածվում էր մի զզվելի, հանգավորված «ոտանավոր», որտեղ բացեիբաց հայհոյում էին դպրոց երևույթին, Մաշտոցին, Եղիշե Չարենցին: Թե ով էր այդ նողկանքի հեղինակը՝ պարզ չէ: Բայց այն շատ արագ տարածվեց ու հիմա էլ դեռ կա, թեև իհարկե շատ ավելի քիչ թափով: Հիմա շատ են հանդիպում այդ կերպարների մասին իբրև թե հումորային պատմությունները սկետչերում, հումորային հաղորդումներում ու մոնո-ներկայացումներում:

Ու ընդհանրապես ինչ որ ընդգծված արհամարանք ու «հետապնդում» կա հայոց պատմության հզոր ու ուժեղ կերպարների նկատմամբ: Ասես ինչ որ անտեսանելի ձեռք ցանկանում է այնպես անել, որ հայոց պատմության ոչ մի մեծ կերպար մաքուր չմնա:

Որոշներին կարող է թվալ, թե դա առանձնապես մեծ բան չէ: Ո՞վ չգիտե Տիգրան Մեծի մասին, նրա հզորության մասին և ոչ մի հիմա անեկդոտ չի կարող աղավաղել նրա կերպարը:

Ցավոք կարող է:

Հարցը միայն Տիգրան Մեծը կամ Վարդան Մամիկոնյանը չէ, այլ ընդհանրապես մեր վերբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ: Վարդան Մամիկոնյանի մասին անեկդոտներ լսելիս հանդիպում ես և՛ մեղմ հումորի, և՛ չափ ու սահմանն անցած ծաղրի:

Ես չգիտեմ, թե արդյո՞ք արտասահմանում տարածված է սեփական մեծություններին ծաղրի ենթարկելու պրակտիկան, բայց Հայաստանում դա կա ու շատ վտանգավոր տենդենց է: Հատկապես, երբ պատմական արժեքն ու կերպարը քիչ քիչ իրենց տեղը զիջում են գովազդվող կերպարներին՝ սեքսուալ ու դատարկամիտ աղջկա, հարուստ ու լկտի երիտասարդի:

Մեր հումորային հաղորդումներում հումոր չկա: Այնտեղ հերոսները իրոք զբաղված են վատ բան անելով ու դա ներկայացվում է որպես բարի հումոր: Հարկավոր է հասկանալ հումորի ու ծաղրի տարբերությունները: Հումորը Չարլի Չապլինի ֆիլմերն էին, որում դերասանը կարողանում էր կերտել կերպար ու մարդիկ ծիծաղում էին այդ կերպարի գործողությունների, իրավիճակում հայտնվելու ու դրանից դուրս պրծնելու կարողության վրա: Չապլինի կերպարը զբաղված չէր եղբորից փող գողանալով, հարևան տարեց կնոջը համընդհանուր ծաղրի ենթարկելով: Չապլինի կեպարը չար ու գռեհիկ չէր:

Հիմա ծիծաղում են, ոչ թե դերասանի կողմից կերտած կերպարի ու իրավիճակի, այլ դերասանի ծամածռության վրա: Ու իհարկե ինչքան ավելի վուլգար, այնքան ավելի դիտարժան: Կիսամերկ աղջկա լկտի ակնարկը տղամարդկային կարողությունների մասին ընդունվում է հրճվանքով, իսկ պատմական կերպարի վերլուծությունը՝ «անհավես»:

Անեկդոտներ կան նաև ցեղասպանության մասին, անեկդոտներ կան ցեղասպանությանը զոհ գնացած առանձին մարդկանց մասին:

Լիովին հասկանալի թ, երբ ծաղրում են Ստալինին ու Հիտլերին, կամ նրանց ներկայացնում են հիմար իրավիճակում: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ այդ մանրապատումներում Ստալինը, Հիտլերը, կամ ցանկացած այլ բռնակալ աչքի է ընկնում բթամտությամբ և դաժանությամբ, բայց չի կարողանում իրագործել իր անհեթեթ պլանը: Դա միանգամից էլ երևում է: Իմաստն էլ հենց այն է, որ Ստալինի, Հիտլերի ու նման մարդկանց մասին հումորային մոտեցումներն ունեն նպատակ ցույց տալու այդ կերպարների հիմար ու դաժան լինելը: Ցույց տալ նրանց բացասական լինելը, ծաղրել դաժանությունն ու հիմարությունը:

Սովորաբար այդպես է միշտ լինում: Բռնակալներն իրենց մահից հետո սովորաբար ենթարկվում են ծաղրի ու իրենց արժանի գնահատական ստանում, լինի դա Հիտլերը կամ Ներոնը:

Բայց Նժդե՞հը, Վարդան Մամիկոնյա՞նը, Խաչատուր Աբովյանը կամ Մաշտո՞ցը: Ո՞րն է նրանց մեղքը մարդկության կամ հայ ժողովրդի առաջ, որ իրենց մասին մենք հյուսել ու հյուսում ենք ամենահիմար անեկդոտները:

Սովորաբար անկեդոտներում ծաղրում են բացասական կամ գոնե ոչ դրական մարդկանց, իրավիճակներն ու երևույթները:

Չեմ կարծում, թե Տիգրան Մեծն աչքի է ընկել իր հիմարությամբ, կամ Մաշտոցը՝ սեռաքաղցությամբ: Հասկանո՞ւմ եք խոսքն ինչի մասին է:

Ընդհանրապես հիմա շատ է ծաղրվում հենց անցյալը: Իսկ ամենամեծ ծաղրն ուղղված է հայոց ինքնությանը, որին արհամարական ասում են «հայու գեն»: Հենց խոսքը գնում է ինչ որ անհեթեթության, հիմարության մասին, միանգամից հայտնվում են մարդիկ(ու նրանք քիչ չեն), որ ավելացնում են, թե դա «հայու գենին բնորոշ բան է»: Այդ թեմայով այնքան աղբ կա կուտակված, որ անհնար է հաշվել:

Այդ անեկդոտները միգուց ծիծաղելի են, բայց ունեն իրենց բաժին վնասը: Այն երեխան, որ իր շրջապատում անընդհատ լսում է, որ «հայու գեն» նշանակում է անտրամաբանական, քրտնած, կեղտոտ, 990 տարեկանում միայն ամուսնացող, հետամնաց ու հիմար, հաստագլուխ մեկը, ու դա լսում է զվարճախոսություններով, ապա նրա մոտ շատ հանգիստ կարող է արհամարանք ձևավորվել հենց նույն «հայու գեն»-ի նկատմամբ:

Ծաղրի թիրախում են հատկապես ուսուցիչները, գիտնականները: Հումորային շոուներում անընդհատ հանդիպում ես մանկավարժի կերպարի, ով ոչ միայն անգրագետ է, այլև կաշառակեր և ագահ է: Նա կամ շատ տգեղ է, կամ հագնված է կուրտիզանուհու նման: Հեղինակների կարծիքով երևի շատ զվարճալի է ուսուցչի ներկայացնել նման կերպ ու նաև միաժամանակ ծաղրել տգեղ արտաքինը:

Մի՞թե այս ամենը կարող է նորմալ համարվել:

Հատկապես այս օրերին, երբ մենք այսքան ծանր վիճակում ենք, այսքան թուլացած ու բեկված, մեր պատմության առաքյալներն ու հզորները մեզ պիտի ոգեշնչեն, դառնան օրինակ, սկզբունք ու երազանք, ոչ թե էժանագին անեկդոտի հիմար կերպար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *