սոց ցանց

Ինչո՞ւ Մենք Պարտվեցինք

Արցախը դարձավ հայերի մաշված արժեհամակարգի զոհ։ Այս պարտությունը մեզ ցույց տվեց, որ մեր անցյալը ոչինչ է, եթե անգամ արժանապատիվ ներկա չենք կարող մեզ համար կազմակերպել, ուր մնաց՝ հուսալի ապագա։

Լրագրող, հաղորդավար, 5165 շարժման մամլո քարտուղար Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Այս հարցի պատասխանն ինքս ինձ էլ եմ հաճախ տալիս։ Բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ չափից շատ եմ քաղաքականացնում պարտությունը։ Իրականում այս պարտությունը, իմ համեստ կարծիքով, ոչ այնքան քաղաքական էր, որքան քաղաքակրթական, արժեհամակարգային։ Այն ժամանակ, երբ մենք ծաղրում էինք ադրբեջանցիներին, թե իրենց դպրոցներում հայատյացություն են քարոզում, մենք՝ Հայաստանում, մեր երեխաներին անարժեք հեռուստատեսային սնունդ էինք տալիս, վատ կրթություն ու ապագայի հանդեպ անվստահություն։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանում 100 քառակուսի մետրանոց դրոշներ էին կախվում, մենք հին Երևանն էինք քանդում։

Այն ժամանակ, երբ Ադրբեջանը սպառազինվում էր, մենք հարսանիքներին կենաց էինք խմում՝ ասելով, որ միևնույն է, պատերազմ էլ լինի՝ էդ զենքը մերն է դառնալու։

Արդյունքում, մինչև Հայաստանից հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթում էին, պրոֆեսորները թռչում էին Լոս Անջելես Ուբերի տաքսի քշելու, իսկ պահեստազորի սպաները՝ Մոսկվա բանջարեղենի դախլներ բացելու ու ասֆալտ փռելու, Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ էր ծախսում արտերկրից տեխնոլոգիական ոլորտի գիգանտներ բերելու ու ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար։

Ես սիրում եմ քարտեզներ ուսումնասիրել։ Հայրս հետախույզ էր, երևի իրենից անցած մի բան է։ Ժամերով կարող եմ ուսումնասիրել թշնամու տարածքն ու հաշվել օդանավակայանների քանակն ու ռազմաբազաների տեղադիրքն ու հագեցվածությունը։ Ինձ դրանով և՛ հանգստացնում եմ, և՛ անհանգստացնում։

Սակայն այդ ուսումնասիրություններիս մեջ մի օրինաչափություն նկատեցի։ Թեպետ մենք 1994-ին հաղթանակ տոնեցինք ու բուն ԼՂԻՄ տարածքից զատ նաև պատմական այլ տարածքներ ևս ազատագրեցինք, բայց գործը դրանից այն կողմ այդպես էլ առաջ չգնաց։ Հակառակն էր Ադրբեջանում։

Այսպես։ Իմ յուրաքանչյուր դիտարկման համար հրապարակմանն առանձին քարտեզ կցված կլինի՝ համապատասխան նշումներով։

Նախ, ամենացավոտը։ Մինչ մենք հաղթանակի կենացներ կխմեինք, Ադրբեջանը արագ սկսեց վերականգնել իր շփման գիծը, բայց ոչ միայն ռազմական առումով։ Մենք հաճախ սիրում ենք խոսել սահմանամերձ բնակավայրերի, դրանց արտոնություններ տրամադրելու ու պաշտպանունակությունը բարձրացնելու մասին և այլն, սակայն խոսքից բացի վերջին 25 տարիներին ոչինչ չի արվել։

ՆԿԱՐ 1-ի արբանյակային պատկերում հստակ երևում է, թե ինչ ահռելի աշխատանք է իրականացրել Ադրբեջանն իր սահմաններն ամրացնելու ուղղությամբ, և ինչպես ենք թերացել մենք։ Արցախ-Ադրբեջան (Ակնայի հատված) սահմանագծի շատ փոքրիկ հատվածի հայկական կողմում ընդամենը 3 բնակավայր է ու ամայի, անապատացած տարածքներ։ Մինչդեռ ադրբեջանական կողմում դրան հակադրվում է 23 գյուղ՝ բերրի դաշտերով։ Անգամ սահմանային կարմիր գիծը կարելի էր չգծել։ Արբանյակից կանաչի ու անապատի սահմանը պարզ երևում է։

Նկար 1

ՆԿԱՐ 2-ում արդեն Արցախի և Ադրբեջանի սահմագծի մեկ այլ՝ Մարտակերտի հատվածն է, որտեղ հայկակական սահմանային 2  բնակավայրերին հակադրվում է ադրբեջանական կողմի 26 գյուղական համայնք՝ զարգացած ենթակառուցվաքներով ու ծավալուն ցանքատարածություններով, տեխնոլոգիական  գյուղատնտեսությամբ։

Նկար 2

ՆԿԱՐ 3-ում արդեն Հայաստանի և Ադրբեջանի նախիջևանյան հատվածն է, վերջին օրերին լարվածությամբ աչքի ընկնող Երասխ համայնքով։ Արբանյակից անգամ ստույգ ուրվագծվում է, թե ադրբեջանցիք մեր կիսավեր ու անխնամ Երախսին Հեյդարաբադ անվամբ ինչպիսի բնակավայր են հակադրում։ Հեյդարաբադը կոկիկ խնամված, զարգացած ենթակառուցվածքներով ավան է, մինչդեռ Երասխը կարծես աֆրիկյան ինչ-որ պետության հետնախորշ լինի։

Նկար 3

ՆԿԱՐ 4-ում Նախիջևանի մի հատվածի արբանյակային պատկերն է, որտեղ պարզ կարող եք դիտարկել ադրբեջանցիների կողմից այնտեղ կազմակերպված բնակավայրերի խտությունը։ Ընդամենը 250 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ադրբեջանցիները կազմակերպել են 26 խիտ բնակեցված և զարգացած ենթակառուցվածքներով բնակավայրերի բույլ։ Մեկը հյուսված մյուսին այնպես, որ նման է կոնգլոմերացիայի։ Գյուղատնտեսական խոշոր ցանց։

Նկար 4

ՆԿԱՐ 5-ում, ցավոք սրտի, մենք տեսնում ենք հայկական կողմի կատարյալ անտարբերությունը մարզային զարգացման առումով։ Ադրբեջանցիների համար ամենացանկալի մարզի՝ Սյունիքի հյուսիսային հատվածում, Վայոց ձորից Սյունիքի հարավ տանող ամբողջ միջակայքը, Հայաստանի ամենանեղլիկ արանքը, որը արևելյան սահմանը կապում է արևմտյան սահմանին՝ ամայություն է։ Ուղիղ գծով 26 կիլոմետր է օկուպացված Արցախի սահմանից մինչև Նախիջանի սահման։ Շուրջ 500 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների վրա իրարից հեռու-հեռու փռված են ընդամենը մի քանի գյուղեր։ Սա ցուցիչ է։ Եթե կան գյուղեր` կա նաև դրանց համար պայքարի մղում Չկան գյուղեր` չկա պաշտպանելու օբյեկտ։

Նկար 5

Սովետական Նախիջևանում՝ 1989 թվականի տվյալներով, ապրում էր 293․000 ադրբեջանցի։ 2020 թվականի մարդահամարի արդյունքներով Նախիջևանում արդեն ապրում է շուրջ 460․000 ադրբեջանցի․ 165․000 ադրբեջանցու ներհոսք է եղել ինքնավար մարզ։ Հիշեցնեմ, որ Նախիջևանի տարածքը 5500 քառակուսի կիլոմետր է։

ԽՍՀՄ ԼՂԻՄ (խորհրդային Ղարաբաղի) տարածքը 4400 քառակուսի կիլոմետր էր։ Մինչև պատերազմը այնտեղ բնակվում էր 189․000 մարդ, որոնցից 150․000՝ հայեր։

1994-ի հաղթական պատերամից հետո արդեն անկախ Արցախի Հանրապետության տարածքը դարձավ 11․432 քառակուսի կիլոմետր (Նախիջևանից կրկնակի մեծ) ու այնտեղ մշտապես բնակվում էին 150․000 հայեր։

Այս թիվը այդպես էլ չփոփոխվեց դրական իմաստով։ Ոչ պաշտոնական տվյալներով պատերազմից հետո արտահոսք սկսվեց և 150 հազար մարդ հազիվ թե ապրեր Արցախում։

2021 թվականի արդյունքներով Արցախից մնացել է 3170 քառակուսի կիլոմետր տարածք ու այնտեղ՝ որոշ հաշվարկներով, հիմա անգամ 100 հազար մարդ չի ապրում։ Թիվը տատանվում է 80․000 բնակչի սահմաններում։

Կրկին․ ինչու՞ պարտվեցինք պատերազմում։ Որովհետև Ադրբեջանին այդ հողն ավելի շատ էր պետք, քան մեզ։ Որովհետև նրանք Արցախը դարձրին երազանք, իսկ մենք՝ բեռ։ Որովհետև արցախցին մեզ համար «կլան» էր, իսկ իրենց համար՝ բազմազգ պետության քաղաքացի։ Որովհետև նրանք իրենց համար հորինեցին մայր Ղարաբաղ երկրամաս, իսկ մենք մեզ համար՝ ավելորդ ծախս Արցախ։ Արցախի հանձնումը քաղաքական խնդիր չէր, քաղաքակրթական խնդիր էր։

Արցախը դարձավ հայերի մաշված արժեհամակարգի զոհ։ Այս պարտությունը մեզ ցույց տվեց, որ մեր անցյալը ոչինչ է, եթե անգամ արժանապատիվ ներկա չենք կարող մեզ համար կազմակերպել, ուր մնաց՝ հուսալի ապագա։

Բնավ, չկարծեք, թե գովաբանում եմ ադրբեջանցիներին, բայց փաստ է, որ իրենք ուզեցին ու վերցրին, իսկ մենք չուզեցինք ու կորցրինք։

Անկե՞ղծ։ Կուզենայի այս ամենը չհասկանալ։ Կուզենայի վերլուծել չիմանալ։ Կուզենայի չմտածել, երևի բազմաթիվ հայրենակիցներիս պես նույնքան հանգիստ ու անհոգ լինեի։ Երևի այսքան չցավար․․․

Նյութը և տեքստում տեղ գտած նկարները վերցված են Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *