Հայաշխարհ

Ինքնիշխանության Գինը.(Մաս Դ)

Բարի ցանկությունները շատ քիչ են պետությունը կառավարելու, բայց միանգամայն բավարար են այն կործանելու համար: Անգրագիտությունը սպանում է Հայաստանը:

Արայիկ Մկրտումյան

Կառավարում

Ամեն պետություն նախ և առաջ աչքի է ընկնում իր պետական համակարգով, կառավարման հմտություններով ու կառավարման լծակների արդյունավետ ու ճիշտ կիրառմամբ: Եթե կառավարումն արդյունավետ չէ, ապա այդ պետությունն անպայման ձախողելու է, նույնիսկ եթե ունենա աշխարհի ողջ հարստությունները: Դրա օրինակները բազմաթիվ են ու դեռ շատ անգամներ մարդկությունն ականատես կլինի վատ կառավարման աղետալի հետևանքներին:

Մենք ինքներս հենց այսօր տեսնում ենք վատ կառավարման ողջ սարսափը: Հենց այսօր այն ինչ տեղի է ունենում ՀՀ Ազգային Ժողովում, ցավալի ցուցիչ է, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը՝ որպես պետություն:

Հայաստանի անհաջողությունների ու դժվարությունների մասին խոսելիս մենք սովորաբար նշում ենք տնտեսական կիսաավերված վիճակը, մասնակի շրջափակումը, ծովային ելքեր չունենալն ու էլի հազար ու մի բան, բայց շատ քիչ ենք խոսում, մեր կառավարման որակի մասին: Եթե կարծում ենք, որ Հայաստանը հաջողելու է ամեն ինչում նավթ ու ծով ունենալով ու մնալով կառավարման նույն մակարդակի վրա, ապա շատ ենք սխալվում:

Աշխարհում չի եղել այնպիսի հարուստ երկիր, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր: ԽՍՀՄ-ն ուներ ամեն ինչ ու այդ ամեն ինչից ուներ շատ շատ: Տարածքով ամենամեծն էր, բնական հարստությունների ահռելի պաշար ուներ, հարյուր միլիոնավոր բնակիչներ, մոլորակի ամենամեծ բանակներից մեկը, միջուկային գերտերություն, ուժեղ գիտություն և կայուն կրթական համակարգ: Բայց այդ կայսրությունը երբեք չկարողացավ մրցակցել եվրոպական տերությունների ու ԱՄՆ-ի հետ: Ամենի պատճառը վատ կառավարումն էր: Տնտեսությունից մինչև ներքին սպառման քաղաքականություն՝ ԽՍՀՄ-ում վատ վիճակում էր գտնվում: ԽՍՀՄ-ը քանդվեց ոչ թե թշնամական բանակների հզորությունից, այլմոլորակային հարձակումից կամ բնական աղետից, այլ իր իսկ վատ կառավարումից: Վատ կառավարումը 1991թ. ավարտին հասցրեց այն, ինչ 1941թ. փորձելի էին անել գերմանական բանակները: Գերմանական սարսափելի հարձակմանը դիմադրած կայսրությունը չկարողացավ դիմանալ մեկ ռուբլի ավել ունենալու գայթակղությանը:

ԽՍՀՄ-ը կարող է շատ լավ օրինակ լինել աշխարհի բոլոր պետությունների՝ մասնավորապես Հայաստանի համար, որը գտնվելով սոցիալիստական ճամբարում ու յուրացնելով վատ կառավարման բոլոր հմտությունները, այդպես էլ ի վիճակի չեղավ խորը ու վերլուծական մակարդակով պետության ու պետական կառավարման լրջություն հասկանալ: Հայաստանի կառավարումն իրականացվեց այնպես, ինչպես սովետի տարիներին ղեկավարվում էր որևէ ոչ այնքան կարևոր գործարան, կամ էլ գյուղական ֆերմա: Մինչև հիմա էլ բյուրոկրատիան ու միջին օղակների բացակայությունը քաղցկեղի պես քայքայում են պետական ոլորտ ասվածը: Ցանկացած քիչ թե շատ լուրջ դրության ժամանակ մենք հայտնվում ենք խառնաշփոթի մեջ, ուր ոչ ոք չի հասկանում, թե ինչ է պետք անել:

Մի օրինակ բերեմ: Կարգուկանոնի կարևորությունը ես հասկացա դեռևս զինվորական ծառայության տարիներին, երբ մեզ բացի կրակելուց ու քայլերթ անելուց, սովորեցնում էին «տագնապ» կոչվող վարժությունները: Իդեալական չէր իհարկե, բայց ամեն դեպքում մենք գիտեինք թե երբ ով ինչ պիտի անի ու երբ հնչում էր ուսումնական տագնապի ազդանշանը, մենք ոչ թե խելագարված վազում էինք աջ ու ձախ և բղավում, այլ հստակ ու գիտակցված քայլերով, միմյանց հետ համակցված աշխատելով անում էինք պետք եկածը: Ոմանք տեղափոխում էին արկղեր, ոմանք՝ զինամթերք, մի դասակը գնում էր զենք ստանալու, մյուս դասակն այդ ժամանակ տնտեսական ապրանքներն էր դասավորում ու այդպես շարունակ: Ու կարճ ժամանակ հետո ողջ գունդը արդեն իր նախնական պատրաստությունը տեսած ու գործն արած, սպասում էր պայմանական թշնամուն: Մենք գիտեինք, թե ինչ պիտի անենք ու դա մեր ամենամեծ զենքն էր: Այդ զենքի անունը կարգ ու կանոն է: Եվ այդ կարգ ու կանոնը կատարվում էր լավ կառավարմամբ: Ամեն սխալի ժամանակ մենք իսկույն հասկանում էինք, թե որ վրիպումը մեզ ինչ փորձանքի մեջ էր գցելու և փորձում էինք հաջորդ անգամ ավելի լավ կատարել առաջադրանքը: Բայց մենք չգիտեինք, թե հաջորդ անգամ տագնապը ուսումնակա՞ն է լինելու, թե մարտական: Նույնն է կառավարման ոլորտում: Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի:

2020թ. պատերազմը ցույց տվեց, որ մենք պատերազմին պատրաստ չէինք ու ոչ թե շարքայինը պատրաստ չէր, այլ գեներալն ու նախարարը: Ճակատի մի գծում զինվորները օրերով ուտելիք չէին ստանում, իսկ մեծ քանակությամբ սննդամթերք փտում էր պահեստներում, կամ որևէ դիրքում բազմաթիվ սաղավարտներ կային, իսկ ճակատի մեկ այլ գծում անգամ զենքը չէր հերիքում: Դա այն պատճառով, որ չկար նորմալ ու գրագետ կառավարում, այսինքն շտաբը չէր աշխատում այնպես, ինչպես պիտի աշխատեր: Դա էլ այն պատճառով, որ 1991թ. սկսած ՀՀ-ում կառավարման լծակները մշտապես եղել են ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում կիսագրագետ մարդկանց ձեռքում, ովքեր եթե ուզենային էլ, չէին կարող լավ աշխատել, որովհետև չունեին բավարար հմտություն ու փորձ:

Պետությունը կառավարելու համար միայն ցանկությունը քիչ է, կարողանալ է պետք: Հայաստանի գլխավոր դժբախտություններից մեկը կրթական ցածր ցենզն է: Կրթության մասին արդեն իսկ խոսել ենք, բայց ցանկանում եմ նորից հիշեցնել ու շեշտել, որ այդ ցածր մակարդակի հետևանքը ցածր որակավորումն է և վատ կառավարումը: Անգրագիտությունը սպանում է Հայաստանը: Սկսած ամենաբարձր օղակներից մինչև փողոցում աղբ թափելը մեզ մոտ ջախջախված վիճակում է: Բոլորը գիտեն, թե ինչ զզվելի խնդիր է դառնում պետական որևէ հիմնարկից ինչ որ թուղթ ստանալը: Աշխատակիցները մշտապես անհասանելի են, ամեն ինչ արվում է կիսատ պռատ և բավական ուշացած: Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը հենց դա է: Ոչ ոք իր տեղում չէ: Մենք չունենք միջին օղակներ, որոնք կիրականացնեին հսկման ու զսպման մեխանիզմ վերին ու ներքին շերտերի մեջ:

Մի պահ թողնենք Հայաստանն ու գնանք սոցիալիստական խմորումների դարաշրջան, երբ Եվրոպայում ամենուր բողոքներ, ցույցեր ու բախումներ էին ու հասարակ աշխատավորները պայքարում էին իրենց իրավունքների համար: Այն ինչ ծնվեց այդ պայքարի արդյունքում ու մինչև հիմա էլ արդյունավետ կիրառվում է Եվրոպայում ու Արևմուտքում, բայց ձևական դարձավ ԽՍՀՄ-ում, իսկ Հայաստանում ընդհանրապես մոռացվեց, դարձավ միջին օղակի խորհրդանիշ: Խոսքն իհարկե գնում է արհմիությունների, կամ ինչպես մենք ենք ասում «պրոֆմիությունների» մասին:

Կարճ արհմիության մասին՝

Արհմիությունը (կամ՝ արհեստակցական միությունը) որոշակի ոլորտի, արդյունաբերության կամ կազմակերպության աշխատողների միավորում է, որը ստեղծված է արհմիության անդամների շահերի (վարձատրության, աշխատանքային պայմանների, սոցիալական երաշխիքների և քաղաքական ստատուսի բարելավման) ներկայացման ու առաջխաղացման համար՝ հիմնականում կոլեկտիվ բանակցությունների միջոցով: Առաջին արհմիությունները ստեղծվել են Մեծ Բրիտանիայում՝ 18-րդ դարում:

Եթե ավելի պարզ, ապա արհմիությունները նախատեսված են աշխատողի իրավունքները  պաշտպանելու համար, այսինքն զսպող մեխանիզմի դեր են կատարում: Արևմուտքում արհմիությունները կարողանում են մեծ մասամբ կատարել իրենց առաքելությունը, իսկ ահա Հայաստանում ոչ միայն ոչ մի ֆունկցիա չունեն, այլև աշխատող մարդկանցից շատերն անգամ չգիտեն այդ հրաշալի ստի մասին:

Արհմիությունների օրինակն ինքնակառավարման լավ տեսակ է, որը պաշտպանելով աշխատողներին իրարից ու գործատուից, նաև վերահսկում է այդ աշխատանքը: Կոպիտ ասած, դա այն օղակն է, որը թույլ է տալիս հրաշալիորեն ինքնակառավարվել ու դա ավելի է կարևորվում, ասենք գործարանը տվյալ պահին չունի ղեկավարություն կամ տնօրեն:

Պատկերացրեք, որ արհմիություններ կան բոլոր աշխատավայրերում և լավ են կատարում իրենց ֆունկցիան:

Ու պատկերացրեք նաև որ պաշտպանված միջին օղակը արդյունավետ է աշխատում: Պետությանը մնում է միայն  պահպանել այդ մեխանիզմը: Բայց երբ այդ ամենը չկա, կառավարումը դառնում է քաոս, այսինքն այնպես, ինչպես Հայաստանում է:

Այսօր Հայաստանում միջին օղակը սեղմված է ներքևի ու վերևի արանքում, միջին օղակը պարտավոր է բավարարել « շեֆին» ու հսկել «ենթակային»: Մտեք ցանկացած խանութ կամ այլ տեղ և հարցեք մենեջերին, թե ինչպես է գնահատում իր աշխատանքն իրականում: Նրանք բոլորը զզված են իրենց աշխատանքային չգրված պարտականություններից:

Իսկ հիմա պատկերացրեք, որ եթե փոքր գործարանում կամ խանութում են առաջանում այդ խնդիրերը, էլ ինչքան ահավոր է վիճակը պետական մասշտաբում:

Վատ կառավարումը կսնանկացնի ամենահարուստին և լավ կառավարումը կարող է քարից ջուր հանել:

Եթե Հայաստանում կառավարման ոլորտը սկզբունքային բարեփոխումների չենթարկվի, ապա Հայաստանի Հանրապետությունը երբեք չի կայանա որպես պետություն: Իսկ դա հնարավոր է միայն գիտակցված արդյունավետության, այսինքն կրթական հմտության շնորհիվ: Բարի ցանկությունները շատ քիչ են պետությունը կառավարելու, բայց միանգամայն բավարար են այն կործանելու համար: Անգրագիտությունը սպանում է Հայաստանը:

Վատ մենեջմենթի հետևանքն է նաև չաշխատող օրենքն ու չպահպանվող կարգ ու կանոնը: Ինչո՞ւ չի պահպանվում օրենքը: Որովհետև այն դեռևս գիտակցված անհրաժեշտություն չէ այլ ընդամենը դեկորատիվ առկայություն: Ինչպես նշում էր լատինամերիկյան մի գրող. «Հիվանդ ու մեռնող պետությունը կուտակում է օրենքներն այնպես, ինչպես մահացու հիվանդը՝ դեղեր»:

Ու հիշեք, պետության համար ամենավտանգավոր մարդիկ բարձր մոտիվացիա ու ցածր որակավորում ունեցողներն են:

Մենք պատրա՞ստ ենք հանուն մեր մեր պետության կայացման  վճարել այս գինը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *