21-րդ դարում, մեր հերոս-զինվորները ավելի ու ավելի կանգնած են լինելու արհեստական ինտելեկտի մարտահրավերների առաջ եւ կռվելու են ռոբոտների հետ:
Հակոբ Բադալյան
Առավոտյան ֆեյսի ժապավենում նկատեցի Գարեգին Նժդեհի խոսքի մեջբերումը՝ «Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»:
Լիովին համաձայն եմ «պատճառահետեւանքային» տրամաբանության տեսանկյունից: Սակայն, ըստ իս, կա բովանդակային թիրախի կարեւոր հանգամանքը: Ի՛նչ է նկատի ունեցել Նժդեհը, թերեւս ավելի լավ ու խորքային կասեն մարդիկ, որոնք խորապես տիրապետում են նժդեհյան թեմային:
Բայց, այդ արտահայտությունը ներկայումս առավելապես դիտարկվում է զինվոր-հերոսներ ծնելու, կերտելու իմաստով: Այն, որ ցանկացած երկրի համար ուժեղ զինվորներով ուժեղ բանակը կենսական նշանակություն է, առավել եւս Հայաստանի, սա նույնիսկ քննարկելու հարց չէ:
Սակայն, 21-րդ դարում, մեր հերոս-զինվորները ավելի ու ավելի կանգնած են լինելու արհեստական ինտելեկտի մարտահրավերների առաջ եւ կռվելու են ռոբոտների հետ: Իսկ այստեղ հերոսի կատեգորիան դառնում է առավելապես պաթոս, քան առարկայական ուժ: Հետեւաբար, ազգերի ճակատագիրը անկասկած լինելով մայրերի ձեռքում, որպես ստեղծարար ուժ ստանում է բոլորովին այլ բնույթ: Հասարակական արդիական համակեցության պահանջներին համարժեք ինչպիսի որդիներ կկերտեն մայրերը: Որդիներ, որոնք ամառային ամբողջ երեկո ինչ որ մի թանկարժեք մեքենայի ղեկին նստած Երեւանի որեւէ թաղամասի փողոցներ «կչափչփեն»՝ հայկական կամ ռուսական արտադրության ռաբիս-պոպսայի առավելագույն դեցիբելներով, թե՞ որդիներ, որոնց համար արժեքը կլինի աշխարհը ճանաչելն ու հասկանալը, եւ Հայաստանն այդ աշխարհին համահունչ քայլող պետություն դարձնելը, այդ թվում եւ հայկական պաշտպանական համակարգը համաշխարհային միտումներին համարժեք արհեստական ինտելեկտով ապահովելու իմաստով:
Իսկ այդ գործում, իսկապես, առաջնայինը մայրերի առաքելությունն է: