«Նախարարի աշխատավարձ, պատգամավորի կարգավիճակ, կայսեր չափ պաշտամունք»
Արայիկ Մկրտումյան
Կրթական ոլորտի մասին խոսում ենք անընդհատ ու անընդհատ էլ նշում, որ պետք է այսինչն անել կամ՝ պետք չէ այնինչն անել: Ու այդ «պետք է»-ների մեջ շատ հաճախ նշվում է, որ մանկավարժի ու գիտնականի աշխատավարձերը շատ ցածր են ու որ դա էլ իր հերթին ուղղակիորեն կապ ունի կրթության որակի հետ:
Բայց ամեն ինչ հերթով:
Հայաստանում արդենն ավանդական է դարձել կրկնուսույց երևույթը, այսինքն մարդիկ, ովքեր երեխաներին օգնում են դասերը պատրաստել, նորից են սովորեցնում այն, ինչ պիտի որ դպրոցում արդեն սովորած լինեին: Բացի դրանից, կրկնուսույցների դերը շատ տարածված է դիմորդների շրջանում, երբ համալսարան ընդունվել պատրաստվողները հաճախ մի քանի առարկա են պարապում միաժամանակ: Դա իհարկե անվճար չէ, և դիմորդը բավական մեծ գումար է վճարում դրա համար:
Այստեղ մի քանի հարց է առաջանում: Նախ կրկնուսույցների հետ կապված: Ինչո՞վ է արդարացված նրանց գոյությունը: Ակներև է, որ դպրոցում մատուցված գիտելիքն ինչ ինչ պատճառով տեղ չի հասնում, կամ թերի է հասնում, և կարիք է լինում կրկնուսույցի:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ առաջանում է նման բաց, որը ստիպված լցվում է կրկնուսույցների կողմից:
Եվ բացի դրանից առաջանում են նաև այլ հարցեր ևս: Օրինակ ովքե՞ր են այդ կրկնուսույցները, ի՞նչ երաշխիք կա, որ նրանց մատուցած գիտելիքն ավելի որակյալ կամ մրցունակ է դպրոցական ծրագրի հանդեպ: Կամ, եթե կրկնուսույցը կարողանում է աշակերտին կամ դիմորդին բավարար չափով գիտելիք տալ, ապա ինչու չի կատարվում հետևյալ տրամաբանությունը, և կրկնուսույցը չի սկսում աշխատել հենց դպրոցում, եթե նրա տված գիտելիքն այնքան լավն է, որ աշակերտը ստիպված նրա մոտ է գնում սովորելու կամ սովորածը լրացնելու: Ու ինչո՞ւ են շարունակում աշխատել այն ուսուցիչները, որոնց տված գիտելիքները կարիք է լինում ամենօրյա ռեժիմով թարմացնելու:
Թվում է, թե ամեն ինչ պարզ է: Եթե ուսուցիչը չի կարողանում բավարար չափով գիտելիքներ տալ, ապա տրամաբանական է, որ նրան փոխարինի այն մարդը, ով հավելյալ վճարով անում է այն, ինչ պիտի ուսուցիչը աներ:
Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ ու հարթ չէ: Օրինակ ի՞նչ անել, եթե ուսուցիչն ու կրկնուսույցը նույն մարդն են: Շատ շատ ուսուցիչներ տանը պարապում են հենց այն աշակերտների հետ, որոնց սովորեցնում են նաև դպրոցում:
Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա խնդիրը կա՛մ ուսուցչի մեջ է, կա՛մ աշակերտի:
Ենթադրենք ուսուցիչը լավ չի սովորեցնում, լավ մասնագետ չէ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի աշակերտին նորից տանել այն ուսուցչի մոտ, որը նրան դպրոցում լավ չի սովորեցնում և դեռ մի բան էլ վճարել դրա համար:
Կամ ենթադրենք, որ աշակերտը լավ չի սովորում: Այդ դեպքում այդ աշակերտի նկատմամբ պետք է լինի հատուկ վերաբերմունք, և եթե աշակերտը ինչ ինչ պատճառներով չի սովորում կամ լավ չի սովորում, ապա ինչքանո՞վ է երաշխավորված, որ դպրոցում չսովորող աշակերտը կսովորի ուսուցչի տանը:
Սրանք բոլորը խնդիրներ են ու ընդ որում բավական կնճռոտված խնդիրներ:
Եկեք մի պահ թողնենք այս հարցը ու վերադառնանք ուսուցչի աշխատավարձին, որը, ինչպես գիտենք, ամենևին էլ փայլուն վիճակում չի գտնվում: Ապրելու խնդիր ունեցող ուսուցիչները շատ հաճախ ստիպված են լինում տարատեսակ քայլերի գնալ ու ինչ որ կերպ լրացնել չհերիքող աշխատավարձը: Ոմանք փորձում են իրենց մասնագիտությանը մոտ ինչ որ լրացուցիչ աշխատանքներ կատարել՝ տեքստեր գրել կամ թարգմանություններ կատարել, երեկոները աշխատել ուրիշ ոլորտում, դառնալ կրկնուսույց, կամ էլ…փորձել չարաշահումներ և կաշառքներով, նվերներով լրացնել անհրաժեշտ գումարը: Ի դեպ, վերջինը բավական մեծ մտահոգությունների և սրախոսությունների տեղիք է տալիս հատկապես տարատեսակ տոների ժամանակ, երբ քիչ չի պատահում, որ ուսուցիչներին նվերներ են մատուցում կամ ինչ որ առիթով դասարանները գումարներ են հավաքում, ինչը, ըստ փորձագետների, կոռուպցիոն ռիսկ է պարունակում իր մեջ:
Շատերը նաև վրդովում են, երբ խոսքը գնում է ուսուցչի նվեր մատուցելը արգելելու մասին՝ նշելով, որ ուսուցիչն այն մարդն է, ով կրթում է աշակերտին և բարոյապես նորմալ չէ, եթե որպես շնորհակալություն, նրան ծաղիկ նվիրեն:
Ընդդիմախոսներն էլ նշում են, որ խոսքը գնում է ոչ թե խորհրդանշական ծաղկի, այլ թանկարժեք նվերների մասին, որը ինքնին կաշառքի ընդունված ձև է:
Այս հարցերը չունեն մեկ ընդհանուր ու համապիտանի պատասխան: Ոլորտի այլանդակումը նոր երևույթ չէ և գալիս է դեռևս խորհրդային ժամանակներից, երբ բացառապես բոլոր ոլորտներում տարածված էր այսպես կոչված «մաղարիչները»: Մաղարիչը շնորհակալության դրամական համարժեքն է տվյալ աշխատանքն իրականացնողին պարգևատրելու համար: Այլ կերպ ասած, դու անում ես այն ինչ պիտի անես, բայց քեզ մի քիչ գումար կամ որևէ նվեր են տալիս, որ դու դա անես: Եկեք չխորանանք, թե ինչու է այդպես ստացվել, դա առանձին թեմա է, իսկ այստեղ հարցն այն է, որ այդ մաղարիչ ասվածը ծաղկում էր նաև նաև նորանկախ Հայաստանում և խիստ ակտուալ է մինչև հիմա՝ ընդ որում բոլոր ոլորտներում: Ու հատկապես հարցը նաև այն է, որ գրեթե անտեսանելի է սահմանը մաղարիչի ու կաշառքի մեջ: Միակ էական տարբերությունն այն է, որ կաշառքի համար քրեական հոդված է նախատեսված, իսկ մաղարիչի համար՝ ոչ: Հա մի բան էլ, կաշառքը սովորաբար ավելի մեծ գումար կամ թանկարժեք նվեր է, քան մաղարիչը: Մի խոսքով հասկացանք:
Հիմա եկեք նորից վերադառնանք դպրոց, ուր ուսուցիչը մաղարիչ է ստանում ու կրկնուսույց է: Եկեք այս հարցին գումարենք նաև ցածր աշխատավարձը և կտեսնենք, որ շատ բան ինքնաբերաբար ընկնում է իր տեղը: Ցածր աշխատավարձը շատ շատերին ստիպում է այլ տարբերակներ ընտրել ու ցավոք, հարցը հասնում է տարատեսակ մաղարիչների:
Ուսուցիչները շատ ցածր են վարձատրվում: Ապագա սերնդի կրթության գործը, որ պիտի լինի պաշտպանության նախարարությանը հավասար մի գործ, վարձատրվում է կոպեկներով: Այն ուսուցիչը, ով ամսական ուտելիքը չի կարողանում գնել ու հագուստի, կոմունալների վճարման ծախս հոգալ, ստիպված է և՛ մաղարիչ վերցնել, և՛ կրկնուսույց լինել: Ի դեպ, կրկնուսույցի աշխատանքն առանձնապես հեշտ ու քաղցր բան չէ: Ընդհանրապես մանկավարժությունը տեղով պատասխանատվություն է: Թե ինչպիսին կլինի ապագա սերունդը, մեծ չափով կախված է մանկավարժներից, որոնք այնքան քիչ են ստանում, որ ստիպված են տարատեսակ հնարամտությունների դիմել: Սա և՛ կոռուպցիոն շղթա է, և՛ կրթական ոլորտի այլասերման գլխավոր պատճառներից մեկը:
Ներկա ու նախկին շատ պաշտոնյաներ հայտարարել ու հայտարարում են, որ դատավորները, պատգամավորները պիտի բարձր աշխատավարձ ստանան, որպեսզի նրանց կարիքները լիովին բավարարվի և նրանք, այսպես ասած այս ու այն կողմ չնայեն և հանգիստ աշխատեն: Ենթադրենք, թե դա այդպես է: Իսկ ուսուցի՞չը: Ինչո՞ւ ուսուցչի աշխատանքը ևս չի մտնում այդ տրամաբանության մեջ:
Ասում են ոստիկանի աշխատավարձը պիտի բարձր լինի, որպեսզի նա ստիպված չլինի կաշառք վերցնել և դա չազդի օրինականության վրա: Համաձայն եմ: Առաջարկում եմ, որ ուսուցչի աշխատավարձը ևս այնքան բարձր լինի, որ նա էլ կաշառք չվերցնի, հանգիստ սրտով աշխատի և կրթության որակն էլ չտուժի: Առաջարկում եմ նաև զինվորականի, գիտնականի ու ընդհանրապես բոլորի աշխատավարձերն այնքան բարձրացնել, որ ոչ մի ոլորտի մասնագետ ստիպված չլինի տարբեր օյիններ խաղալ: Թե չէ այսպես չի լինում: Ուսուցիչները շարունակում են մնալ արհամարված մի զանգված: Միայն բանաստեղծություններ նվիրելով չի լինի, ոչ էլ տարեվերջում ստացած ծաղկեփնջով կարող ես վարկեր փակել կամ հագուստ գնել:
Համացանցում լայնորեն տարածված է մի թեմա, երբ Ճապոնիայի վարչապետը այն հարցին, թե ինչպես է հաջողվել նման որակյալ կրթական համակարգ ստեղծել, նա պատասխանել է, որ իրենք ուսուցչին տվել են «նախարարի աշխատավարձ, պատգամավորի կարգավիճակ, կայսեր չափ պաշտամունք»:
Բավական հետաքրքիր մոտեցում է: Ու նույնիսկ կարևոր էլ չէ, թե Ճապոնիայում այդպես է, թե ոչ, կամ Ճապոնիայի վարչապետը նման բան ասել է, թե ոչ: Կարևորն այն է, որ այդ մի նախադասության մեջ ամփոփված է բարդ հարցին պարզ լուծում տալու սկզբունք:
Ոչ միայն ուսուցչին, բոլորին է պետք նորմալ ապրելու պայմաններ, բայց ուսուցչի դերը կարևոր է շատ շատ ավելի, որովհետև ուսուցիչն է այն մարդը, ումից մեծապես կախված է, թե այդ օրը աշակերտը տուն կգա ինչ որ բան սովորած, թե ոչ:
Խոսքն իհարկե ոչ միայն աշխատավարձի մասին է, բայց դա մեծ դեր ու նշանակություն ունի: Բացի աշխատավարձից, ուսուցչի հանդեպ պետք է լինել անսահման հոգատար ու խիստ պահանջկոտ: Ու քիչ քիչ կզտվեն վատ կադրերը: Ոլորը կարող է առողջանալ: Դրանով կարելի է հաստատուն դարձնել ոչ միայն ուսուցչի աշխատավարձը, այլև պետության ապագան:
Միայն մի հարց է մնում՝ ինչպե՞ս այս թեման հասցնել վերին օղակներ: