Երեկ մենք պիտի կրկնակի թնդությամբ ու կատաղությամբ երգեինք այդ երգը ու իրոք տոնեինք Անկախության հռչակագրի 31- ամյակը ու բոլորով երդում տայինք իրար, որ էլ երբևէ այնպիսի օրեր չեն գա, ինչպես եղան անցած տարվա 44 օրերը, մենք երեկ պիտի հասկանայինք, որ ահա 31 տարի է մենք անկախ ենք ու ամեն տարի օգոստոսի 23-ին նորից թարմացնեինք մեր մտքերն ու նոր ուժով Հռչակագիրը հաստատեինք մեր խոսքով ու գործով:
Արայիկ Մկրտումյան
Երեկ՝ օգոստոսի 23-ին ՀՀ-ում նշվեց Անկախության Հռչակագրի 31 ամյակը: Նշվեց շատ փառահեղ կերպով՝ նախ պետական գործիչները, ապա և տասնյակ հազար քաղաքացիներ երթ կատարեցին դեպի Եռաբլուր՝ ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի ընկած հերոսներին, այնուհետև 13:00-ին տեղի ունեցավ իր նմանը չունեցող նոր, մարտական «Կայծակ» աթս-ների գործարանի պաշտոնական բացումը, ապա Հանրապետության Հրապարակում մոտ հարյուր հազարանոց ցույց-միտինգ տեղի ունեցավ, որի ընթացքում ելույթ ունեցան իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներ, նրանք բոլորն էլ հայտարարեցին, որ օգոստոսի 23-ը մեր անկախության սուրբ ուխտի երդման օրն է և մենք պարտավոր ենք ամենալուրջ մոտեցումը ցույց տալ անկախությանն ու պետականությանը: Ողջ ժողովուրդն ու Ազգային Ժողովի պատգամավորները վերահաստատեցին միասնական կամքն ու հանուն հայրենիքի գործելու իրենց անխախտ նպատակը: Հեռուստատեսությամբ ողջ օրը ցուցադրվեցին անկախության մասին տեսաֆիլմեր, հոլովակներ: Երեկոյան բոլոր ալիքներով ցուցադրվեց «Երդում» ֆիլմը՝ նվիրված Հայոց Պետականությանն ու պատերազմի զոհերին: Օրը եզրափակվեց «Հարգանքի» րոպեով: Այդ պահին բոլորը լռում են, հանրապետության բոլոր էկրաններով ցուցադրվում է հայոց եռագույնը, զինանշանն ու ամեն մեկն իր սրտում նորից ու նորից իր երախտիքն է հայտնում հայոց անկախության պաշտպաններին և երդվում էլ ավելի մեծ թափով լծվել հայրենիքի շենացման ու ամրացման գործին…
Լավ եմ գրել չէ՞: Քիչ մնաց ես էլ հավատայի, որ մենք խելքի ենք եկել ու փորձում ենք պետություն դառնալ: Իրականում երեկ՝ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի 31-ամյակը տոնվեց այնպես, ինչպես և Սահմանադրության օրն է տոնվում, այսինքն ոչ մի կերպ էլ չտոնվեց: Ընդդդիմությունն ու իշխանությունն էլի զբաղված էին կիսատ-պռատ մեղադրանքներով ու կծոցներով, ոչ մի հավաք տեղի չունեցավ: Հայաստանում ոչ աթս-ի գործարան բացվեց, ոչ ֆիլմ նկարահանվեց, ոչ էլ «Հարգանքի» րոպե գոյություն ունի:
Հայաստանում օգոստոսի 23-ն անցավ սովորական օրվա նման: Հյուսիսային պողոտան ու Հանրապետության հրապարակը վաղուց վերածվել են արևելյան բազարի, ուր քաղցր բամբակ ու չինական խաղալիքներ են վաճառում, ամեն տասը մետրը մեկ ինչ որ զզվելի երաժշտություն է հնչում, առավելապես կիսամուղամ: Հանրապետության հրապարակում գոնե երբեմն երգող շատրվաններին միանում է դասական կամ հայկական երաժշտություն, բայց դա չկար, անձայն խշշոց էր ու ինչ որ մեկն էլ բարձր ձայնով կլառնետի կլկլոց էր միացրել: Հա մի բան էլ, այնտեղ հիմա կարելի է վարձով ձի քշել: Չէ, կներեք, ձի չէ, պոնի: Մի խոսքով դա ոչ թե Հանրապետության հրապարակ է, այլ ինչ որ կիսախաղահրապարակ-կիսաառևտրային հրապարակ:
Անկախության հռչակագրի մասին միայն անհատ մարդիկ ու որոշ ֆեյսբուքյան էջեր գրեցին ու վերջ:
Չգիտես լաս, թե խնդաս:
Նույնիսկ Հռչակագրի տեքստն էլ բանի պետք չէ: Դա ավելի շատ տեղեկագիր է, ոչ թե հռչակագիր: Վստահ եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կարդացել են ամերիկյան կամ ֆրանսիական հռչակագրերը: Ոչ մի համեմատություն: Հռչակագրի տեքստը փոխանակ անսահման էմոցիա ու հպարտություն առաջացնի, ավելի շատ լրատվականի նյութ է հիշեցնում:
Իսկ մեր անտարբերությունը… այն արհամարհական վերաբերմունքը, որ ունենք սահմանադրության ու հռչակագրի վերաբերյալ: Մենք դա նույնիսկ տոն էլ չենք ընկալում: Սոց-ցանցերում ավելի շատ ծաղրեցին՝ ասելով, որ դա թղթի վրա գրված բան է ու իրականության հետ ոչ մի կապ էլ չունի:
Ու արդեն չգիտես էլ ինչպես շնորհավորես, որ ասածդ բառերը տեղ հասնեն, որ չծաղրեն, կամ չհայհոյեն:
Այնպես ինչպես Սահմանադրությունն ենք արհամարհում, այնպես էլ Անկախության Հռչակագիրը: Այնպես ինչպես Սահմանադրության կետերն են խախտվում, այնպես էլ Հռչակագիրն է մնում անտեսված ու չհասկացված մի բան:
Այնպես ինչպես Հանրապետության օրհներգը լսելիս մենք կնճռոտում ենք մեր դեմքերը, այնպես էլ Հռչակագիրը մեզ ոչինչ չի ասում:
Վերջին անգամ ո՞վ է ոտքի կանգնել Հանրապետության օրհներգը լսելիս ու հպարտության զգացումով հասկացել, որ դա իր պետության, իր հայրենիքի, իր Հայաստանի երգն է, ամենաերգը, որ դա բոլոր հայերի երգն է, երգ, որով գնացել են հաղթանակի ու մխիթարվել պարտության ժամանակ:
Երեկ մենք պիտի կրկնակի թնդությամբ ու կատաղությամբ երգեինք այդ երգը ու իրոք տոնեինք Անկախության հռչակագրի 31- ամյակը ու բոլորով երդում տայինք իրար, որ էլ երբևէ այնպիսի օրեր չեն գա, ինչպես եղան անցած տարվա 44 օրերը, մենք երեկ պիտի հասկանայինք, որ ահա 31 տարի է մենք անկախ ենք ու ամեն տարի օգոստոսի 23-ին նորից թարմացնեինք մեր մտքերն ու նոր ուժով Հռչակագիրը հաստատեինք մեր խոսքով ու գործով:
Երեկ ես ծանոթներիցս մեկին շնորհավորեցի Անկախության Հռչակագրի առիթով: Նա սկզբից հարցեց, թե դա ինչ տոն է, ու երբ բացատրեցի, անտարբեր դեմքով ասաց. «ապրես, քոնն էլ»: Այնքան անտարբեր, ինչքան, որ փողոցում պատահական մարդուն լուցկի ես տալիս ծխախոտը վառելու համար ու նա էլ ասում է. «ապրես ախպերս»:
Սա է աղետը:
Սա է այն փոսերից մեկը, որում մենք հայտնվել ենք ու որն արդեն 31 տարի է, ինչ չի լցվում:
Կուզեի շնորհավորել, կուզեի, որ ինձ շնորհավորեին երեկ, բայց ինձ ոչ ոք երեկ չի շնորհավորել: Ո՛չ ոք: Ոչ մի տառ:
Սրճարանները լեփ լեցուն են, ռեստորանները՝ նույնպես: Այնտեղ երևի էլի քեֆի ժամանակ կխմեն զինվորի կենացը: Իսկ փողոցում «տանջված» ժողովուրդն է՝ լավ հագնվածներ, մոդայիկ, բարձր երաժշտություն ու պարզապես անորոշ մի թմբիր: Կարելի է քայլել Հյուսիսայինով, Աբովյանով, Օպերայի շրջակայքով ու ամեն տեղ տեսնել նույնը՝ քաղցր բամբակ, չինական խաղալիքներ, սրճարաններ, փող հավաքով մուրացկաններ ու բոքսի «տանձիկներ», որոնցից ամեն մեկի շուրջ հինգ-ութ հոգի կանգնած, երկու հարյուր դրամով շրխկացնում է ու իր ուժը փորձում էլեկտրոնային սարքի վրա:
Ո՞ւր են հայաստանյան 100-ից ավել կուսակցությունների հայտարարությունները, ուր են պետական միջոցառումները, ուր են դպրոցներում՝ այս օրվան նվիրված միջոցառումները:
Չկան: Չեն եղել: Հայաստանում տասնամյակներ շարունակ ամենակարևոր պետական տոներն արհամարհվել են ամենաբարձր ձևաչափով:
Հասկանո՞ւմ եք, թե ինչու մենք կորցրինք Արցախը ու ինչու գուցե կկորցնենք Տիգրանաշենը:
Ցավոք, բայց Հայաստանում օգոստոսի 23-ը դեռևս տոն չէ: Գուցե գա ժամանակ, երբ մենք իրապես ու լրջորեն հասկանանք ու գնահատենք թե՛ հուլիսի 5-ը, թե՛ օգոստոսի 23-ը, թե՛ սեպտեմբերի 21-ը, թե հունվարի 28-ը: Այդ ժամանակ է, որ մենք կդառնանք պետություն և դրոշը հարգանք կառաջացնի, օրհներգը՝ հպարտություն, իսկ պետական տոները՝ հավատ:
Իսկ մինչ այդ…