Մի՞թե հնարավոր է մոռանալ այնպիսի թերթեր, ինչպիսիք էին «Մշակը», «Ազդարարը», «Եղբայրասերը», «Արծիվ Վասպուրականին», «Ազգասերը», «Տարեգրությունները», «Եղանակ Բյուզանդիանը», «Կովկասը», «Լրո Գիրը», «Մեղուն» և տասնյակ ուրիշ հայկական լրագրեր, որոնք իրականացնում էին ամենաբարդ և ամենածանր աշխատանքները:
Արայիկ Մկրտումյան
Ի՞նչ է մամուլը: Ամեն մարդ կարող է մտնել վիկիպեդիա, որոնման դաշտում հավաքել «մամուլ» բառը և գտնել այս տողերը. «զանգվածային լրատվամիջոցների տարր, որն ուղղված է լայն հասարակությանը կամ թիրախային խմբերին նորություններ հաղորդելուն։ Մամուլի մեջ են մտնում տպագիր մեդիան (թերթեր, լրատվական հանդեսներ), նորությունների հեռարձակումը (ռադիո, հեռուստատեսություն), համացանցը (առցանց լրատվականներ, նորությունների բլոգեր, նորությունների տեսանյութեր, լուրերի ուղիղ հեռարձակում և այլն)»։
Մամուլի մասին խոսելիս ցանկանում եմ ընդգծել, որ այն միշտ չէ, որ այն խայտառակ վիճակում է եղել ինչ որ այսօր կա և մամուլ, լրագրող, թերթ, խմբագիր բառերը մի ժամանակ շատ շատ կարևոր են համարվել և հսկայական ազդեցության հետ մեկտեղ, մեծ հարգանք էին առաջացնում: Ու հիմա, երբ հայկական մամուլն ու մեդիադաշտն այնքան արժեզրկված է, որ լրագրող բառը սկսել է նույնացվել պնդերես խառնակչի, իսկ մամուլը՝ կեղծիքի հետ(հանուն արդարության նշեմ, որ ՀՀ-ում դեռևս կա որակյալ մամուլ և պրոֆեսիոնալ լրագրողներ), տեղին է հիշել, թե ինչ էր իրենից ներկայացնում մամուլն ավելի վաղ ժամանակներում և՛ աշխարհում, և՛ Հայաստանում:
Մամուլը, որի սկզբնավորումը կարելի է համարել 17-րդ դարը, շատ արագ դարձավ զանգվածային լրատվության ամենահայտնի և ազդեցիկ տարբերակը, շատ մեծ փոփոխություններ կրեց ու զարգացում(նաև հետընթաց) ապրեց մինչև մեր օրեր: Մամուլը, որ իր սկզբնական էտապում բացառապես տպագիր ձևաչափով էր հանդես գալիս, տարիների ընթացքում ոչ միայն շարունակեց մնալ որպես լուրեր հաղորդող կարևոր օրգան, այլև դարձավ մշակութային երևույթ, որը հսկայական ազդեցություն թողեց և՛ լուրեր հաղորդելու սկզբունքի և՛ հասարակության ու գրականության զարգացման համար: Մամուլը հասավ այն մակարդակին, որ այնտեղ ոչ միայն ուղղակի լուրեր էին հաղորդում, այլև ամբողջական գրքեր տպվում, գովազդներ ներկայացվում: Մամուլը դարձավ օդի պես անհրաժեշտ մի բան: Զարգացող աշխարհն այլևս չէր կարող ապրել առանց մամուլի:
Բայց…այսօր մամուլը Հայաստանում գտնվում է խայտառակագույն մի վիճակում, երբ տեխնիկական հնարավորությունները թույլ են ցանկացած մեկին լուրեր տարածելու: Լուրեր, որոնք հաճախ ոչ միայն հավաստի չեն, այլև միայն սրում են իրավիճակը, պատվիրված սրիկայություններ են ու ոչ միայն իջեցնում են լրագրողի ու մամուլի անունը, այլև արժեզրկում մի ողջ գրական-ստեղծագործական մշակութային ոլորտ:
Համեմատեք, թե ովքեր են եղել հայ մամուլում աշխատողներ, թղթակցողներ և տպվողներ մի ժամանակ և ովքեր են հիմա: Երվանդ Օտյան, Հակոբ Պարոնյան, Րաֆֆի, Մուրացան, Հովհհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Լևոն Շանթ, Գրիգոր Արծրունի, Նիկոլ Աղբալյան Հովհաննես Քաջազնունի…կարելի է անվերջ շարունակել այս ցանկը: Կարելի է անվերջ շարունակել նաև այն, թե ինչ հսկայական աշխատանք էր կատարում մամուլը: Ամեն կարևոր լուրի մասին մարդիկ տեղեկանում էին մամուլից: Այնպես ինչպես 1815թ. Նապոլեոն Բոնապարտի, Էլբան լքելու կայծակնահար լուրը նախ գրեց Բեռլինյան թերթերից մեկը, իսկ հետո՝ «Մոսկովսկիե վեդոմոստի»-ն և ողջ Եվրոպան ապշեց այդ լուրերից, նույն կերպ էլ հայ մամուլն էր մի ողջ տիտանական աշխատանք կատարում և օր օրի վրա հարստացնում հայ հասարակությանը՝ թե թարմ լուրերով ու որակյալ վերլուծություններով, այլև գրական ստեղծագործական նյութերով: Հենց թեկուզ Րաֆֆու «Սամվելը», Նար Դոսի, Հովհաննես Թումանյանի, Լևոն Շանթի բազմաթիվ գործեր տպվում էին հենց հայկական մամուլի էջերում: Եվ մի՞թե հնարավոր է մոռանալ այնպիսի թերթեր, ինչպիսիք էին «Մշակը», «Ազդարարը», «Եղբայրասերը», «Արծիվ Վասպուրականին», «Ազգասերը», «Տարեգրությունները», «Եղանակ Բյուզանդիանը», «Կովկասը», «Լրո Գիրը», «Մեղուն» և տասնյակ ուրիշ հայկական լրագրեր, որոնք իրականացնում էին ամենաբարդ և ամենածանր աշխատանքները:
Իհարկե պետք չէ մտածել, թե դա ինչ որ «լրագրային դրախտի» ժամանակաշրջան էր ու զարգացման և առաջընթացի երանելի օրեր: Ո՛չ: Հայկական լրագերը ևս պառակտված էին, թշնամությամբ լի միմյանց նկատմամբ և կատաղի ատելությամբ էին լցված մեկը մյուսի նկատմամբ ու Րաֆֆին նաև դրա մասին էր դառնորեն նշում, երբ խոսում էր, թե ինչ թշնամանք և ատելություն է տիրում հայկական լրագրերի մեջ: Բայց Րաֆֆին անկեղծորեն կզարմանար, թե բացի թշնամանքից ինչ անորակություն ու միջակություն է տիրում հայ մամուլում հիմա: Գուցե և չզարմանար: Քիչ չէին պատահում, որ նաև ինչ որ չափով ապատեղեկատվություն տարածվեր, բայց իհարկե ոչ այն չափով, ինչպես որ հիմա:
Բայց թեև այդ վիճակում, բայց հայկական մամուլը հսկայական դեր էր կատարում հայ հասարակության համար: Հատկապես ծանր թվերին, ինչպես օրինակ 1915, 1918-20թթ և՛ տեղական, և՛ արտասահմանյան հայ մամուլի միջոցով էր լուր ստացվում ընդհանրապես: Բնական է, այդպես էր թելադրում նաև ժամանակաշրջանն ու տեխնիկական հնարավորությունները, բայց անժխտելի է այն մեծ ավանդը, որ ունի հայ մամուլը հայ հասարակության զարգացման գործում: Այն համեմատելի է միայն մեկ բանի՝ այսօրվա անորակության ու միջակության հետ:
Առաջ, հատկապես, որ կրթությունը համատարած բնույթ չէր կրում, թղթակիցները, խմբագիրներն ու լրագրողներն ընդհանրապես համարվում էին առանձին խավ՝ ինտելիգենցիայի ներկայացուցիչներ: Նրանց հաճախ անվանում էին «կարդացողներ» կամ «կարդացվորներ»: Լրագիր կարդալը համարվում էր խելքի ու մակարդակի ապացույց և ցուցանիշ: Հիմա գրում են բոլորը, կարդում՝ ոչ ոք: Հիմա ցանկացած մեկը կարող է իրեն լրագրող հռչակել, իսկ ցանկացած ֆեյսբուքյան էջ՝ լրատվական գործակալություն: Մերօրյա լրագրողներից շատերը, որոնք ո՛չ բարձրագույն կրթություն ունեն, ո՛չ էլ տարրական կուլտուրա, անկիրթ են ոչ միայն մասնագիտորեն, այլև՝ մշակութորեն: Հիմա լրագիրը հեռացել է լուրեր հաղորդելու սկզբունքից և ողջ լրատվական դաշտը հեղեղված է միօրինակ նյութերով: Հիմա կարևոր է, ոչ թե լուրը, այլ այն, որ սկանդալային լինի, որովհետև «լուրերի» առատությունից զզված մարդիկ կարդում են միայն այն, ինչը ուշադրություն է գրավում և արդեն զարմանալի էլ չէ, որ ինչ որ երգչուհու վիրահատության մասին գրում են, իսկ որևէ իրոք կարևոր երևույթի մասին՝ ոչ:
Հիմա հնարավորություն կա ողջ աշխարհով մեկ տարածելու ինչ ուզես ու երբ ուզես: Սա արդեն ոչ թե լրատվական է, այլ տեղեկատվական քաոս, որն էլ թերթն ու ապատեղեկատվությունը դարձնում է հոմանիշ բառեր:
Այսօր Հայաստանում լրատվականների թիվը կարելի է համեմատել հավանաբար կուսակցությունների թվի հետ: Ինչ մեկը, ինչ մյուսը: իրար չեն զիջում անորակությամբ ու միօրինակությամբ: Ո՞ւր են վերլուծությունները, ուր են գիտական ու մշակութային լուրերը: Ո՞ւր են Րաֆֆու ու Մուրացանի, Պարոնյանի ու Օտյանի փոխարինողները հայկական մամուլում: Ո՞ւր են հայկական լրագրերի ու թերթերի փոխարինողները, որ հասարակությանը պիտի կրթեն: Չկան:
Հայ մամուլը, որն այսօր իրեն անհամեստորեն «Չորրորդ իշխանություն», մեծապես զբաղված է քաղաքական պատվերներով և ավելի շատ ջուր է պղտորում բամբասանքներ տարածելով, քան թե հավաստի լուրեր մատուցելով:
Այսօր հայկական մեդիադաշտում գոյություն ունեցող լրատվականներից կարելի է միայն մի քանիսին առանձնացնել, որ քիչ թե շատ զտում են իրենց նյութերը և նաև վերլուծականներ են ներկայացնում: Հայկական տպագիր թերթերը շատ վատ են վաճառվում, իսկ թվանշանային մամուլի մեծ մասն ուղղակի բանի պետք չէ:
Հատկապես հիմա, մամուլը, որ հնարավորություն ունի զսպիչ դեր կատարելու համար, ցավոք դրա փոխարեն գտնվում է խորը լճացման ու մեկուսացման մեջ՝ չտիրապետելով ո՛չ ինֆորմացիոն սրության նրբություններին, ո՛չ մշակութային առանձնահատկություններին:
[շարունակելի]