Հայաստան

Համապարփակ Լուծումներ

Երբ կարգավիճակի մասին խոսակցությանը զուգահեռ ԱՄՆ դեսպանը խոսում է «համապարփակ լուծման» մասին, որն ըստ նրա կհանգուցալուծի լարվածությունը, դա նշանակում է, որ ԱՄՆ պատկերացմամբ Ադրբեջանն էլ պետք է այդ «համապարփակության» մեջ ինչ որ բան ստանա, փաստորեն բացի պատերազմով վերցրածից, որպեսի լինի լարվածության հաստատուն հանգուցալուծում:

Հակոբ Բադալյան

Փորձենք որոշակի հարցերի միջոցով հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «ծագող տարբեր լարվածությունները լուծելու համար անհրաժեշտ է համապարփակ լուծում»: Այդ արտահայտությունը արել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, հայաստանցի լրագրողների հարցերին ի պատասխան վերստին անդրադառնալով արցախյան հարցին, հայ-ադրբեջանական լարվածությանը, Գորիս-Կապան ճանապարհին: 

ԱՄՆ դեսպանը խոսում է կարգավիճակի հարցը լուծելու անհրաժեշտության մասին, ինչը իհարկե շատ կարեւոր հայտարարություն է: Բայց, պատասխանելով պարբերաբար ծագող լարվածության մասին հարցին, նա ասում է՝ «մենք միշտ ասել ենք, որ պետք է համապարփակ լուծում»: 

Սա ակնհայտորեն չի նշանակում միայն կարգավիճակ: Համենայն դեպս այդպես է հուշում տրամաբանությունը: Ի վերջո, լարվածության աղբյուրը կամ լարվածություն առաջացնողը Ադրբեջանն է: Կարգավիճակի հարցը այն է, որը այսպես ասած «ջրելու» համար էլ Ադրբեջանն առաջացնում է լարվածությունը: 

Հետեւաբար, չի կարող կարգավիճակի մասին պարբերական շեշտադրումը լինել լարվածություն չեզոքացնող, եւ հակառակը՝ կարգավիճակի մասին հաճախակի հայտարարությունները կարող են Ադրրբեջանին մղել լարվածության: Չէ՞ որ պետք է իրավիճակը գնահատենք առնվազն հնարավոր տարբեր կողմերից: Հետեւաբար, երբ կարգավիճակի մասին խոսակցությանը զուգահեռ ԱՄՆ դեսպանը խոսում է «համապարփակ լուծման» մասին, որն ըստ նրա կհանգուցալուծի լարվածությունը, դա նշանակում է, որ ԱՄՆ պատկերացմամբ Ադրբեջանն էլ պետք է այդ «համապարփակության» մեջ ինչ որ բան ստանա, փաստորեն բացի պատերազմով վերցրածից, որպեսի լինի լարվածության հաստատուն հանգուցալուծում: 

Հետեւաբար, շատ կարեւոր է հասկանալ, որոնք են թիվ մեկ գերտերության համար «համապարփակ լուծման» այսպես ասած սյուները (արմատը Սյունիքը չէ): Մեր հանրային, փորձագիտական շրջանակում իհարկե հարցերի «զննության» հաստատուն «ավանդույթ» չկա իհարկե: Մեր փորձագիտական-հանրային դիսկուրսը գերակշռող մասով հիշեցննում է ավելի շուտ զանազան ներքին ու արտաքին ֆան-ակումբների ամբողջություն:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *