Եթե սկզբունքային է այս հարցը և ոչ թե քաղաքական հակման արդյունք, ուրեմն նույն այս ահազանգերը պետք է հնչեին նաև 2016 թվականին, երբ դեռ ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ տարիներ անց չորս օրը դառնալու է 44, իսկ զոհերի թիվը հազարներով…
Նուշիկ Միքայելյան
Անկախության 30 ամյակ…Եվ մի չարչրկված թեմա՝ անկախության պետականորեն նշման որոշումը, որին հաջորդեցին չտեսնված, չլսված պոռթկումներ, մեղադրանքներ, ընդհուպ՝ պառակտման թաքուն կամ բացահայտ միտումներ՝ մոտավորապես այսպիսի տողատակով՝ ով նշելուն է կողմնակից, սրիկա դավաճան է, որը չգիտի՛ ինչ բան է պատերազմը, զոհերը, սուգն ու ողբը, զոհերի հանդեպ հարգանքն ու ակնածանքը, և հակառակ բևեռը՝ 30 ամյա անկախության օրը նշելուն դեմ եղողները, որոնք առաքինի և բարոյական մարդիկ են ի դեմս ՄՅՈՒՍՆԵՐԻ, և որոնք շատ ավելի խորն են զգում մեր ողբերգության չափը և շատ ավելի ծանր է կշռում նրանց հայրենասիրությունը։
Բռավո՜, բռավո՜
… Հրաշալի՛ ձև է հայերիս միաբանելու, հրաշալի՛ ձև է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ իշխանության հետ շփոթել տալու . որովհետև գոնե ինձ համար և վստահ եմ՝ ոչ միայն ինձ համար, Հայաստանն ու Հայաստանի Հանրապետության անկախությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ Սերժ Սարգսյանն է, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը… Երկրի անկախության ամենապայծառ և վառ խորհրդանիշներն ինձ համար երկուսն են միայն. մի կողմից նրանք , որոնք մեր անկախ երկրի հանդեպ մեծ հավատով լցված և հանո՛ւն մեր անկախության իրենց կյանքը զոհեցին (և ո՛չ միայն պատերազմների դաշտերում), և մյուս կողմից՝ նաև և հավասարապե՛ս նրանք , որոնք դարձյա՛լ նույն հավատից ելնելով, ամենատարբե՛ր դժվարությունների մեջ անգամ, չլքեցի՛ն երկիրը, չբռնեցի՛ն արտագաղթի ճանապարհը, մնացին, ապրեցին և դեռ ապրելու են այստեղ՝ երկրում, որտեղ կարծես ապրելն ինքնին դարձել է մեղք գործելու պես ծանր մի բան։
Ես լավ եմ հասկանում, որ ֆեյսբուքյան, և ընդհանրապես՝ առցանց կյանքով ապրելու մեր դարում ինչքա՛ն հեշտ է մարդկանց ուղղորդելն ու ազդեցության տակ վերցնելը, և ինչքան հեշտ է խոսք հրապարակելը և լսելի դառնալը, մասնավորապես հայտնիների համար, որոնց յուրաքանչյուր խոսքը շատերի կարծիքի վրա երբեմն դաջվում է որպես աստվածային ճշմարտություն։
Սակայն, որտե՞ղ էին այդ «աստվածային ճշմարտությունները» մեր երկրի առջև ծառացած այլ՝ ծանրագույն ժամանակներում, օրինակ՝ 2016-ի քառօրյա պատերազմի ֆոնին նշված ՀՀ անկախության տոնակատարությունների , զորահանդեսների ժամանակ, երբ դարձյալ պատերազմ էր և դարձյալ լույս տղաներ էին զոհվել ընդամենը ամիսներ առաջ… Եթե սկզբունքային է այս հարցը և ոչ թե քաղաքական հակման արդյունք, ուրեմն նույն այս ահազանգերը պետք է հնչեին նաև 2016 թվականին, երբ դեռ ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ տարիներ անց չորս օրը դառնալու է 44, իսկ զոհերի թիվը հազարներով…
Աստվածային այդ ճշմարտությունը կարծես թե լուռ էր նաև ՀՀ անկախության պատմության ամենածանր ժամանակահատվածում նաև, երբ 2000 թվականին, ՀՀ անկախության 9-րդ ամյակն էին տոնում մեծ շուքով, երբ ընդամենը 11 ամիս առաջ գլխատվել էր մեր ազգային ժողովը և բնականաբար՝ ոչ միայն…
Ասելիքս ընդամենը հետևյալն է։ Երկրներն իրենց անկախությունները պահպանում, կորցնում, զարգացնում կամ ամրապնդում են, վտանգում կամ թուլացնում են, սակայն ո՛չ մի դեպքում չեն հրաժարվում գաղափարից և չե՛ն տարանջատում սեփական ազգակիցներին իրարից՝ մասնակից-չմասնակից «սկզբունքով», «զոմբի-չզոմբի» գետինը մտնելու չափ ամոթաբեր այս թշնամակա՛ն «օծումով», ազգային-ապազգային, կուսակցական-անկուսակցական, զոհված-չզոհված, զենք բռնած-չբռնած և տարատեսակ այլ չափման միավորներով, որոնք միանգամի՛ց զրկում են նման մտածողությամբ հանդես եկողների խոսքը՝ կշռից և որոշ դեպքերում նաև հարցականի տակ դնում ոմանց նպատակների ազնվությունը։
Նշեք -չնշեք, իրար վրա լեռի չափ քար շպրտեք՝ չշպրտեք, ինձ համար, երկրի անկախության հանդեպ իմ կեցվածքը՝ իմ ապրած և ապրելիք կյանքն է, որը Հալեպ քաղաքից 24 տարի առաջ միայնակ՝ տեղափոխվեց երկիր, օտար երկրում ծնվածի իր ճակատագիրը իր սեփական զավակի հայրենի երկրո՛ւմ ծնվելու փաստով մեղմացնելու, որպեսզի իմ և հազարավոր հայերի 7-8-10-20 տարեկան երեխաները չդադարե՛ն հավատալ անկախ երկրում ապրելու մեր դեռևս և հիմա առավե՛լ քան երբևէ կռվախնձո՛ր դարձած իրավունքին, և եթե հանկարծ մեր սերունդի ուսերին մնա անկախության խոցմա՛ն բեռը նաև, ապա եկո՛ղ սերնդի ուսերը ծանրանան միա՛յն մեր երկրի և պետության հզորացման հանդեպ հաստատակամությամբ և հավատով։ Չէ՞ որ եթե մեր երեխաները մեզ հարց տան թե «այսքանից հետո ինչո՞ւ է պետք ապրել Հայաստանում» կամ, «ո՞րն է Հայաստանում ապրելու իմաստը եթե մենք չենք հավատում մեր երկրի անկախությանը», ապա ես և դուք բոլորդ՝ պարտավոր ենք նրանց այնպիսի՛ պատասխան տալ, որ նրանք վերջնականապես չզրկվե՛ն սեփական երկրում արժանապատիվ ապրելու հեռանկարից։
Ամե՛ն կարծիք ապրելու իր իրավունքն ունի՛ անպայման, սակայն կարծում եմ, որ կարծիքը պետք է մնա կարծողի՛ սահմաններում (նաև իմ կարծիքի դեպքում), դրանից «դուրս» հայտնվածների վրա մեղքեր բարդելու պառակտիչ և միավորելու փոխարեն ամե՛ն գնով տարանջատող միտումներից հեռու։
Մեր ժողովուրդ-ընտանիքն առանց այդ էլ սարսափելի՛ վիրավոր է հիմա… Օգնե՛նք, որ հիշի իր՝ ընտանի՛ք լինելու մասին և արժանապատվության դափնեպսակներ չբաժանենք մեկին՝ մյուսի գլխին փշե պսակ դնելու հաշվին։
Միևնույն է՝ ժամանակը դեռ շատ փակ վարագույրներ կբացի՛ հաստատ։