Հայաստան

Մայիսի 28-ից Սեպտեմբերի 21

Եթե առաջին հանրապետությունը կարողանար դիմակայել 1920թ. հայ-թուրքական ծանր պատերազմին, ապա վստահ եմ, որ նրանք 1921թ. մայիսի 28-ին նորից, էլ ավելի մեծ ուժով կհաստատեին ապրելու ու արարելու կամքը: Բայց ճակատագիրը թույլ չտվեց: Հանրապետությունը կործանվեց: Իսկ երրորդ Հանրապետությունը կա, ապրում է: Վիրավոր, բայց լի է կատաղությամբ՝ իր զինվորների համար վրեժ լուծելու, կորցրած հողերը հետ բերելու, արդարությունը վերակագնելու:

Արայիկ Մկրտումյան

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակն է, իսկ դա նշանակում է, որ մենք այսօր շատ մեծ ու կարևոր խորհուրդ ենք նշում: Անկախություն՝ որպես գաղափար, սկզբունք, հոգեբանություն:

Անշուշտ, հասկանալի և ընդունելի է այն տեսակետը, որ այսօր անկախության տոնը պարզապես հնարավոր չէ տոնել նախկին ուրախությամբ ու ավյունով: Իհարկե: Մի քանի օրից կլրանա ահասարսուռ պատերազմի մեկ տարին, և պարզապես հնարավոր չէ ուղղակի ուրախանալ և ասել, որ ոչինչ էլ չի եղել: Մենք նախորդ հոդվածում նշեցինք այդ հոգեբանական գործոնների մասին, իսկ այս հոդվածում կփորձենք յուրահատուկ համեմատություն անել հայկական երկու հանրապետությունների և նրանց անկախության մասին

Ի՞նչ տեղի ունեցավ այն ժամանակ և հիմա:

Թե՛ առաջին, և թե՛ երրորդ հանրապետությունների ճակատագիրն ընթացավ ծանրագույն պատերազմներով: Առաջին հանրապետության ճակատագիրն իհարկե ողբերգական եղավ: Ի տարբերություն առաջին հանրապետության, 1991թ. ստեղծված Հայաստանի երրորդ Հանրապետությունը կարողացավ դիմակայել ժամանակի փորձություններին և առ այսօր ապրում է անկախ:

Առաջին հանրապետությունը ստեղծվեց Հայոց Ցեղասպանության իրագործումից երեք տարի անց՝ առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում, երբ դեռ շարունակվում էին հայերի ջարդերն ու կոտորածները ողջ Անդրկովկասում:

Երրորդ Հանրապետության ճակատագիրը ձևավորվեց Արցախի ազատագրման համար մղվող պատերազմում և ՀՀ կյանքը նշանավորվեց  էներգետիկ ճգնաժամով:

Առաջին հանրապետությունն իր ծնունդն առավ մայիսյան հերոսամարտերի արդյունքում, և գոյության երկու տարին անցավ համաճարակի ու պատերազմի մեջ:

Երրորդ հանրապետության կյանքն ավելի հաջողված եղավ, ու Արցախյան պատերազմում հաղթելուց հետո՝ 1994թ. սկսած, հայ ժողովուրդը խաղաղ ապրելու հնարավորություն ստացավ:

Ու երբ համեմատում ենք առաջին և երրորդ հանրապետությունները, բացի նրանից, որ երկուսն էլ իրենց ծնունդն առան պատերազմներով, առաջին հանրապետության գոյության երկու տարին և երրորդ հանրապետության վերջին մեկ ու կես տարիները սարսափելիորեն նման են՝ համաճարակ, պատերազմ, հազարավոր զոհեր:

Եվ այստեղ գալիս է մեծ տարբերության ու մեծ ողբերգության պահը:

Մենք վերջին պատերազմում տվել ենք հազարավոր զոհեր, և նրանք իրենց կյանքի գնով կարողացան պահպանել հայոց անկախությունը և մենք այսօր այն նշում ենք որպես ծանր գնով պահպանված մեր գերագույն արժեք: Առաջին Հանրապետությունը 1920թ. հայ-թուրքական պատերազմում պարտվեց էլ ավելի սարսափելիորեն: Բայց վստահեցնում եմ, որ նրանք ամեն ինչ կտային, միայն թե 1921թ. մայիսի 28-ը դիմավորեին անկախության մեջ: Բայց, ավաղ, Հանրապետությունը կործանվեց և շատ-շատ երկար տարիներ մայիսի 28-ը ոչ միայն հաղթականորեն, այլև ընդհանրապես չնշվեց: Ու հիմա հարց եմ ուղղում առաջին հերթին ինքս ինձ՝ արդյո՞ք ես հասկանում եմ այս սեպտեմբերի 21-ի իրական արժեքն ու նշանակությունը: Անցյալ տարին եղավ այնքան ծանր, որ մենք դեռևս ուշքի չենք գալիս մեզ պատուհասած դժոխքից: Մեր տղաները գնացին մարտի եռագույնը պահելու՝ հիմնը շուրթերին ու Հայաստանը սրտում պահած: Եվ ի՞նչ անենք մենք սեպտամբերի 21-ին: Մի՞թե չնշենք այն որպես հաղթանակ մահվան դեմ: Եթե առաջին հանրապետությունը կարողանար դիմակայել 1920թ. հայ-թուրքական ծանր պատերազմին, ապա վստահ եմ, որ նրանք 1921թ. մայիսի 28-ին նորից, էլ ավելի մեծ ուժով կհաստատեին ապրելու ու արարելու կամքը: Բայց ճակատագիրը թույլ չտվեց: Հանրապետությունը կործանվեց: Իսկ երրորդ Հանրապետությունը կա, ապրում է: Վիրավոր, բայց լի  է կատաղությամբ՝ իր զինվորների համար վրեժ լուծելու, կորցրած հողերը հետ բերելու, արդարությունը վերակագնելու: Ու այդ Հայաստանը պիտի ապրի: Որովհետև մենք, ի վերջո, պիտի կարողանանք պահը գնահատել ու հասկանալ: Որովհետև մեզնից ոչ ոք չի ցանկանա, որ այս Հանրապետությունը կործանվի, և հայերն արդեն սրտի կսկիծով ու թաքուն սեպտեմբերի 21-ին բարձրացնեն հայոց եռագույնը ու երանի տան այն օրերին, երբ դեռ կար Հայաստանի Հանրապետությունը:

Մի պատմություն կա Հովհաննես Քաջազնունու հետ կապված: Ասում են, որ արդեն խորհրդային տարիներին նա մայիսի 28-ին գնում էր Հրազդանի ձոր, մի շիշ օղի էր տանում հետը և այնտեղ լիակատար միայնության մեջ խմում այդ օղին՝ կուլ տալով արցունքներն ու երանությամբ հիշելով այն օրերը, երբ թեկուզ վիրավոր, բայց Հանրապետությունը կար: Նա իր սրտում ողջ կյանքում պահեց իր հանրապետության մայիսի 28-ը, թեև էլ երբեք չկարողացավ դրա մասին խոսել այնքան ազատ, ինչքան մենք հնարավորություն ունենք խոսելու սեպտեմբերի 21-ի մասին:

Մենք պատրա՞ստ ենք նման մռայլագույն ապագայի: Մենք պատրաստ ենք այն բանին, որ սեպտեմբերի 21-ն այլևս չնշենք, որովհետև մեզ չեն թողնի: Հովհաննես Քաջազնունին ու Առաջին Հանրապետության հազարավոր ներկայացուցիչներ ամեն ինչ կտային, ամեն ինչ, որ Հայաստանը մնար անկախ: Նրանք լավ էին հասկանում պետության գինն ու արժեքը:

Ես իրոք հասկանում եմ, երբ ասում են՝ մենք այսօր նշելու բան չունենք: Այո՛, տառապանք է ծնունդ նշել մահվան այդ ահեղ խոլապարի մեջ. Բայց մեզ միայն դա է մնացել: Մեր բոլոր միրաժները հօդս ցնդեցին: Միակը որ մնաց, Հանրապետության անկախության օրն է, ու մեր հազարավոր հերոսների զոհաբերված կյանքերը: Այսօր մենք չենք ուրախանում և քեֆ չենք անում: Մենք այսօր փորձում ենք հասկանալ, թե, ի վերջո, ինչ կատարվեց, ինչու: Որովհետև այսօր Հայաստանի ծնունդն է՝ մեր դարավոր հայրենիքի, հազարամյակներով չարչարված ու վերքերով խոցված, իր հազարավոր զավակներին կորցրած հայրենիքի: Հայրենիքի, որին արդեն քանի քանի հարյուրամյակ ուզում են խեղդել, սպանել, ոչնչացնել: Ու վերջին հարվածը մենք ստացանք գրեթե մեկ տարի առաջ:

Այսօր այդ հայրենիքի ծնունդն է: Մեր բոլորի: Հատկապես նրանց, ովքեր գնացին: Նրանք ավել պակաս չխոսեցին, նրանք գնացին, իսկ մենք այսօր ամենաէժան կռիվն ենք անում, վշտից մենք մեզ կորցրած, մենք մեզնից վրեժ լուծելով:

Բավական է: Կա՛նգ առ հայ ժողովուրդ:

Պատմությունը դաժան է: Ուշքի չգալու դեպքում ոչ միայն առանց համերգի, այլև ընդհանրապես ոչ մի անկախություն էլ չենք նշի, որովհետև չենք ունենա անկախություն:

Մենք պիտի փայփայենք ու պահենք այս անկախությունը: Այն մեզ համար անցյալ տարի պահեցին մեր հազարավոր եղբայրները:

    

One Response to “Մայիսի 28-ից Սեպտեմբերի 21”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *