ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արժեւորման Պահը

Նրանք փորձեցին թաղել մեզ, չիմանալով, որ մենք սերմեր ենք:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրանում է 2020թ. սկսված 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմի մեկ տարելիցը:

Կարելի է նորից երկարաշունչ տողերով, երկա՜ր, շատ երկար ու էմոցիոնալ գրել, դատապարտել, հայհոյել ու նաև արտասվել, զայրանալ…մի խոսքով ինչ կուզեք, բայց այս ամենին հակադրվում է մերկ ու անտանելի ճշմարտություն՝

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Կարելի է մեղադրել ներկաներին, նախկիններին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, բայց միևնույն է այդ ամենին էլի հակադրվում է մերկ ու չափից ավելի ցավոտ իրականություն՝

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Կարելի է ասել, որ բանակը չպարտվեց, պարտվեց իշխանությունը, պարտվեցինք, որովհետև այսինչ գեներալը անորակ հրթիռ գնեց, այնինչ գնդապետը հեռախոսով դիրքերի տեղը հայտնեց ու էլի լիքը նման բաներ, որոնք գուցե և ճիշտ են, բայց միևնույն է, այդ ամենին հակադրվում է նույն անհողդողդ ու սառը իրականությունը՝

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի աչքում պարտվեց ՀԱՅԱՍՏԱՆԸ, բանակը չէ, զինվորը, իշխանությունը, ներկան, նախկինը, լավը, վատը…այլն, ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ողջ աշխարհում հենց այդպես էլ մեկ նախադասությամբ «ջրում են» մեր ողջ էմոցիոնալ հուզական դաշտը, երբ արձանագրում են, որ. «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի չճանաչված հանրապետության տարածքում բռնկված պատերազմն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ, նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, ըստ որի հայկական կողմը դուրս բերեց իր զորքերը հետևյալ շրջաններից…» ու էլի բլա-բլա-բլա:

Դաժա՞ն է:

Այո՛: Անչափ դաժան ու անչափ իրական: Մենք դեռ երկար ենք փորձելու մարսել այս ամենը: Երեսուն տարվա ստի ու մեծամտության, անգործության ու անփութության դոզայից, անվերջ կենացներից հետո մենք մեր աչքերը բացեցինք ու տեսանք, որ Եռաբլուրի գերեզմանները հինգ անգամ շատացել են:

Մինչդեռ որևէ սխալ շտկելու համար նախ և առաջ հարկավոր է հասկանալ, ընդունել այդ սխալն ամբողջովին, հետո նոր սկսել ուղղել այն: Վիրաբույժը երբ վիրահատություն է կատարում, երբեք չի մտածում, որ այս հատվածը հանեմ, իսկ մյուսը թող մնա, մեկ է ոչ ոք չի տեսնում: Հիվանդին էլ չեմ ասի, որ նրան կիսատ եմ բուժել, չեմ ասի, որ հավանաբար նրա մոտ երեք ամսից խոց կպայթի ու նա հավանաբար կմահանա: Ո՛չ, վիրաբուժը էսթետիկան դնում է մի կողմ ու փորձում ոչ թե հետևանքի վրա աշխատել, այլ վերացնել պատճառը:

Գալով մեզ՝ հայերիս, հայ հասարակությանն ու ՀՀ-ին, պետք է նշենք, որ մենք չենք ուզում մինչև վերջ ընդունել եղածը ու դեռ փորձում ենք ամեն կերպ ինչ որ բաներ չնկատել, չտեսնելու տալ, բաց թողնել, չխոսել: Ու դա այն բանից հետո, երբ ունեցանք նման չարաղետ պատերազմ:

Ժողովուրդն ասում է, որ մախաթը պարկում չես թաքցնի: Բայց մենք հենց դրանով էլ զբաղված ենք: Մենք այս պարտությունը փորձում ենք «տեղավորել» այստեղ կամ այնտեղ, խցկել ինչ որ տեղ, ծածկել ու աչքներս փակել: Չի՛ լինելու: Սեպտեմբերի 27-ը կրկնվելու է ու հայոց պատմության Սև Օրացույցին ևս մեկ օր է ավելանալու, եթե մենք չհասկանանք, չընդունենք, մերժենք ու փորձենք մանկամտորեն սպասել, որ որևէ պետություն գա ու մեր հարցերը լուծի, կամ էլ գոնե Էրդողանը ինֆարկտ ստանա մահանա, կամ էլ Բաքվում երկրաշարժ լինի ու Բաքուն խորտակվի: Սա նման է դասը չսովորած աշակերտի պահվածքին, ով դպրոցի ճանապարհին երազում է, որ ուսուցիչն այդ օրը հիվանդանա, դասից ուշանա, ինչ որ բան պատահի ու նա չգա դասի, որովհետը ինքը ԴԱՍԸ ՉԻ ՍՈՎՈՐԵԼ:

Որովհետև մենք դեռևս մեր դասը չենք սովորել, դրա համար էլ անընդհատ նույն բանի պատճառով նորից տալիս ենք ամենածանր գինը՝ հայի կյանք, կորցնում ենք ամենաթանկը՝ հայրենիք, հույս:

Այսօր սեպտեմբերի 27-ն է: Պատերազմի մեկ տարելիցը: Բաքվում հռհռում են մեզ վրա ու նշում հաղթական պատերազմի 1-ամյակն այնպես, ինչպես մենք էինք ամեն տարի մայիսի 9-ին ծաղրում ադրբեջանցիներին ու ասում, որ. «հեսա էս ոչխարներին մինչև Քուռ քշենք ու ելնինք Սասուն, մտնինք Վան»: Մենք նույնիսկ Արևմտյան Հայաստանի կառավարություն ունենք…ֆեյսբուքում:

Այսօր սեպտեմբերի 27-ն է: Այն պիտի ջնջենք հաղթանակով: Հաղթենք մեր տգիտությանն ու ազգային ախտին ու իրոք սկսենք ադրբեջանցուն քշել մինչև Քուռը ու իրոք պլան կազմենք Սասուն ու Վան մտնելու: Իսկ դրա համար մենք դեռ երկա՜ր, շատ երկար պիտի աշխատենք:

Մենք հիմա Դյումայի հերոսի՝ Էդմոն Դանտեսի օրն ենք ընկել, ումից խլեցին ամեն ինչ ու նետեցին բանտ՝ փտելու: Դանտեսը 14 տարի միայնակ տառապեց մենախցում, տառապեց տիեզերական համբերությամբ ու զայրույթից սրված ու սուրսայր ատելությամբ կոփված հստակ ծրագիր-նպատակով՝ վրեժ լուծել: Ու պետք եկավ 14 տարվա միայնության տառապանք, մինչև միամիտ ու դյուրահավատ Էդմոն Դանտեսը վերածնվեց որպես դաժան ու անողոք Կոմս Մոնտե Քրիստոյի:

Բավական է մենք Դոն-Կիխոտի պես վազենք հողմաղացների վրա: Մեզ վրեժի է կանչում Արցախը, մեր նահատակված հազարավոր եղբայրները: Իսկ վրեժն այնպիսի ուտելիք է, որ սառն են մատուցում: Հիմա մենք պետք է սեպտեմբերի 27-ի դառնությունը ջնջենք այսօրվանից սկսվող նոր իմաստով, նոր հոգեբանությամբ, նոր գաղափարով, նոր ու իրական ծրագրով:

Նրանք փորձեցին թաղել մեզ, չիմանալով, որ մենք սերմեր ենք:

Մենք պիտի ապրենք: Հայրենիքը վաղեմության ժամկետ չունի, անկախությունը՝ ևս: Մենք մեկով պիտի պահենք մյուսը:

Հայաստանն ապրելու է:

Հիշեք, մեզ մեջ տարբերություն դնող և լավ ու վատ անողը միայն մենք ենք: Թուրքի համար մենք նույնն ենք՝ հայ ենք: Ժամանակն է, որ մենք ևս մեզ ընդունենք որպես մեկ երևույթ հայ:

Միայն այդպես:

Աստված հանգստություն տա մեր կյանքի ու պատվի պահապանների հոգիներին: Անիծե՛ք մեզ, եթե ուշանանք:

Արցա՛խ, սպասիր մեզ: Մենք դեռ կվերադառնանք:

Իսկ այսօր՝ լռենք ու մտածենք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *