Ընդհանրապես լավագույն միջոցը կանխելու բոլոր պատերազմները նաև ապագայի համար՝ սեփական ինքնությունից հրաժարվելն է:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը:
Ես գիտեմ, հասկանում եմ, որ երբ այս հարցը տալիս են սովորաբար նկատի ունեն, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել պատերազմն այսպես կոչված Լավրովյան պլանին համաձայնելով:
Իմանալով սա, այդուհանդերձ, ուզում եմ սկսել ավելի հեռվից, իսկ լավրովյանի խնդիրը թողնել առանձին գրառման համար՝ նույն խորագրի տակ:
Ինչո՞ւ եմ համարում, որ պետք է սկսել հեռվից:
Որովհետև “հնարավո՞ր էր արդոք կանխել պատերազմը” հարցն իրականում ինքն իրենով դատարկ վերացական, օդի մեջ հարց է: Այն անբովանդակ է առանց ճշտելու՝ ե՞րբ, երբվանի՞ց, ի՞նչ պայմաններով և նման հարցադրումների:
Իսկ ինչո՞ւ են կարևոր նման ճշտումները, արդյո՞ք քթի մազություն և ավելորդ խորանալ չէ սա:
Ո՛չ՝ որովհետև ցավոք մեր հանրային խոսքում անընադտ պարտադրվում են նման վերացական հարցեր, և դրանց միջոցով մանիպուլյացնում են հանրային կարծիքը, բաժանում մարդկանց թշնամական խմբերի, ստեղծում կրոնաքաղաքական դոգմաներ և միֆեր:
Ռացիոնալ ընկալումը կարող է լինել միայն կոնկրետ՝ ինչպես ժամանակին հիմնավորել է Հեգելը: Դրա համար հարցերը նույնպես պետք է լինեն հնարավորինս կոնկրետ:
Հիմա բուն ասելիքն էս գրառման:
Խնդիրն այն է, որ եթե հարցը դնում ենք վերացական՝ “հնարավոր էր արդյոք կանխել պատերազմը”, ապա պատասխանն էլ կարող է լինել միայն վերացական, ոչ մի բան չասող, այն է.
այո, հնարավոր էր, որովհետև ցանկացած պատերազմ միշտ էլ հնարավոր է կանխել: Գնի, պայմանների և երբի խնդիրը:
Օրինակ մեր դեպքում:
Պատերազմը կարելի էր լավագույնս կանխել 1988-ին՝ պարզապես չբարձրացնելով Ղարաբաղի հարցը: Չէր լինի Ղարաբաղի հարցի բարձրացում, չէր լինի պատերազմ՝ սա պարզից էլ պարզ է:
Ես հատուկ եմ այսքան հեռու գնում, որպեսզի ցույց տամ, թե որքան անկապ է այս հարցն՝ առանց ճշտումների:
Պատերազմը կարելի էր կանխել նաև Ղարաբաղի հարցը բարձրացնելուց, ասենք, մեկ շաբաթ անց՝ 88-ի փետրվարի վերջին, երբ պարզ դարձավ այն ժամանակ շատերին, որ Ղարաբաղի հարցի բարձրացումը առճակատում է ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի հետ:
Ղարաբաղյան շարժման առաջին օրերին մասնակցած ավագ սերունդը՝ Զորի Բալայան, Կապուտիկյան ըստ էության դա էլ այն ժամանակ առաջարկում էին: Քանի որ խնդիրն արդեն Մոսկվայի հետ էր, ապա հետագա պայքարն անհնար էին համարում:
Բայց կատարվեց այլ ընտրություն՝ Ղարաբաղյան շարժման կրտսեր սերնդի և հրապարակում հավաքված ժողովորդի կողմից: Ըստ էության ընտրվեց միաժամանակ Բաքվի և Մոսկվայի դեմ առճակատաման ճանապարհը:
Ես բացարձակ միտք չունեմ այդ ընտրությունը դատապարտելու: Նախ՝ ես չէ, որ պետք է և կարող եմ դա դատապարտել: Երկրորդ՝ դա արդեն կատարված ընտրություն է: Այդ ընտրությունից հրաժարումը, եթե լինի, պետք է լինի գիտակցված և հրապարակային, ինչպես եղել է այդ ճանապարհն ընտրելն ինքը…..Այլ բան է, որ նման ընտրություններից պոստֆակտում հրաժարվելու հնարավորությունը, մեղմ ասած, բարդ է:
Պատերազմը կարելի է կանխել նաև 1991-94 թվի ցանկացած պահի, և չունենալ 7 հազար զոհ՝ առաջին պատերազմին:
Դրա համար բավական էր մի պարզ բան՝ հրաժարում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու գաղափարից: Չհրարաժարման գինը պատերազմն էր:
Ես, իհարկե, հուսով եմ, որ չեն գտնվի մարդիկ, որոնք ասածս կմեկնաբանեն այն ոգով, որ ես դատապարտում եմ այդ չհրաժարումը: Չնայած, իհարկե, ամեն ինչի սովոր եմ, ու գիտեմ, որ դա էլ գուցե կփորձեն, բայց կանխավ զգուշացնում եմ, միգուցե ազդի:
Եվ այսպես շարունակ՝ 1994-ից մինչև 2020՝ ցանկացած պահի, երբ կհրաժարվեինք 1988-ի նպատակից՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու նպատակից, կկանխեինք պատերազմը: Սա բաց երկնքի պես պարզ է:
Նման կոչով Հայաստանում ոչ ոք բացահայտորեն հանդես չի եկել: Ու քանի որ հանդես չի եկել, ուրեմն անիմաստ էլ է այս խոսակցությունը երկարացնելը:
Գիտեմ, հասկանում եմ՝ բա խաղաղ կարգավորո՞ւմը, բա պլա՞նը, բա պլանի գլո՞ւխը: Համբերություն՝ ամբողջը մի գրառմամբ չի լինելու:
Հիմա:
Հենց այսօր էլ նորից կարող ենք կանխել պատերազմը:
Ի՞նչ պատերազմ:
Այն, որ շարունակվում է Հայաստանի դեմ:
Որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի դեմ շարունակվում են թշնամական գործողություններ, փաստացի ոչ ինտենսիվ պատերազմ, ուժային գործողություններ:
Ինչպե՞ս կանխել կամ կանգնեցնել այս մեկը:
Պարզ՝ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցից, ընդ որում անպայման նշելով, որ 1988-ից ընտրվել է մի նպատակ ու ճանապարհ, որը պարվեց ռեալիստական չէ (Կարեն Դեմիրճյանի ականջը կանչի):
Սրան ավելացրած՝ համաձայնել Հայաստանի տարածքից մի մաս օտարել՝ միջանցքի համար, որը կկապի Նախիջևանը՝ փաստացի Թուրքիան և Ադրբեջանը՝ ռուսական վերահսկողությամբ:
Իհարկե, այս գնով կորզված խաղաղությունը չի լինի շատ կայուն ու տևական: Բայց պատերազմն առժամանակ կկանխվի և կդադարի: Միգուցե:
Ընդհանրապես լավագույն միջոցը կանխելու բոլոր պատերազմները նաև ապագայի համար՝ սեփական ինքնությունից հրաժարվելն է: Դրանից լավ և ազդու միջոց չկա:
Ընդ որում դա աշխատում է անհատի, խմբի, ազգի մակարդակում: Չես ունենա ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ:
Ասածս բնավ չի նշանակում, թե անհնար է գտնել որևէ քաղաքական, ոչ ռազմական լուծում խնդիրների, այդ թվում Հայաստանի խնդիրների: Բայց սրա մասին էլ մեկ այլ անգամ:
Շնորհակալ եմ, եթե կարդացիք մինչև վերջ: