Եթե պատվաստվելու կոչ աներ պատերազմում հաղթած Նիկոլ Փաշինյանը, վստահ եմ, որ մարդիկ ինքնակամ կգնային պատվաստվելու՝ հավատալով, որ պատերազմում հաղթած առաջնորդը նաև գիտե, թե ինչպես է պետք պայքարել հիվանդության դեմ։
Արայիկ Մկրտումյան
2020թ. հայերի համար նշանավորվեց ոչ միայն աղետալի պատերազմով, այլև համաշխարհային համավարակով: Պետք է խոստովանել, որ անցյալ տարի, այդ ահասարսուռ պատերազմի օրերին անգամ կորոնան այն թափն ու ազդեցությունը չուներ, ինչպես որ հիմա է: Ամեն օր հակառեկորդ է գրանցվում համ մահերի, համ հիվանդացածների թվով: Տպավորություն է, որ մենք այլևս չենք կարողանում դիմադրել ու դիմակայել տեղի ունեցող սարսափին:
Պաշտոնական վիճակագրությունը դեռ մի կողմ, թվերին հավատալ, թե ոչ՝ ամեն մարդու անձնական կարծիքն է, բայց երբ շաբաթներ շարունակ չես կարողանում տեղից ելնել ու այնպես ես խեղդվում, որ թվում է, թե թոքերդ այլևս գոյություն չունեն, պատրաստ ես հավատալու ամեն ինչի, միայն թե գոնե մեկ անգամ էլ հնարավոր լինի թարմ օդ կուլ տալ:
Մարդկությունը առաջին անգամ չէ, որ համաճարակի է բախվում: Պատմության մեջ բազմաթիվ են նման դեպքերը՝ Սև Մահը, որը մի քանի տարում Եվրոպայում 33 մլն մարդ սպանեց, գրիպների մեծ ու փոքր բռնկումները, մալարիան, տարբեր տարիքային խմբերին սպանող այլ հիվանդություններ ու մենք բոլորս էլ դրա մասին խոսել ենք թեթև ափսոսանքով, մտածելով, որ դրանք հավանաբար սարսափելի բաներ են եղել: Եվ ահա 2020թ. սկզբից մենք սկսեցինք խոսել նոր հիվանդության մասին, որը ամիսների ընթացքում տարածվեց ողջ մոլորակով մեկ: Այո՛, սա առաջին համաճարակը չէ, բայց առաջինն է իր մասշտաբայնությամբ և մեզ սարսափեցրեց հենց այդ, երբ նստած սպասում էինք, թե անտեսանելի թշնամին որ օրը ինչ որ տեղից կհայտնվի նար մեզ մոտ։
Այսօր կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 5 մլնը: Մասնագետների կարծիքով, այդուհանդերձ, կորոնավիրուսից մահվան ցուցանիշն արդեն իսկ ավելի վատն է, քան 20-րդ և 21-րդ դարերի վիրուսային այլ համաճարակներից շատերինը,- գրում էAzatuyun.am-ը: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1071-ով՝ հասնելով 309 հազար 397-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 51 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1641-ով և հասել 270 հազար 741-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 12 հազար 835 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 110 հազար 256-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 379-ի, ևս 1299 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 978 մարդ։
Այս ցուցանիշները բավական մտահոգիչ են: Առանց այն էլ ՀՀ-ում կյանքի որակն անցած տարիներին չէր փայլում, իսկ պատերազմը, կորոնան, դրանց ուղեկցող տնտեսական ծանր վիճակն ու բարոյահոգեբանական սթրեսային վիճակը էլ ավելի է վատացնում ընդհանուր վիճակը:
Ուրեմն ի՞նչ անել: Այստեղ արդեն առաջ է գալիս պատվաստումների, դիմակների կրման, արգելքների մասին հրամաններն ու նորությունները, որոնք ավելի են բարդացնում ընդհանուր վիճակը:Դիմակների կրելու հարցով հասարակության մեջ կան ընդգծված արհամարհանք, մարդկանցից շատերը չեն հավատում դիմակի օգտակարությանը և այն, որ դիմակ կրելը ոչ թե մատուցվում է որպես հիվանդության կանխարգելման համա անհրաժեշտ երևույթ, այլ որպես պարտադրանք, ավելի է խորացնում առանց այն էլ պատերազմից ու մյուս պատուհասներից գրգռված և հուզված հասարակությանը: Պետք է ընդգծել նաև այն, որ մեծ հավաքները շարունակվում են, քեֆերն ու հավաքույթներն անպակաս են և դրանք դառնում են հիվանդության տարածման ևս մեկ մտահոգիչ օջախներ:
Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա այս հարցով Հայաստանում իսկական քաոս է: Նախ, պատվաստված է բնակչության շատ քիչ տոկոսը: Ու նորից հարցը մեծ մասամբ կայանում է վստահության մեջ: Չկա վստահություն, կա պարտադրանք և դա էլ մի ազդակ է հանդիսանում, որ մարդիկ դավադրապաշտական մտորումների մեջ հայտնվեն: Այն լուրից հետո, որ պետական բարձր պաշտոնյաների համար պատվաստումը պարտադիր չէ, իսկ հասարակ քաղաքացիներին ստիպում են պատվաստել կամ թեսթ հանձնել՝ սպառնալով աշխատանքից հեռացնելով, դա միայն սրում է վիճակը:
Մենք մեզ վրա պատասխանատվություն չենք վերցնի ասել, թե պատվաստումն օգնում է կամ չի օգնում, մենք կարող ենք ներկայացնել ընդհանուր տվյալները, իսկ եզրակացությունները թողնել ընթերցողներին:
Բայց կարող ենք սուբյեկտիվ կարծիք ներկայացնել, որ պատվաստումներին դեմ լինելու մի մեծ պատճառ է վստահության խնդիրը: Եթե պատվաստվելու կոչ աներ պատերազմում հաղթած Նիկոլ Փաշինյանը, վստահ եմ, որ մարդիկ ինքնակամ կգնային պատվաստվելու՝ հավատալով, որ պատերազմում հաղթած առաջնորդը նաև գիտե, թե ինչպես է պետք պայքարել հիվանդության դեմ, բայց քանի որ անցյալ տարվա ծանր պարտության հետևանքով երկրում քաղաքական առումով քաոս է առաջացել, իսկ ընտրությունների հետևանքն էլ կախված էր վատի ու վատագույնի մեջ ընտրությամբ, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Փաշինյանին կողմ քվեարկած մարդը չի ուզում պատվաստվել: Դրան գումարվում է նաև պատվաստումներին դեմ լինող կարծիքները, որոնց մի մասը առողջապահական մտահոգությունների արդյունք է, իսկ մյուս մասը՝ քաղաքական դիվիդենտների և ստանում ենք ամբողջական պատկեր Հայաստանում տիրող «հակապատվաստումային տրամադրությունների»:
Կա ևս մեկ խնդիր: Աշխարհում այժմ կան մի քանի տեսակ պատվաստանյութեր, որոնց մեծ մասն առկա է Հայաստանում, բայց հիմա էլ մի ուրիշ սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ տարբեր երկրներ չեն ընդունում միմյանց պատվաստանյութերը: Օրինակ Ռուսաստանը չի ընդունում եվրոպական պատվաստանյութը, եվրոպացիներն էլ իրենց հերթին դեմ են ռուսականին: Ուրեմն ի՞նչ անել նման դեպքում, եթե ուզում ես պատվաստվել, կամ կասկածներ ունես և դրան գումարվում է աշխարհաքաղաքական խաղերը: Գուցե և իրոք ռուսներն ու եվրոպացիները միմյանց պատվաստանյութերի մեջ վստահ չեն, բայց այդ դեպքում ի՞նչ մտածի հասարակ քաղաքացին: Նա հարցնում է. «գրողը տանի, եթե նման խնդիր կա, ապա ինչու բոլորը միասին մի պատվաստանյութ չեն ստեղծում և փորձում միասնական ճակատ կազմել կորոնայի դեմ»: Այդ հարցի ժամանակ կոնսպիրացիայի սիրահարները քմծիծաղ են տալիս ու բացատրում, որ ում պատվաստանյութը հաստատվեց, նա էլ շատ գումար կաշխատի և օրինակ են բերում, թե ով ինչքան է աշխատել այս ընթացքում:
Հասարակ քաղաքացին այդ դեպքում մնում է էլ ավելի մեծ կասկածների մեջ: Ու եթե նա նույնիսկ վստահ է, որ պատվաստումն օգնում է, ապա արդեն վստահ չէ, թե որ պատվաստանյութն է օգնում:
Գոյություն ունի մի փոքրիկ, սքանչելի զենք, որով հնարավոր է մարդկանց միանգամից հիստերիայի մատնել: Դա կոչվում է կեղծ լուրեր: Համացանցով ամեն մեկը կարող է իր ուզածը գրել, տարածել և մի քանի ժամ կամ օր հետո կարող ենք խայտառակ ցուցանշներ գրանցել պատվաստանյութերի հետ կապված և դրան հաջորդում է հերթական հակառեկորդը մահացածության և հիվանդության առումով:
Ուրեմն ի՞նչ անել: Պատվաստումները կամավոր են, բայց պարտադիր: Այո, այո, մենք ունենք նման հիմար ու աբսուրդային վիճակ: Քեզ ոչ ոք չի ստիպում պատվաստվել, բայց եթե չպատվաստվես ապա քեզ կհեռացնեն աշխատանքից, թույլ չեն տան գնալ այստեղ կամ այնտեղ, բայց պատգամավորը կարող է չպատվաստվել:
Ինձ թվում է, որ կառավարությունում այնքան էլ լավ չեն հասկանում, թե զանգվածի հետ ինչպես է պետք աշխատել: Որ հարկադրանքը լավ չի գործում, այլ նախընտրելի է համոզման, բացատրման մեթոդը:Բայց մյուս կողմից էլ ասել, որ պատվաստանյութը չի օգնում և հանգիստ նայել, թե ինչպես է ամեն օր ևս մի քանի հազար հիվանդություն ու մի քանի տասնյակ մահ գրանցվում՝ դա էլ իր տեսակի խելագարություն է:Թեր ու դեմ կարծիքներն այնքան շատ են, որ հնարավոր է խճճվել անգամ ամենասթափ վիճակում նույնիսկ:
Արդեն հասկանալի է, որ կասկածամիտ մարդկանց համար էլ ավելի դժվար ու բարդ վիճակ է:Շատերն էլ վախենում են, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, տեղեկատվական հեղեղը բացասաբար է անդրադառնում առանց այն էլ լարված ու հուզված վիճակի վրա:
Ուրեմն ի՞նչ անել, ի՞նչ: Կորոնա թվերն իրոք սարսափելի են: Մենք առանց այն էլ ապրում ենք շատ մեծ սթրեսի մեջ: Ո՞վ է պատասխան տալու պատվաստումից մահացած կամ պատվաստումից հրաժարված և մահացած մարդկանց համար: Սոցիալական մեծ ամհամաձայնություն և սթրես կա, որը փոխանակ հիմնավորված ու համոզիչ բացատրություններով ցրվի, հիմարաբար ավելի է խորացվում:Ցանկացած հարց ունի իր տրամաբանական կետն ու թիրախը, որը մեզանում այնքան արհամարհված է, որ ի վիճակի է նույնիսկ թեթև հարցը վերածել ծանրագույն երևույթի:
Եթե ռեալ նայենք, ապա պատվաստումներն այսպես թե այնպես կրելու են համատարած բնույթ: Հայաստանում դեռ բավական թեթև վիճակ է հարկադրման առումով: Եվրոպայում այնպիսի ծանրագույն արգելքներ են գործում, որ Հայաստանում կսարսափեն դա տեսնելով: Կարծում եմ, որ պատվաստումները ի վերջո կհասնեն իրենց տրամաբանական կետին ու ողջ բնակչությունը ուզած թե չուզած կպատվաստվի: Ինչպես նաև սուբյեկտիվորեն կարծում եմ, որ պատվաստանյութերը կտան իրենց օգուտը այնպես, ինչպես տալիս են մյուս բոլոր դեղերը:
Հանուն արդարության նշեմ, որ մինչև օրս ստեղծված պատվաստանյութերը ավելի շատ օգուտ են տվել քան վնաս: Մանկական մահացություններն ըստ էության կանգնեցվեցին պատվաստանյութերի շնորհիվ: Մալարիան, որը չարիք էր դարձել, ժանտախտը և բազում այլ սահմռկեցուցիչ հիվանդություններ, կանգնեցվել են շնորհիվ դեղերի:
Եվ ի վերջո, հաշվի առնելով, թե ինչքան թույն ենք մենք ուտում, շնչում, խմում ու ծխում, կարծում եմ, որ պատվաստանյութերն ավելի վտանգավոր չեն քան մեր ընդունած սնունդն ու ջուրը:
Թեև սրա մասին կարելի է առանձին խոսել, բայց հիշեցնեմ, որ պեստիցիդներով ու գերբիցիդներով հարստացված, քիմիական գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը, քաղցկեղածին պլաստիկով ջուր պահելն ավելի քիչ վտանգավոր չէ, քան պատվաստանյութը կամ հենց միայն ծխախոտը, սեռավարակն ու այլ երևույթները, թմրանյութերը ավելի քիչ չեն սպանում: Իսկ սթրե՞սը: 21-րդ դարի գլխավոր հիվանդություն սթրեսը և դեպրեսիան: Չէ որ դրանք էլ իրենց մեծ բաժինն ունեն առողջապահական այս ողջ դժոխքի մեջ:
Բայց սահմանափակվենք այսքանով, գուցե և ճիշտ է այն, որ սատանան այնքան վտանգավոր չէ, ինչքան նրա մասին պատմությունները: Մենք չենք կարող մասնագիտական պատասխան տալ կորոնային ու պատվաստանյութերին և միայն կարող ենք առողջություն ցանկանալ բոլոր բոլորին և մաղթել, որ կորոնան մեր կյանքից անհետանա նույն արագությամբ, ինչպես որ հայտնվեց: Իսկ մինչ այդ, լվացվել և մաքուր պահել ձեռքերը, փորձել սթափ մնալ և ամեն որոշում կայացնել սառը գլխով:
Ողջ լերուք: