Հայաստան

Համերաշխության Հույսով

Երբ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն անգամ չի կատարվում, ապա ի՞նչ սպասել մյուս ոլորտներից: Գուցե այնտեղ որոշումները ընդունվում են էլ ավելի մեծ դժվարությամբ ու դանդաղությամբ: Իսկ հետևա՞նքը: Ո՞վ է պատասխան տալու հետևանքի համար: Չէ որ մենք սարսափելիագույն հետևանք տեսանք:

Արայիկ Մկրտումյան

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը տասներորդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: 10-րդ անգամ հասկանո՞ւմ եք: Ու սա ոչ թե Ղազինյանի անձնական կամ «Հայաստան» դաշինքի ընդհանուր անհաջողությունն է այլ ՀՀ ԱԺ տապալումն ու անորակությունը: Սա արդեն կրկեսի է վերածվում: Պատերազմ տանուլ տված երկրի ԱԺ-ում մի այնպիսի աներելի հիմարություն է տեղի ունենում, որ պարզապես ապշում ես, թե ինչ անհոգությամբ են արդեն 10-րդ անգամ տապալում այդ կարևորագույն հանձնաժողովի կայացման գործընթացը: Նախկին-ներկա անվերջանալի կռիվն էլի չի ավարտվում, իսկ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները միայն գնալով ավելանում են…

Ի վերջո ո՞ւր է տանելու այս ամենը: Արդեն չես կարողանում հասկանալ, թե Հայաստանում իշխանություն կա՞ թե ոչ: Ինչպե՞ս է արտահայտվում այդ ամենը: Ինչ որ մեկը պատկերացում ունի՞ թե ինչ է լինելու հետո: Այսինքն մենք նորմալ համարենք այս ամենը և սպասենք, որ Արթուր Ղազինյանը ևս 20 անգամ չի ընտրվելու: Իսկ գուցե ամեն հարց սկսենք այդպե՞ս որոշել: Քվեարկել 10 կամ 40 անգամ: Ամիսներով ոչ մի հարց չլուծել և սպասել, թե երբ է հերթական աղետը ծնկի չոքեցնելու Հայաստանին: Իսկ այդ ընթացքում հասարակության տարբեր խմբեր կշարունակեն գզել միմյանց, մեղադրել փոխադարձաբար և պարտադրել սեփական ճշմարտությունները: Իսկ Արցա՞խը. վիրավորված ու գերված զինվորնե՞րը, սահմանազատո՞ւմը: Իսկ կորոնա՞ն, որն արդեն երկու ձեռքով հնձում է մարդկանց: Ու այդ դեպքում, երբ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն անգամ չի կատարվում, ապա ի՞նչ սպասել մյուս ոլորտներից: Գուցե այնտեղ որոշումները ընդունվում են էլ ավելի մեծ դժվարությամբ ու դանդաղությամբ: Իսկ հետևա՞նքը: Ո՞վ է պատասխան տալու հետևանքի համար: Չէ որ մենք սարսափելիագույն հետևանք տեսանք:

Մենք ընդհանրապես ի՞նչ ենք անում մեր պետության հետ: Տեսնելով այս ամենը հարց ես ուզում տալ. «ԱԺ-ն ընդհանրապես ի վիճակի՞ է պատասխանատվության, թե ամբողջովին անմեղսունակ է և նրանց հարկավոր է մեկուսացնել»:

Ու սա այն դեպքում, երբ մեզ   ազգային-հասարակական համերաշխությունը օդի պես է անհրաժեշտ: Միասնությունն այսօր ինչ որ փիլիսոփայական գաղափար չէ, այլ՝ պահի հրամայականը:

Ու այստեղ պետք է հստակ ընդգծել, թե ովքեր են հիմնական խնդիրը այդ համերաշխության հարցում: Անձամբ ես ծանոթներ ու ընկերներ ունեմ գրեթե բոլոր կուսակցություններից: Այդ կուսակցություններն իրար ատում են, իսկ այդ կուսակցության անդամներից շատ շատերը ինձ հետ զրույցներում լիովին համերաշխ են բազմաթիվ հարցերում: Այդ բոլոր մարդիկ չունեն այն ագրեսիան ու հիստերիան, որին ականատես ենք լինում ԱԺ-ում: Ուրեմն ովքե՞ր են խանգարում այդ միասնությանն ու համերաշխությանը:

Գուցե հենց ԱԺ ներկայացուցիչներն ու անդամնե՞րը:

Լավ, իսկ համերաշխություն ո՞ւմ մեջ: Հավատացնում եմ, որ հասարակ մարդիկ իրար մեջ կիսելու ոչինչ չունեն: Հասարակ մարդկանց ուզածը արդարությունն ու ապահովությունն է, որի համար էլ ընտրել են ուժերի, որոնք այդ արդարությունն ու ապահովությունը բերելու փոխարեն շշերով իրար են ծեծում ու քաշքշում ամեն հարմար առիթով:

Ինչո՞ւ իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում հաշտվել միմյանց հետ: Եթե իշխանությունն ու ընդդիմությունը լինեին անգլիական կամ ամերիկյան բնույթի, էլի հասկանալի կլիներ, որ այստեղ գաղափարական պայքար է ու դեմոկրատն ու հանրապետականը չեն կարողանում միմյանց հետ աշխատել, բայց ախր Հայաստանում քաղաքականությունն այնքան հետամնաց ու պարզունակ վիճակում է, որ խոսք չի կարող գնալ գաղափարական ինչ որ պայքարի մասին: Ասենք ի՞նչ գաղափարական պայքար պիտի լինի Քոչարյանի ու Փաշինյանի մեջ: Այդ մարդիկ մեկը մյուսին մեղադրում են պետական դավաճանության, փողերի լվացման, գողացման, սպանության, այսինքն անձնական բնույթի ու քրեական ձևաչափի: Այսինքն չկա գաղափարական ինչ որ բան, այլ կա տանջված Հայաստան, որը գնդակի պես միմյանց են փոխանցում: Փաշինյանն ասում է ինձ բաժին է հասել թալանված ու քայքայված Հայաստան, իսկ Քոչարյանն ասում է, որ Փաշինյանն իր տհասությամբ ու անմակարդակությամբ կործանեց այն ինչ պահել էին իրենք ու այս երկուսը նորից իրար են բախվում: Ո՞վ է տուժում այս ամենից: Հարցրեք Եռաբլուրում պառկածներից:

Կարծում եմ հասկանալի է, որ այս երկուսի մեջ միասնություն չկա և չի էլ կարող լինել: Բայց եթե Փաշինյանն ու Քոչարյանը իրար տանել չեն կարողանում, դա իրենց խնդիրն է, իսկ այ երբ սկսում են կուսակցական գզվռտոց սարքել, դա արդեն իմ գործն է, որովհետև իմ վճարած հարկերով աշխատավարձ ստացող պատգամավորները եթե աշխատելու փոխարեն նախընտրում են շշերով իրար ծեծել ու ընդունակ չեն նույնիսկ ինչ որ հանձնաժողովի պատգամավոր ընտրել, ընդ որում արդեն 10-րդ անգամ, արդեն մեծ մտահոգության տեղիք է տալիս:

Երբեմն միամիտ հարց եմ տալիս ինքս ինձ. «Հայաստանը պարտված է, ավելի լավ չի լինի՞, եթե ԱԺ բոլոր խմբակցությունները ընդունեն այդ ամենը և միասին փորձեն աշխատել միասնաբար, որովհետև ծանրության կենտրոնում Հայաստանն է», բայց հետո հիշում եմ ու ձեռքս թափ տալիս…

Ինչո՞ւ չեն մտնում համերաշխության դաշտ: Արդյո՞ք այդքան ծանր է ընդունել սեփական սխալը, թե ինչ որ ուրիշ հարցեր կան: Գուցե ինչ որ չերևացող բանե՞ր: Գուցե սխալն ընդունելուց բացի վախենում են նաև սեփական պատասխանատվությունից: Դա կարող ենք ենթադրել: Ու դա էլի ավելի սարսափելի է, որ ԱԺ-ում մարդիկ են, որոնք իշխանությունն օգտագործում են պաշտպանվելու համար: Ու հասկանալի է, որ այդ մարդիկ իրար հետ երբեք չեն հաշտվի:

Բայց եթե նրանք չեն հաշտվելու, ապա ի՞նչն է խանգարում, որ մենք՝ հասարակ մարդիկս իրար մեջ թշնամություն չունենանք: Մենք, որ երբեք չենք հարստացել, չունենք միլիոններ, տներ ու մեքենաներ, այլ ապրում ենք ամենահամեստ կյանքով և նույնիսկ ունենք ուժեղ Հայաստանի մասին երազներ: Մեզնից ոմանք նույնիսկ ամեն ինչ անում են դրա համար:

ԱԺ-ն այսօր մեր գլխին փորձանք է դարձել: Աշխատանքի փոխարեն այն խանգարում է, համերաշխության փոխարեն՝ կռիվներ սարքում, հարցեր լուծելու փոխարեն՝ նոր հարցեր առաջ բերում:

Ո՞րն է Աժ-ի ու ԱԺ խմբակցությունների նպատակը: Սկզբից ծիծաղում էինք այդ հիմար կռիվների վրա, բայց եթե լուրջ նայեք, ապա դա սարսափելի է: Երկրի թիվ մեկ կորպուսը չի աշխատում: Դրանից տուժելու է ոչ թե Փաշինյանը, ու ոչ էլ Քոչարյանը, այլ մենք՝ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը:

Ուստի համերաշխության կոչ անել քաղաքականներին՝ անիմաստ է, կարող եմ միայն խնդրել հասարակ մարդկանց, ովքեր միայն կորցրել են այս ընթացքում, միացեք, համախմբվեք: Դուք եք այս երկրի տերը, դուք եք նրա ներկան և ապագան:

Հայաստանը մենք ենք:

Որովետև հեռվում ծվատված Արցախն է, զոհվածի մայրը, խեղդվող հայրենիքը: Պատգամավորը չի տալու պատմության քննությունը, այլ հայ ազգը: Մտածենք այդ մասին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *