26.5 C
Yerevan

«Մեր Ուղին»-ի հարցազրույցը պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի հետ

Հայկա­կան քաղա­քա­կան ուղղության և կազմա­կերպության անհրա­ժեշտության մասին

Պարոն Տէր-Աբրա­համյա­նը ծավա­լուն մեկ պատասխա­նով անդրա­դարձել է մեր բոլոր հարցե­րին և դրա համար մենք հարցե­րից թողել ենք ամե­նա­կարև­ո­րը:

Ստորև ներկա­յացնում ենք այդ հարցազրույցը

Պատմա­բան Հրանտ Տեր-Աբրահմյա­նին տվել ենք հետևյալ հարցը.

  • Պարոն Տէր-Աբրա­համյան, Վերջին ամիսնե­րին սկսեց շրջա­նառվել խոսակցություններ Երրորդ Ուղու մասին: Մարդիկ ի՞նչ նկա­տի ունեն Երրորդ Ուղի ասե­լով: Ի՞նչ ակնկա­լիքներ:

Պատասխան:

-Ես մի քիչ անսպա­սե­լի տեղից կսկսեմ, և մի փոքր ծավա­լուն կպա­տասխա­նեմ ձեր հարցին՝ բաժա­նե­լով այն հատվածնե­րի:

Մեզ պետք է ոչ թե Երրորդ, այլ Առա­ջին ուղի, առա­ջին ուղղություն: Սրա մասին մի քիչ ավե­լի ուշ կխո­սեմ, բայց ուզե­ցի միանգա­մից շեշտել այս միտքը՝ ոչ թե երրորդ, այլ առա­ջին ուղղություն:

Ես հասկա­նում եմ ինչի են մարդիկ խոսում երրորդ ուղղությունից: Նրանք նկա­տի ունեն, որ այսօր Հայաստա­նում կա երկբև­եռ քաղա­քա­կան հակադրություն այսպես կոչված ներկա­նե­րի ու նախկիննե­րի միջև, բայց շատ-շատերս՝ մարդիկ և խմբեր, իրենց տեղը չեն գտնում այդ երկբև­եռ քարտե­զում: Եվ այստե­ղից տրա­մա­բա­նո­րեն բխում է երրորդի ցանկությունը:

ա. Երրորդ ուղղության համաշխարհա­յին փորձից

Պետք է ասել, որ երրորդ ուղղության գաղա­փա­րը հարուստ պատմություն ունի՝ նկա­տի ունեմ նաև համաշխարհա­յին փորձը: Խնդիրն այն է, որ քաղա­քա­կան պայքա­րը մանա­վանդ իր գագաթնա­կե­տա­յին պահե­րին միշտ էլ ձգտում է երկբև­եռ համա­կարգե­րի՝ Կարլ Շմիդթի ձևա­կերպմամբ քաղա­քա­կան պայքար ընկեր-թշնա­մի համա­կարգ է, և բնա­կան է, որ դա ձգտում է երկբև­ե­ռության (հետաքրքիր է, որ Շմիդթն ինքը հենց երրորդ ուղղության ներկա­յա­ցուցիչ է համարվում): Մյուս կողմից՝ այդ երկվությունից դուրս մնա­ցած խմբե­րում միշտ ձգտում է առաջ գալիս երրորդ ճանա­պարհի: Հաճախ էլ հենց այդ երրորդ ճանա­պարհին են ծնվում առա­վել հետաքրքիր, ինքնուրույն, ստեղծա­գործա­կան քաղա­քա­կան գաղա­փարներն ու նախագծե­րը, որովհետև երրորդ դիրքը որպես կանոն առա­վել ազատ են կաղա­պարնե­րից, դոգմա­նե­րից:

Օրի­նակ, 20-րդ դարի համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մեջ երկբև­եռ համա­կարգ էր ձևա­վորվել ուր իրար հակադրված էին համաշխարհա­յին սոցիա­լիստա­կան և համաշխարհա­յին լիբե­րալ ուղղություննե­րը: Բայց միա­ժա­մա­նակ այս հակադրության շրջա­նա­կում երրորդ ուղղության բազմա­թիվ՝ հաջող և ձախորդ նախագծե­րի փորձեր են եղել: Օրի­նակնե­րը՝ մեծ և փոքր շատ կարե­լի է բերել: Բայց վերա­դառնանք մեր իրա­վի­ճա­կին:

բ. Այսօրվա հիմնա­կան ուղղություննե­րը սպառված են և ասե­լիք ու անե­լիք չունեն

Մի կողմից, ուրեմն, պարզ է, թե ինչու է այսօր շատե­րի մոտ կարիք զգացվում երրորդ ուղղության: Որովհետև բավա­կա­նին լայն հանրա­յին շերտեր իրենց շահերն արտա­հայտված չեն տեսնում այսօրվա հայաստանյան երկու հիմնա­կան ուղղություննե­րից որևէ մեկի կողմից: Ես նույնիսկ ենթադրում եմ, որ այն Հայաստա­նի մեծա­մասնությունն է: Բայց ինչո՞ւ եմ ասում առա­ջին ուղղություն է պետք ոչ թե երրորդ: Սա ըստ իս մի քիչ նուրբ բայց շատ կարև­որ թեմա է:

Որովհետև իրա­կա­նում առա­ջին և երկրորդ ուղղություններ չկան:

Երրորդը կարող է լինել միայն, եթե իրա­պես կան առա­ջինն ու երկրորդը: Իսկ դրանք, կրկնեմ չկան՝ դրանց գոյությունը պատրանք է, կեղծիք է: Ֆորմալ իմաստով, անվա­նա­պես միայն գոյություն ունեն, բայց դատարկ են, բովանդա­կա­զուրկ են: Մեկ տարի է անցել պարտությունից, ի՞նչ ռեալ ելքի ծրա­գիր է առա­ջարկվել երկրի համար: Ոչ թե սովո­րա­կան, առօրյա ինչ որ ծրա­գիր կամ դատարկ կարգա­խոսներ՝ այլ երկի­րը պարտության հետև­անքնե­րից, ճգնա­ժա­մից հանե­լու իրա­կան մեծ ծրա­գիր՝ որտեղ կլի­նեն մի կողմից մեծ հեռանկա­րա­յին նպա­տակներ, մյուս կողմից՝ ամեն բան կլի­նի շատ կոնկրետ: Չկա նման ծրա­գիր, չկա նման բանա­վեճ: Դատարկությունը չի կարող համարվել ուղղություն:

գ. Մինչև 2020 թվի Հայաստանն անդառնա­լիո­րեն անցած է

Երկի­րը ծանրա­գույն պարտություն է կրել, բայց լավա­գույնը ինչ կարո­ղա­ցավ առա­ջարկել մեզ կուսակցա­կան դաշտն իր հիմնա­կան ուղղություննե­րով, դա տրա­գի­կո­միկ էժան մի սցե­նար էր՝ ամեն մեկը պնդեց, որ ինքը կապ չունի պարտության հետ, այլ միայն մյուսներն են մեղա­վոր: Ու պարտությունն առիթ դարձավ այլանդակ աթո­ռակռվի: Ինչպե՞ս կարե­լի է երբևէ ներել այդ պահվածքը:

Իսկ իրա­կա­նությունն այն է, որ 2020 թվին պարտվեց ամբողջ հայկա­կան քաղա­քա­կան դաշտը՝ իր բոլոր ներկա­նե­րով ու նախկիննե­րով: Դա ոչ միայն սոսկ ռազմա­կան պարտություն էր, այլ բոլո­րի քաղա­քա­կան վերջը: Այլևս կարև­որ ու հետաքրքիր չէ, թե որ չափով ինչ էր արել կամ չէր արել:

Անդառնա­լիո­րեն վերջա­ցավ այն Հայաստա­նը, որը եղել էր մինչև 2020 թվա­կա­նի աշուն: Բայց ցավոք կարո­ղա­ցան իրենց կենդա­նի մեռյալ գոյությունը մեզ պարտադրել: Կրկնեմ, սակայն, դա պատրանք է, որովհետև այն ինչ ներքուստ մեռած է, այլևս չի կարող ապրել: Կարող է կյանքի պատրանք ստեղծել՝ նույնիսկ դիակնե­րը մահվա­նից հետո յուրա­հա­տուկ կյանք ունեն՝ շարժվում են, ձայներ են հանում, փրկվում են և այլն: Դա կարող է տևել նույնիսկ մի քանի ամիս տարի՝ մինչև վերջնա­կան հանգստա­նան: Բայց Ավե­տա­րա­նի խոսքով՝ մի փնտրեք կենդա­նին մեռյալնե­րի մեջ, և՝ թող մեռելնե­րը թաղեն իրենց մեռելնե­րին:

դ. Նոր ուղղությունը պետք է տա բովանդա­կություն և լինի համախմբող

Մեզ պետք է ոչ թե երրորդ, այլ առա­ջին ուղղություն:

Ի՞նչ է առա­ջին ուղղությունը:

Այն նախ՝ պետք է տա բովանդա­կություն՝ պարտության իրա­կան գնա­հա­տա­կան, ներկա իրա­վիա­ճա­կի գնա­հա­տա­կան, և կարև­ո­րը՝ Ելքի ծրա­գիր:

Այն պետք է հարուցի իրա­կան, բովանդա­կա­յին բանա­վեճ, քննարկում, դուրս բերի այս ճահճից: Զարհուրե­լի է, որ նույնիսկ այսպի­սի պարտությունից հետո մենք չենք ցնցվել, շարունա­կում ենք ապրել այնպես կարծես մի շարքա­յին իրա­դարձություն է եղել կամ կարծես հունի­սի 20‑ի ընտրություննե­րի արդյունքներն ավե­լի կարև­որ են քան նոյեմբե­րի պարտությունը: Մեզ տարան դեպի այս ճահի­ճը, հանրությա­նը պարտադրե­ցին ապա­տիկ վիճակ: Հանրությունը խաղից դուրս մնաց, իրեն անզոր զգաց, որովհետև անկազմա­կերպ էր:

Հաջորդը՝ առա­ջին ուղղությունը պետք է լինի իր էությամբ համախմբող, կազմա­կերպող:

Այն չպետք է լինի կուսակցություն, այլ պետք է ձգտի լինել սկզբում համախմբող հարթակ, ցանց, իսկ հեռանկա­րում նկա­տի ունե­նալ լայն, զանգվա­ծա­յին շարժում: Այն պետք է համախմբի հանրության տարբեր շերտե­րին, տա նրանց խոսք, ապա և ազա­տի հանրության մեջ քնած էներգիան, ներուժը: Իսկ այն որ մեր ազգի մեջ մեծ ներուժ կա ապա­ցուցեց հենց պատե­րազմը, որին հայ ժողո­վուրդն արձա­գանքեց շատ լայն կերպով՝ որպես իր պետությա­նը հավա­տա­րիմ, իր իրա­վունքնե­րի համար պայքա­րել ու զոհա­բե­րող պատրաստ ժողո­վուրդ: Հիմա դա մոռացվել է: Բայց իրա­կա­նում ժողովրդա­կան այդ զարթոնքը, էներգիան սարսա­փե­լի անտա­ղանդ կերպով չօգտա­գործվեց: Մարդիկ մտա­ծե­ցին, որ կարող են ազա­տագրա­կան, իր էության ժողովրդա­կան պատե­րազմ վարել հենվե­լով ոչ թե ժողովրդա­կան զարթոնքի, այլ բանա­կի պրոֆե­սիո­նալնե­րի վրա, կարծես պատե­րազմը միայն ռազմա­կան գործո­ղություն է, այլ ոչ թե նախ՝ քաղա­քա­կան երև­ույթ:

ե. Ժողովրդա­կա­նություն

Իմ սփյուռքա­հայ ընկեր Կայծ Մինասյա­նը սիրում է խոսել Արամ Մանուկյա­նի ուղղության մասին: Նա այդպես է կոչում Երրորդ ուղղության իր նախա­գի­ծը: Սա շատ հետաքրքիր, ճիշտ, մոբի­լի­զացնող անվա­նում եմ համա­րում, որի մասին երկար կարե­լի է խոսել, բայց այստեղ մի առի­թով եմ միայն հիշա­տա­կում՝ ժողովրդա­կան պայքա­րի, ինքնա­կազմա­կերպման առի­թով: Եթե մեկն ինձ հարցնի, թե միայն մեկ նախա­դա­սությամբ նկա­րագրե­լու դեպքում ո՞րն է Արա­մի գաղտնի­քը, ես կասեմ՝ ժողովրդա­կա­նությունը, ժողովրդա­կան ինքնա­կազմա­կերպումը, ժողովրդա­կան պայքա­րը: Ի հակադրություն այսօրվա ռենե­գատ ինտիլգենտիա­յի, Արա­մը հին, դասա­կան մտա­վո­րա­կա­նության ներկա­յա­ցուցիչ էր, որի դավա­նանքն էր անսահման հավա­տը սեփա­կան ժողովրդի ուժե­րին՝ պայմա­նով որ դա կազմա­կերպված լինի: Իսկ այսօրվա ռենե­գատ ինտե­լի­գենտիան իր ժողո­վորդին նախընտրում է կոչել ժեխ: Սա ծայրա­հեղ հակա­ռակն է այն ավանդույթի, որը մեզ ժառանգել է մեր նախորդ սերնդի մտա­վո­րա­կա­նությունը: Ես ինքս ինձ չեմ սիրոմ դասել մտա­վո­րա­կա­նության շարքե­րին, բայց եթե մեկն ինձ համա­րի այդպի­սին, ապա ինձ համար էական է այս շեշտը՝ լինել ոչ թե այսօրվա, այլ Արա­մի սերնդի մտա­վո­րա­կա­նության ժառանգորդը, որի դավա­նանքը ժողովրդա­կա­նությունն է:

զ. Հայկա­կան քաղա­քա­կա­նություն

Առա­ջին ուղղությունը պետք է լինի հայկա­կան:

Սա թվում է ինքնին պարզ մի բան: Բայց սա լրջա­գույն խնդիր է, կարե­լի է ասել՝ մեխն է այս նախագծի: Մոտ 140 տարի անց՝ առա­ջին հայկա­կան քաղա­քա­կան կազմա­կերպության ստեղծումից հետո, մենք նորից կարիք ունենք հայկա­կան քաղա­քա­կան կազմա­կերպության: Ոչ թե կուսակցության, այլ կազմա­կերպության: Երրորդ հանրա­պե­տության քաղա­քա­կան դաշտը ձախողվել է ամբողջո­վին ու անդառնա­լի: Չեմ խոսում առանձին փոքր ուժե­րի մասին, որոնք կարող են բարենպաստ պայմաննե­րում հիմքե­րից մեկը դառնալ նոր հայկա­կան քաղա­քա­կան ուղղության և կազմա­կերպման՝ հեռանկա­րում նոր քաղա­քա­կան դաշտի: Բայց խոշոր բոլոր ուժե­րը ձախողվել են և այդ ձախողման վկա­յա­կա­նը 2020 թվա­կա­նի պատե­րազմի արդյունքներն էին:

Ավե­լին կա: Ոչ միայն պարզա­պես ձախողվել են, այլ անհա­մարժեք մեծ է դրանցում արտա­քին ազդե­ցությունը: Շատե­րը պարզա­պես արտա­քին ուժե­րի ազդե­ցության գործա­կալներ են և վերահսկվում են դրսից: Մյուսներն էլ որոնք անմի­ջա­պես չեն արտա­քին գործա­կալներ, չունեն իրա­վի­ճա­կին համարժեք քաղա­քա­կան գիտակցություն: Խնդիրն, ուրեմն, ավե­լի խորն է քան զուտ արտա­քին ազդե­ցությունը կամ արտա­քին գործա­կալ լինե­լը: Մենք չունենք իրա­պես հայկա­կան քաղա­քա­կա­նություն:

Հայկա­կան քաղա­քա­կա­նությունն այն է, որ մի կողմից հասկա­նա­լով ու գնա­հատլեով միջազգա­յին քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի ամեն ներկա փուլը, երկիրն առաջնորդում է այդ փոփոխվող իրա­վի­ճա­կին համա­պա­տասխան, իսկ մյուս կողմից՝ իր նպա­տակնե­րը ձևա­կերպում է ելնե­լով կոնկրետ հայկա­կան խնդիրնե­րից, կոնկրետ Հայաստա­նի առջև ծառա­ցած մարտահրա­վերնե­րից, և միա­ժա­մա­նակ էլ հենվում է հայկա­կան քաղա­քա­կան ժառանգության և ավանդույթի վրա: Մենք այսօր չունենք նման քաղա­քա­կա­նություն, նման առաջնորդում: Մենք այսօր նորից պետք է քաղա­քա­կան ազգ դառնանք, որը չենք: Այսօր նման ենք սոսկ մի ազգաին համայնքի, որը պետություն և քաղա­քա­կա­նություն անվան տակ ունի զուտ վարչա­րա­րա­կան կառա­վա­րում, ընթա­ցիկ կարգա­վո­րումներ, բայց չկա մեծ առաջնորդում, մեծ նպա­տա­կադրում:

Մյուս կարև­որ հանգա­մանքը: Հայկա­կան քաղա­քա­կան ուղղությունը պետք է զերծ լինի արտա­քին ազդե­ցություննե­րից, պետք է հենվի բացա­ռա­պես հայկա­կան ներուժի վրա, բացա­ռա­պես հայկա­կան հենք ունե­նա:

Այսինքն՝ միայն գիտակցությունը քիչ է, պետք է նաև համա­պա­տասխան ռեսուրսա­յին հենք, որը պետք է լինի հայկա­կան: Սա չի բացա­ռում արտա­քին շփումնե­րը: Ճիշտ հակա­ռա­կը՝ միայն իրա­պես հայկա­կան ուժ ստեղծե­լով, մենք կկա­րո­ղա­նանք նաև համարժեք և արդյունա­վետ շփումնե­րի մեջ մտնել արտա­քին ուժե­րի հետ՝ բոլոր ուղղություննե­րով: Ընդհուպ մինչև, օրի­նակ, Թուրքիա­յի քաղա­քա­կան և հանրա­յին դաշտի հետ: Բայց բնա­կա­նա­բար նաև բոլոր մյուսնե­րի՝ Ռուսաստան, Իրան, Եվրո­պա, ԱՄՆ, Վրաստան և այլն և այլն: Անհնար է առանց սեփա­կան կազմա­կերպված ինքնության համարժեք շփման մեջ մտնել արտա­քին աշխարհի հետ:

Ես նույնիսկ ավե­լի հեռուն կգնա­յի ու կասեի, որ եթե հասնենք հայկա­կան քաղա­քա­կան ուժի ստեղծմա­նը, ապա այն կարող է մի պահի իր ասե­լիքն ու անե­լիքն ունե­նա, իր դերն ունեն ոչ միայն Հայաստա­նի, այլ գոնե տարա­ծաշրջա­նա­յին մակարդա­կում: Մենք սրա փորձն ունենք: Իրա ժամա­նա­կին, օրի­նակ, 20-րդ դարի սկզբում Դաշնակցությունը ռեգիո­նալ ուժեր, որը ոչ միայն հակա­մարտում էր, այլ որոշ պահե­րի համա­գործակցում էր թուրք, քուրդ ուժե­րի հետ, Իրա­նի և Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությանն էր մասնակցում: Մենք նաև պետք է և կարող ենք գտնենք դաշնա­կից ուժեր Եվրո­պա­յում և Մերձա­վոր Արև­ելքում:

է. Հայկա­կան քաղա­քա­կան կազմա­կերպության խնդի­րը պատմա­կան տեսա­կե­տից

Հայկա­կան քաղա­քա­կան ուժի խնդի­րը շատ խորն է արմա­տա­վորված պատմության մեջ:

Պատմա­կա­նո­րեն մենք մի քանի փորձ ենք ունե­ցել հայկա­կան քաղա­քա­կան ուժ ձևա­վո­րե­լու, իսկ ավե­լի լայն՝ քաղա­քա­կան դաշտ: Բոլոր փորձերն էլ ունե­ցել են իրենց հաջո­ղության փուլե­րը, բայց ի վերջո ձախողվել են: Ամե­նա տևա­կան փորձը Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցությունն էր: Հիշեցնեմ, որ ի սկզբա­նե դա ոչ թե կուսակցություն էր, այլ հենց դաշնակցություն՝ այսինքն միություն, հեղա­փո­խա­կաննե­րի միություն: Բայց Դաշնակցությունն էլ հենց սկզբից իր մեջ խնդիր ուներ, այդպես էլ չլուծված երկվություն: Սա երկար թեմա է, չեմ կարող հիմա լիարժե­քո­րեն բացել: Բայց Դաշնակցությունը հռչա­կե­լով իրեն հեղա­փո­խա­կան կազմա­կերպություն, մինչև վերջ էլ չկա­րո­ղա­ցավ ազատվել իր լիբե­րալ ակունքնե­րից, և նորից ու նորից ընկավ հայկա­կան հարցի ոչ հեղա­փո­խա­կան՝ դիվա­նա­գի­տա­կան, այսինքն՝ օտա­րի ուժով լուծե­լու ծուղա­կը: Հեղա­փո­խա­կան ուղղության իմաստն էր՝ պայքա­րը սեփա­կան ուժե­րով: Դաշնակցության մեջ պայքա­րե­ցին այս երկու ուղղություննե­րը՝ հեղա­փո­խա­կան-ժողովրդա­կա­նը և դիվա­նա­գի­տա­կան-լիբե­րա­լը: Փորձեր արվել են Դաշնակցությա­նը բերել մաքուր հայկա­կան գիտակցության, օրի­նակ, դեռևս 1920-ակա­նե­րին Ռուբեն Դարբինյա­նը գրեց իր «Հայ քաղա­քա­կան մտքի դեգե­րումնե­րը» շարքը «Հայրե­նիք» ամսագրում: Ի վերջո, 1960-ակա­նե­րից սկսվեց Դաշնակցության գրավման գործընթա­ցը արտա­քին ուժե­րի կողմից: Եվ Դաշնակցությունը որպես առա­ջա­տար հայկա­կան ուժ, որպես առա­ջին ուղղություն այսօր արդեն չկա: Բայց մնա­ցել է գաղա­փարն ու ժառանգությունը, որը պետք է օգտա­գործել:

Մեկ այլ փորձ Հայոց համազգա­յին շարժումն էր: Սա էլ ներուժն ուներ վերածվե­լու հայկա­կան առա­ջին ուղղության, և մի պահ թվում էր, որ այդպիսն էր: Բայց նորից չստացվեց՝ տարբեր պատճառնե­րով: Լինե­լով իր էությամբ ժողովրդա­կան ազգա­յին-դեմոկրա­տա­կան շարժում, ՀՀՇ‑ն ի վերջո չկա­րո­ղա­ցավ իր այդ էությունը վերա­ծել գիտակցության, և ինքն իրեն հռչա­կեց լիբե­րալ կուսակցություն: Լիբե­րալ կուսակցությունն ինքնին վատ բան չէ, բայց դա հաստա­տա­պես համազգա­յին շարժում չէ, ոչ էլ առա­ջին հայկա­կան ուղղություն՝ համարժեք հայկա­կան քաղա­քա­կան փորձի, որի էությունը ազգա­յին-դեմոկրա­տա­կան է:

Այլ փորձեր էլ կարող ենք հիշա­տա­կել: Օրի­նակ, Սովե­տա­կան Հայաստա­նում ձևա­վորվեց Ազգա­յին Միացյալ կուսակցությունը: Սրա հիմքով կարող էր հետա­գա­յում ձևա­վորվել բաղձա­լի հայկա­կան ուղղությունը: Բայց այդպես չստացվեց: ԱՄԿ-ից ծնված ուժերն անկախ Հայաստա­նում՝ Հայրիկյա­նի ԱԻՄ‑ը, Հանրա­պե­տա­կան կուսակցությունը և մյուսնե­րը, ինչպես գիտենք չվե­րածվե­ցին այդ առա­ջա­տար ուժի, և ՀՀԿ‑ի դեպքում սա դեռ մեղմ է ասած, ցավոք:

2008‑ի շարժումը, որից ձևա­վորվեց Հայ ազգա­յին կոնգրե­սը նույնպես չլուծեց այդ խնդի­րը: Նույն կերպ և 2018‑ի հեղա­փո­խությունը չվե­րածվեց համա­ժո­ղովրդա­կան կազմա­կերպված շարժման, իսկ ՔՊ‑ն մնաց սովո­րա­կան կուսակցություն: Չնա­յած և Կոնգրե­սի և ՔՊ‑ի անուննե­րի մեջ նույնպես արտա­ցոլված է ձգտումը չլի­նել սովո­րա­կան կուսակցություն, այլ լայն միա­վո­րումներ: Օրի­նակ, հիշում եմ, երբ դեռ 2007-ին Նիկոլ Փաշինյա­նի և մյուս մեր ընկերնե­րի հետ քննարկում էինք քաղա­քա­կան կազմա­կերպության ստեղծման գաղա­փա­րը, ապա Նիկո­լի գաղա­փարն էր, որ դա լինի իր ասե­լով՝ «քաղա­քա­ցի­նե­րի կուսակցություն», այսինքն՝ ունե­նա համա­ժո­ղովրդա­կան բնույթ, փաստա­ցի ոչ կուսակցա­կան: Իր այդ գաղա­փա­րը նա իրացրեց ավե­լի ուշ, արդեն առանց մեզ, անունը մնաց, բայց ի վերջո ստացվեց ևս մեկ կուսակցություն:

Այսօր նորից նույն կոտրված տաշտա­կի առաջ ենք:

Հայկա­կան քաղա­քա­կան կազմա­կերպությունը չկա՝ 140 տարվա փորձե­րից հետո: Նորից նույն խնդի­րը պետք է լուծենք:

Սա մեր ազգի ապա­գա­յի համար կենսա­կան խնդիր է՝ կամ կունե­նանք քաղա­քա­կան կազմա­կերպություն և գիտակցություն կամ որպես անկախ ազգ չենք կարող գոյատև­ել՝ ամեն արտա­քին տեկտո­նա­կան փոփո­խություն վերջ է տալու մեր պատրանքա­յին անկա­խությա­նը:

Սկբզնա­կան փուլում պետք է լայն համախմբում, կազմա­կերպում, գիտակցություն, իսկ հետա­գա­յում այդ լայն համախմբումից պետք է ձևա­վորվի արդեն բազմաբև­եռ և որա­կա­պես նոր, գերանցա­պես հայկա­կան քաղա­քա­կան դաշտը: Բայց սկիզբը պետք է դրվի համախմբմամբ: Միայն տարի­ներ անց այդ համախմբումը կարող է բաժանվել առանձին՝ երկու-երեք ուղղություննե­րի:

ը. Տարա­ծաշրջա­նա­յին աշխարհա­քա­ղա­քա­կան հեղա­փո­խությունը և մեր դիրքը

Հաջորդ կարև­որ խնդի­րը:

Նոր ուղղությունը պետք է համա­պա­տասխա­նի և համարժեք լինի Հայաստա­նի շուրջ արտա­քին իրա­վի­ճա­կին: Սա ոչ թե կարև­որ, այլ գերկարև­որ խնդիր է՝ այսօր Հայաստա­նում չկա այդ համարժե­քությունը, և դա է մեր, համարձակվեմ ասել, մեր ամե­նա լուրջ խնդի­րը, թեև սերտո­րեն կապված մյուս մատնանշածս խնդիրնե­րի հետ: Ինչպես Նժդեհն էր ասում՝ «նայում է հայն աշխարհին, նայում է, ու չի հասկա­նում»: Խոսքը և ընդհա­նուր հասկա­նա­լու մասին է, և իրա­վի­ճա­կա­յին:

2010-ականնե­րից Մերձա­վոր Արև­ելքը՝ մեր մեծ տարա­ծաշրջա­նը սկսեց փոթորկվել՝ մենք չհասկա­ցանք կապը մեզ հետ, և կանխա­տե­սումներ չարե­ցինք: Ռուսաստանն ակտի­վո­րեն մտավ մերձա­վո­րարև­ելյան խաղի մեջ, Թուրքիան նույնպես լիո­վին նոր դեր ստանձնեց՝ համե­մա­տած 1990-ականնե­րի աշխարհի հետ: Ռուսաստան-Արևմուտք հարա­բե­րություննե­րը սրվե­ցին, ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի նոր ցիկլ սկսվեց, մենք շարունա­կե­ցինք ապրել այնպես, կարծես այդ ամե­նը մեզ կենսա­կա­նո­րեն չի վերա­բե­րում: Առնվազն ռեգիո­նալ գեո­պո­լի­տիկ հեղա­փո­խության փուլ սկսվեց 2010-ականնե­րին, էլ չեմ ասում, որ ընդհանրա­պես միջազգա­յին հարա­բե­րություննե­րի ճգնա­ժա­մա­յին և ապա­կա­յունացման փուլի մեջ մտանք, որի ավարտը ու լուծումը դեռ չի երև­ում: Եվ երբ այդ հեղա­փո­խությունը հասավ մեր դուռը 2016‑ի ապրիլյան պատե­րազմով, դա էլ առիթ չեղավ, որպեսզի վերա­նա­յենք մեր կարծրա­ցած, իներցիոն պատկե­րա­ցումնե­րը: Վերջա­պես, առա­վել զարհուե­լին՝ նույնիսկ 2020‑ի պատե­րազմն ու պարտությունը ցնցման առիթ չեղավ: Հանրությունը չի մեղա­վոր: Հանրությունը պատրաստ էր թարմ հետքե­րով վերապրե­լու, ցնցվե­լու և նորոգվե­լու, այդ ներուժը կար: Բայց ներուժն իրացնող, դրան գիտակցություն տվող չկար:

Ցայսօր մեծ հաշվով չենք հասկա­նում ինչ եղավ և ինչ է շարունակվում լինել:

Մինչև հիմա գերա­կա­յում է այն ընկա­լումը, որ եղածն ընդա­մե­նը մի հայ-ադրբե­ջա­նա­կան բախում էր, հայ-ադրբե­ջա­նա­կան հարց էր: Այլ ոչ թե մասն ավե­լի մեծ պատկե­րի: Եթե վերջնա­կան հասկա­նանք մեծ պատկե­րի խնդի­րը, կհասկա­նանք, նաև որ ոչինչ չի ավարտվել: Գործընթա­ցը, որի մի մասն էր ընդա­մե­նը հայ-ադրբե­ջա­նա­կան վերջին պատե­րազմը շարունակվում է: Փաստա­ցի շարունակվում է նաև պատե­րազմը՝ պարզա­պես այլ ձևե­րով, ոչ ծավա­լուն ռազմա­կան բախման ձևե­րով: Ռեգիո­նալ մեծ հեղա­փո­խությունը չի ավարտվել, և իրա­վի­ճա­կը չի կայունա­ցել: Չի կայունա­նա­լու այնքան ժամա­նակ, քանի դեռ վերջնա­կան ճշտված չեն նոր դիրքե­րը, նոր ուժա­յին բալանսնե­րը, նոր ազդե­ցության գոտի­նե­րի բաժա­նումը, նոր ստա­տուս-քվոն: Հինը չկա, նորը դեռ չի կայա­ցել: Եվ ով սա չի տեսնում, չի հասկա­նում, նա Է լինե­լու այս խաղի մշտա­կան տուժո­ղը, մշտա­կան օբյեկտը՝ չկա շանս պարզա­պես գլուխն ազա­տե­լու, փախչե­լու, «խաղաղվե­լու»: Կամ խաղում ես, կամ պարտվում ես շարունակ: Այսինքն՝ 2020 թվի նոյեմբե­րով ոչինչ չի ավարտվել: Մենք դա զգում ենք, տեսնում ենք ամեն օր: Բայց գգա­լը քիչ է, պետք է հասկա­ցություն:

թ. Հայաստա­նի անկա­խության հարցը

Գործընթացնե­րը, որոնք ընթա­նում են մեր շուրջ, կարող են բերել նոր արտա­հայտված ճգնա­ժա­մե­րի:

20 թվի պատե­րազմով չեն լուծվել բոլոր հարցե­րը, որոնք դրված են եղել պատե­րազմը սանձա­զերծողնե­րի կողմից: Օրի­նակ, տեսնում ենք, որ անընդհատ դրվում է սահմա­նա­զատման խնդի­րը, միջանցքի խնդի­րը: Դրանք պետք է լուծվեին պատե­րազմով, բայց չեն լուծվել:

Բայց պետք է հասկա­նանք, նաև թե սրա տակ ինչ է թաքնված: Ինչո՞ւ այդքան շտա­պո­ղա­կա­նություն սահմա­նա­զատման հարցում, ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլև, օրի­նակ, Ռուսաստա­նի կողմից: Մենք կարող ենք միայն ենթադրել, բայց անհնար է այս հարցը չդնել: Ի՞նչ պետք է հետևի ենթադրյալ սահմա­նա­զատմա­նը:

Կամ եթե Հայաստա­նը մերժում է միջանցքի գաղա­փարն, իսկ Ադրբե­ջա­նը պնդում է այն, ապա մերժումն ու պնդումը ի՞նչ ուժա­յին հիմքով են ապա­հովված: Եթե մի բան մերժում ես, պետք է պատրաստ լինես մերժումդ հարկ եղած դեպքում ուժով պաշտպա­նել: Եվ հակա­ռա­կը՝ եթե մի բան պնդում ես, նույնպես պետք է պատրաստ լինես դա հարկ եղած դեպքում ուժով ապա­հո­վել: Թվում է նույնիսկ այս պարզա­գույն մակարդա­կը մենք չենք ուզում հասկա­նալ:

Շատերն են, թերևս, զգում, որ օդում կախված է ընդհուպ մինչև Հայաստա­նի ֆորմալ անկա­խության հարցը օրա­կարգ մտնե­լու խնդի­րը: Եվ գուցե սա է պատճա­ռը սահմա­նա­զատման հարցում ռուսնե­րի նախա­ձեռնո­ղա­կա­նության: Ի՞նչ պետք է հետևի սահմա­նա­զատմա­նը՝ արդյո՞ք Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի առա­վել խորքա­յին ինտեգրումը ռուսա­կան ազդե­ցության գոտի՝ նոր պայմաննե­րով: Եվ Հայաստա­նի դեպքում, արդյո՞ք դա Միութե­նա­կան պայմա­նագրի ձևա­չափ է ենթադրում: Չմո­ռա­նանք, որ ռուսա­կան զորքն Արցա­խում է, իսկ դա նշա­նա­կում է, որ Արցախյան հարցը շարունա­կում է մնալ հզոր լծակ ռուսնե­րի ձեռքում՝ կառա­վա­րե­լու համար, թե՛ Հայաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի գործընթացնե­րը: Ավե­լին՝ դա նշա­նա­կում է մեկի կամ մյուսի այս կամ այն կողմ «սխալ» շարժումը նոր պատե­րազմի վտանգ է:

Ճշտված չի նաև Թուրքիա­յի նոր դերը տարա­ծաշրջա­նում: Ճշտված չեն նաև Իրա­նի, Արևմուտքի հարցե­րը: Այս բոլո­րը դեռ կայացման փուլում է: Իսկ մենք մեզ խաբում ենք «խաղա­ղության դարաշրջա­նի» չգի­տես ինչ հիմքեր ունե­ցող հղացքով, կամ էլ կոմունի­կա­ցիա­նե­րի բացման հեռանկա­րով, կարծես, այդ բացում-փակումը մեր ձեռքն է: Չնա­յած պարզ են կոնցեպտուալ հիմքե­րը՝ խաղա­ղության դարաշրջա­նը կամ Քոչարյա­նի «արժա­նա­պա­տիվ խաղա­ղությունը» մի թարգմա­նություն միայն կարող է ունե­նալ՝ ռուսա­կան պլա­նի իրա­կա­նա­ցումը՝ Այսրկովկա­սում նոր տիպի գերիշխա­նություն սահմա­նե­լու և Հայաստա­նի անկա­խության նույնիսկ ֆորմալ կարգա­վի­ճա­կի հարցա­կա­նի տակ դնե­լը: Խաղա­ղությունն այստեղ միայն խաբուսիկ բառ է, պլպլան էտի­կետկա է, իսկ իրա­կա­նությունը կայսե­րա­կան նոր նախագծի իրա­ցումն է: Մենք «խաղա­ղության դարաշրջան» տեսել ենք Սովե­տա­կան Միության մեջ, գիտենք դրա գինը, ու գիտենք, որ դրա վերջը նոր պատե­րազմն է:

Կայունությունն, ուրեմն խաբուսիկ է: Ցանկա­ցած պահի խաբուսիկ ներքին կայունությունը կարող է խախտվել, քանի դեռ տեկտո­նա­կան շարժումնե­րը տարա­ծաշրջա­նում շարունակվում են: Ցանկա­ցած պահի կարող են նոր ճգնա­ժա­մեր ու նոր փլուզումներ ու «երկրա­շարժեր» լինեն:

ի. Ճգնա­ժա­մա­յին պահին իրա­վի­ճա­կին տեր կանգնե­լու նպա­տա­կը

Հետև­ա­բար երկու ռազմա­վա­րա­կան գերխնդիր կա:

Առա­ջի­նը՝ պատրաստ լինել «իքս պահին», «իքս օրվան»:

Հայաստա­նում պետք է կազմա­կերպվի լայն քաղա­քա­կան հոսանք, որը պատրաստ լինի նոր ճգնա­ժա­մի պահին տեր կանգնել իրա­վի­ճա­կին, իր վրա վերցնի պատասխա­նատվությունը, իր ուսե­րին կրի բեռը:

2020‑ի նոյեմբե­րին այդպի­սի հոսանք չկար, և դա առանցքա­յին դարձավ իրա­վի­ճա­կի զարգացման համար: Նոր ճգնա­ժա­մե­րին ընդա­ռաջ այդպի­սի հոսանք պետք է լինի: Եվ այդ հոսանքը պետք է ինքն իրեն կերտի, կազմա­կերպի հենց սկզբից այդ գիտակցությամբ:

Սա բանա­լի կետ է: Եթե այսօր քաղա­քա­կան որևէ նոր հոսանք ձևա­վորվի՝ առանցքում ունե­նա­լով հաջորդ ընտրություննե­րին մասնակցե­լու խնդի­րը, դա մեռած նախա­գիծ է, մեռած հոգե­բա­նություն է: Ոչ թե ընտրություննե­րին չպետք է մասնակցել՝ ըստ անհրա­ժեշտության, այլ չպետք է դա դառնա առանցքա­յին նպա­տակ որևէ քաղա­քա­կան հոսանքի ձևա­վորման համար: Սա մի քիչ բարդ թեմա է, քանի որ գերա­կա­յում է այն պատկե­րա­ցումը, որ քաղա­քա­կան պայքա­րի կիզա­կե­տը հենց ընտրություններն են: Բայց դա նախ սխալ է ինքնին: Քաղա­քա­կան ուժը նախև­ա­ռաջ բովանդա­կություն, օրա­կարգեր ստեղծե­լու համար է, հետո պայքա­րի համար է՝ հանուն իր պետության և ազգի անկա­խության, վերջա­պես՝ հանրա­յին շահե­րի արտա­հայտման համար է: Սրանք նպա­տակներն են, իսկ ընտրություննե­րը տեխնի­կա են: Ընտրություննե­րի կարե­լի է մասնակցել կամ չմասնակցել ըստ հանգա­մանքնե­րի, դրանք միայն գործիք են: Դրանք քաղա­քա­կան կյանքի կենտրո­նը չեն: Բայց սա դեռ տեսությունն է: Ավե­լի կարև­որ է մեզ համար այսօրվա մեր իրա­կա­նությունը: Մենք պետք է պատրաստվենք նախ ոչ թե հերթա­կան կամ արտա­հերթ ընտրություննե­րի, այլ պատասխա­նատվության ստանձման՝ պետության, հայրե­նի­քի, ժողո­վորդի, ազգի համար իքս պահին: Սա լրիվ այլ հոգե­բա­նություն է, լրիվ այլ մարդկա­յին տիպ է ենթադրում, լրիվ այլ աշխա­տանքա­յին և կազմա­կերպչա­կան փիլի­սո­փա­յություն: Իմ պատկե­րացրած Առա­ջին ուղղությունը, հայկա­կան ուղղությունը հենց այդ հոգե­բա­նության կրո­ղը պետք է լինի, և այդ փիլի­սո­փա­յության:

լ. Անկա­խա­կաննե­րի դաշինքը

Հաջորդը, որը բխում է նախորդ խոսակցությունից:

Մեզ պետք է ոչ թե ընդհանրա­պես համախմբում, այլ շատ կոնկրետ սահմաննե­րում համախմբում՝ անկա­խության գաղա­փա­րի իրա­կան կրողնե­րի համախմբում: Բայց ոչ թե խոսքով կրողնե­րի, այլ այնպի­սիննե­րի, ում համար անկա­խությունը անանցա­նե­լի սահման է, կարմիր գիծ է, կյանքի իմաստ է: Ով պատսրատ է ոչ միայն խոսքով, այլև գործով ապա­ցուցել իր նվիրվա­ծությունը: Այդպի­սի համախմբում այսօր օդի ու ջրի պես պետք է մեր երկրին, որովհետև, եթե գա պահը երբ հարցը դրվի, կտեսնենք, որ շատե­րը, ովքեր երդվում էին անկա­խության անունով, կգտնեն բազմա­թիվ «բայցևսա­կայններ», հիմնա­վո­րե­լու համար իրենց հրա­ժա­րումն անկա­խությունից կամ էլ պարզա­պես կլռեն:

Ես հիշում եմ մինչև հիմա իմ զարմանքը՝ երբ 30 տարի առաջ պաշտո­նա­պես փլուզվեց Սովե­տա­կան Միությունը, որին խոսքով այդքան սիրողներ կային, գեթ մեկ հոգի ամբողջ այդ ահռե­լի տարածքում դուրս չեկավ գոնե փողոց՝ բողո­քարկե­լու իր սիրե­լի պետության փլուզումը, գեթ մեկ հոգի պատրաստ չեղավ իր կյանքը տալ հանուն այդ պետության: Հետա­գա տարի­նե­րին շատե­րը շատ բաներ գուցե ասե­ցին և արե­ցին: Բայց կոնկրետ պահին՝ 1991‑ի դեկտեմբե­րին ոչ մեկը չեղավ հրա­պա­րակ դուրս եկող կամ մի գործո­ղություն անող հանուն Սովե­տա­կան Միության: Ես ինքս երբեք չեմ սիրել Սովե­տա­կա­նը, համա­րել եմ ինձ դրա թշնա­մի, պատրաստվել եմ պայքա­րի դրա դեմ ամե­նա­վաղ տարի­քից: Բայց ես ապշած էի, որ հակա­ռակ ճամբա­րում չգտնեց այդ «մեկ տղա­մարդը» կամ «մեկ կինը»: Իսկ ես հիշեցնեմ, որ նույն 1991‑ի գարնա­նը Սովե­տա­կան միության բնակչության մեծա­մասնությունը քվեարկել էր Սովե­տա­կան միության պահպանմա­նը կողմ՝ համա­պե­տա­կան հանրաքվեում: Դա ահռե­լի քանակ էր մարդկանց: Բայց այդ ահռե­լի քանա­կից ոչ մեկի համար սա փաստո­րեն կյանքի ու մահվան հարց չէր, նույնիսկ մի բողո­քի գործո­ղության հարց չէր: Ինձ համար պետության անկենսունա­կության ավե­լի մեծ չափո­րո­շիչ չկա: Ես ուզում եմ վստահ լինել, որ եթե գա նմա­նա­տիպ իրա­վի­ճակ Հայաստա­նի համար, մենք կունե­նանք ոչ թե մեկ, այլ 1000 մարդ:

Ուրեմն, խնդի­րը, անկա­խության գաղա­փա­րի կրողնե­րի համախմբումն է: Դրանք հաստա­տա­պես կան, բայց ուժ պետք է դառնան՝ միա­վորվե­լով: Այս խնդի­րը ձևա­կերպում է իմ նոր ընկերնե­րից Արուսյակ Հայրա­պետյա­նը ասե­լով, որ պետք է միա­վորվեն «սուվե­րե­նիստնե­րը»: Անխտիր բոլո­րը չպետք է միա­վորվեն, այլ միայն նրանք, ում համար սահմա­նը, դրո­շը, կարմիր գիծն ինքնիշխա­նությունն է:

Մյուս կողմից՝ համախմբումը պետք է լինի լայն: Ինքնիշխա­նության դրո­շի ներքո կարող են լինել գաղա­փարնե­րի, մոտե­ցումնե­րի տարբե­րություններ, որովհետև նպա­տա­կը մի նոր կուսակցություն ստեղծե­լը չէ, որը պետք է ունե­նա կոնկրետ գաղա­փա­րա­խո­սություն:

խ. Ձգտել իշխա­նության՝ առաջնորդման և գերա­կա­յության

Ուրեմն, Հայկա­կան առա­ջին ուղղություն՝ պատրաստ իր վրա պատասխա­նատվություն վերցնե­լու իքս պահին, և ինքնիշխա­նության գաղա­փա­րը կրողնե­րին համախմբող:

Ի՞նչ մնաց:

Մնա­ցին դեռ շատ հարցեր:

Բայց այս պահին միայն մեկ՝ առա­վել կարև­ո­րի մասին:

Առա­ջին ուղղություն հասկա­ցությունը, պատասխա­նատվություն վերցնե­լու պատրաստա­կա­մությունը ենթադրում է ինքնին, որ առա­ջին ուղղությունը պետք է ձգտի լինել իշխա­նություն:

Բայց ի՞նչ իմաստով իշխա­նություն:

Պաշտո­նա­կան իշխա­նության ձգտե­լը հարցի միայն տեխնի­կա­կան կողմն է: Դա չէ էությունը: Մեզա­նում, ցավոք իշխա­նություն բառը հասկա­նում են միայն այդ նեղ, տեխնի­կա­կան իմաստով: Այստե­ղից էլ, ի դեպ, 2018‑ի հեղա­փո­խության փաստա­ցի տապա­լումը, որովհետև հեղա­փո­խությունը նույնացվեց պաշտոններ ստաձնե­լու հետ, իշխա­նությունը՝ պաշտո­նա­կան իշխա­նության հետ: Պաշտո­նա­կա­նը չեմ ժխտում դա մասն է իմ ասա­ծի, պարտա­դիր մասը: Բայց դա, կրկնեմ, էությունը չէ:

Իշխա­նությունը՝ շատ հին ու իրա­կա­նում բազմի­մաստ հայե­րեն բառը: Քանի որ հայե­րե­նի խորքե­րին չենք տիրա­պե­տում, չենք ընկա­լում նաև այդ բառի ողջ հարուստ իմաստա­յին դաշտը: Ի դեպ, այս խնդրի վրա առա­ջինն իմ ուշադրությունը դեռև­ես տարի­ներ առաջ ուշադրություն դարձրեց իմ ընկեր Վահե Գրի­գորյանն՝ այժմ ՍԴ դատա­վոր:

Իշխա­նությունը նյութա­կան երև­ույթ չէ, դա չես կարող ձեռքե­րով շոշա­փել, առա­վել ևս ինչպես մեզա­նում ընդունված է ասել՝ վերցնել: Իշխա­նությունը հոգև­որ երև­ույթ է, որը դժվար է հստակ սահմա­նել, նկա­րագրել: Դա ազդե­ցությունն է, կարո­ղությունն է, ներուժը, այդ բոլո­րի չափը: Մեկը կարող է իշխա­նություն ունե­նալ միայն իր հեղի­նա­կությամբ: Սա իշխա­նության ձև է: Մյուսն՝ իր նյութա­կան կարո­ղություննե­րով: Եվ այսպես շարունակ՝ նայած, թե որքա­նի ազդե­ցություն կարող ես գործել քո ունե­ցա­ծով: Հին հայե­րե­նում իշխել նշա­նա­կում է՝ ազդել, կարո­ղա­նալ, համարձակվել: Օրի­նակ գրա­բա­րով՝ «ինչպե՞ս ես իշխում այդպես խոսել» նշա­նա­կում է՝ «ինչպե՞ս ես քեզ կարո­ղություն վերագրում, համարձակվում խոսել այդպես»: Նույն իմաստը պահպանված է որոշ բարբառնե­րում, օրի­նակ, Մշո բարբա­ռում: Իշխա­նությունն, ուրեմն, ազդե­ցության, կարո­ղության չափն է: Այս իմաստով ձգտել իշխա­նության նշա­նա­կում է ձգտել ազդե­ցության, գերա­կա­յության:

Առա­ջին ուղղությունը իշխա­նություն դառնա­լու իր ճանա­պարհին, պետք է սկզբում ձևա­վո­րի փաստա­ցի իշխա­նություն՝ գերա­կա­յություն ձևա­վո­րե­լով այն բոլոր ոլորտնե­րում, որոնցում դա հնա­րա­վոր է: Ազդե­ցություն բովանդա­կության, ասե­լի­քի, գաղա­փարնե­րի, օրա­կարգե­րի հարցում, ազդե­ցություն, որը պետք է ձգտի գերա­կա­յության, փաստա­ցի գերիշխա­նության: Դա ստեղծա­գործա­կան, կառուցո­ղա­կան աշխա­տանք է, ոչ թե հեղաշրջման տեխնի­կա: Նույնը՝ ազդե­ցություն գործո­ղություննե­րով, դիրքո­րո­շումնե­րով, հեղի­նա­կության ստեղծմամբ և հաստատմամբ: Այս ոլորտում ազդե­ցության կուտա­կումը բերե­լու է նաև նյութա­կան կարո­ղություննե­րի կուտակման:

Փաստա­ցի իշխա­նություն դառնա­լով, փաստա­ցի գերա­կա­յություն ստեղծե­լով՝ պաշտո­նա­կան իշխա­նության խնդի­րը դառնում է արդեն ժամա­նա­կի և հարմար պահի հարց:

Պետք է նախ դառնալ իրա­պես առաջնորդող ուժ՝ սա գերխնդիր է:

Առաջնորդումն է իրա­կան քաղա­քա­կան նպա­տա­կը՝ ուղղություն սահմա­նե­լը, ցույց տալը, սեփա­կան օրի­նա­կով դրան հավա­տարմություն ցուցա­բե­րե­լը, որից հետո մարդիկ սկսում են լսել քեզ, սպա­սել քո խոսքին և գործին, ուժ տեսնել քո մեջ: Իսկ ուժին հետև­ում են:

Այստեղ է նաև Առա­ջին ուղղություն անվանման խորքա­յին իմաստը: Առա­ջի­նը պետք է ձգտի հենց իրա­պես առա­ջին լինե­լու, առաջնորդե­լու:

ծ. Մարդկա­յին ռեսուրսը և կյանքի կետե­րը մեր հանրա­յին ասպա­րե­զում

Իսկ ո՞րտեղից վերցնել առա­ջին ուղղություն ստեղծե­լու հանրա­յին ռեսուրսը:

Քաղա­քա­կա­նությունը արվեստ է:

Բայց ինչպի­սի՞ արվեստ:

Ուժի, ուժե­րի հետ աշխա­տե­լու արվեստ, ուժա­յին աշխա­տանք (սա շատ լավ բացատրում է գերմա­նա­ցի փիլի­սո­փա Հանս Ֆրա­յե­րը Մաքիա­վե­լիին նվիրված իր աշխա­տանքում):

Կենսունակ քաղա­քա­կան հոսանք ստեղծե­լու համար, նախ պետք է գտնել այն ուժը, այն էներգիան, որը պետք է դառնա դրա հենքն ու շարժիչ ուժը: Ցանկա­ցած հանրություն ունի թաքնված ներուժ, որը կազմա­կերպման դեպքում, սկսում է աշխա­տել և արդյունք տալ: Պետք է գտնել կյանքի, կենդա­նիի կետե­րը մեր հանրության մեջ, ուժա­յին դաշտե­րը: Ո՞րտեղ կա առա­վել ներուժ կուտակված, հումք, որը կարող է դառնալ վառե­լիք նոր գործթը­նա­ցի:

Այդպի­սի մի քանի կետ եմ տեսնում պոտենցիալ:

Առա­ջի­նը՝ պատե­րազմի մասնա­կիցներն են: Պատե­րազմը մեզ բերեց պարտություն, բայց նաև նվի­րեց անգնա­հա­տե­լի մարդկա­յին ռեսուրս՝ մասնա­կիցնե­րի այն հատվա­ծը, որն իրա­պես կռվող տեսակն էր և ինքն իրեն դրսև­ո­րեց որպես այդպի­սին: Ապա­ցուցեց իր նվի­րումն ու ուժը:

Մյուս կետը, որտեղ պարտա­վոր ենք փնտրել՝ դեռևս իրենց չդրսև­ո­րած երի­տա­սարդ, եթե կուզեք, լուսանցքա­յին խմբերն են: Լուսանքից բառից չպետք է վախե­նալ: Երբ օրգա­նիզմի կենտրո­նում կյանք չկա կամ այն քիչ, հաճախ, պետք է փնտրել կենսունա­կությունը սահմաննե­րին, եզրե­րին, լուսանցքնե­րում:

Վերջա­պես պետք է փնտրել և գտնել այն անհատնե­րի և խմբե­րի մեջ, որոնք իրենց դրսև­ո­րել են որպես հանրության ակտիվ անդամներ վերջին տարի­նե­րին, բայց այս կամ այն պատճա­ռով չեն կազմա­կերպվել որպես ազդե­ցիկ ուժ, դուրս են մնա­ցել այսօրվա խոշոր համարվող, բայց անկենդան հոսանքնե­րից: Դրանք կարող են լինել ավե­լի փոքր քաղա­քա­կան միա­վորնե­րից մինչև ՀԿ-ներ, փորձա­գետներ, և պարզա­պես ակտիվ մարդիկ, որոնք հստակ դիրքո­րո­շումներ են հայտնել, հատկա­պես պատե­րազմի ժամա­նակ իրենց հայրե­նի­քին հավա­տա­րիմ են մնա­ցել, բայց այսօր իրենք խաղից դուրս են:

կ. Բացա­ռող սահմաննե­րը

Մյուս կողմից պետք է գծենք նաև բացա­ռող սահմաննե­րը:

Ինքնին պարզ է, որ դրանցում են բոլոր խոշոր քաղա­քա­կան ուժե­րը, հատակպես երբևէ իշխող դիրք ունե­ցած: Դրանցում կարող են լինել  կան առանձին արժա­նի անդամներ, բայց որպես ամբողջություն, դրանք անդառնա­լի փչա­ցած են, և մնա­ցել են անցյա­լում:

Մյուս չափո­րո­շի­չը՝ անհատներ և խմբեր, որոնք պատե­րազմի ընթացքում, այսինքն երկրի համար առա­վել կարև­որ, ճգնա­ժա­մա­յին պահին իրենց երկի­մաստ են դրսև­ո­րել, միանշա­նակ չեն կանգնել հայրե­նի­քի պաշտպա­նության գաղա­փա­րի կողմը: Լինե­լով հանրա­յին դեմքեր՝ լռել են կամ էլ ընկել են ծակ փիլի­սո­փա­յության գիրկը, այն դեպքում երբ պետք էր պարզ ու միանշա­նակ դիրքո­րո­շում: Այստեղ ես ներում չունեմ նույնիսկ անկեղծ մոլորյալնե­րի համար: Գուցե խիստ թվամ, բայց չի կարող նման մոլո­րումը պատա­հա­կան լինել: Եթե մարդու համար միարժեք չէ, թե երբ քո երկրի վրա հարձակվում են, դու այլ անե­լիք չունես քան երկրիդ պաշտպա­նության գաղա­փա­րին ու գործին անմնա­ցորդ նվիրվե­լը՝ ինչով կարող ես, եթե մարդու համար այս իրա­վի­ճա­կում կան տարբե­րակներ, ապա այդ մարդու արժե­քա­յին հիմքը կասկա­ծե­լի է՝ նույնիսկ, եթե ինքն առանց հասկա­նա­լու է ընկել հոսանքի մեջ կամ ինքն իրեն պատկե­րացնում է որպես աշխարհի հայրե­նա­սեր, անկա­խա­կան ու չգի­տեմ էլ ինչ: Որքան լայն ու համախմբող պետք է լինենք մի կողմից, նույնքան էլ չնե­րող ու չմո­ռա­ցող՝ մյուս:

Այսքա­նը նոր ուղղության սկզբունքնե­րի մասին: Իսկ որո՞նք են կոնկրետ նպա­տակնե­րը: Սա արդեն առանձին խոսակցություն է, որը առիթ կունե­նանք ծավա­լե­լու:

Առնչվող Հոդվածներ