Հայաստանին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կօգնեն տեղական արտադրողներին հարմարեցնել իրենց արտադրանքը եվրոպական պահանջներին, ներառյալ որակի ստանդարտները, սպառողական նախասիրությունները և շուկայի առանձնահատկությունները։
Հայկազ Ֆանյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման նոր հեռանկարները և Եվրոպական միության հետ առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները։ Փորձագետ Հայկազ Ֆանյանը ներկայացնում է, թե ինչպես կարող են եվրոպական ֆինանսական աջակցությունն ու մաքսային արտոնությունները հակակշռել ռուսական շուկայի սահմանափակումներից բխող վնասները։ Հիմնական շեշտադրումը կատարվում է արտահանման գործակալության հիմնման և տեղական արտադրանքի որակական չափանիշների բարելավման վրա, ինչը թույլ կտա հայ տնտեսվարողներին ինտեգրվել միջազգային շուկաներին: Զրույցի նպատակն է ուրվագծել այն ինստիտուցիոնալ և լոգիստիկ վերափոխումները, որոնք անհրաժեշտ են հայկական բիզնեսի համար՝ անցում կատարելու պարզունակ մոդելներից դեպի մրցունակ և դիվերսիֆիկացված տնտեսություն։

Հայկազ Ֆանյանը նշեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ այցը նպատակ ուներ ցույց տալու Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանին, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող մի շարք արագ փչացող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Միաժամանակ, ըստ նրա, այցը նաև ֆինանսական աջակցության մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակ ուներ, և այդ առումով այն գնահատում է դրական։
Հայկազ Ֆանյանը անդրադարձավ նաև Եվրոպական միության կողմից առաջարկվող մաքսային արտոնություններին՝ նշելով, որ խոսքը, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցառումների մասին է։ Նա հիշեցրեց, որ նման մեխանիզմ նախկինում կիրառվել էր նաև Մոլդովայի նկատմամբ, երբ Ռուսաստանը սահմանափակել էր մոլդովական գինու և կոնյակի ներմուծումը։ Նրա կարծիքով՝ այն հանգամանքը, որ հայկական ապրանքների շուրջ 80 տոկոսի համար մաքսատուրքերը կվերացվեն, լավ հնարավորություն է, սակայն խնդիրը միայն մաքսատուրքերը չեն։ Ֆանյանը կարծում է, որ հայկական արտադրողները դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի իրենց արտադրանքը կարողանա ամուր դիրք զբաղեցնել եվրոպական շուկայում։

Հաջողության համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք թե՛ կառավարության, թե՛ տնտեսվարողների կողմից։ Կառավարությունը կարող է աջակցել արտահանման գործընթացներին, սակայն չի կարող փոխարինել մասնավոր հատվածին։ Տնտեսվարողները, ըստ նրա, պետք է նախաձեռնող լինեն, ուսումնասիրեն ոչ միայն Եվրոպական միության, այլև այլ շուկաների հնարավորությունները։ Ֆանյանը հավելեց, որ Ռուսաստանի շուկային հակադրելով միայն եվրոպական շուկան՝ Հայաստանը անտեսում է բազմաթիվ այլ ուղղություններ, որոնք ևս կարող են կարևոր լինել արտահանման դիվերսիֆիկացման համար։
Հայկազ Ֆանյանը նաև դրական գնահատեց կառավարության արագ արձագանքը ռուսական սահմանափակումներին։ Նրա խոսքով՝ մայիսի վերջից և հունիսի սկզբից իրականացված քայլերը, ինչպես նաև հետագա որոշումները, ճգնաժամային կառավարման տեսանկյունից ողջունելի էին։
Ֆանյանը կարևորեց նաև այն փաստը, որ Հայաստան են գալու փորձագետներ, որոնք պետք է աջակցեն արտադրանքի որակի, շուկայի ուսումնասիրության և մարքեթինգի հարցերում։ Նա նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կօգնեն տեղական արտադրողներին հարմարեցնել իրենց արտադրանքը եվրոպական պահանջներին, ներառյալ որակի ստանդարտները, սպառողական նախասիրությունները և շուկայի առանձնահատկությունները։ Ֆանյանը կարծում է, որ այս գործընթացը ժամանակատար է, և անիրատեսական կլինի ակնկալել, թե մեկ-երկու տարվա ընթացքում հնարավոր կլինի ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկան այլ ուղղություններով։ Սակայն, նրա գնահատմամբ, սա երկար ճանապարհի կարևոր սկիզբն է։
Ֆանյանը նաև դիտարկեց, որ հաճախ Հայաստանում չափազանց բարդ պատկերացումներ կան Եվրոպական միության պահանջների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրականում ԵԱՏՄ և ԵՄ ստանդարտների միջև տարբերություններն այնքան էլ մեծ չեն, որքան ընդունված է կարծել։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ խնդիրն այն է, որ ԵԱՏՄ տարածքում գործող որակի պահանջները հաճախ ամբողջությամբ չեն պահպանվում։ Սակայն ամենակարևոր մարտահրավերը, ըստ նրա, վաճառքի կազմակերպման և շուկայի հասանելիության հարցերն են։
Հայկազ Ֆանյանը բացատրեց, որ ներկայումսհայկական գյուղմթերքի արտահանման զգալի մասը կազմակերպվում է փոքր անհատ արտահանողների կողմից, որոնք ապրանքը հավաքում են գյուղերից և տեղափոխում Ռուսաստանի շուկաներ։ Նրա կարծիքով՝ այս մոդելը չի կարող արդյունավետ գործել Եվրոպայում, որտեղ անհրաժեշտ են մեծածավալ արտահանողներ, միջազգային վաճառքի ցանցեր, ժամանակակից լոգիստիկ համակարգեր և մասնագիտական վաճառքի կազմակերպում։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է ներգրավել միջազգային ընկերություններ, որոնք արդեն ունեն եվրոպական շուկաներում վաճառքի կայացած կապուղիներ և կարող են Հայաստանը դարձնել մատակարարման աղբյուր։

Հայկազ Ֆանյանը անդրադարձավ նաև Եվրոպական միության ֆինանսական աջակցության փաթեթին՝ նշելով, որ դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկն արտահանման գործակալության ստեղծման համար նախատեսված շուրջ 18,5 միլիոն եվրոն է։ Նրա խոսքով՝ հենց նման ինստիտուտն է անհրաժեշտ Հայաստանի արտահանման ռազմավարության իրականացման համար։ Ֆանյանը հիշեցրեց, որ ինքը նույնպես մասնակցել է արտահանման ռազմավարության մշակմանը և համոզված է, որ առանց նման գործակալության հնարավոր չէ համակարգված կերպով զարգացնել արտահանման ներուժը։ Նա ընդգծեց, որ գործակալությունը պետք է աջակցի արտահանողներին խորհրդատվությամբ, շուկաների ուսումնասիրությամբ, որակի ստանդարտների ապահովմամբ և նոր գործընկերների որոնմամբ։ Թեև դրա արդյունքները կարճաժամկետ չեն լինի, սակայն, ըստ նրա, խոսքը երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրման մասին է։
Անդրադառնալով Ռուսաստանի սահմանափակումների տնտեսական ազդեցությանը՝ Հայկազ Ֆանյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները։ Նա նշեց, որ եթե սահմանափակումները պահպանվեն մինչև տարվա վերջ, ապա առավելագույն հնարավոր ուղղակի վնասը կարող է կազմել շուրջ 260 միլիոն դոլար, իսկ տարանցման սահմանափակումներից ևս մոտ 3 միլիոն դոլարի կորուստ է հնարավոր։ Սակայն նա ընդգծեց, որ այդ ամբողջ վնասը չի վերածվի իրական տնտեսական կորստի, քանի որ արտադրանքի մի մասը կսպառվի ներքին շուկայում, իսկ մյուս մասը կհայտնվի այլ արտահանման ուղղություններում։
Ֆանյանի հաշվարկներով՝ նույնիսկ առավելագույն գնահատականի դեպքում խոսքը կազմում է Հայաստանի ՀՆԱ‑ի մոտ 0,9 տոկոսը։ Նա նշեց, որ ավելի բարձր գնահատականները պայմանավորված են հաշվարկների տարբեր մեթոդաբանությամբ։ Իրենց ուսումնասիրության ընթացքում ներառվել են միայն այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանափակումները բացարձակ են, իսկ մասնակի սահմանափակումների ենթակա ապրանքները չեն հաշվարկվել։ Նա համոզված է, որ իրական ազդեցությունը կլինի ավելի փոքր, քան ներկայում շրջանառվող ամենաբարձր գնահատականները։

Գյուղատնտեսական ապրանքների գների նվազումը կարող է որոշ չափով մեծացնել ներքին սպառումը, քանի որ քաղաքացիները նույն գումարով կկարողանան ավելի մեծ ծավալի արտադրանք գնել։ Միաժամանակ նա ընդունեց, որ հատկապես փոքր գյուղացիական տնտեսությունները զգալու են սահմանափակումների բացասական ազդեցությունը, թեև ընդհանուր տնտեսության մակարդակով այդ ազդեցությունը, նրա կարծիքով, սահմանափակ կլինի։
Վերլուծական կենտրոնի ղեկավարը ներկայացրեց նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև առևտրի դինամիկան։ Նա նշեց, որ բացարձակ թվերով արտահանումն աճել է՝ 2014 թվականի մոտ 436 միլիոն դոլարից հասնելով շուրջ 667 միլիոն դոլարի 2025 թվականին։ Սակայն ընդհանուր արտահանման կառուցվածքում Եվրոպական միության մասնաբաժինը նվազել է, հատկապես վերջին տարիներին, երբ վերաարտահանման ծավալներն աճել են։ Նրա խոսքով՝ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել նաև մետաղների շուկայում, քանի որ եվրոպական մետաղաձուլարանների մրցունակության անկման հետևանքով հայկական հումքը սկսել է ավելի շատ արտահանվել Չինաստան։ Միաժամանակ ոչ մետաղական արտադրանքի արտահանման ուղղությամբ, ըստ նրա, նկատվում է դրական զարգացում։
Ներկայիս իրավիճակը մեծ հնարավորություններ է ստեղծում խոշոր բիզնեսի համար։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ են խոշոր արտահանողներ և լոգիստիկ ընկերություններ, որոնք կդառնան կապող օղակ հայ արտադրողների և եվրոպական շուկաների միջև։ Նա նշեց, որ կառավարությունը ևս պետք է ավելի նախաձեռնող լինի՝ աշխատելով թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների հետ։

Միաժամանակ Ֆանյանը կարծում է, որ ներկայիս փոքր արտահանողների գիտելիքներն ու կարողությունները բավարար չեն եվրոպական շուկայում մրցունակ լինելու համար։ Նրա համոզմամբ՝ ժամանակի ընթացքում պետք է ձևավորվեն նոր, ավելի խոշոր և մասնագիտացված արտահանողներ, որոնք երկարաժամկետ պայմանագրերով կաշխատեն գյուղացիական տնտեսությունների հետ և կապահովեն հայկական արտադրանքի կայուն ներկայությունը միջազգային շուկաներում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
