1in am-ը զրուցել է մտավորական, 1986-2007թ. ԴՐՕՇԱԿ-ի գլխավոր խմբագիր Նազարեթ Բերբերյանի հետ:
Զրույցի հիմնական թեման սպասվելիք սահմանադրական փոփոխություններն են, որի մասին խոսելիս Ն. Բերբերյանը լայն անդրադարձ է կատարել Հայաստանի քաղաքական անց ու դարձին և վերլուծել 1991թ. սկսած իրադարձությունները: Ն. Բերբերյանն այն համոզմունքն է հայտնել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները ոչ թե պայմանավորված են պետական գերակա շահով ու հասարակական պահանջով, այլ միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել տվյալ պահի իշխանության երկարակեցությունը: Իր խոսքում Ն. Բերբերյանը նշեց, որ թե Ռոբերտ Քոչարյանի և թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սահմանադրությունը ձևափոխվել է այնպես, ինչպես հարմար է եղել անձամբ իրենց և նույն բանը հիմա կատարվելու է Նիկոլ Փաշինյանի օրոք:
Հիմնական խնդիր այս ամենի, Ն. Բերբերեյանը համարում է այն, որ ԽՍՀՄ ժամանակներից սկսած հայ ժողովուրդը քաղաքական մեկուսացման մեջ է գտնվել և ըստ էության քաղաքականապես չի կրթվել ու դրա հետևանքով էլ Հայաստանում քաղաքական դաշտն այդպես էլ չի առողջանում, ինստիտուցիոնալ առումով չի կայանում: Ստեղծված կուսակցությունները նախատեսված են մեկ-երկու հոգու շահերը սպասարկելու համար և անկախ նրանից, թե ինչ անուն կունենան, կատարում են նույն գործառույթները և բնականաբար հետևանքը լինում է քաղաքական անառողջ միջավայրը՝ տիղմը, որում թաղված է հայկական պետականությունը: Ն. Բերբերյանն անդրադարձ է կատարում, որ քաղաքական կուսակցությունների անկատարությունը հանգեցնում է անընդհատ խորացող ճգնաժամի, որը չի լուծվում, իսկ իշխանությունը փոխանակ կենտրոնանա համակարգի և գաղափարի շուրջը, կենտրոնանում է մեկ անհատի ձեռքում, որին դեմ է կանգնում ոչ թե համակարգը, այլ մեկ ուրիշ անհատ: Ն. Բերբերյանն իր խոսքում նշեց, որ իշխանության մոտիվացիան այս հարցում լրիվ պարզ է, իսկ այն հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը չի լուծի այս հարցը և ինչ քայլերի կգնա, պատասխանեց, որ ընդդիմությունը կենտրոնացած է մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ և ընդդիմության միակ նպատակը նրան իշխանության բերելն է, ու քանի որ Հայաստանում Ռ. Քոչարյանն արդեն իսկ հասցրել է իր չափով կազմաքանդել քաղաքական վիճակը, ապա անհույս է, որ այս որակի ընդդիմությունը որևէ տեսանելի և օգտակար քայլ անի:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝