Հայաշխարհ

Աստծունը Տվեք Աստծուն, Իսկ Կայսրինը՝ Կայսրին

Ի՞նչն է ստիպում դեռահասին ողջ օրը համացանցում էրոտիկա նայել, կրոնական հավատալիքներն ու սատանայապաշտական ձգտումնե՞րը, ոչ պարզապես նրան ոչ ոք հոգևոր այլընտրանք չի տվել։

Արայիկ Մկրտումյան

Հայաստանում վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը եկեղեցու հետ կապված այն առումով, թե ինչ դիրք է գրավում պետության նկատմամբ, ինչ հարաբերությունների ունի իշխանության կամ ընդդիմության հետ ու նաև մի շարք հարցեր, որոնք այս պահին այնքան էլ հստակ պատասխան չունեն: Խոսքը վերաբերվում է նաև եկեղեցու հաշիվները բաց լինելուն:

Նախ հստակ ընդգծում, որ հոդվածն ինչ որ աղանդավորական-սորոսական պատվեր չէ, քանի որ վերջին տարիներին ինչի մասին խոսում ես, անպայման ոչ սթափ մարդկանց մի խումբ մեղադրում է պղծելու, ավիրել-քանդելու մեջ և վերջում դու կամ դավաճան ես դուրս գալիս, կամ՝ օտարերկրյա գործակալ:

Ինչևէ, հոդվածը նախատեսված է սթափ մարդկանց համար, ու նախ մի քանի խոսք հայ առաքելական եկեղեցու մասին ընդհանրապես:

Ինչպես հայտնի է 301թ. Քրիստոնեության ընդունումից հետո պետական կրոնի կարգավիճակ ստացած քրիստոնեությունը Հայաստանում ամրացավ ու կայացավ և դրա հետ միասին ամրացավ ու կայացավ նաև կրոնական կառույցը՝ եկեղեցին: Եկեղեցին շատ մեծ կարևոր ու էական դեր է կատարել և կատարում հայ ժողովրդի կյանքում: Հատկապես նրա դրեը մեծացել է 11-րդ դարից սկսած, երբ հայոց պատմության մեջ սկսվեց պետականության կորստի դարաշրջանը և եկեղեցին, որպես միակ կայացած ադմինիստրատիվ կառույց, իր վրա վերցրեց ինքնության պահպանման, կրթական գործը: Ինչքանով ստացվեց, ինչքանով՝ ոչ, դա այլ հարց է, մենք առայժմ եկեղեցուն դիտարկում ենք ադմինիստրացիոն տեսանկյունից: Լինելով կոնկրետ հիմնադրված կազմակերպություն, եկեղեցին ևս կառավարվում է մարդկանց կողմից, մարդկային սկզբունքներով և ըստ դրա ունի իր առավելություններն ու թերությունները:

Եկեղեցին իհարկե առայձնահատուկ է այն առումով, որ նրա գործունեությունը ոչ թե սպասարկման ծառայություն է կամ արտադրանք, այլ հոգևոր-կրոնական, այսինքն մեծ ազդեցություն բնակչության բարոյահոգեբանական մակարդակի վրա և չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ եկեղեցուց է նաև կախված տվյալ երկրի բնակչության բարոյական մակարդակն ու արժեհամակարգը:

Եկեղեցին նախորդ դարերում այսքան հանդուրժող չի եղել: Առաջ, երբ կրոնական չափորոշիչները եղել են տասնապատիկ ավելի ուժեղ, ըստ դրա, հոգևոր իշխանությունը շատ ավելի հզոր էր, եկեղեցին ոչ միայն եղել է հրամայող, այլև խիստ, չներող և հաճախ մրցակցության մեջ է մտել պետության ներկայացուցիչների հետ:

Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին նաև միջնորդի դեր է կատարել նվաճողների ու հայ հասարակության համար, երբեմն լավ հետևանքներով, երբեմն էլ՝ վատ:

Մենք ունեցել ենք և՛ հզոր անհատականություններ, ինչպես օրինակ Զաքարիա Աղթամարեցին, Ստեփաննոս Դ Տղան, Հակոբ Ջուղայեցին, Խրիմյան Հայրիկը, Վազգեն Ա-ն, այնպես էլ և Պետրոս Գետադարձ, Սուրմակ Երեց, Նահապետ Եդեսիացի, ունեցել ենք նաև ավելի ցածր աստիճանի բազմաթիվ հոգևորականներ՝ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ, որոնց մեջ եղել են և՛ հզոր միտք ու կամք ունեցող կերպարներ՝ Նարեկացի, Տաթևացի, Կոմիտաս, այնպես էլ դավաճաններ ու «տաք տեղում» տեղավորվածներ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ եկեղեցին, կառավարվելով մարդկանց կողմից, ենթակա է մարդկային թերություններին և առանձին հոգևորականի նկատմամբ քննադատությունը պետք է տարբերել հավատքի դեմ հարձակումներից:

Մենք այս ամենը շոշափեցինք այն պարզ պատճառով, որ վերջին տարիներին հայ հոգևոր դասի պահվածքը ոչ այնքան միանշանակ է ընդունվում հասարակության կողմից:

Ընդհանրապես մարդիկ աշխատում են եկեղեցու մասին շատ չխոսել, իսկ բողոքը կամ քննադատությունը հիմնականում սահմանափակվում է քնքուշ հանդիմանության մակարդակում, այնպես ինչպես շատ սիրելի երեխային ասում են. «Դե լավ էլի, մի արեք էսպես բաներ»: Դա պայմանավորված է այն բանով, որ ցանկացած թեմա, որտեղ եկեղեցականների հասցեին քննադատություն է հնչում, միանգամից որակվում է հարձակում քրիստոնեության, ազգայինի դեմ: Դա ձեռնտու է շատ հոգևորականների: Ունենալով աստվածային պաշտպանության սկզբունք, նրանք իրենց համարում են շատ ավելի կարևոր և անձեռնամխելի, քան սովորական մարդիկ: Իրենց անվանում են Աստծո սպասավորներ և հաշվետու են միայն Աստծուն:

Ներողություն, բայց մի քանի անհասկանալի հարցեր կան: Եթե հոգևորականը Աստծո սպասավորն է, ավելի ճիշտ Աստծո տան սպասավորը, ապա ինչպե՞ս հասկանալ նրանցից շատերի, զարմանք առաջացնող ճոխությունն ու վերամբարձ պահվածքը: Լավ, դրանք անհատական դեպքեր են ու եկեղեցու հետ ուղղակի կապ չունեն, թեև իրենց անհատական պահվածքով ու կերպարով նսեմացնում են հենց եկեղեցու դերը: Հավատի հետ դա կապ չունի: Մարդիկ հավատում են նաև առանց քահանաների, դա չէ հարցը: Իհարկե հասկանալի է, որ եկեղեցին խիստ անհրաժեշտ է կրոնական կառավարման առումով և դրանով էլ պայմանավորված է եկեղեցական ծիսակարգերի պահպանումն ու զարգացումը: Նաև անհրաժեշտ է, որ ցանկացած հասարակություն ունենա հստակ ձևակերպված կրոնական-հոգևոր մեխանիզմներ, մշակույթ, սկզբունքներ, այդ ամենը նախ և առաջ հասարակության կայունության համար է պետք: Հասկանալի է, ամեն ինչ շատ հասկանալի է:

Բայց այդ տեսական բարիքների հետ չի մարսվում եկեղեցու կրավորական կեցվածքը վերջին տասնամյակներին: Այո, այո, խիստ կրավորական ու գրեթե անտարբեր: Եկեղեցին, Վազգեն Ա-ից հետո ամենևին այն չէ, ինչ պիտի լիներ: Եկեղեցականները հիմնականում բավարարվում են Աստածաշնչից մեջբերումներով, դեմ են ռոքին, իրենց չհավատացողներին համարում են սատանիստներ կամ մոլորյալներ, իսկ իրենց կողմից հասարակական դաստիարակություն այդպես էլ չկա ու չկա:

Բացի նրանից, որ որոշ եկեղեցիներում չգիտես ինչու արգելում են դրսից մոմ բերել, որովհետև «դա հաճելի չէ նաև Աստծուն», նաև բավական թանկ է նստում կնունք-հարսանիք-թաղումները: Կարծում եմ, որ շատերն են համաձայն, որ Աստված այստեղ ընդհանրապես կապ չունի, պետք չէ նրա անունից մոմի վաճառք իրականացնել ու դեմ լինողին էլ անպայման սատանիստ դուրս բերել:

Համարենք, որ դրանք ևս մանրուքներ են, թեև մի հետաքրքիր խոսք կա, որ «Սատանան մանրուքներում է թաքնված» և վերադառնանք ազգային-կրթական-մշակութային դաշտի այն հատվածին, որ եկեղեցին իր բաժինն է համարում:

Ո՞ւր է այդ ամենը: Ինչո՞ւ այս երեսուն տարվա ընթացքում մենք՝ հասարակ քաղաքացիներս չենք դաստիարակվել ազգային-քրիստոնեական շնչով: Եկեղեցին դատապարտո՞ւմ է պոռնկությունը, շատ լավ է, եկեղեցին դատապարտո՞ւմ է այլասերումը, շատ լավ է, եկեղեցին դե՞մ է անբարոկանությանը, շատ լավ է, եկեղեցին պայքարո՞ւմ է այդ ամենի դեմ, ոչ չի պայքարում, կամ այնպես չի պայքարում ինչպես որ պիտի լիներ: Եվ պետք չէ ասել, որ կան ահա այս ճեմարանը կամ այն հեռուստալիքը, որ կան այս հաղորդումները, որովհետև դրանք չեն բավարարում, շատ քիչ են, կամ որ ավելի վատ է՝ չեն աշխատում: Եկեղեցին ոչնչով չի կարողանում հակազդել այն փչացած կոնտենտին, որով լի է մեր իրականությունը:

Կարևոր է մի շատ նուրբ բան հասկանալ՝ կառավարման համար գոռգոռոցն ու հարկադրանքը բավական չեն, հարկավոր է գրավիչ ու հետաքրքիր լինել, օրինակելի դառնալ ու երբ չկա, չի գերիշխում բարձր մտավոր-հոգևոր բարոյական մթնոլորտը, ապա տրամաբանական է, որ պիտի ծաղկեն այլասերվածությունն ու այլանդակությունը:

Երբ դեռահասին ցույց են տալիս հերթական հավելվածը, որում կիսամերկ պարում են գայթակղիչ աղջիկներ, որտեղ հաղթանդամ տղաները ծեծում են իրար ու ամեն ինչ օծտված է սեռասարսափով, որտեղ անընդհանտ ինչ որ բան են գնում կամ վաճառում, գովազդում, իսկ դրան ի պատասխան եկեղեցին Աստվածաշնչից մեջբերումներ է անում և մեղադրում, ապա էլ ավելի տրամաբանական է, որ հում դեռահասը վազելու է դեպի գրավիչն ու ցանկալին: Ու պետք չէ դեռահասին միանգամից դժոխքի ուղեգիր տալ (մանավանդ, որ դա միայն Աստված է որոշում), այլ պետք է նորմալ բացատրել, թե ինչու է այսինչ բանը լավ, կամ այսինչ բանը՝ վատ: Ու ոչ միայն բացատրել, այլև օրինակ ցույց տալ անընդմեջ, զինվորի նման: Բայց եթե ես տեսնում եմ, թե ինչով է զբաղված զինվորը, ապա չեմ տեսնում հոգևորականին, մինչդեռ ես պետք է տեսնեմ, որ հասկանամ ու ընդունեմ: Մարմնական վայելքին դեմ խոսող հոգևորականը պարտավոր է ինձ հանգամանալից բացատրել ու անընդհատ հասկացնել, թե ինչու է կարելի կամ չի կարելի:

Ի՞նչն է ստիպում դեռահասին ողջ օրը համացանցում էրոտիկա նայել, կրոնական հավատալիքներն ու սատանայապաշտական ձգտումնե՞րը, ոչ պարզապես նրան ոչ ոք հոգևոր այլընտրանք չի տվել: Եվ դա սարսափելի է անդրադառնում ողջ սերնդի վրա ու նրանցից շատերը դառնում են աթեիստ կամ հակակրոն հենց եկեղեցու անգործության պատճառով: Այն պատճառով, որ եկեղեցին չի իջնում իր բարձրությունից ու հասարակ մարդու հետ հասարակ լեզվով չի խոսում: Բայց չէ որ Աստվածաշնչում Քրիստոսը հենց մարդկանց հետ էր շփվում, նրանց բացատրում էր, սովորեցնում, նրանց հետ ուտում, ուներ շատ պարզ ու մատչելի կերպար, բոլորին մոտ էր ընդունում, հագուստն ու կերակուրը շատ պարզ էին: Նայելով եկեղեցականների միլիոնանոց զարդերին՝ ես այնտեղ հոգևոր ոչինչ չեմ զգում, նայելով եկեղեցականների շքեղ մեքենաներին, ես ոչ միայն հոգևոր բերկրանք չունեմ, այլև սկսում եմ կասկածել, որ գուցե նրանք Աստծո հետ ոչ մի կապ էլ չունեն ու ինձ են հիմարի տեղ դրել: Ու այստեղ արդեն սկսում է սրվել հասարակության և եկեղեցու, որպես կառույց միջև հարաբերությունները, առաջանում է վստահության խնդիր, առաջանում է շատ մեծ բաց, որն էլ լցվում է ամեն տեսակ աղբով: Իսկ ո՞վ է մեղավոր դրա համար՝ հում դեռահա՞սը, ով լավն ու վատը չի տարբերում, թե անգործ եկեղեցականը, որին նա չի ճանաչում ու չի տեսնում:

Եվս մեկ բավական տհաճ թեմա: Քաղաքական լոյալության հարցը: Ըսնդունված է համարել, որ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում: Լավ, ասենք թե եկեղեցին առանձին քաղաքական կուսակցությանը չի օժանդակում կամ նրա փիառով չի զբաղվում, իսկ ընդհանուր պետությանը վերաբերվող հարցերը քաղաքական են, թե քաղաքական չեն: Այսինքն, պարզ չէ, թե որտեղ է սկսվում քաղաքականությունը և որտեղ ավարտվում, նույնկերպ նաև եկեղեցու գործունեությունը: Պարզ չէ նաև մի այսպիսի հարց: Եթե ներքաղաքական տուրուդմբոց է հասունացել և ժողովրդի տարբեր խմբեր դուրս են եկել իրար դեմ, ապա դա եկեղեցու գո՞րծն է, թե ոչ: Քաղաքական պայքար, որտեղ իրար են բախվում հասարակ մարդիկ: Քաղաքականին չեն խառնվում, շատ լավ, իսկ հասարակականի՞ն: Մարդիկ իրար դեմ են ելնում, իսկ դրան ի պատասխան մի քանի անատամ հայտարարություններն ավելի են գազազեցնում խմբերին: Մանավանդ պատերազմից հետո, երբ մթնոլորտը հասել է շիկացման ու չի թուլանում մինչև այսօր, ապա ո՞րն է եկեղեցու տրամաբանությունը:

Սրանք հարցեր են, որ պատասխան չեն ստանում, գործողությունների տրամաբանություն չեն ընդունում:

Այդ ֆոնին ասել, որ հոգևորականին դեմ խոսել՝ նշանակում է դեմ խոսել Աստծուն, անիրական ու տգեղ բան է: Երբ մենք խոսում ենք, որ պատգամավորը կաշառակեր է, կամ սրիկա, դա չի նշանակում, որ մենք դեմ ենք պառլամենտ երևույթին, այլ շեշտում ենք, որ մեկը սրիկա է: Ու բնականաբար, երբ խոսում ենք որևէ հոգևորականի դեմ, կամ նշում, որ այսինչ հատվածում բացթողումներ կան, դա ոչ թե Աստծո կամ եկեղեցի երևույթի դեմ է, այլ կոնկրետ խնդրի: Ու պետք չէ փարիսեցիություն անել ու Աստծո անունը ամեն անգամ մեջբերել՝ դարձնել վահան ու դրա հետևում պատսպարվել իրականությունից:

Իրականությունում պետք է ընդունել, որ եկեղեցին վաղուց արդեն չունի այն հեղինակությունն ու ուժը, ինչպես ժամանակին: Նույնիսկ ԽՍՀՄ ժամանակ եկեղեցին շատ ավելի մեծ հմայք ուներ, քանի որ պայքարում էր մի ողջ համակարգի դեմ, իսկ հիմա եկեղեցին պարզապես լուռ դիտորդ է:

Ինչպես գրված է Աստվածաշնչում՝ Կայսրինը տվեք Կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն:

Դյուման իր «Կոմսուհի դը Մոնսորո» գրքում մի երկխոսություն ունի, որտեղ Հենրիխ 3-րդ Վալուա թագավորն իր ծաղրածուին ասում է. «Ծաղրիր իմ բարեկամներին, պատառ-պատառ արա իմ մեծությունը, ասա Աստծուն ինչ ուզում ես՝ Աստված բարի է և կների, բայց զգուշացիր Եկեղեցուն վիրավորելուց»:

Վատն այն է, որ այսօր եկեղեցին, ավելի շատ վիրավորվում է հենց իր հեղինակության համար, այլ ոչ թե Աստծո հանդեպ հավատի պակասից, կամ մեկ այլ հարցից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *