Հայաշխարհ

Սատարենք Մեր Հերոսներին

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո բազմաթիվ օժանդակություններ են կատարվել՝ Հայաստանի ու Արցախի հայ եղբայրներին օգնության ձեռք մեկնելու համար:

Կարևոր է հասկանալ այն, որ այդ օգնություններն ինքնանպատակ չեն և էական նշանակություն ունեն հատկապես մի շարք առումներով՝

Վիրավոր հայրենիքը հիմա էլ ավելի մեծ չափով օգնության կարիք ունի

Այդ օգնությունները նպաստում են նաև, որ չթուլանա կապն աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի մեջ, ունեն և՛ նյութական, և՛ մշակութային նշանակություն:  Հատկանշական է և այն, որ այդ միջոցառումներին շատ հաճախ մասնակցություն են ունենում հայտնի, հանրային դեմքերը և հնարավոր է լինում միջոցառումը խորհրդանշականից վերածել ռեալ օգնության:

Հենց նմանատիպ մի միջոցառում էր տեղի ունեցել Capital Cities խմբի ղեկավար Սեպուհ Սիմոնեանի ևիր տիկնոջ՝ Թամարի ջանքերով, որի ընթացքում170 հազար ԱՄՆ դոլար հանգանակվեց: Նպատակնէ օգնություն տրամադրել Հայաստանի և հատկապես Արցախի վերականգնման աշխատանքներին և այլն:

Միջոցառումը, որը նախատեսված էր աջակցելու «Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությանը, ունեցավ բավական լայն ու մեծ արձագանք:

Լիահույս ենք, որ այդ միջոցառումը կլինի շարունակական և կընդգրկի այլ հայաբնակ վայրեր՝ այնտեղի հայերին ներգրավելով նման կարևոր, հայրենասիրական գործընթացներում:

Հիմա նման միջոցառումներն ունեն շատ մեծ հոգեբանական նշանակություն: Կարևոր է, որ պատերազմից հետո Հայաստանում և Արցախում մարդիկ իրենց միայնակ ու լքված չզգան: Նման միջոցառումները հիշեցնում են, որ իրենք միայնակ չեն,  եղբայրները հիշում են իրենց մասին և պատրաստ են ամեն վայրկյան նրանց կողքը լինելու: Ինչքան մեծ և հանրաճանաչ լինեն այդ միջոցառումները, այնքան ավելի բարձր է լինելու դրանց հոգեբանական, բարոյական ու նյութական արժեքը:

«Սատարենք Մեր Եղբայրներին»-ը, որ հիմնադրվել էր դեռևս 2016թ. ապրիլի 2-ին, Վիգեն Արաբյանի և Հրաչ Սիմոնյանի նախաձեռնությամբ, այն ժամանակ սկսեց և հիմա էլ շարունակում է իր հայրենանվեր աշխատանքը:

Այս միջոցառումը գալիս է հավաստելու, որ մենք միասին շատ բան կարող ենք անել: Չկա՛ փոքր օգնություն, կա կամք: 

Ավելի մանրամասն այդ ամենի մասին՝

Հանրածանօթ երաժիշտ, Capital Cities խումբի ղեկավար Սեպուհ Սիմոնեան (Sebu), իր տիկնոջ՝ Թամարի եւ մտերիմ ընկերներու հետ, կազմակերպած էր իւրայատուկ երեկոյ մը՝ ի նպաստ «Սատարենք Մեր Հերոսներին» (Support Our Heroes) կազմակերպութեան, որուն նպատակն է՝ օգնութեան հասնիլ Հայաստանի եւ յատկապէս Արցախի վերականգման աշխատանքներուն, ժողովուրդի եւ մարտիկներու այլազան պէտքերուն։

Երեկոն կազմակերպուած էր ամենայն բծախնդրութեամբ։ Անոր մասնակցեցան բազմաթիւ երաժիշտներ եւ արուեստագէտներ, որոնք սիրայօժար նուիրեցին իրենց կատարումները կամ արուեստի գործերը։ Երգերով, խօսքերով, տեսանիւթերով կամ նկարներով հանդէս եկան արուեստագէտներ՝ Սեպուհ Սիմոնեան, Սերժ Թանգեան, Անժելա Սարաֆեան, Վահէ Պէրպէրեան, Անթիք, Միշօ, Արմին, Պէյրու, Ճիւան Գասպարեան Ճունյըր, Արա Տապանճեան, Սօսէ Քէշիշեան, Արտեոմ Մանուկեան, Անդրանիկ Գզիրեան, Սէմ Պապայեան, Ճոնա Ուոլշ, Թամար Գաբրիէլեան, Goldcap, Գալստեան, Մինաս Հալաճ, Ռաճըր Գուբելեան, Տէյվիտ Յակոբեան, Եւա Պապայեան, Աննա Կոստանեան, Արմէն Մէշ, Դրօ Խաեալեան, Սեւակ Մահսէրէճեան, Րաֆֆի Սէմէրճեան, Գեւօ Մանուկեան, Ալեքսանտր Մարութեան, Կրեկորի Մարութեան, Մակի Սիմոնեան, Անի Օհանէսեան, Նելլի Աշխէն, Թալին Գեւոնեան, եւ Արմէն Սայար, որ Շուշիէն տեղահանուած շատ երիտասարդ նկարիչ է։ 

Երիտասարդներ՝ շուրջ երկու հարիւր հոգի, հաւաքուած էին Սիմոնեաններու բնակարանը։ Երեկոն անցաւ բացառիկ խանդավառութեամբ, համադամ ուտելիքներով, հաճելի երաժշտութեամբ, գեղեցիկ նկարներով, որոնք ցուցադրուած էին բարձր ճաշակով, իւրայատուկ կահաւորումով եւ զարդարանքով։ Օրուան նպատակը նկատի ունենալով՝ բոլոր ներկաները բարձր տրամադրութեամբ եւ խոր համոզումով մասնակցեցան նուիրահաւաքին եւ գնեցին գրեթէ բոլոր ցուցադրուած նկարները։

Ձեռնարկին ընթացքին Սեպուհ Սիմոնեան յայտարարեց հաճելի անակնկալ մը, թէ Էրիք Իսրայէլեան յատուկ ֆոնտէ մը 50,000 տոլար պիտի նուիրէ ։ Այսպէս, ներկաներու նուիրատուութիւններով, նկարներու վաճառքով, օրուան ընդհանուր գումարը անցաւ  170,000 տոլարի սահմանը։

Սեպուհ եւ Թամար Սիմոնեանները սիրայօժար ստանձնած էին օրուան բոլոր ծախսերը եւ մեծ թիւով ընկերներու նուիրեալ խումբի մը օգնութեամբ, մրջիւնի նման, օրեր շարունակ աշխատելով՝ ներկաներուն հրամցուցին անմոռանալի երեկոյ մը։

Հաւաքուած գումարը պիտի տրամադրուի «Սատարենք Մեր Հերոսներին»՝ ոչ-հասութաբեր բարեգործական կազմակերպութեան, որպէսզի անիկա կարենայ իրագործել ծրագրուած աշխատանքները։

Այս կազմակերպութիւնը ծնունդ առած է Արցախի քառօրեայ պատերազմի երկրորդ օրն իսկ, 2 Ապրիլ 2016ին, Վիգէն Արապեանի եւ Հրաչ Սիմոնեանի նախաձեռնութեամբ ու աշխատանքներով։ Մինչեւ օրս, Արցախի բանակին ուղարկած են հազարաւոր ապրանքներ, շտապ օգնութեան, լման կահաւորուած ամենագնաց ինքնաշարժներ եւ Արցախի վերաբնակեցման բազմաթիւ այլ աշխատանքներ։

Ներկայիս, կազմակերպութիւնը կ՛աշխատի հետեւեալ ծրագիրներու իրականացման ուղղութեամբ՝

 – Ստեփանակերտի Զինուորական հիւանդանոցի տարածքին մէջ մասնագիտացած վերականգնողական կեդրոն.

 – Մարտակերտի Զինուորական հիւանդանոցի վերակառուցում.

 – Արցախի վերաբնակեցման աշխատանքներ.

 – Արցախի Նախիջեւանիկ գիւղին մէջ 16 3 ննջասենեականոց տուներու կառուցում, կահաւորումով, պարտէզով.

 –  «Թեւեր» ծրագրաւորման դասընթացքներու եւ աշխատանքային կեդրոնի ծրագիր Նախիջեւանիկի մէջ։

«Սատարենք Մեր Հերոսներին» կազմակերպութեան անդամները, որոնք կ՛աշխատին բոլորովին կամաւորաբար, կը հաւատան անխոնջ, ամբողջական նուիրումով աշխատանքին՝ հայրենիքի վերականգման եւ զարգացման ի նպաստ։ Անոնք կը հաւատան, որ առանց հզօր հայրենիքի, բայց մանաւանդ առանց հողի վրայ ապրող եւ արարող ժողովուրդի կարելի չէ երկիր պահել։

SOH USA-ը ոչ-շահութաբեր, 501(c)(3) կազմակերպութիւն մըն է։ Այցելեցէք www.SOH-USA.org կամ www.supportourheroes.am կայքերը՝ յաւելեալ մանրամասնութիւններու համար։

CivilNet.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *