Հայաստան

Մեղրին Տալի՞ս Էին

Վերջին օրերում սահմանային միջադեպերը կրկին շատացել են ու նորից ինֆորմացիոն քաոս է Հայաստանում: Մի կողմից ադրբեջանական ինչ որ վիդեոներ են, որով նրանք ցույց են տալիս, թե ինչ որ հայկական դիրքեր են վերցրել, իսկ ՊՆ-ն ինչպես միշտ հերքում է, նորից քաղաքական դաշտում կես անկայուն, կես քաոտիկ իրավիճակ է ու այդ ամենի ֆոնին, մանավանդ, որ ավելի ու ավելի են ուժեղանում այն թեմաները, թե Սյունիքն ի վերջո հանձնվելու է թուրքերին, մենք մի հետաքրքիր գրառման ենք ուզում անդրադառնալ:

Գրառման հեղինակը Անահիտ Քնարյանն է, մեզ հասած տեղեկություններով Գրողների Միության նախկին անդամ, ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:

Ինչո՞վ է հետաքրքիր այդ գրառումը: Նախ այն թեմայով, որ այդ գրառման մեջ խոսվում է մի շատ ցավալի թեմայի՝ Հայաստանի ու Արցախի սահմանների մասին: Թերևս հեղինակը չէր կարող ենթադրել, թե ինչ ողբերգական հետևանքներ էր ունենալու այդ ամենը, թերևս շատ քչերը կարող էին ենթադրել, թե ինչ է տեղի ունենալու հետո:

Գրառման մեջ խոսվում է ըստ էության հերթական ԳՄ նիստի մասին, որտեղ նոր նախագահ պիտի ընտրվեր, Հրանտ Մաթևոսյանն արդեն պիտի հեռանար և ընթանում էր նոր նախագահի ընտրություն:

Անահիտ Քնարյանը շեշտում է, որ մարդկանց հիշողությունների մեջ դեռ շատ թարմ էր «Հոկտեմբերի 27-ը», օդը լի էր տագնապով և չարագուշակ խոսակցություններ այն մասին, որ Մեղրին հանձնում են թուրքերին, ճիշտ ինչպես հիմա: Միայն թե այն տարբերությամբ, որ այս գրառումը  վերաբերվում է 2001թ.-ին երբ վտանգը կարծեցյալ էր և այնքան էլ հավանական չէր թվում, ավելի շուտ մարդիկ չէին կարող թեկուզ մտքում հավատալ դրան:

Քնարյանը նշում է, որ տեղի ունեցած ժողովի ժամանակ քանի դեռ բուռն քննարկում էր գնում նախագահի ընտրության շուրջ, ինքը ձայն է խնդրել և մի կողմ դնելով այդ աթոռակռվային տրամաբանությունը, խոսել կարևորի մասին: Խոսել Արցախի ու Հայաստանի սահմանների մասին, խոսել հոկտեմբերի 27-ի, հրաժարականների և օրվա հրատապության մասին, պահանջել, որ որոշում ընդունվի այն մասին, որ Հայաստանի ու Արցախի սահմաններն անբեկանելի են ու որևէ պետության կողմից ենթակա չեն քննարկման: Որոշումն ընդունվել է միաձայն, իսկ Զորի Բալայանն էլ հավաստիացրել, որ Հայաստանի ղեկավարները ոչ մի դեպքում թույլ չեն տա նման ընթացք և նույնիսկ խոստացել, որ ինքնասպան կլինի, եթե նման բան տեղի ունենա: Դառը հեգնանք միայն…

Դրանից հետո ինչ որ մեկը Քնարյանին խնդրել է այդ արձանագրությունն իրեն տալ, որպեսզի հրապարակվի և ինչպես կարելի է գուշակել, անլսելի է մնացել օրվա մանր հոգսերի ու մնացած ճղճիմ պահանջների աղմուկի մեջ:

Ես ինքս էլ առաջին անգամ եմ տեղեկանում, որ նման բան է եղել և հիասթափությունն ու բարկությունը խառնվում է իրար: Ինչո՞ւ է միայն մի կին խոսել այդ հարցի մասին, ինչո՞ւ ԳՄ-ն այսքան տարի ոչ մի տեսանելի քայլ, հանրային շարժում կամ որևէ նման բան չի արել, ո՞ւր են մեր գրողները, ո՞ւր է մտավորականությունը: 2001թ. այնտեղ նստած մարդկանց այս թեման չի հետաքրքրե՞լ, թե չափազանց ապիկար են եղել, որ կարողանան այդ թեման հասցնել մարդկանց ու իշխանության ականջներին: Ո՞ւր է կորել արձանագրությունը:

Որովհետև 2020թ. հասկացանք, որ Հայաստանի ու  Արցախի սահմանները բեկանելի են, որովհետև Արցախն էլ չկա…բայց կա գրողների միությունը, այդ գրեթե անօգուտ ու զառամած միությունը, որը բացի ոչինչ անելուց, այլևս ոչինչ չի անում: Հրանտ Մաթևոսյանը գնաց և նրա հետ էլ վերացավ հայկական գրողների միության ողջ ազդեցությունն ու էֆեկտը: Գրողները ավելի լուռ մնացին քան եկեղեցին, լռեցին, լռեցին, ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն:

Ինչո՞վ էին զբաղված այսքան տարի: Հանճարեղ գործե՞ր էին ստեղծում, որ ժամանակ չգտան, թե լռում էին, որ սեփական դատարկությունը ցույց չտան: Բայց չէ, ոչ մի հանճարեղ, ոչինչ էլ չի ստեղծվել, ոչ մի էական բան: Մենք գիտենք հանճարների ճակատագիրը, մենք գիտենք Թումանյան ու Շիրազ, որ և՛ հանճարեղ էին, և՛ ամենուր իրենց ձայնն էին բարձրացնում: Մենք գիտեք Վիկտոր Համբարձումյանին, որ հացադուլ էր անում, գիտենք Չարենցին ու Բակունցին, որոնց սպանեցին հայրենասիրության համար, գիտենք, որ Շիրազին ամեն ապրիլի 24-ի տնային կալանքի էին ենթարկում ԽՍՀՄ ՊԱԿ աշխատակիցները: Ու մենք ծանոթ ենք նրանց գործերին՝ հանճարեղ, աննման, չկրկնվող և հրաշալի:

Իսկ ովքե՞ր էին այդ դահլիճում հավաքված գրող-մտավորական կոչվածները, որոնց մենք այդպես էլ չճանաչեցինք: Ո՞ւր էին նրանք, երբ ամենամեծ ու ամենակործան այլասերում էր ընթանում, երբ անկայությունը դարձել էր օրվա սովորական մաս, երբ նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ այս ամենը սարսափելի հետևանքների է բերելու ու հիմա, մի՞թե մենք չենք կարող նրանց նույնքան մեղսակից համարել այդ ամենին, ինչքան որ իշխանություններին ու նրանց խամաճիկ կուսակցություններին, որոնք հետևողականորեն քանդեցին ամեն ինչ՝ հանուն իրենց խմբային հայրենասիրության ու շահի:

Եվ նաև մի հարց: Ո՞ւր էր ՀՅԴ-ն, որի անդամն այդ մասին խոսեց ԳՄ-ում, բայց մնաց ըստ էության անպատասխան: Ո՞ւր էր ՀՅԴ-ն այսքան տարիների ընթացքում, երբ ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր ավերվում: Ինչո՞ւ ՀՅԴ-ն մնաց կեսբերան «ոչմիթիզականության» կարգախոսի տակ ու հայտարարություններից բացի ոչինչ չարեց: Ու մի՞թե ՀՅԴ-ն առավել քան որևէ այլ կուսակցություն, պատասխանատու չէ այսօրվա սարսափների համար: Ու եթե ՀՅԴ-ն ավելի սկզբունքային և  կամային լիներ, գուցե և Քոչարյանն ու Սարգսյանը աղետ չդառնային պետության գլխին և այդ ուռուցքից չծնվեր Նիկոլ Փաշինյանը՝ որպես հետևանք, և ում այսօր մեղադրում է ՀՅԴ-ն:

Մի խոսք կա, որ չեզոք ու լուռ մնացողներին ավելի խիստ պատիժ պիտի տրվի, քան հանցագործին, որովհետև կարող էին խոսել ու չխոսեցին, կարող էին գործել, բայց ոչինչ չարեցին: Այս ժամանակակից պիղատոսները, որ մշտապես լուռ մնացին ու ձեռքերը լվացին մեն ինչից ու գոռացին միայն չնչին ինչ որ շահի համար:

Ո՞ւր կորան մեր գրողները:

Անահիտ Քնարյանի գրառումը ևս մի մասն է մեր համընդհանուր ողբերգության:

Գրառումն ամբողջությամբ՝

ՄԵՂՐԻՆ ՏԱԼԻՍ ԵՆ ԹՈՒՐՔԵՐՒՆ

«Հոկտեմբերի 27-ից» առաջ և հետո այս լուրն էր պտտվում Հայաստանում, Սփյուռքում ամենուրեք, երբ 2001թվականի գարնանը տեղի էր ունենում Հայաստանի Գրողների միության հերթական՝ 13-րդ համագումարը: Համագումարին ես ներկա եղա միայն վերջին օրը, որն ընթանում էր ՀԳՄ դահլիճում: Մասնակիցների պակաս չկար. Հրանտ Մաթևոսյանը հեռանում էր և պետք է կայանար նոր նախագահի ընտրություն: Ինչպես նախորդ օրերի մասին էին պատմում, այդ օրը նույնպես, ինչպես հաճախ, գրողների թեժ ելույթները պտտվում էին գրող-գրականություն շրջագծում՝ չխնայելով իրար, երբեմն հասնելով մինչև անձնական տիրույթ:

Այդպիսիք են գրողները, երբ միասին են՝ կռվազան, անհաշտ են իրենք իրենց, միմյանց ու աշխարհի հանդեպ և դա բնական է ու հետաքրքիր: Միայն թե այս համագումարում գրողների մտահոգության կաթսայում աշխարհն ասես չկար: Հարթակից թե դահլիճից նրանք՝ մեկը մյուսին ընդհատելով, բորբոքված բարձրաձայնում էին իրենց փաստարկներն ու որակումներն ընտրվող նոր նախագահի «լավ ուվատ, վատ ու ավելի վատ» թեկնածուների շուրջ և ուրիշ ոչինչ:

…Բեմահարթակի մի կողմում լուռ նստած էր Հրանտ Մաթևոսյանը: Իր խոր տարածքում փակված, մտահոգ ու հեռուները նայող հայացքով ասես համր ֆիլմ էր դիտում՝ ինքն իրեն հարցնելով. «Ինչի մասին և ինչի համար է այս աղմուկը»:

… Վերջին ելույթից հետո ես ձայն խնդրեցի: 1984թ. ԳՄ անդամկցությունից ի վեր դա իմ առաջին և վերջին ելույթն էր (պարզապես նման ցանկություն երբևէ չէի ունեցել):

…Առաջին շարքում օրվա իշխանության աջ ձեռքը՝ դաշնակցական գրողներն էին: Խոսքիս կեսին ներս մտավ նրանց քաղաքական հայացքների առաջատար գրչընկերուհին (թերևս բարձրացված թեմայի մասին լուրը արագ տեղ էր հասել և նա անելիք ուներ):

Ես նախ վրդովմունքս հայտնեցի, որ ՀԳՄ 12-13-րդ համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի Պետականության հիմքերը խարխլող ողբերգական իրադարձությունները՝ լցված անդառնալի կորուստներով, համագումարում չդարձան գրողների մտահոգության ԹԵՄԱ, քննարկում, առաջարկ:

Խոսեցի մասնավորապես՝ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անսպասելի և անցանկալի հրաժարականի, 98-ի Նախագահական ընտրություններում ժողովրդի սիրելի Կարեն Դեմիրճյանի բացարձակ հաղթանակի բռնազավթման, դավադիր «Հոկտեմբերի 27-ի» կործանարար հետևանքների՝ երկրում տիրող անիրավությունների, պետության ունեցվածքի անբռնազբոս յուրացման և աննախադեպ արտագաղթի մասին: Խոր տագնապս արտահայտեցի նաև Արցախի ազատագրված տարածքների վերադարձի շուրջ շարունակական խոսակցությունների և գրեթե երեք տարի չդադարող, չմարող ԳՈՒՅԺԻ հանդեպ, թե՝ Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս է թուրքերին Լաչինի միջանցքի դիմաց:

Ավարտելով խոսքս առաջարկեցի ՀԳՄ համագումարում քվեարկությամբ որոշում կայացնել առ այն, որ «Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանները անձեռնմխելի են և երբևէ, որևէ պետության կամ իշխանության կողմից ենթակա չեն քննարկման»: Քվեարկությունը տեղի ունեցավ և որոշումն ընդունվեց միաձայն:

Ինձանից հետո հարթակ բարձրացավ Զորի Բալայանը: Ցանկանալով փարատել ներկաների մտահոգությունը կապված արծարծվող հարցի հետ՝ նա ասաց հետևյալը, որ ինքը մոտիկից, անձնապես ճանաչելով Հայաստանի թե Արցախի իր հայրենակից առաջնորդներին՝ կարող է և նրանց անունից երդվել բոլոր սրբություններով, որ նրանք ավելի շուտ վերջ կտան իրենց կյանքին, քան Արցախից կամ Հայաստանից տարածքներ կհաձնեն թշնամուն: Ապա խոսքը վերջացնելով ասաց բառացիորեն հետևյալով.

– Իսկ եթե պատահի աներևակայելին, և ես տեսնեմ, որ խաբված եմ ապրել՝ կգնամ հորս ու մորս գերեզմանին ներողություն կխնդրեմ և ինքնասպան կլինեմ…

Այս նոտայով էլ ավարտվեց համագումարը: Ես վերցրեցի Տարածքների անձեռնմխելիության մասին որոշման աձանագրությունը և այն անձամբ լրատվամիջոցներին հանձնելու համար շտապեցի դուրս գալ: Դեռ ելքի դռներին չհասած՝ ճանապարհս ուղղակիորեն կտրեց մի կին, ում երբեմն տեսնում էի գրողների տան միջանցքներում, դիմեց ինձ և մի տեսակ անժպիտ ժպիտը դեմքին խնդրեց, որ որոշման արձանագրությունը հանձնեմ իրեն:

Տեսնելով զարմանքս ու տարակուսանքս՝ նա ներկայացավ իր անուն ազգանունով և ասաց, որ գրող-թարգմանիչ է և աշխատում է Գրական Թերթում, միաժամանակ ապահովում է Գրողների միության կապը այլ լրատվամիջոցների հետ, վերջիններիս տրամադրելով նաև ԳՄ կազմակերպած տարատեսակ միջոցառումների մասին պատմող նյութեր: Հավելեց նաև, որ ինքն արցախցի է և շնորհակալ է ելույթիս համար:

Իմ հարցին, թե՝ համագումարի քարտուղարությունը տեղյա՞կ է, որ ինքն է ապահովելու որոշման տարծումը՝ պատասխանեց, թե դա այն թեման չէ, որ ինքնագլուխ գործի: Ես չվստահելու պատճառ չտեսնելով՝ նրան հանձնեցի որոշման արձանագրությունը և դուրս եկա:

Թեև ամենուրեք փթթուն գարուն էր, մայիս, սակայն օդում տակավին քարացած էր «Հոկտեմբերի 27-ը»: …Իսկ Հայաստանի Գրողների միության 13-րդ համագումարում «Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության մասին» միաձայն վավերացված որոշումը այդպես էլ չհաղորդվեց կամ չ տ պ ա գ ր վ ե ց , ոչ հանրապետական որևէ լրատվական կայքում, և ոչ իսկ ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական Թերթում»: Այն պարզապես ա ն հ ե տ ա ց ա վ օրվա իշխանության աղբամանում:

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐ» շարքից

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Զորի Բալայանը մասամբ ճիշտ էր՝ Հայաստանի արցախցի և Արցախի նախկին առաջնորդները (ինչպես ամեն մի խմբապետ դեռ Զորավար չէ, այնպես ամեն մի առաջնորդ դեռ Նախագահ չէ) Արցախը հանձնեցին թշնամուն ոչ իրենց ձեռքով…

«Հոկտեմբերի 27-ից» 22 տարի անց «Մեղրիի միջանցքի» հայակործան ծրագիրը շարունակում է արտաքին ու ներքին նույն ուժերի կողմից մնալ «բանակցային սեղանին» և շարունակում է նույն տագնապով ալեկոծել հայ ժողովրդին:

ՀԳՄ վերոհիշյալ համագումարից 20 տարի անց «Մեղրիի միջանցքի» գաղտնադավ ծրագիրը կրկին կյանքի կոչելու հանգամանքը հասկանալի է դարձնում, թե ինչու «Հոկտեմբերի 27-ից» հետո պետք էր այդ մասին լռել, չբարձրաձայնել, մինչև կգար պ ա տ ե հ պ ա հ ը՝ Հայաստանը մինչև արմատները «մաշելու», մահամերձ հյուծվածության հասցնելու պահը:

Անահիտ Քնարյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *