Հայաստան

Հայը Քաղաքական Կենդանի Չէ

1in.am-ը զրուցել է թարգմանիչ, մտավորական, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ:

Այս անգամ ևս Հակոբ Մովսեսը խոսել է կրթության մասին, բայց ոչ թե հանրակրթական, այլ քաղաքակրթական առումով կրթության մասին ու ընդգծել մտավորականության դերն այդ ամենում: Ըստ Հակոբ Մովսեսի, Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկն այն է, որ մենք ունենք առանձին լավ մտավորականներ, բայց չունենք մտավորականությունը որպես հասարակական խավ, որն ի վիճակի կլինի սեփական մտավոր արտադրանքը տալու:

Մտավորականության մասին խոսելիս Հակոբ Մովսեսն անդրադարձավ 1937թ. մտավորական ջարդին, որից հետո Հայաստանում մտավորականությունը ոչ թե ձևավորվել է, այլ նշանակվել է, ամեն մեկին իրեն տրված հրամանով, թե ինչից խոսի, ինչպես խոսի և ինչքան խոսի, իսկ դա մտավորականություն չէ: Այդ վիճակը շարունակվել է մինչև այսօր և հիմա մտավորականությունը դեգրադացված, հին, դոգմաների մեջ քարացած մի երևույթ է: Մտավորական էին Խաչատուր Աբովյանը, Րաֆֆին, Միքայել Նալբանդյանը, որոնք գաղափար էին զարգացնում, ներդնում, ստեղծում, ոչ թե սպառում ու փչացնում եղածը՝ հասարակությանը փակ շղթայի մեջ ներդնելով:

Հակով Մովսեսը ցավով նշեց, որ կրթության մասին խոսելիս Հայաստանում միայն հասկանում են գումարի ներդնում, մինչդեռ չկան ծրագրեր, չկա հասարակական կրթություն, դրա հետևանքով չկա քաղաքակրթական և քաղաքացիական կրթություն. Այսինքն մենք չենք կարողանում դառնալ կիրթ հասարակություն: Մենք գիտենք, որ Տիգրան Մեծը հիմնադրել է Ծովից-Ծով կայսրություն, բայց մենք չենք հասկանում, որ չի կարելի հայոց մայրաքաղաք Երևանում թքել փողոցներում:

Այն հարցին, թե արդյո՞ք միութենական հանրապետության կարգավիճակի սպառնալիք կա, Հակով Մովսեսը հստակ ընդգծեց, որ ոչ մի պետության չեն ստրկացնի, եթե ինքն ինքնակամ չգա դրան և նշեց իրական պետության և էքզիստենցիալ հայրենիքի միջև եղած բացերն ու դրանից ծնվող խնդիրները: Միութենականից վախեցող հայերը չեն ցանկանում, որ ռուսները գան և գաղութացնեն իրենց, բայց ինքնակամ գնում են Ռուսաստանում գաղութացվելու: Հայաստանում աշխարհաքաղաքական ընկալում ձևավորված չէ, քաղաքականապես անգրագետ հասարակությունն ի վիճակի չէ սթափ քաղաքական գնահատական տալ և զբաղված է կարճատև ու էմոցիոնալ գործողություններով, որոնք փակ շղթա են դառնում հենց նույն հասարակության համար: Դպրոցներում ուսուցումը կատարվում է մեռյալ, հետամնաց ձևով ու ոչ թե մտածողություն է սովորեցվում, այլ քարացած տեղեկատվական անգիրի պարտադրանք:

Բացի վերը նշվածից, Հակոբ Մովսեսը նաև ուշադրություն դարձրեց այն հարցին, որ հայրենասիրությունն այսօր Հայաստանում ավելի շատ ընկալվում է զուտ էյֆորիկ հուզմունք, էմոցիա, բայց ոչ լուռ և գաղափարական աշխատանք: Հայրենասիրությունը գոռգոռոց չէ, այլ մտածողություն, սկզբունք և գաղափար, անհնար է սիրել հայրենիքն ու միաժամանակ գողանալ այդ հայրենիքից:

Մենք չենք ճանաչում մեր հայրենիքը, հնարավոր չէ չկարդալ, չծանոթանալ և սիրել: Իսկ մտավորականություն չի ձևավորվում, նրանցից շատերը նախընտրում են լռել, միայն թե հայհոյանքի չարժանանան, մինչդեռ մտավորականությունը ոչ թե պիտի առանձին անհատներով պայմանավորված իրականություն մնա, այլ համախմբված ու գաղափարապես արտադրող հզոր խավ:

Ամբողջական հարցրազրույցը՝ ստորև

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *