Սփիւռք

Սփյուռքը՝ Որոշիչ Գործոն Հայաստանում

Սփյուռքը պարտավոր է անհապաղ ունենալ իր խորհրդարանը, որը կարտահայտի ողջ աշխարհի հայերի կամքը։

Aravot.am-ի հարցազրույցը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ

– Հայերը ցանցային ազգ են եւ նրա քանակը չի չափվում միայն իր աշխարհագրական տարածքում ապրողների թվով: Ունենք Արցախ, Սփյուռք։ ԽՍՀՄ փլուզումը հայերի համար նոր ողբերգություն էր, հսկա միությունից հետո, նրանք ստիպված էին կենտրոնանալ փոքր Հայրենիքի վրա, ինչին հոգեբանորեն պատրաստ չէին։ Այդ փլուզումն իր հետ տարավ այն էլիտան՝ ազգի ընտրանին, որը կապված էր Ռուսաստանի հետ։ Դա կայսրությունների փլուզման ճակատագիրն է։ Հայերը ցանցային ազգ են, բայց ցանցային պետություն չեն: Նրանք չեն կարող ունենալ մեծ Հայրենիք։ Ծովից ծով Հայաստանը չի ստացվի։

– Ինչո՞ւ չեն կարող։ Ուժ չունե՞ն, կազմակերպված չե՞ն։

– Ռեսուրս չունեն։ Կենտրոնախույս ուժերն ավելի հզոր են, քան կենտրոնաձիգ ուժերը։ Հայերը, որպես մոբիլ ազգ, միշտ ցրվել են ու ցրվելու են։ Մեր ազգը Սփյուռք ազգ է։ Օրինակ՝ վրացիները Պետություն ազգ են, նրանց մոտ կենտրոն ձգող ուժերը հզոր են։

– Դա հոգեբանությո՞ւն է:

– Դա ազգի որակ է։ Հայերն ունեն երկու-երեք հատկանիշ, որը նրան դարձնում է Սփյուռք ազգ։ Մոբիլ են, ունեն արագ ընտելանալու հզոր հատկանիշ։

– Դա լա՞վ է, թե՞ վատ։

– 21-րդ դարում հոյակապ է։ Սակայն սփռվելու հետ մեկտեղ նրանք պետք է ունենան Սփյուռքը ազգի կենտրոնին՝ Հայրենիքին կապող կարեւորագույն բջիջը՝ ողնաշարը։ Եթե դա չեղավ, ազգը կփոշիանա։ Մեր մշակութային արժեքներն այնքան հզոր չեն, որ հավաքեն մեզ։ Չունենք ազգային էլիտա՝ ազգային ընտրախավը, որն իր դերը չի հասկացել ու չի կատարել դեռ։

– Իսկ ընդհանրապես կա՞ հայ ազգային էլիտա։ Թե՞ մեր դարաշրջանով ավարտվեց այն։

– Կա։ Բայց ինչպես ազգն է սփռված, այնպես էլ էլիտան։ Կա նաեւ ահռելի քվազիէլիտա՝ կեղծ ընտրախավ, եւ խեղդում է իրական ընտրախավին։ Դա էլ նրանից է, որ ստատուսի պակասորդ կա Հայաստանում ու Սփյուռքում։ Ով ասես, գալիս խցկվում է ու դառնում «էլիտա»։ Բայց էլիտան միայն տեղը չի, ուր խցկվում ես, գիտես լեզու, անգամ՝ ունես գիտական աստիճան։ Էլիտան դա այն արժեքն է, ով վերարտադրում է ազգը, ծառայում է ազգին ու իրականացնում նրա առաջ գոյացած խնդիրները։

– Մեր պարագայում, Հայաստանո՞ւմ է այդ էլիտան, թե՞ Սփյուռքում։

– Երկուսում էլ կան։ Սփռված ազգը ունի շատ բարդ կառույց։ Եվ շատ լուրջ էլիտա է պետք, որ այդ կառույցները վերարտադրի։ Օրինակ՝ Սփյուռքն այսօր կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ։ Ոչ միայն կենտրոնը պահելու, այլ նաեւ իրենց վերարտադրելու. իրենց լեզուն, մշակույթը պահելու։

– Ու Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու։ Ինչպե՞ս եք պատկերացնում Սփյուռքի քաղաքական մասնակցությունը Հայրենիքի գործընթացներին։

– Հայաստանը միշտ կմնա այս տխուր վիճակում, քանի դեռ երկրի կարեւորագույն արժեքները չեն ընդգծել, չեն հայտարարված։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում ընդգծվեց երեք արժեք՝ բարեգործություն, ազնվություն եւ ընտանիք։ Անգամ ընտանիքը, որ հայերիս համար արժեք է, այսօր մոռացվել է։ Չեն «հիշում», որ ստիպված չլինեն ընտանիքի պաշտպանության քաղաքականություն վարել։ Այս իմաստով «Հայ կին»-ը բարեգործականի ծրագրերը, որում ես էլ եմ ընդգրկված, համարում եմ քաղաքական մասնակցություն մեր երկրի խնդիրներին։ Կայուն, գրագետ սերնդի վերարտադրմանն է ուղղված։ Քաղաքական ընդգրկվածությունը ընտրություններին մասնակցելը չէ միայն։ Այն երկրի արժեքները պահպանել ու վերարտադրել է նշանակում։ Սակայն երկրի արժեքների գիտակցումը պետք է բյուրեղանա Հայաստանում։

– Այսօր Սփյուռքում ապրում են շատ մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ, ովքեր ընդամենը դոնորի դեր են կատարում մեր երկրի կյանքում։

– Երկիր չէինք, երբ ընդունեցինք Սահմանադրություն, ազգ էինք, որն ընդամենը ճանաչել էր իր ազգային խնդիրները։ Չհասցրեցինք դառնալ երկիր։ Խելոքներին շարքից հանեցին, ու իրենց խելքով ֆրանսիական ռեֆորմի մոդելը կիրառեցին մեր երկրում, քանդեցին գյուղը, սնանկացրին գյուղացուն։ Չստեղծվեց բարեփոխումների մեխանիզմ, որն էլ ծնեց կոռոպցիան։ Բագրատյանն այսօր շնչակտուր քննադատում է Ազգային ժողովի ամբիոնից, ուզում եմ հարցնել՝ դու չէի՞ր այս ամենի հեղինակը։ Հիմա, այդ ռեֆորմի հետեւանքով դրսում հայտնված Սփյուռքը պիտի մեծ համաժողով գումարի ու հայտարարի. «Եթե չփոխեք երկիրը, համահայկական ամենամյա մարաթոնից կոպեկ չեք ստանա»։ Սա է միակ ելքը։ Հավաքում տալիս են սրանց, որ ի՞նչ անեն, ավելի հարստանա՞ն։ Ընտրություններն ամենահեշտ բանն է, որ դուք պահանջում եք, Շուշան։ Կանեն, բայց կքցեն ձեզ ու կմրոտեն Սփյուռքը։ Հայաստանյան էլիտան ինչու պիտի իր իշխանությունը տա ու դառնա կախյալ Սփյուռքից։

– Ուզում եք ասել՝ պետություն չի կառուցվել։ Կա ընդամենը իշխանություն, որն իրեն վերնախավ է համարում ու որոշումներ է կայացնում Սահմանադրության փոխարեն։

– Այո։ Պետությունն աշխատեցնողը իշխանությունն է։ Իսկ դուք պետություն չունեցող ինչ- որ իշխանությունից լուրջ բան եք ուզում։ Աշխարհն էլ մյուս կողմից, մեզնից կողմնորոշում է պահանջում։ Գերմանիան հստակ ասաց՝ կամ Ռուսաստան, կամ Արեւմուտք։ Իսկ մեր դժբախտները դեռ պետություն չեն կառուցել, ոնց կողմնորոշվեն։

– Վերադառնանք Սփյուռքի դերին։

– Սփյուռքը դարձել է լոբբիստ։ Ռուսաստանի Սփյուռքը շատ է, հզոր է ու Հայաստանը ձգում է դեպի Ռուսաստան։ Արեւմտյան Սփյուռքը լոբբիստ չի, քանի որ միասնական չի։ Ես տեսել եմ Շվեդիայի հայերին, քսան մարդ են, բոլորն իրար հետ կռված։ Մի մասը Իրանից է, մյուսը՝ Հայաստանից։ Շվեդիան ընդունեց Եղեռնը, եկավ Էրդողանը, հոխորտաց, եւ Շվեդիայի վարչապետը ներողություն խնդրեց։ Հարցը բարձրացրած կուսակցությունը դատի տվեց վարչապետին։ Բայց չէ՞ որ դա մեր լոբբիստների գործն էր, ոչ թե շվեդների, հայերը պիտի Էրդողանի հերն անիծեին, իսկ շվեդական կառավարությանը սեղմեին պատին, քանի որ նրանք միայն հայերի ցեղասպանությունը չէ, որ ընդունել էին, նաեւ՝ ասորիների, պոնտական հույներինը։ Ահա սա էր հայերի գործը։ Իսկ ռուսական սփյուռքը շատ մեծ լոբբինգ է անում։ Ամերիկահայերից էլ հզոր։ Հայաստանը քաշում է դեպի Ռուսաստան, դարձնում Ռուսաստանի գաղութ։ Եվ քո ասած Սփյուռքի մասնակցությունն ընտրություններին շատ փոքր հարց է այս հզորագույն սպառնալիքների համեմատ։ Իսկ այն դերը, որ պարտավոր է խաղալ Սփյուռքն այս հարցում, չի խաղում։

– Ի՞նչ պիտի անի, որ չի անում։

– Սփյուռքի տված փողը Հայաստանին, ճնշման գործիքի դեր պիտի խաղա։ Իսկ Սփյուռքն ընդամենը վերցրել է առանց պայմանների սպոնսորի դեր։ Աշխարհում չկա այդպիսի բարեգործություն։ Առհասարակ, Սփյուռքը հստակ քաղաքականություն չունի Հայաստանի հանդեպ։ Կռվի ժամանակ մեզ հետ էր։ Իր խնդիրը գիտեր։ Սակայն խաղաղության մեջ իր դերը չի գիտակցում, քանի որ միավորված չէ։

– Իսկ ո՞րն է ինտեգրատորը՝ միավորողն այս պահին։

– Սփյուռքը պարտավոր է անհապաղ ունենալ իր խորհրդարանը, որը կարտահայտի ողջ աշխարհի հայերի կամքը։ Նա պիտի ազատվի տնտեսական անհատույց սպոնսորի դերից ու այդ փողն օգտագործի որպես քաղաքական լծակ Հայրենիքում։ Գաֆեշճյանն այդքան ներդրում արեց, հետո խռովեց գնաց, ինչ է թե՝ իր չաղ արձանները քննադատեցին։ Ինքը չգիտակցեց իր արածի մշակութային բարձր հետեւանքները։ Այ, եթե ժողովուրդը համերգ, թանգարան չայցելեր, կարող էր նեղանալ։ Այս գիտակցությամբ Սփյուռքը Հայրենիքում չի դառնա քաղաքական գործոն, քանի դեռ մասնակցության աստիճանի գիտակցումն այդքան է։

– Ի՞նչ անհապաղ հարցեր պիտի քննարկի Սփյուռքի խորհրդարանը։

– Պիտի ազատվի անհատույց օգնողի դերից։ Քննարկի մեր սխալներն ու ճիշտ ճանապարհ ցույց տա։ Ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն անորոշության մեջ, չգիտենք վաղվա օրը։ Միգրանտների հասարակություն ենք, ծախսում ենք փող, որը մենք չենք աշխատել, պետության ծախսը չի հաշվարկված։ Խախտվել են սոցիալական խաղաղության հիմքերը։ Ստեղծվել է քաղաքացիական իրարանցում, սառը պատերազմ։ Էլիտայի, ազգային ինքնության լուրջ հարց կա։ Հայաստանը աշխարհաքաղաքական գործոն դարձնող արդիականացման հայկական ուղին մշակի։ Ոնց պոկվենք Ռուսաստանից, թե չէ՝ նա չի թողնի, որ երկիր դառնանք։ Սփյուռքը պիտի ճանապարհ ցույց տա՝ երկիրը դուրս բերելու այս ճահճից, չե՞ք տեսնում՝ գնալով սուզվում ենք։ Այս միջոցով միայն Սփյուռքը կդառնա իրական քաղաքական գործոն իր Հայրենիքում, այլ ոչ կթու կով, ինչպես որ կա հիմա։

– Ցեղասպանության հարցը հյուծում է, ուժ չի մնում։

– Եղեռնի հարցը պետք է տալ Հաագայի դատարանին ու վերջացնել։ Մեր ողջ էներգիան ջլատվում է։ Թուրքը միայն դատարանից կվախենա, կհավաքի իրեն։ Վերջապես մեր ձեռքերը կազատվեն ու համայն հայությունը կլծվի իր երկիրը պետություն դարձնելու լուրջ խնդրին։ Իշխանափոխությունը ոչինչ չի տա, մեքենայի մոտոր է փչացած։ Իսկ դուք ուզում եք վարորդին փոխել։ Այս հարցերը պիտի լինեն Սփյուռքի քաղաքական գործառույթների առանցքում։ Միայն այս դեպքում նրա քաղաքական դերակատարությունը Հայրենիքում իրական գործոն կդառնա ու կփոխի երկրի ուղին, կվերականգնի հաղթանակած ազգի խրոխտ հոգեբանությունն ու կյանքը։



    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *