Նույնիսկ 1921 թ, Ստալինի որոշումից հետո, որով Լեռնային Ղարաբաղը, Քարվաճառը, Քաշաթաղը և Արևելյան Սյունիքը Ադրբեջանին հանձվեցին, Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այսպիսին չէին, որ ներկայում են:
ՀՀ սահմանների մասին խոսակցությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այդ թեման վերջին ամիսներին հատկապես սուր արտահայտված է, բոլորին հասկանալի պատճառներով: Ադրբեջանական ագրեսիան, որն անցնում է բոլոր հասկանալի ու տրամաբանական սահմանները, չունի որևէ պատմական, իրավական կամ մշակութային հիմք: Դրա մասին մենք բոլորս անընդհատ ու անընդմեջ խոսել ու շարունակում ենք խոսել, բայց շատ հաճախ անտեղյակությունը կամ սիրողական մակարդակի իմացությունը ոչ միայն հնարավորություն չի տալիս խնդրի մասին ամբողջական պատկերացումներ կազմելու, այլ շատ հաճախ մեզ դնում է բավական անհարմար ու ծիծաղելի իրադրության մեջ, երբ այս կամ այն պնդումն անելիս մենք նորմալ ու գրագետ պատկերացումներ չունենք, թե ինչ հիմնավորմամբ ինչ պետք է պնդել կամ մերժել:
Ցավոք սրտի մեզ իսկապես պակասում է գրագիտությունը, բայց պետք է նշել, որ Հայաստանում այսօր էլ բազմաթիվ բավական խորը վերլուծություններ կան, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում, կամ ինչ է պետք անել այդ խնդրի՝ հայանպաստ լուծումը հասունացնելու համար:
Եվս մի կարևոր, բայց սովորաբար անտեսվող երևույթ:
Քարտեզներ:
Քարտեզների մասին խոսելիս սովորաբար մեջբերում ենք Մոսկվայի ու Կարսի 1921թ. պայմանագրերը, նշում դրա հակաիրավական լինելու հանգամանքը ու մոռանում, որ քարտեզների մասին խոսակցությունները ոչ միայն պետք է շոշափեն ընդհանուր աշխարհագրական տերմիններ Արցախ, Նախիջևան, Սյունիք, այլ և պետք է կրեն խորը և մանրազնին հագեցվածություն:
Այս օրերին հատկապես, երբ ՀՀ վարչապետի, ՌԴ և ՍԴ նախագահների հանդիպումը ենթարկվեց քաղաքական շահարկումների և միջանցք թե ճանապարհ տրամաբանական քննարկմանը, ուշադրություն եմ ուզում հրավիրել քաղաքագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի բաց նամակի վրա` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ի տարբերություն հուզական և էմոցիոնալ գրառումների, Գալչյանի նամակը առաջին հերթին ունի հստակ նպատակային և հատուկ մանրամասներով օժտված փաստ է: Հեղինակը ոչ միայն նշում է ընդհանուր սահմանային երևույթները, այլ հստակորեն ցույց տալիս, որ նույնիսկ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերից հետո էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այսպիսին չէին, ինչպես հիմա:
Ավելին` 1930թ. ստեղծվելիք Կարմիր Քրդստանի նախագիծը (այո, շատերը պատկերացում չունեն դրա մասին), որ չգիտես ինչու չեղարկվեց, այն հետևանք ունեցավ, որ այդ նպատակով առանձնացված տարածքները հանձնվեցին Ադրբեջանին: Արդյո ՞ք այդ Կարմիր Քրդստան կոչվածն իրականում քաղաքական խաղ էր` հայերի գլխին ևս մեկ անգամ կուժն ու կուլան ջարդելու համար, թե ոչ, չենք կարող ասել: Հստակ է մի բան: 1923-1929թթ. կատարված այդ իրադարձությունները, որոնց մասին շատ քչերն են խոսում, առայժմ մնում են անտեսված, իսկ իրական հետևանքները վայելում են ադրբեջանցիները:
Ովքե՞ր և ինչ նպատակով էին Հայաստանից անընդհատ հողատարածքներ ուզում ադրբեջանական անկլավներ սարքելու համար, դա արդեն էական չէ, բայց հստակ է, որ այդ ամենը շարունակաբար կրկնվում էր անընդհատ ու շատ վաղուց:
Նույնիսկ Սովետական Հանրագիտարանում հրապարակված քարտեզները բոլորովին այլ բան են հուշում, քան ադրբեջանական ներկայից հոխորտանքները: Հայտնի բան է, սուտը քառասունք չունի ու մի օր ճշմարտությունը դուրս է գալիս ջրի երես:
Հենց այս մասին է Ռուբեն Գալչյանի գրառումը:
Այն կարևոր է ոչ միայն էմոցիոնալ- հուզական տեսակետից այլև ցույց է տալիս ինչ-որտեղ-երբ:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ` խնդրին առավել խորությամբ տեղեկանալու և ավելի պարզ պատկերացում կազմելու համար:
Հարգարժան Պրն Փաշինյան,
Այս օրերին հրատապ հարց է քննարկվում Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, որոնք ըստ ներկա վիճակի այն սահմաններն են, որոնք գծվել են Խորհրդային միության օրոք, և 1929 թ. ու 1969 թ. պաշտոնապես վավերացվել Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների կողմից:
Սակայն պետք է նշել, որ նույնիսկ 1921 թ, Ստալինի որոշումից հետո, որով Լեռնային Ղարաբաղը, Քարվաճառը, Քաշաթաղը և Արևելյան Սյունիքը Ադրբեջանին հանձվեցին, Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այսպիսին չէին, որ ներկայում են:
1923-1929 թթ. Մոսկվայի հրամանով և Անդրկովկասյան Դաշնության կարգադրությամբ, առանց հետևելու օրենքին և հարգելու տեղաբնակ գյուղացի բնակիչների մարդկային իրավունքները, նրանց հողամասերից, անտառներից ու արոտավայրերից հարյուրավոր քառ. կիլոմետրեր հանձնվեցին Ադրբեջանին, ուր, իբր պետք է ստեղծվեր Կարմիր Քրդստան գավառը: Չմոռանանք, որ 1930 թ. Կարմիր Քրդստան ստեղծելու գաղափարը չեղարկվեց, սակայն դրան հատկացվելիք հայկական հողային տարածքները` անհայտ պատճառներով, մնացին Ադրբեջանին:
Տարածքներն Ադրբեջանին հանձնող և ապագայում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ ստեղծողները բացահայտ նպատակ են ունեցել Հայաստանի կապը դեպի հարևան երկրներ տեղադրել Ադրբեջանի տարածքով անցնող մայրուղիներով, այսպիսով դրանց հսկողությունը ուղղակի հանձնելով Ադրբեջանին: Հենց այս նպատակով, անկլավները տեղադրված են Հայաստանին Վրաստան և Իրան կապող ճանապարհների վրա, որոնք անցնում են անկլավների միջով, իսկ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը, ինպես նաև Տավուշի շրջանում Իջևանից Ոսկեպար և Նոյեմբերյան-Վրաստան ճանապարհը երկու անգամ հատում են սահմանը և անցնում Ադրբեջանի տարածքով, ապա վերադառնում Հայաստան: Ադրբեջանական այն տարածքները, որոնցով հատում-անցնում են Հայաստանի մայրուղիներն, ընդհանրապես անմարդաբնակ են ու հիմնականում ոչ պիտանի, որը անգամ ևս փաստում է դրանց բուն նպատակը՝ հսկողության տակ ունենալ Հայաստանի մայրուղիները:
Սովետական Մեծ Հանրագիտարանի 1926 թ. Առաջին հատորում հրատարակած Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանր. 1927 թ. մարդահամարին կից քարտեզներում, որոք կցված են նամակիս, Խորհրդային Հայաստանի արևելյան և հյուսիսային սահմանները նույնը չեն, ինչ որ ընդունված են այսօր: Դրանց մեջ Ադրբեջանին ՛՛նվիրված՛՛ հողամասերը, ներառյալ Արծվաշենը, Ալ Լճերը, Շուռնուխի արևելյան շրջանը և Կապանի օդանավակայանի մոտակայքը Հայաստանի տարածքում են գտնվում: 1927 թ. քարտեզի վրա այս տարածքները նշված են կապույտ գույնով: Ուշադրության արժանի է այն, որ այդ օրերին Հայաստանին ու Արցախին բաժանողը միայն Հակարի (Աղավնու) գետն էր: Իսկ անկլավներն ընդհանրապես չկային:
Սակայն այս քարտեզները կարող են համարվել ՛՛ոչ պաշտոնական՛՛, քանի որ երկուստեք վավերացված չեն: Այստեղ առկա է մի կարևորագույն նրբություն: Դեռևս 1922-23 թթ. Խորհրդային միությունը հրատարակել է մանրակրկիտ զինվորական քարտեզներ, որոնք ցուցադրում են ժամանակին ընդունված սահմանները և դրանցից բացակայում են Ադրբեջանին “նվիրված” տարածքները: Սակայն Հայաստանի սահմանների այս քարտեզների օրինակները չեն տրվել Հայաստանի իշխանություն-ներին: Դրանք առկա են միայն Մոսկվայում և Թբիլիսիում: Ըստ ինձ հասած տեղեկությունների, այս քարտեզներից Հայաստանի համար օրինակներ խնդրելը մինչ այժմ չի ընդառաջվել:
Իսկ ինչու՞: Չէ որ դրանք մեր երկրի սահմանների քարտեզներն են:
Առանց ունենալու Հայաստանի Խորհրդային Հանրապետության այս հին քարտեզների օրինակները, Հայաստանի մասնագետներին հնարավոր չէ սահմանների վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելը, ուստի պետք է ամենաբարձր մակարդակով և ամեն ճիգ և միջոց օգտագործել դրանց օրինակները ձեռք բերելու համար: