Հայաստան

Հայաստանը Ռուսաստան Չէ, Եւ Վե ՛րջ

Այդ նույն օրը, երբ ռուսները Երևանում հայերին պարտադրեցին պայմանագրով հրաժարվել պետականությունից, Գյումրիում նրանց եղբայր թուրքերը պարտադրեցին կնքել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այս կարճ, բայց բազմաբովանդակ գրառման վրա, որում մեծ հաշվով ամենակարևորի մասին է խոսվում: Նաև հասկանալու և ըմբռնելու կարողության, անհրաժեշտության: Այս գրառումը, որ արվել է դեկտեմբերի երկուսին, կարելի է և պետք է կարդալ ոչ միայն դեկտեմբերի 2-ին, այլև ցանկացած օր, որովհետև հաղթանակը միայն մեկ օրվա ուրախություն չէ, ըստ այդմ՝ պարտությունն էլ մեկ օրվա կարճաժամկետ ցավ չպիտի լինի, այլ դառնա սկզբունք, հասկացում, գաղափար:

Դեկտեմբերի 2-ը Հայոց պետականության վերացման օրն է: Ռուսական հորդորով, զենքով, զինամթրքով, պարենամթերքով 1920թ. սեպտեմբերի 23-ին թուրքական բանակը պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ: Ռուսները պատերազմի դադարեցման համար Հայաստանից պահանջեցին նույնը, ինչ այսօր,

1. Թույլ տալ, որ հայկական ճանապարներով ռուսական զենքն ու պարենամթերքն անարգել անցնեն Թուրքիա,

2. Ճանապարհների վերահսկողությունը հանձնել Ռուսաստանին,

3. Հարևանների հետ սահմանազատումների հարցը հանձնել Ռուսաստանին: Հայկական կողմը, բնականաբար, չէր համաձայնում, ուստի թուրքերին աջակցվեց, որպեսզի գրավեն Կարսը, Նախիջևանը, անգամ՝ Գյումրին (համեմատել Վարանդայի, Հադրութի, Շուշիի գրավման հետ): Երբ այդքանից հետո էլ Հայաստանը չհամաձայնեց զիջել պետականությունը, Ռուսաստանն առանց պատերազմ հայտարարելու, Խորհրդային Ադրբեջանի տարածքից հարձակվեց Հայաստանի վրա՝ ամբողջ ճակատով՝ Տավուշից մինչև Սյունիք: Սյունիքում Նժդեհը հաջողությամբ ջարդեց ագրեսորին, մինչդեռ Իջևանի կողմից հարձակված ռուսական բանակը մարտերով հասավ Երևան, դեկտեմբերի 2-ին: Ռուս-հայկական անհավասար պատերազմը ստիպեց Դրոյին Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ կնքել պայմանագիր, որով ավարտվեց մեր պետականությունը: Այդ նույն օրը, երբ ռուսները Երևանում հայերին պարտադրեցին պայմանագրով հրաժարվել պետականությունից, Գյումրիում նրանց եղբայր թուրքերը պարտադրեցին կնքել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Դեկտեմբերի 2-ը մեր պատմության ամենասև օրերից է, ինչպես 1915թ. ապրիլի 24-ը և 2020թ. նոյեմբերի 9-ը: Ռուս-թուրքական պայմանավորվածությունների դեմն առնելու այսօր մեր հիմնական զենքը մեր գիտական միտքը, կամքը և քաղաքակրթական դաշնակիցներն են: Եթե գիտական մտքի և քաղաքակրթական դաշնակիցների հարցը վերապահված է պետության գլուխ կանգնածներին, ապա կամքը պահանջվում է բոլորիցս: Անե՛նք յուրաքանչյուրս մեզնից կախվածը՝ սկսելով ամենափոքրից: Թախանձագին խնդրում եմ բոլոր ազգականներիս, հայերնակիցներիս, մերժել «ռուսական հոգու կարկասը»՝ ռուսաց լեզուն, որ արշավում է մե՛ր Հոգու կարկասի՝ Հայոց լեզվի դեմ:

Դեկտեմբերի 2-ին ամեն տարի պուտինյան պետության ղեկավարները սիրո ժայթքումներ են ունենում թուրքերի հետ՝ այցելելով Անկարա կամ Կրեմլում ընդունելով իրենց եղբայրներին: Մենք էլ այս օրը դարձնենք հոգևոր դիմադրության շարժման սկզբնակետ, շրջենք պատմության անիվը՝ սկսելով ֆեյսբուքյան մեր անուն-ազգանունները ռուսերենից հայերեն դարձնելով: Մինչև տարեվերջ ոչ մի հայ՝ ռուսատառ անուն-ազգանվամբ: Իմ բաժին վիրտուալ Հայաստանը ինքս դեկտեմբերի 31-ին կմաքրեմ ռուսատառ բոլոր անուն-ազգանուններից: Հայաստանը Ռուսաստան չէ, և վե՛րջ: Զարթոնք կարող է բխել միայն Հոգևոր զարթոնքից, իսկ մեր Հոգին մեր Լեզուն է:

Կրկին թախանձագին խնդրում եմ իմ ազգականներին, ինձ անծանոթ ընկերներին, եթե անգամ զգուշանում եք ռուսերենը ջնջել ու դարձնել հայերեն, ապա գոնե զուգորդեք դրանք նաև հայերենով, ընդ որում՝ առաջինը հայատառը գրելով: Աստված պահպանվածներին է պահպանում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *